ՎԵՐԱԴԱՐՁ «Ժամանակի ստվերներով»
Մի ամբողջ սերունդ «Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի» մակագրությամբ անկրկնելի պատկերները մկրատով կտրում էր «Գարուն» երանելի ամսագրի էջերից, ու որպես թանկ զգացողությունների արտացոլանքներ պահ տալիս աչքի առաջ: Մի ամբողջ սերունդ նրան փնտրում էր պոետների հացի ու գինու որոնումներում, գաղջը ցրելու այն թանկ վայրկյանների մեջ, որոնք ուշացած «Գարուն»-ների հետ մտնում էին ներաշխարհի խաղաղության ու պատերազմի կռվում ապրող սերնդի կյանք:
Գորշ օրերի մեջ նա համարձակվում էր տեսնել լույսի ուղղությունը, տեսնել ամպի ծվենը, հողի ճաքը, թափանցիկ ցողն ու մարդու լուռ կռիվը իր ներսի հետ, ներդաշնակության համար մարդու հավերժական պայքարը: Նա համարձակվեց անգամ գրի երևելիներին «դնել» ժամանակի մյուս՝ իրական կողմում, նրանց իրական աշխարհի մեջ, որտեղ չկային փողկապներ ու արդուկված կոստյումներ:
Նրա աչքերով էր, որ մեր տուն մտավ Վահագն Դավթյանի «Լույս Առավոտ»-ինը՝ նաև որպես գրահրատարակչական նոր մշակույթ. «Լույս առավոտի, Դու, որ նման ես երաժշտության, Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից, Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության, Ու սիրտս զտիր, Որ պղտորվել ու ելել է հունից...»:
Նրա աչքերով էր, որ մեր տուն մտավ Համո Սահյանի «Դաղձի ծաղիկ»-ը՝ «...Այս մի բուռ քարեղեն հողում, Դեռ ինչքան ջանք է հարկավոր, Որ պահենք հացը հոգևոր...»:
Բայց նա, որ տարիներով շրջել էր աշխարհը՝ տեսնելով «երկաթե վայրագույրի» այն կողմը, շրջել էր Հայաստան երկրի ոլորաններով՝ տեսնելով «երկաթե վարագույրի» այս կողմը, որ տարեգրել-գաղտնագրել էր պատկերներ, զգացողություններ, ապրումներ ու մարդկանց, մի օր, երբ «պղտորվել ու ելել էր հունից», երբ կորցրել էր «այն ծառուղում նստած, գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկան», հավաքեց տարիների իր պատկերներ-գաղտնագրերն ու հանձնեց պատերազմող երկրի ցուրտ տունը ջերմացնող վառարանին, և նրա ակնթարթները մնացին որպես «Ժամանակի ստվերներ», որոնք պիտի վերադառնային նվիրյալ մարդկանց ահռելի ջանքերի գնով:
Գագիկ Հարությունյանն այսօր այլևս այն շենշող երիտասարդը չէ, որ Փարիզում ոչ միայն լուսանկարում, այլև լուսանկարվում էր ժամանակի ստիլյագի՝ Ջո Դասենի հետ, ստիլյագության իր կերպի մեջ չզիջելով նրան, որ «համարձակվում» էր ուղիղ նայել Կոպենհագենի ջրահարսի մերկ մարմնին ու օվկիանոսի ափին «շրջապատվել» սևական տղաների խմբերով:
Գագիկ Հարությունյանի անցյալում այսօր մի աշխարհ է, որն արժեցել է մի ամբողջ կյանք՝ իր ստվերներով, սև ու սպիտակի իր հակադրությամբ ու ներդաշնակությամբ, իր տառապանքով, հրճվանքի ու հիասթափության իր պատմությամբ:
«Լուսանկարչությունը կյանք է: Միտքը, երբ ազատ է, մտքին, երբ ազատ ես թողնում, այն ավելի խորն է ցույց տալ մեր կյանքը, ներքինը, մեր հոգին: Այն մեզ ավելի շատ բան է ցույց տալիս, քան, երբ մենք սկսում ենք բառերով արտահայտել միտքը»,-ասում է Վարպետն ու հերթով կանգ առնում իր լուսանկարչական շարքերի մոտ:
«Ղարաբաղ» շարքից հառնում է պատերազմի երևակված դեմքը, հետագիծը, մարդու ողբերգությունը, մարդու ճակատին դաջված պատերազմի հետքը, Դադիվանքի լույսը, որ ճեղքում է խավարը, բայց հանդիպում պատին:
Լուսանկարում Դադիվանքի գմբեթն է, խաչը, դեպի խաչ տանող կոտրված աստիճանը: «Քարվաճառը նոր էին ազատագրել: Նկարում էի Դադիվանքի զանգակատունը: Առաջինը, որ աչքս տեսավ՝ կոտրված աստիճանն էր, որ տանում է դեպի գմբեթ: Մտածեցի՝ ուզել են խաչը գցել, չի ստացվել: Հետո հենց լուսանկարեցի, հասկացա, որ ոչ, դա ես եմ: Կոտրվել է աստիճանը, որով պետք է բարձրանայի դեպի խաչը, դեպի գմբեթը: Այն, որ պետք է օգներ ինձ բարձրանալ՝ կոտրվել է, իսկ կողքին կախ ընկած պարանով բարձրանալ չեմ կարող, ուժս չի հերիքի: Առարկաները բազում բազում երեսներ ունեն: Սա առարկաների այդ երեսներից էր»,-մտորում է Վարպետը:
Ցուցասրահում կարծես լսվում է պոետի երգը. «...ու փչում է քամին ունայնության, ու ջնջում ամեն ինչ՝ Ու պոկվում են անցյալը ու ներկան, իմ կյանքի էջերից»:
Գագիկ Հարությունյանի շարքերը պոետական պատկերներ են թվում: «Ժամանակի ստվերները» ժամանակի ստվերներ չեն միայն, այլ հիշողությունների կուտակումներ, ապրված կյանքի պատառիկներ: Նրանցում յուրաքանչյուրի ապրած կյանքն է, մի մասնիկ ապրած կյանքից: Նրանցում յուրաքանչյուրը տեսնում է իրեն, իր պատկերները, կյանքի իր ժամանակը:
Գագիկ Հարությունյանն իր «սիմվոլներն» ունի պատկերներում, բայց և յուրաքանչյուրը կարող է փոխակերպել այդ «սիմվոլները»: «Յուրաքանչյուր առարկայում կարող ենք տեսնել արվեստի բոլոր իզմերը»,- ասում է լուսանկարիչն ու նաև ապացուցում, որ արվեստում «իզմ»-եր չկան: Արվեստն ազատ է: Միտքն ազատ է արվեստ ստեղծելիս: Եվ այդ միտքն է նրա գեղարվեստական կատարյալ լուսանկարչության հիմքում:
Ու հենց այդ ազատությամբ նրա «Հին քաղաք» շարքից հեռանում են ուրբանիստական ձևերը ու մնում է մարդը քաղաքում, քաղաքը մարդու ներսում, մարդն իր քաղաքի հետ: Ու նորից ցուցասրահում «լսվում» է պոետի երգը՝ «...Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ, Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ...»:
Գագիկ Հարությունյանի դիմապատկերներն անգամ գնում են դեպի մարդու ներսը, ներաշխարհ, որը մարդու դեմքին է, հայացքում, աչքերի մեջ:
Համո Սահյանն է՝ Զորաց քարերում ու՝ Զորաց քարերից մեկը: Համո Սահյանն է՝ դեմքը խռոված ու փակ, որովհետև «...Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա...»։
Հրանտ Մաթևոսյանն է՝ իր ծառերի հետ դաշն արած, իր աշխարհում հանգիստ ու անխռով. «...Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»: Էդմոն Ավետյանն է՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու սլացող հայացքով, որ կարծես խոսում է լռության մեջ:
Քաղաքին հաջորդում է գյուղը: Նրա «Գյուղական էսքիզներն» են՝ գյուղն իր հանդով, իր ճաք տված հողով, ցորենի իր դեղինին տված արտով, ապրուստի հետ կռվող իր մարդ-երևույթով: Նույնիսկ կավե կուլաները գառների հոտի նման են անցնում Վարպետի աչքի առջևով ու կավ հունցողների շարքում ազնվությունը դուրս է պրծնում լուսանկարից ու պտույտի պահին հավերժացած կավը պտտվում է աչքիդ առաջ:
Չես կարող «չլսել» պոետի երգը. «...Իսկ մանկությունը մի թռչուն է՝ Թելով կապված մեր սրտերից, Թելը պոկվում է, նա թռչում է, Ու հեռանում է մեզանից...»:
Գագիկ Հարությունյանի աշխարհում չկան պատահական ակնթարթներ: «Լիճը» շարքն է՝ հող, ճաքեր, հետքեր, ջուր, ու մարդը, որ քայլում է լճի վրայով, քայլում է իր հետքերի ճանապարհով, իր հետքերի հետքերով ու խճճվում է հարցականների, սարդոստայնների մեջ, և անգամ խաչը չի հուշում անպատասխան հարցերի պատասխանները:
«Ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդ լճի ճաքած հողերը, ամեն անգամ մի ձայն ներսից ասում էր՝ գնա, նկարի, գնա, նկարի: Հետո այդ ձայնը հաճախակիացավ, հետո սկսեց պարտադրանքով ասել: Ու մի օր ես գնացի: Մի պահ կտրվեցի աշխարհից. չգիտեի՝ ու՞ր եմ գնում, ի՞նչ եմ անում: Բայց լիճը քեզ կամաց-կամաց քաշում է, ինչ-որ բաներ է բացատրում, ինչ-որ ցուցումներ է տալիս: Հետքերը կարծես երկրաչափական պատկերներ են կազմում:
Հետքերը գնում են մինչև այնտեղ, ուր ջուրն առաջ է գալիս, ու ծածկում է ճաքած հողը: Բայց հողի գույնը չի փոխվում: Չի խոնավանում հողն ու գույնը չի փոխում: Ինձ համար շատ զարմանալի էր: Թրջվում է, բայց նույն հողն է մնում, ու հետքերն անցնում են: Որտեղ է՞ սահմանը, ինչո՞ւ սահմանը չկա: Ջուրն է ու հողը: Փնտրեցի սահմանը, հետո նկարեցի արևի արտացոլանքը ջրի մեջ, ու երբ երևակեցի, տեսա սահմանը:
Սպիտակ լույս, որ քաշվել էր հողի ու ջրի արանքում: Շատ հարցեր մնացին իմ ներսում, որոնց պատասխանը չեմ գտնում: Մինչև այսօր էլ խմորումներ են ներսումս»,-ասում է Գագիկ Հարությունյանը:
Նրա շարքերը խոսում են միմյանց հետ՝ միմյանց փոխանցելով ազդակներ, ուղերձներ: «Թռչնաբուծական ֆաբրիկան է», որ «լսելի» է դարձնում պոետի երգը. «...Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ, ցուցափեղկի մայթին՝ սառած ամբոխ, Ասես երազ է սա, որ չի վերջանալու, Այսպես երկարելու ու կյանք է դառնալու...»:
Եվ շարված են պատկերներ, օրուելյան պատկերներ, որոնք դժվար է ասել. կյանքի՞ց են հայտնվել լուսանկարներում, թե՞ լուսանկարներից են հորդացել կյանք: Այնուամենայնիվ, հավերն ու «սառած ամբոխը» միախառնվել են ու միայն մեկն է կարծես, որ «սառած հավի» հետ գնում է դեպի բաց դարպասները, գնում է դուրս...Հավերն ու «սառած ամբոխը» ձևեր են դառնում ձվի կճեպների կույտերում, խոսում են «Հին քաղաք»-ի բնակիչների հետ, խոսում են «Գյուղական էսքիզներ»-ի հետ ու պատմում սարի թիկունքում ծվարած ամպի ծվենից, և այդ երկխոսությունը հավերժական է:
«...Որքան արագ է պտտվում, Այս անիծյալ խենթ մոլորակը, Որքան արագ է հեռանում, Մեր ապրելու լավ ժամանակը...»:
«Առարկան երբեք քեզ մոտ չի գա: Դու պիտի գնաս ու գտնես առարկան»,-ասում է լուսանկարիչը:
Որտե՞ղ է սկսվում ու որտե՞ղ է ավարտվում Գագիկ Հարությունյանի ժամանակը:
Գուցե սկսվում է այն ժամանակներից, երբ նրա շարժվող պատկերներից նայող պիոներներն իրենց մանկությունը վատնում էին փուչիկներ բարձրացնելով դեպի «առաջնորդի» քարե հայացքը՝ «առաջնորդի» տեղապահների ժպտացող հայացքների ներքո, և ավարտվում է այն ժամանակում, երբ «առաջնորդը» վերամբարձ կռունկից կախ ուզում է հեռանալ, բայց...կա շարժումը, կա վեր բարձրանալը, կա կռունկի ձայնը, կա ամբոխի ճիչը, բայց... «առաջնորդը» մնում է կարծես, մնացել է:
Իսկ իրականում Գագիկ Հարությունյանի ժամանակը նոր է գալու, որովհետև նրա կատարյալ վարպետությունը, նրա խոսող լուսանկարները, նրա շարժվող պատկերները, նրա միտքը, նրա աչքն ու կյանքի ընկալումը նոր տարեգրություններ պետք է ստեղծեն՝ նաև նոր սերնդի ձեռամբ:
Նրա ազատությունը գալու է փնտրելու ազատ սերնդին: Նրա «Ժամանակի ստվերները» նոր ժամանակներ են բերելու: Գուցե՝ առանց ստվերների:
Հ.Գ.
«Նա չէր ցանկանում ունենալ այս հետահայաց ցուցադրությունը,-ասում է «Ժամանակի ստվերները» նախագծի հեղինակ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: «Հավանաբար, ժամանակի իր հիասթափություններն էին պատճառը՝ պայմանավորված խորհրդային երկրի փլուզմամբ ու դրան հաջորդած իրադարձություններով: Նաև չէր հավատում, որ կարող է վերականգնվել այդ ամբողջ ժառանգությունը: Այն վերականգնելու առաջարկն արեց Վիգեն Գալստյանը դեռևս տասը տարի առաջ, ով նաև նախագծի համադրողն է: Գագիկ Հարությունյանը ժամանակ խնդրեց մտածելու համար և համաձայնվեց: Այս ցուցադրության նախապատրաստական աշխատանքները տևեցին վեց տարի:
Անհրաժեշտ էր ուսումնասիրել նրա ամբողջ արխիվը, որի մի մասը մնացել էր նրա տարբեր աշխատավայրերում, անհատների մոտ, իսկ մի մեծ մասն ուղղակի կորել էր:
Այնուամենայնիվ կարողացանք գտնել բազմաթիվ սևապատկերներ, բարեբախտաբար պահպանվել էին «Գարուն»-ի որոշ համարներ:
Ամբողջ այդ փնտրտուքը բերեց նրան, որ այդ տարիների ընթացքում մենք ավելի էինք ամրապնդվում այս գաղափարի իրականացման շուրջ, քանի որ հասկանում էինք, թե որքան կարևոր է լուսանկարչի ժառանգության վեր հանումն այսօր ստեղծագործող արվեստագետների համար, նրան հաջորդող սերնդի համար, որոնց հրաշալի աշխատանքներն, ակնհայտորեն, սերում են այն դպրոցից, որը նաև Գագիկ Հարությունյանն է հիմնել ութսունականներին:
Մենք հասկացանք նաև, որ այս գեղարվեստական լուսանկարչության այս նմուշները, որոնք դեռ որևէ մեկը չէր տեսել Հայաստանում, որևէ բանով չեն զիջում միջազգային հարթակներում ներկայացվող լուսանկարներին: Նրա պատկերագրքի ստեղծման ընթացքում, որը տպագրվեց գերմանական Հալե քաղաքում, քանի որ Հայաստանում չկան սև-սպիտակ բարձրորակ տպագրության պայմաններ, պատկերագրքի ձևավորող Յուլիանե Զիբերն ասաց, որ իր համար մեծ պատիվ է իր կենսագրականում ունենալ այսպիսի լուսանկարչի պատկերագրքի ձևավորում և չէր հավատում, որ այս կարգի արվեստագետն առ այսօր պատկերագիրք չի ունեցել:
Մեր ուսումնասիրած 200 սևապատկերներից ցուցադրված է 183-ը: Տպագրության խնդիրը նույնպես բարդ էր: Մենք ուզում էինք, որ այն չլիներ թվային և լիներ անալոգային: Փորձեցինք մի շարք արվեստանոցներում՝ Փարիզում, Սիդնեյում և այլուր, բայց հեղինակն ի վիճակի չէր երկար ժամանակով բացակայել Հայաստանից: Նաև նյութական առումով էր դժվար խնդիրը: Վերջապես արվեց թվայինը, բայց դա էլ դյուրին չէր: Հայաստանում հնարավոր չէր ստանալ այն որակը, որն այսօր ցուցադրված է և լուսանկարների մեծ մասը տպագրվեց Սիդնեյում, Փարիզում և ավարտին հասցվեց Վրաստանում:
Հայաստանում չկան նաև համապատասխան շրջանակներ, պասպարտուներ և այլն: Մեկ ու կես տարի միայն վատնել ենք պասպարտուներ փնտրելով: Բայց այս ամենն արդեն անցյալ է, և կարևորը, որ մենք մեզ համար կրկին ու կրկին բացահայտելով Գագիկ Հարությունյանին, կարողացանք նրա քսանհինգ տարվա արվեստն այս որակով՝ բամբակե թղթի վրա պիգմենտային տպագրությամբ ներկայացնել մեր ժամանակի մեջ»:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ