Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Վարպետն ու…վարորդը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
Այսօր հաճախ են մորմոքում, թե հիմա ինչո՞ւ չեն ծնվում խոշոր գրողներ, որոնք իրենց ստեղծագործությամբ և անձնական հմայքով կարողանան մի ողջ դարաշրջան նշանավորել: Այնպիսիք, ինչպիսին էին Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, մեր մյուս մեծերը: Պայծառ անունների մի ողջ համաստեղություն:
Իհարկե, հիմա էլ կան փայլուն ստեղծագործողներ, սակայն, ի դժբախտություն բոլորիս, մի շատ կարևոր գործոն ձգում է նրանց մեկուսի, ոմանց էլ դարձնում մի տեսակ աղանդավորի նման: Եվ ո՞րն է այդ գործոնը: Առաջադեմ գրական-ստեղծագործական միջավայրի, գեղեցիկի և կատարյալի իդեալով վառվող հասարակության բացակայությունը:
Մեծ գրականությունը, մեծ գրողները, իմ կարծիքով, մեր ժամանակներում բացառապես ծնվում են արվեստասեր և գրասեր հասարակություններում: Հիմա սերն է տկարացել, գրականության պաշտամունքն է վերացել:
Հիշում եմ, թե ինչպիսի տվայտումով էինք սպասում «Գրական թերթի», «Նորք» հանդեսի կամ «Գարուն»-ի հերթական համարին: Ինչ հափշտակությամբ էինք ընթերցում Հովհաննես Գրիգորյանի կամ Հրաչյա Հովհաննիսյանի հրապարակախոսական հոդվածները: Հապա Սիլվա ապուտիկյանի ծրագրային, բոցաշունչ գրությունները ,,Литературная газета,, թերթի էջերում…
Այս մարդիկ խոսքի և մտածողության մշակույթ էին բերում ընթերցողական աշխարհ, իսկ շարքային մարդիկ ընդօրինակում, ներշնչվում էին նրանցով և կենցաղում անգամ գործածում գեղեցիկ արտահայտություններ, դիպուկ և գրագետ բնորոշումներ:
Դեռ ուսանողական շրջանից տարված էի բանաստեղծ, հրապարակախոս, գրական գործի կազմակերպիչ Հրաչյա Հովհաննիսյանի հրապարակագրությամբ: Նրա հոդվածներում առկա քաղաքացիական կեցվածքը, շիտակ, համարձակ շեշտադրումները, համոզիչ գրելաոճը շատ հրապուրիչ էին:
Հրաչյա Հովհաննիսյանն իր սերնդի և մեծության եզակի դեմքերից մեկն էր, որն անչար ու սրտացավ գրական քննության ենթարկեց ետխորհրդային Հայաստանի ներքին կյանքը, այն քաղաքակրթական աղետի սիմպտոմները, որոնց ցավերը քաշում ենք մինչև հիմա:
Այսօր երևի քչերն են հիշում նրա «Անկախության պերճանքն ու խեղճությունը» հրաշալի գրված գիրքը, որը լուս է տեսել 90-ականների կեսերին:
Ես շատ էի փափագում հանդիպել և իմ երախտագիտությունը հայտնել մեծ մտավորականին, սակայն ինչ-որ չէր ստացվում: Եվ ահա, մի անգամ Հրաչյա Հովհաննիսյանին պատահականորեն հանդիպեցի «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի բաժնում: Փառահեղ տեսքով, ծանրաբարո շարժուձևով շատ պատկառելի այր էր. նա նման էր ոչ թե ռոմանտիկ պոետի, այլ պաշտոնաթող գեներալի: Այն խարիզմատիկ մարդկանցից էր, որոնց ներկայությունից միանգամից փոխվում են շրջապատի տրամադրությունը, մարդկային հարաբերությունները, նույնիսկ սենյակի շունչը:
Ես ներկայացա և հիացմունքս հայտնեցի իր վերջին գրքի առթիվ:
«Ընթերցելիս հո չտխրեցիք»,- հարցրեց խրոխտ, մի տեսակ խրախուսիչ ձայնով:
Կրկին հայտնեցի իմ գոհունակությունը:
«Ապրեք»,- ասաց, ձեռքս ամուր սեղմեց, մյուսներին էլ հրաժեշտ տվեց ու գնաց...
Կարճ ժամանակ անց նրա ողբերգական մահվան լուրն առանք սրտի ցավով... Շատ ափսոսացի, որ այդպես էլ հնարավորություն չունեցա երկար զրուցելու այդ հզոր նկարագրի տեր մարդու հետ:
Ասում են կյանքում պատահականություններ չեն լինում:
Շատ տարիներ անց Ամերիկայում ծանոթացա 90-ը վաղուց բոլորած մի հետաքրքիր հայ վարորդի հետ:
- Հասարակ շոֆեր մարդ եմ եղել, եսիմ ինչ չեմ եղել, - խոստովանեց ծերունին և սկսեց խոսքը համեմել Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծական տողերով:
Պարզվեց մի քանի տասնամյակ աշխատել է Հայաստանի գրողների միությունում: Թվարկեց վարչության նախագահ-գրողների գրքերի վերնագրերը՝ սկսած Էդվարդ Թոփչյանից մինչև Հրաչյա Հովհաննիսյանի «Իրիկնային ղողանջները»:
- Բա էդքանը ո՞նց եք հիշում,- զարմացած հարցրի ես:
- Դե, հիշելու արժան բաներ են, հիշում եմ, - ասաց նախկին վարորդը:
Ցանկացա իմանալ, թե ժամանակակից գրողներին էլ է՞ ճանաչում:
Ձեռքն անհույս թափ տվեց օդի մեջ՝ երեսը հակառակ կողմը դարձնելով: Իբր՝ հեչ...
- Էդ ինչո՞ւ, վարպետ Սերոբ,- մի քիչ նեղսրտած վրա բերի ես:
- Հիմիկվա գրողներն իրենց սրտից չեն գրում, ուրիշների մտքերն են բերում-սազացնում իրանց ...
- Բա էդ ո՞նց են սազացնում,- ձեռ չէի քաշում ծերունուց:
- Դե, ո՞նց բացատրեմ քեզ, ոնց որ ԶԻՍ-ի մատոռը դնես Զապի վրա, խոդ տաս ...
Շատ համով պապի էր ... Վերհիշեցի Հրաչյա Հովհաննիսյանի քնարական-էպիկական վերջին ղողանջները:
Վարդգես Դավթյան