Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Վանոյի հետ և առանց Վանոյի...». ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Օրերս լույս տեսավ գրող, հրապարակախոս, լրագրող Վասակ Դարբինյանի ստեղծած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը:

Ես հատուկ եմ օգտագործում «ստեղծած» բառը, որովհետև, իրապես, Վասակ Դարբինյանի գիրքը մի շատ յուրահատուկ ստեղծագործություն է, որը բացահայտում է «...հին ու նոր հասարակարգերի ներքին շերտերի կապակցվածությունն ու հակասությունները, անկախության ու պատերազմի անխուսափելի համադրումը, այդ ամենը իրենց կենսագրությունը դարձրած սերնդի գայթակղություններն ու փորձությունները, կորուստներն ու ձգտումները, շրջադարձերն ու դրամատիզմը...»:

Այս գիրքն, իրականում, Վանոյի մասին չէ, թեև այդպես կարող է ընկալել ցանկացած մեկը: Այս գիրքն, իրականում, անթոլոգիա է՝ մի ողջ ժամանակաշրջանի անթոլոգիա: Եթե կուզեք՝ այս գիրքը պատմավեպ է: Պատմավեպ՝ իրական կերպարներով ու հերոսներով, իրական հակահերոսներով, իրական ժամանակի ու իրական տարածության մեջ:

Երբ Վասակ Դարբինյանն ինձ ևս առաջարկեց խոսել Վանո Սիրադեղյանի, ժամանակի, մեր շփումների, հարաբերությունների մասին, ես անկեղծ ասած, լավ չէի պատկերացնում, թե ինչ է դուրս գալու այդ զրույցներից: Ավելի ճիշտ՝ չէի պատկերացնում, թե այդ զրույցներից Վասակ Դարբինյանն ինչպես է ստեղծելու է Լևոն Ներսիսյանի «գուժած» կորուսյալ սերնդի պատմությունը, մի ամբողջ ժամանակի պատմություն:

Հիմա ուզում եմ ներկայացնել գրքում զետեղված իմ պատմություններից մի հատված, որը նույնպես, կարծում եմ, դուրս է Վանոյից, պատմության «հերոսներից», գործող անձանցից և պատմություն է այն ժամանակի մասին, որը սքանչելիորեն այս գրքով կերտել է Վասակ Դարբինյանը:

 

«...Վանո Սիրադեղյանի հետ առաջին անգամ հանդիպեցի 88-ին: Մինչ այդ Վանոյի հետ անձամբ չէի հանդիպել, Վանոյին չէի կարդացել, Վանոյի գրականությունը չգիտեի, ու հանկարծ 88-ի թեժ օրերին «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Կամո Վարդանյանը մի օր կեսօրին մտավ մշակույթի բաժնի մեր սենյակը, և ինձ ու իմ գործընկեր Գագիկ Մինասյանին մի տեսակ կիսագաղտնի ասաց, որ հոդված ենք տպագրելու Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» գրքի մասին:

Հիմա չեմ հիշում, թե ով էր հոդվածի հեղինակը, բայց ծավալուն հոդված էր, գրախոսականին մոտ: Լավ, հետաքրքիր անդրադարձ էր: Մանավանդ այդ օրերին հետաքրքրությունը Վանոյի խոսքի նկատմամբ շատ մեծ էր, կարդում էին միմյանց փոխանցելով:

Եթե չեմ սխալվում, «Ծանր լույսը» հրատարակվել էր 87-ի վերջերին: Այսինքն գիրքը նոր էր ու դեռ չէին հասցրել ամբողջությամբ մարսել: Կամո Վարդանյանի հանձնարարությամբ մենք կարծեմ նույնիսկ որոշակի խմբագրական աշխատանք արեցինք:

... եթե մեղմ արտահայտվեմ: Մենք հասկանում էինք, որ Վանոյի գրքի մասին հրապարակումը կարող էր հերթական ծանր հարվածը լինել «Երեկոյան Երևանի» համար, որովհետև այդ օրերին բազմաթիվ հարվածներ էինք ստացել կենտկոմական չինովնիկներից շարժման կողքին լինելու համար, նույնիսկ կենտկոմներ էին կանչել ամբողջ խմբագրությանը, ու Կամո Վարդանյանի կիսագաղտնին պայմանավորված էր նրանով, որ եթե որևէ մեկը դրա մասին նախապես իմանար, հոդվածը կարող էր և չհրապարակվել: Այդ օրերին կենտկոմին զեկուցողների պակաս չկար: Բայց գիտեի նաև Կամո Վարդանյանին, ու գիտեի, որ նյութը հրապարակվելու է, որովհետև նա երբեք չէր ընկրկում:

... Հոդվածը կարդացի ու, բնականաբար, սկսեցի փնտրել «Ծանր լույսը»: Առաջին անգամ «Ծանր լույս» բարալիկ, սև կազմով, ոսկեզօծ տառերով գրքում կարդացի «Անանձրև հուլիս»-ը. «... քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես...»:

... Փառք Աստծո, հետո բախտ ունեցա ճանաչելու հենց այս Վանո Սիրադեղյանին, որ ծնունդով էր այդպես և այդպես մնաց՝ անկախ բոլոր հանգամանքներից...

Ես առանձնակի մտերմություն չունեի Վանո Սիրադեղյանի հետ, բայց տարիների բերումով, գործի բերումով, գործընկերության բերումով, համախոհության բերումով, ընդհանուր բազում ընկերների բերումով շատ առիթներ ունեցա մտերմիկ շփվելու նրա հետ, լինելու նույն միջավայրերում, նույն իրադարձություններում ու վայելելու Վանո Սիրադեղյանին, մարդու նրա տեսակը, անձի նրա տեսակը, անհատի նրա կերպը:

1993-ի սկզբներին էր կարծեմ: Ես որպես հայկական հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրի մի քանի ամսվա տնօրեն, որոշեցի փոխել ռուսական հեռուստատեսության համար աշխատող թղթակցին: Համոզված էի, որ լավագույնս չենք աշխատում ռուսական հեռուստատեսության հետ, պատերազմի, արցախյան հարցի, հայաստանյան կյանքի լուսաբանումը չենք իրականացնում ինչպես հարկն է: Այլ լուծումներ էի տեսնում, այլ լուծումներ էի փնտրում: Մեկնեցի Մոսկվա, հանդիպեցի ռուսական հեռուստատեսության ղեկավարության հետ ու նրանց հետ խոսեցի այդ մասին: Օրեր անց ներկայացրի նոր թղթակցին՝ Լիլիթ Կարապետյանին, որն այդ օրերին մասնակցել էր ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հրաշքների դաշտ» խաղին, փայլուն կերպով հաղթել էր սուպերխաղում և մեկ օրվա մեջ դարձել էր հանրաճանաչ ողջ Հայաստանում, Ռուսաստանում: Էրուդիտ մարդ էր, հրաշալի տիրապետում էր լեզվին, արտաքին տվյալները համապատասխանում էին: Համոզված էի, որ լավ, շատ լավ լուծում էր: Ոգևորված էի:

Մոսկվայում հրաշալի պայմանավորվածություններ էի ձեռք բերել ռուսական կողմի հետ, Հայաստանից տեղեկատվական մեծ ներկայություն էի նախապատրաստում ապահովել ռուսական եթերի համար, բայց հասկանում էի, որ մեր տեխնիկական հնարավորություններն ու միջոցները չեն բավարարելու դրա համար: Մտածում էի անելիքների շուրջ, մանավանդ, որ մի քանի օրից Հայաստան էր ժամանելու ռուսական հեռուստատեսության «Վեստի» ծրագրի նկարահանող մեծ խումբը՝ լրջագույն մի դեսանտ ու շատ էի ուզում, որ նրանք համոզվեին, որ կարող ենք իրականացնել խոստացածը, մանավանդ, որ դա մեզ էր հարկավոր նախ և առաջ:

Ուզում էի նաև, որ նրանք մեկնեին Արցախ: Կարևոր, ռազմավարական խնդիր էր այդ ժամանակի տեղեկատվական պատերազմում:

Երբեք չէի մտածի, որ Վանո Սիրադեղյանի աչքից չի վրիպել մեր նոր ներկայությունը ռուսական ալիքով: Կարող էր և վրիպել. ընդամենը մեկ-երկու ռեպորտաժ էինք դեռ հասցրել ուղարկել: Բայց... Վանո Սիրադեղյանն այդ ժամանակ թերևս ամենահայտնի, ամենաառեղծվածային, ամենափնտրված դեմքն էր հատկապես արտասահմանյան լրագրողների ու մեդիայի համար: Վանո Սիրադեղյանի անվան շուրջ լեգենդները նաև նրանց էին հասնում ու Ռուսաստանից ժամանած խումբն անպայման ուզում էր հանդիպել Հայաստանի ներքին գործերի հզոր նախարարին:

Վանո Սիրադեղյանին տեղեկացրի հանդիպման ցանկության մասին: Իրեն շատ հատուկ կտրուկ քչախոսությամբ ասաց. «Երեկոյան կբերես ճաշի»: Հատուկ ավելացրեց, որ հրավիրում է նաև Լիլիթ Կարապետյանին: Ճաշի գնալու էինք շատ ուշ, գրեթե կեսգիշերին մոտ ու Լիլիթ Կարապետյանի մայրը շատ անհանգստացած էր Վանո Սիրադեղյանի հատուկ հրավերի համար: Զանգահարեց ինձ, խնդրեց գնալ առանց Լիլիթի: Վանոյի մասին ստոր լեգենդները, զազրախոսություններն ու աներևակայելի պատմություններն էին Լիլիթի մայրիկի անհանգստության պատճառը: Բայց ես պնդեցի, որ Լիլիթը ներկա լինի, թեև, ինչ մեղքս թաքցնեմ, այն ժամանակ ես էլ, առաջին անգամ խոստովանեմ, որ մտավախություն ունեցա:

Կեսգիշերին մոտ ռուսական խմբի հետ հանդիպեցինք Երևանի կոնյակի գործարանում: Այնտեղ փոքրիկ մի հյուրասրահ կար, համտեսի սրահ՝ փոքրիկ, գողտրիկ խոհանոցով: Վանո Սիրադեղյանը՝ որպես նուրբ զգացողությունների, նուրբ ընկալումների կրող, շատ ավանդական, հայկական սեղան էր պատվիրել՝ յուրաքանչյուր մանրուք մանրամասնորեն հաշվի առնելով: Առաջին անգամ տեսա, թե ինչ ամաչկոտ խառնվածք ունի ներքին գործերի ամենահզոր նախարարը, ինչ էսթետ վարվեցողություն, ինչ բարեկրթություն... Հյուրերն ավելի էին ապշած, քան ես: Ապշած էին նրա անմիջականությունից, անկեղծությունից, հումորից: Ի դեպ, նույն անկեղծությամբ նաև Վազգեն Սարգսյանն էր «տառապում»: Չէին պատկերացնում, որ կարող է անձամբ հյուրասիրել բոլորին, կոնյակի բաժակներն անձամբ լցնել և այլն:

Շատ երկար խոսեց ռուս լրագրողների հետ: Հարցազրույցից հրաժարվեց, բայց շատ երկար խոսեց: Շատ զգայուն դիտարկումներով պատմեց արցախյան խնդրի, արցախյան շարժման, ադրբեջանական քարոզչության ու այլ խնդիրների մասին: Քաղաքական շատ խորը դիտարկումներ էին, շատ սթափ գնահատականներ, վերլուծություններ Նա նաև շատ նրբանկատորեն հասկացրեց, որ ռուս լրագրողներն անպայման պետք է գնան Արցախ, պետք է տեղում տեսնեն ամեն ինչ: Ու վստահեցրեց, որ նրանք ոչ մի խնդիր չեն ունենա: Դատելով նրանց վերաբերմունքից ու ու հետագա գործողություններից, կարող եմ վկայել, որ նրանք շատ տպավորված էին:

Երբ ավարտվում էր երեկոն, ինձ շատ անսպասելի հարցրեց, թե Լիլիթն ի՞նչ խնդիրներ ունի, որ մենք կարողանանք շատ լավ լուսաբանել արցախյան ու հայաստանյան իրադարձությունները ռուսական «Վեստի»-ով: Ինչո՞ւ եմ ասում անսպասելի, որովհետև կարծում էի, թե դեռ ծանոթ չէր այն մի քանի ռեպորտաժներին, որ հասցրել էինք Լիլիթի մասնակցությամբ պատրաստել «Վեստի»-ի համար: Ես միանգամից թվարկեցի մեր բոլոր խնդիրները՝ տեխնիկական, տրանսպորտային և այլն: Ուշադիր լսեց՝ իր «հեգնաժպիտ» կեցվածքով, ու մենք հրաժեշտ տվեցինք: ... Առավոտյան շուտ ռուսական լրագրողական խմբի ղեկավարը եկավ խմբագրություն ու ասաց, որ որոշել են մեկնել Ստեփանակերտ: Պարզ էր, որ Վանո Սիրադեղյանի զրույցի ազդեցությունն էր: Եվ ռազմական ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանից ռուսական լրագրողական դեսանտին տարավ Արցախ: Նրանք շատ զարմացան, որ իրենց հետ անսպասելի Արցախ մեկնեց նաև Վանո Սիրադեղյանը: Հասկացա, որ երեկոյան ընթրիքի ժամանակ Վանոն մանրամասնորեն կառուցել, գծագրել էր Արցախ մեկնումը:

Երևի դեռ ժամանակը չէ՝ նշելու այն ռուս լրագրողի անունը, որը Վանո Սիրադեղյանի հետ այդ հանդիպումից ու Արցախ մեկնելուց հետո դարձավ մեր մեծ բարեկամը, տասնյակ ռեպորտաժներ թողարկեց ռուսական ալիքով, մեզ համար շատ շահեկան ռեպորտաժներ ու տարին մի քանի անգամ գալիս էր Երևան, մեկնում Ստեփանակերտ: Ու ամեն անգամ վայելում էր Վանո Սիրադեղյանի առանձնակի վերաբերմունքը, ուշադրությունը: Ամենածանր պահերին անգամ Վանոն անպայման պետք է մշտական ուղեկցող, ավտոմեքենա, հյուրասիրություն ապահովեր ու նաև պատվեր իր ներկայությամբ:

... Այդ օրը, երբ օդանավակայանում ճանապարհեցի նրանց Արցախ ու վերադարձա աշխատանքի, մեկ ժամ չէր անցել, եկավ «Ճուտ»-ը՝ Սիրունյան Սուրենը, Վանոյի օգնականը և ասաց, որ Վանո Սիրադեղյանը հատուկ Լիլիթի համար ուղարկել է մի տեսախցիկ ու մի ավտոմեքենա՝ ներքին գործերի նախարարության պետհամարանիշերով: Բոլորովին նոր տեսախցիկ ու սպիտակ «Ժիգուլի», որն անչափ մեծ կարևորություն ունեցավ, որ Մոսկվա ուղարկվող ռեպորտաժների թիվը հասցնենք առավելագույնի: Հեքիաթի ժանրից էր այդ պահին: Մենք մեզ աներևակայելի հարուստ ու ուժեղ զգացինք:

Չզարմացա, որ Վանո Սիրադեղյանն օդանավակայանում ոչինչ չասաց տեսախցիկի ու ավտոմեքենայի մասին: Դա նրան նման էր: Նա չնչին մի բան էր համարել արածը՝ գիտակցելով, սակայն դրա կարևորությունը Հայաստանի համար: Ինքն անհարմար էր զգացել այդ մասին հիշեցնել: Դա էլ էր նրա նման: Այդ պահին հասկացա, թե ինչու Վանո Սիրադեղյանը պնդեց, որ Լիլիթ Կարապետյանին նույնպես մասնակից դարձնեմ ռուսական խմբի հետ ընթրիքին: Նա ուզում էր ընդհանուր պատկերի մեջ հասկանալ մեր աշխատանքը, ուզում էր համոզվել, որ կարող ենք, որ ճիշտ ընտրություն էի կատարել, որ կար ծրագիր ու անելիք, որ չենք սխալվելու: Նա դրանում համոզվել էր, այլապես մենք այդ նվերը չէինք ստանա: Բայց համոզվել էր իրեն հատուկ նրբանկատությամբ...»:

Հ.Գ.

«Բոլոր զրուցակիցներիս պատմած դեպքերն ու պատմությունները, հուշերն ու վկայությունները, գնահատականներն ու մեկնաբանությունները շաղախված են անկեղծությամբ ու անմիջականությամբ, իրենց խոսքի հանդեպ պատասխանատվությամբ: Եվս երկու տասնյակ մարդ՝ հիմնականում Վանոյի մերձավորագույն շրջապատից, նաև՝ հակառակորդներից ու նրան ամբաստանողներից, տարբեր պատճառներով հրաժարվեցին խոսել...». գրքի սկզբում գրում է Վասակ Դարբինյանը:

Գիրքը վկայում է Վասակի առաջին պարբերության մասին, կյանքը՝ երկրորդի: Կյանքի այդ կողմի հետ ես առնչվեցի, երբ նկարահանում էի «Ձեռքդ ետ ցավի վրայից...» հեռուստատեսային ֆիլմը:

Վասակ Դարբինյանը կարողացել է բացառիկ ինքնատիպ մտահղացմամբ իր քսանութ զրուցակիցների պատմությունները բաժանել «Գրողը», «Շարժման ասպետը», «Պետական պաշտոնյան», «Ամբաստանյալը», «Վտարանդին» հինգ գլուխներում՝ մի տեսակ ամբողջացնելով իր յուրօրինակ «պատմավեպի» ժամանակագրական կապն ու համադրելով ժամանակն ու տարածությունը, մարդկանց:

Հրաշալի «Առաջաբանում» ու «Երկու խոսք»-ում Վասակ Դարբինյանը վանոյական անկեղծությամբ գրում է. «... Ոմանց համար սիրելի, ոմանց համար՝ հակասական, ոմանց համար՝անհասկանալի, ոմանց համար՝ անընդունելի, ոմանց համար՝ այլոց ստեղծած կաղապարների մեջ այդպես էլ չտեղավորվող Վանո Սիրադեղյանը...»:

Այո, այն Վանո Սիրադեղյանը, որի ժամանակը եթե մի սերնդի ժամանակ է, նաև՝ մի սերնդի չտասած ժամանակ է և այդ ժամանակի այսչափ անկեղծ ու մանրամասն տարեգրմամբ է հնարավոր, որ այդ չտեսած ժամանակը երևակվի. «...Մի սերնդի հերոսական ու ողբերգական, հիասքանչ ու անիծյալ՝ դեռևս մինչև վերջ չընլկալված կյանք, որ փորձել եմ ուրվագծել զրուցակիցներիս հետ բաց ու անկեղծ զրույցներով»:

Այս գիրքը մանրամասն կարդալու գիրք է, մանավանդ, որ «Մագաղաթ» հրատարակչության պոլիգրաֆիական բարձր նշաձողի, շատ խնամքով տպագրված, թղթի ու լուսանկարների շատ բարձրարվեստ համադրման ու յուրաքանչյուր մանրուքի մինչև վերջ մշակված լինելու պարագան թույլ է տալիս նաև գեղագիտական բավարարվածություն ունենալ:

Կարդալ է պետք այս գիրքը, որի բոլոր գաղտնիքներն, անշուշտ, չեմ բացահայտի: Այս գիրքը բացահայտում է նույնիսկ այն մարդուն, որն ապրել է այդ գրքում ամփոփված ժամանակը:

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ