«Ո՞ւմ համար է նա երգում, հայրիկ». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Դեռ երկրաշարժն էր, որ եղել էր ու կար դեռ մեր հոգիներում: Մութնուցուրտն ու սովը վրա էին հասնում, իսկ պատերազմի շունչն էլ արդեն օդի մեջ զգում էինք: Գարուն էր ու տաք օր: Ծիրանին ծաղկել և իր բուրմունքն էր տարածել շուրջ բոլորը: Զեռուններն արդեն առավոտ կանուխ բզզում էին ծաղիկներ վրա:
Շաբաթ, թե կիրակի առավոտ էր, տղաս մանկապարտեզ չէր գնալու: Առավոտ սպիրտայրոցի վրա նախաճաշ պիտի պատրաստեի մեզ համար, իսկ տղաս դեռ անկողնում էր:
Մի քանի չոր սպիրտի կտորներ դարսեցի սպիրտայրոցի վրա ու կրակին տվեցի: Փոքր ամանի մեջ ջուր լցրեցի, չորս ձու ունեինք՝ գցեցի ամանի մեջ, դրեցի կրակին, ապա մոտեցա պատշգամբի պատուհանը բացեցի սենյակը օդափոխելու համար: Կախվեցի պատուհանից, նոր արթնացած հատուկենտ մարդիկ կային, որոնք ինչ-որ տեղ էին շտապում, հույսով՝ մի բանի ետևից: Մարդիկ աշխատանքը կորցրել, աղքատացել, հացի փռերի և խանութների մոտ հերթի էին շտապում հաց գնելու համար:
Նոր օրվա սկիզբ: Մեկ էլ մի անթրաշ մարդ, պայուսակը ուսից կախ, մտավ մեր շենքի բակ, հայացքով շենքը չափեց վարից վեր ու սկսեց հայրենասիրական քարոզ կարդալ շենքի դեռ չզարթնած բնակիչներիս համար: Միջահասակ մարդ էր, կլիներ մոտ հիսուն տարեկան, հին, ճմռթված հագուստ ուներ հագին, գլխարկը շուտ-շուտ հանում- դնում էր, իսկ գլուխը կլոր էր, աշտանակը՝ մազաթափ, ու նոր սպիտակող մորուքով:
Երբ նրա ձայնը լսեցի, հասկացա, որ հայրենասեր մարդ է: Ազատության հրապարակում մինչ այդ լսածս հայրենասիրական ոգով ճառասացների նման մեզ ահ չէր տալիս ու մահու չափ վախեցնում, և ոչ էլ նրանցից մեկնումեկի ձայնին նման էր: Նրանց թողնես՝ մահվան սպառնալիքներ տան ու վերջ: Սա՝ չէ, նրանց նման չի: Ազնիվ զայրույթի, հայրենիքի փրկության ու անկախության կոչով դիմող էդ տեսակ սրտաշարժ ու ապշեցուցիչ մտահոգությամբ շաղախված ձայն՝ ուղղված հայրենիքի փրկությանը, երբեք լսած չկայի: Շատ արտիստիկ շարժուձև ուներ՝ իր խոսքերին համահունչ և բեմական, բայց երևում էր, որ դերասան չի:
Չէ, բախտախնդիր, էժան հեղինակություն փնտրող կամ մի խելագարի տեղ չդրեցի մարդուն, թեպետ դա ամենահեշտ բանը կլիներ, ու պատուհանն էլ վրա կբերեի: Ուղղակի նրա զայրութն էնքան ըմբոստ ու փառահեղ էր, կարծես նա էս տիրող անարգ հասարակարգի բնակիչը չէր, ինչ-որ տեղից պատահմամբ մեր շենքի բակն էր ընկել ու զայրացած էր տիրող նվաստության, ստորությունների վրա, որ մեր երկրի գլխին էին բերել: Նա սկսեց էնպես թնդացնել իր ասելիքները, կարծես թե աստված էր իրեն ուղարկել մեր կողմերը: Նրա ձայնը արթնացնում էր շենքի բնակիչներին:
Մարդիկ կամաց-կամաց արթնանում էին պարապ կիրակնօրյա քնից, մի քանիսն էլ արդեն վեր էին կացել անկողնուց, կիսամերկ մոտեցել պատշգամբի պատուհաններին, գլուխները կախել ցած ու լսում էին նրան: Մարդը մերթընդմերթ իր քարոզելուց անցնում էր երգելուն:
Սարերից իջան մի խումբ ձիավոր,
Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր,
Հետո նորից անցավ քարոզելուն:
- Արթնացա՞ք, քնած մանուշակներ,- երգը կիսատ թողնելով ասաց նա, շենքը ձախից աջ չափելով, ապա նորից անցավ երգելուն:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ,
Ինչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայններն են:
Երգելն ընդհատեց: Հետո, ի լուր ամենքիս, նորից պայթեց.
- Վե՛ր, վե՛ր կացեք, մեր աշխարհի մոլոր զավակներ: Արթնացե՛ք, քնած մանուշակնե՜ր:
Հետո երգի կիսատ թողած մասից սկսեց երգել:
Մասիսը վկա, հայոց քաջերն են:
Ես, ականջս խոսողին՝ գնացի խոհանոց: Հենց որ նա հասավ վերջին երկու բառերին՝ հայոց քաջերին, երգի մյուս բառերից ավելի բարձր թնդացրեց: Շրջվեցի պատուհանի կողմը, տղաս, որ արթնացել էր, մերկ ոտնաթաթերին ձգված, լեզուն դուրս գցած՝ նայում ու լսում էր այդ մարդուն:
- Հայրիկ, նա փող է ուզում,- առանց իմ կողմը նայելու ասաց տղաս:
- Նա փող չի ուզում:
- Ի՞նչ է ուզում:
- Ոչինչ էլ չի ուզում, մեզ է քնից արթնացնում:
- Մի ռուբլի կտա՞ս տանեմ էդ մարդուն տա՞մ:
- Լավ, կտամ, միայն շորերդ ու կոշիկներդ հագիր:
Տղաս վազելով գնաց հանգնվելու, իսկ ես նորից մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի: Մարդը կանգնել էր բակի երկարավուն սեղանին, տրիբունա դարձրել սեղանը, որի վրա պարապ ժամերին մարդիկ կարտ էին գցում, նարդի կամ շախմատ խաղում:
Շատերին էինք տեսնում, որ փողի համար երգում կամ նվագում էին փողոցներում, տան դռները ծեծում մի բան առաջարկում՝ աղացած ծիծակ, մոմ ու լուցկի գնելու համար, կամ մատաղի համար մի քանի կոպեկ խնդրում: Տղաս մեկ ռուբլիանոցը գլխից վեր բռնած մոտեցավ մարդուն և մեկնեց նրան: Նա միայն կռացավ, խառնեց որդուս գանգուրները, բայց փողը չվերցրեց, ինչ-որ բան ասաց երեխային, նորից տեղում ձգվեց ու մեկ այլ երգ սկսեց երգել:
Ես Արամն եմ, քաջ Արամ,
Ինձ տանում են կախաղան…
Դե, նրան էլ էր փող պետք իր գոյությունը պահպանելու համար, բայց այս անգամ՝ չվերցրեց, կամ այդ օրը այդ նպատակով չէր փողոց դուրս եկել: Երևում էր, որ մուրացկան չէր, աշխարհի մի արդար քաղաքացի, որ ժողովրդին կոչ էր անում ելնել տիրող հասարակարգի դեմ, նա փորձում էր դուրս քաշել մարդկանց՝ հնազանդվելու թշվառ վիճակից ու ծույլ անշարժությունից մղել դեպի ճշմարիտն ու ազատությունը:
Որդիս տուն մտավ՝ մեկ ռուբլիանոցը ձեռքին:
- Փողը չվերցրեց, հայրիկ, ինչո՞ւ:
- Դե, ինչպես ասեմ, նա դրա համար չէր մեր բակ եկել:
Ինձ տանում են կախաղան,
Կախաղանից պիտ գոռամ,
Կեցցե ազատ Հայաստա՛ն:
Բակից լսվեց ավելի ու ավելի թնդացող նրա ձայնը:
- Հայրիկ, ո՞ւմ համար է նա երգում:
- Ինձ ու քեզ համար, տղա՛ս:
1990 թ.
Թեմիկ Խալափյան