Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Վա՛յ, հարայ հե՜յ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Աշնան արևը դանդաղ ցած իջավ դեպի Թռածի ու Պըրմբատի ձագարի հատակը, վերջին շողերի անդրադարձը դանդաղ սահելով հանդի վրայով, աշնան հովը քշելով  շոյեց այտերս, անցավ գյուղի մնացած մասի վրայով։ Աղունիկները գլխավերևս ղունղունատում էին, և օրը չիմացա, թե ոնց անցավ։

Գամփռը հաչաց, հարևանի շունն էլ արձագանքեց, ինչ-որ տեղ մեկի հորթն էլ բառաչեց, ապա լսվեց տանը մնացած գառների ու ուլերի մայունը։ Սագերը, որ տուն էին վերադառնում, կես ճամփին աղմկեցին՝ իրենց գալուստն ավետելով։ Օրը կրկին փոթորկվում էր։ Խաղաղ ցերեկային ժամին հետևում էր երեկոյան աղմուկը, որին խառնվում էին կենդանիների ու իրենցով զբաղվող մարդկանց բարկացած, փաղաքշական ու ջղային ձայները։

Չափարի այն կողմից երևաց Սամվելի էշը՝ տիրոջ աքսորավայրի համարը վզից կախ, ապա և ինքը՝ եղանն ուսած, բազմատիրաժ «Բարեկամություն» թերթի մի քառորդով փաթաթած թութունով ծխախոտը բերանին, շոգեքարշի նման քուլա-քուլա ծուխ արձակելով։ Ընտանիքի հետ տասը տարի կուլ էր տվել սիբիրյան ցրտաշունչ օդը, ձնից քամած ջուրը խմել, այժմ աշնան այս տաք եղանակին քուլա-քուլա ծուխ արձակելով հանդից տուն էր վերադառնում։

Կինը՝ Թամարը, կովի տակ կքած, քթեչը առած ծնկների արանքը, կովն էր կթում։

- Տերդ թաղեմ, ոտքդ էն կողմ տա՛ր,- կովին էր ասում, իսկ տերը, որ արդեն բեզարած տուն էր հասել, եկել կանգնել էր գոմի դռանը և սպասում էր՝ կինը կովը կթեր, ինքը ներս տաներ, ախոռի մոտ կապեր, մի գիրկ խոտ դներ առաջը։ Այժմ եղջերացած ափով անթրաշ այտերն էր տրորում ու քթի տակ ծիծաղում կնոջ բարկության վրա։

- Մեջքդ ծկըթի՛, ա՛յ ոչուփուչ եղած, էն ղազերին իրենց բունը քշի՛,- մի ուրիշ տեղից տատն էր թոռանը ասում։ Թոռը ճիպոտը ձեռքին նետվեց սագերի կողմը, ինչպես աղվեսը, որից մի մեծ աղմուկ բարձրացավ, և այլևս ոչինչ լսելի չէր։

Եվ ահա մենք։ Մայրս գոմշակովն էր կթում, իսկ մենք՝ երեխաներով, ինչպես հին ֆրեսկաներից դուրս պրծած հեզ ու բարեհամբույր հրեշտակներ, տան եղնիկի ձագերի հետ շրջապատել էինք մեր աստվածամորը և սպասում էինք, թե երբ տաք կաթով լիքը քթեչը հերթով մեր շրթունքներին կմոտեցնի։ Մենք, բացի մի գոմշակովից, հանդից եկող ուրիշը չունեինք, չհաշված մեզ հետ ապրող եղնիկին, որն իր ցանկությամբ էր գնում անտառ, երբեմն իր ցանկությամբ իր ձագերի հետ ու իր ուզած ժամին էլ տուն գալիս։

Մեր դրսից եկողը մեկ էլ հայրս էր լինում, որ երբեմն-երբեմն հեծնում էր իր «ԻԺ» մոտոցիկլետն ու շրջկենտրոն սլանում՝ կոլխոզի սվոդկան տանելու կամ աշխատանքի վերաբերյալ մեկ այլ գործով։ 

Երբ արդեն հերթով, սկսած եղնիկի ձագերից, կուլ տվեցինք մեր բաժին տաք կաթը, ես բերանս թևքով սրբեցի ու մորս ասացի.

- Ոչ մի կասկած չունեմ, որ պապան էսօր էլ մոռացած կլինի։

- Քո ուզածն էլ հենց դա է՝ գլուխդ դասերդ անելուց պրծացնես։

- Ես դա նկատի չունեի։ Կմոռանա ու վերջ։

Եղած-չեղածը մի քանի պակաս դասագիրք էր մնացել, որ ունենայինք ես ու քույրերս, իսկ հայրս ամեն անգամ շրջկենտրոն գնալուց մոռանում էր մտնել գրախանութ, այնպես տարված էր պետությանը տրվող իր հաշվետվություններով։ Այսքան տոննա ցորեն, այսքան կաթ ու կարագ, բուրդ, խաղող, բամբակ, տավարի ու ոչխարի միս…և այլ բաների մասին։

Դասագրքերի պակասությունը մորս հանգիստ չէր տալիս։ Ամեն անգամ առանց դասագրքերի հետ գալուց, մայրս հարցնում էր.

- Գրե՞մ երեխաները Երևանից ուղարկեն,- հարցնում ու սպասում էր պատասխանի։

- Վա՛յ հարայ հե՜յ,- պատասխանում էր հայրս մի այնպիսի տոնով, կարծես ուզում էր ասած լինի, թե՝ բանուգործ չունե՞ս, ես մյուս անգամ կբերեմ։ Երբեմն այս արտահայտությունը պետական պաշտոնյայի պես էր ասում, երբ մայրս տնտեսության կառավարման նշանակության մասին էր հարցեր տալիս։ Բայց հորս անգամ մեղադրելու էլ չէր, քանի որ Հայաստանից Ադրբեյջան կարող էին և ինչ-որ խոչընդոտներ էլ լինել, որ դասագրքերը մաս-մաս էին տեղ հասնում։

Ախր իմ ինչին է պետք էդ ստերով լի պատմության դասագիրքը, հը՛։ Տեսնես ո՞վ է հնարել իրենից էդ սուտ պատմությունները, իմանալ հեղափոխական մարդասպանների անունները։ Մենք չգիտեինք, թե մինչ հեղափոխությունը ինչքանով է վատ եղել աշխարհը, որ մարդասպանության գնով փոխել են այն, ահաբեկել մարդկանց, ինչ-որ սխալ բան կա… Լենին պապի…

- Ես ատում եմ էդ պատմության դասագիրքը, նրա մեջ եղած պատմությունները, որ լիքն են պատերազմներով, հեղափոխություններով, հեղափոխականների կենսագրություններով։

- Ատում ես՝ ատի՛ր,- ասաց մայրս,- միևնույն է, պիտի իմանաս։

- Դե որ պրծում չկա, ուրեմն դասատուի պատմածը բավարար է, էլ ինչիս է պետք դասագիրք ունենալը։

Հայրս մոտոցիկլետով մտավ բակ, քույրերս աղունիկների պես այս ու այն կողմերից թռան ու շրջապատեցին հայրիկին, բայց հետևի նստատեղը դատարկ տեսնելու պես՝ շվար կանգնեցին։ Հայրս չգիտեր ինչպես արդարանալ, ասաց.

- Վա՛յ հարայ հե՜յ,- այնպես ասաց, որ հասկացանք՝ մոռանալու մասին էր խոսքը։ Իսկ ես չուզեցա առանց այն էլ հոգնած ուղեղին՝ գլուխը ցավացնել, թե ի՞նչ կլինի, որ ես պատմության դասագիրքը չունենամ։ Չէ, մտածեցի, միգուցե խոսեմ հորս հետ, տեսնենք ինչ դուրս կգա, եթե ես այդ պատմության դասագրքից հրաժարվեմ։

Հայրս շուռ չեկավ, երբ ասացի, որ ինձ պատմության դասագիրք պետք չէ։ Ու ոչ էլ իսկույն ինձ պատասխանեց, բայց գիտեի, որ անպայման կպատասխանի։

- Իմացած եղիր,- ասաց վերջապես,- աշակերտը առանց դասագրքի չպիտի մնա։ Ես մի երկու օրից նորից պիտի գնամ, անպայման կաշխատեմ հիշել։

Մի քանի օր հետո, մինչ երկրորդ հերթափոխի դասերի սկսվելը, ես պատշգամբում նստած՝ Րաֆֆու «Խենթն» էի ընթերցում առավոտ շուտ, իսկ հայրս իր մոտոցիկլետն էր կարգի բերում բակում, ճանապարհից առաջ, մայրս գլուխը դուրս հանեց պատուհանից ու բարձր, որ մոտոցիկլետի շարժիչի ձայնի մեջ լսելի լինի, դարձավ հորս.

- Երվանդ տղա, թե որ էսօր էլ մոռացել ես, տուն չգա՛ս,- ասաց ու պատուհանից ետ շրջվեց։ Հայրս ոչինչ չասաց, լուռ իր գործին էր։ Վերջապես, երբ ամեն ինչ կարգին էր, նստեց ու գնաց։

- Նստի մի նամակ գրի Երևան՝ եղբորդ կամ քույրերիդ, թող գրքերը առնեն, եկողով ուղարկեն, հորդ հույսին չմնանք,- ասաց մայրս ու վերջում ծիծաղելով ավելացրեց՝ վա՛յ հարա՜յ հե՜յ։

- Վա՛յ հարա՜յ հե՜յ,- ասացի,- կգրեմ, եթե էսօր էլ չբերի։ Երկուսով մեր ասածների վրա ծիծաղեցինք։ Մայրս գնաց իր տնային աշխատանքին, ես սկսեցի պայուսակիս մեջ լցնել ունեցածս դասագրքերը։

Մայրս ետ եկավ՝ գոգնոցը լիքը աշնան լոբիով։

- Ծնողները,- ասաց,- մշտական հուզմունքի ու հոգսերի մեջ են լինում, իմանաս։ Դու էլ երբ ծնող դառնաս, կհասկանաս։

- Առանց հոգսերի ծնողներ չե՞ն լինում։

- Լինում են։ Մարդ ծնողը պիտի հուզմունքներով ու հոգսերով ապրի և՛ տանը, և՛ ամենուր, ուրիշ ձև չկա, հասկացա՞ր։

- Հիմա մեր հոգսը դասագրքեր ունենա՞լն է։

- Դա փոքր հոգս է, ամենամեծ հոգսը ծնողի համար երեխաներին կրթելն ու մարդ դարձնելն է։ Դու բոլոր առարկաներն էլ լավ սովորի ու վերջ, որ կյանքում շատ չխճճվես-խեղճանաս, գլուխ հանես ամենամեծ անարդարությանն անգամ հանդիպելուց,- ասաց մայրս ու անցավ խոհանոց՝ իր ամենակարևոր հոգսերից մեկին։

- Լավ,- ասացի,- թե հայրիկը էդ պատմության դասագիրքը բերի, կկարդամ։

- Շատ բարի։ Ուրեմն համարենք, որ պատմություն չիմանալը մտքիցդ հանեցիր,- վերջում ասաց մայրս, ապա քիչ հետո խոհանոցից շարունակեց,- սիրտս կարծես թեթևացավ։

- Իմն էլ։

Մայրս համոզված էր, որ երեխաներին ինքնուրույն կյանքին պատշած ձևով նախապատրաստելը ծնողների սրբազան պարտականությունն է։

Օրերն անցնում էին աննկատ, ետ էին մնում սեպտեմբերյան տաք եղանակները։ Աշնանային արդեն ցածր ամպերը աստիճանաբար տխրություն էին սփռում շուրջ բոլորը։ Տան աղունիկները կուրծքները աշնանային մեղմ քամուն տված շարվել էին տան քիվերին ու նայում էին ներքևում անցուդարձ անողներին։ Մայրս գոգնոցի գրպանից մի քանի բուռ ցորենի հատիկներ շաղ տվեց, աղունիկները մեծ աղմուկով վար թռան ու սկսեցին կտցահարել հատիկները։ Մայր եղնիկը, որ նոր էր վերադարձել անտառից, մոտ գնաց մորս՝ իր բաժինն ստանալու։

Երեխաներով ցրիվ էինք եկել, ամեն մեկս միանալով մեր տարիքային խմբերին գիշերային խաղեր խաղալու համար։ Բակում լռություն էր, խաղը սկսվել էր, ովքեր կային-չկային՝ ցրիվ էին եկել ու թաքստոցներում թաքնվել։ Թվում էր, որ ոչինչ քույրերիս իրենց թաքստոցներից չէր կարող դուրս բերել, բայց անսպասելի այդ ժամի համար, շուտ վերադարձավ հայրս շրջկենտրոնից։ «ԻԺ»-ով բակ մտավ հռնդյունով։

Ինչպես աղավնիներն են շաղ տված կուտի վրա թռչում գալիս, այդպես էլ քույրերս իրենց թաքստոցներից դուրս թռան ու վազելով եկան շրջապատեցին հորս։ Աղավնիներից մի քանիսն էլ կտուրից ցած թռան, եկան թառեցին մեր ուսերին։ Այս անգամ դատարկ չէր վերադարձել հայրս, հեծիկի հետնամասի նստելատեղին գրքերի կապուկ կար՝ ամուր թելով կապկպած։ Երևի բոլորիս մտքով վերջապեսը անցավ։ Հայրս, առանց ուսից աղավնուն քշելու, գրքերի կապուկը տվեց մեզ, իսկ ինքը գոհունակության ժպիտը դեմքին մեր հետևից նայեց։

Մեր անսովոր աղմուկ աղաղակի վրա մայրս էլ մոտ եկավ, և մենք սկսեցինք կապուկի թելերն արձակել։Քույրերիս ուրախությանը չափ չկար։ Ամեն մեկս մեր ուզած դասագիրքն էինք փնտրում կապոցի մեջ։ Շուտով պարզ դարձավ, որ ոչ մեկիս պետքական դասագիրքը չկար, կա՛մ արդեն անցած տարվա դասագիրքն էր, կա՛մ գալիք տարվա։ Մայրս իմ գալիք տարվա պատմության դասագիրքն առավ ձեռքի մեջ, շուռումուռ տվեց ու չկարողացավ ծիծաղը զսպել։ Անձայն, բայց ուշագնաց լինելու պես սկսեց ծիծաղել։ Մայրս, քիչ ուշքի գալով, պատմության դասագիրքը մեկնեց հորս կողմը, որը դեռ գլխի չէր ընկել, թե ինչի համար ենք շվար կանգնել, իսկ մայրս ուշագնաց ծիծաղում էր ու մի կերպ ասելիքն արտաբերեց.

- Երվանդ տղա՜…, - մայրս չկարողացավ խոսքը վերջացնել, ծիծաղը նորից խեղդեց իրեն, ապա ծիծաղը կտրուկ փոխվեց տխրության։ Մայրս նստեց ծիրանի ծառի տակ դրված կոճղին, արմունկները դրեց ծնկներին, գլուխն առավ ափերի մեջ ու գլխահակ լռեց։ Մենք շվար կանգնել ու չգիտեինք մեր անելիքը։

Նախկինում գլուխս չէր մտնում, թե հայրս իր հաշվեմատյաններում տարիներ առաջ գրած թվերն ինչպե՞ս էր հիշում՝ ո՞ր էջում, ո՞ր տողում կարող է փնտրել ուզած տվյալները, բայց մոռանում էր մտնել գրախանութ, բայց ես բաց թողեցի այդ միտքը, մտածեցի, որ դա կարող է ճիշտ չլինել, թեև դրանում ինչ-որ ճշմարտություն կար։

Քիչ այն կողմում կանգնած հորս կեցվածքը, նրա հայացքը կարծես ասում էր՝ լավ եմ հասկանում, և այնքան ակնհայտ, որ բացատրության կարիք էլ չկա։

Սակայն, այնուամենայնիվ, ես ինքս ուզեցի հասկանալ այս մեր շփոթվածության վիճակը։ Դա այն էր, որ պետական այն աշխատանքը, օրվա քսանչորս ժամերից տասներկու, շատ հաճախ էլ տասնչորս ժամվա ծանրաբեռնվածությունը հորս կտրել էր ընտանիքից, քիչ էինք տեսնում իրեն ու առավել ևս շատ քիչ շփվում, և ահա կանգնել էինք իրականության առաջ ու շվարել։ Հայրս ժամանակից կտրվել էր առավելապես երեխաների նկատմամբ, իսկ մենք ժամանակին համընթաց՝ դասարանից դասարան էինք փոխադրվել։

Չգիտեմ, թե ինչքան դեռ կշարունակվեր մեր այս անորոշ վիճակը, եթե դեռ ոչ դպրոցական քույրս շատ բարձր ձայնով չկրկներ հորս խոսքը.

- Վա՛յ հարայ հե՜յ,- ասաց ու վազելով ընկավ հորս գիրկը։ Հայրս նրան թևերի մեջ առավ, մի քանի անգամ վեր-վեր թռցրեց, ապա թողեց իր գրկում։ Բոլորս մեկեն ծիծաղեցինք։

Դա այն դեպքն էր և այն հազվադեպ պահերից էր, որ ականատես եղանք հորս՝ մեզնից մեկնումեկին գրկած։

1970-ականներ

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ