Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Վերջին պայծառ մեծությունը, որին ստիպված էի թողնել և հեռանալ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

1980-ին՝ խորհրդային ծերունապետության (գերոնտոկրատիայի) բարձրագույն և վերջին ստադիայում, ականավոր կինոբեմադրիչ Լև Կուլիջանովը, որին, ի դեպ, հայկական արմատներ են վերագրում, հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ էր նկարահանել՝ «Կարլ Մարքս. երիտասարդ տարիները» վերնագրով:

Բացառիկ հաջողված կինոնկար էր և ոչ միայն այն պատճառով, որ նկարահանվել էին «ֆիրմա» դերասաններ, այլ որովհետև բեմադրիչը կարողացել էր բոլորովին ուրիշ խնդիր լուծել ֆիլմում: Ստեղծել նման գողտրիկ և ճաշակով գործ մի դարաշրջանում, երբ ֆիլմի հերոսների անունը լսելիս մարդկանց մոտ սրտխառնոց էր առաջանում, երբ Մարքսից ու Էնգելսից ցիտատներ չունեցող գրքերը վիժվում էին մինչև տպարան հասնելը, իսկ այլախոհ գիտնականների մի մասը շարունակում էր ստեղծագործել հոգեբուժարանում կամ տնային կալանքի տակ...

Ահա այսպիսի իրականության մեջ ֆիլմ նկարահանել Մարքսի մասին՝ այդքան հետաքրքիր և այդքան սրտամոտ... Ո՞րն էր գաղտնիքը: Իմ կարծիքով, վերանալով պատմական-գաղափարական պայմանականություններից, չէր կարելի չնկատել, որ կինոնկարի հերոսները պարզապես հալածյալ ինտելեկտուալներ են, որոնք այլախոհության և ազատատենչ մտքի պատճառով քշվում են մի քաղաքից մյուսը, մի երկրից՝ մյուսը:

Այս աշխարհը շատ նեղ է ազատախոհության համար, ճշմարիտ մտավորականի համար: Ահա այս գաղափարն էր փայլուն ներկայացնում Կուլիջանովը. այդքան այժմեական և այդքան հավերժական գաղափար:

Ես մտաբերեցի այս ամենը կինոնկարում առկա մի դրվագի առթիվ:

Ֆրանսիայի իշխանությունները 24 ժամ են տրամադրել երիտասարդ Մարքսին, որ հեռանա մայրաքաղաքից, ապա՝ նաև երկրից: Այդտեղ է նաև մեծ բանաստեղծ, գերմանական ռոմանտիկ Հայնրիխ Հայնեն. եկել է հրաժեշտ տալու և Մարքս ամուսինների համար արտասանում է.

«Մնաս բարով Փարիզ, Մնաս բարով Փարիզ՝ քաղաքամայր մեր սիրելի ...»:

Կ. Մարքսը սրտառուչ կերպով խոստովանում է, որ միակ լուսավոր անձը, որին թողնելը ցավ է պատճառում իրեն՝ Հայնրիխ Հայնեն է ...

Մի հին անեկդոտ կա. Մոցարտը մեռավ՝ 35 տարեկան էր, Չեխովը մեռավ՝ 44 էր ... ես էլ էսօր ինչ-որ լավ չեմ զգում ինձ:

Բայց կատակը մի կողմ, Կուլիջանովի ֆիլմում ներկայացված հրաժեշտի հոգեվիճակը ես ապրեցի, երբ 2000-ի աշնան մի օր հարկադրված էի մեկնել Ամերիկա:

Ես Կարլ Մարքս չէի, բայց այն մարդը, վերջին պայծառ մեծությունը, որին ստիպված էի թողնել և հեռանալ, շատ հեռու չէր Հայնեի փիլիսոփայական աշխարհից:

Նա հայկական ռոմանտիզմի խոշոր տեսաբան, ականավոր գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն էր:

Իհարկե, գրականության մասնագետները կարող են ավելի համակարգված և խորությամբ ներկայացնել այդ մեծ գրագետի գործունեությունը: Այստեղ ես ուզում եմ կիսել իմ տպավորություններն այդ զարմանահրաշ գիտնականի և մարդու մասին:

Սեգեյ Սարինյանի համար իմացական կամ ճանաչողական հաճույքը վեր էր ամեն բանից: Ոմանք նրան հանդիմանում էին, թե սիրում է մակդիրներ շռայլել, բոլոր գրողներին համարելով «տաղանդավոր» կամ «հանճարեղ»:

Մինչդեռ, բարի կամեցողությունից անդին, կան բաներ, որ կարող էր միայն նա տեսնել, գրական-գեղարվեստական իրողություններ, որոնք ընկալելի և գնահատելի էին միայն Սարինյանի հետազոտական ապարատի կողմից:

Ոմանք տրտնջում են, թե նրա գիտական լեզուն ծանր է, դժվարամարս:

Իրոք, այն հանրամատչելի չէ և, այդ իմաստով, Սարինյանը Լևոն Հախվերդյանի համեմատ հակառակ բևեռում է: Սակայն դա օբյեկտիվ, ակադեմիական բարդություն է, որը պետք է տարբերել արհեստածին, ծեքծեքված օրիգինալիզմից, երբ գիտական տեքստը անհարկի ծանրաբեռնում են մեծաթիվ տերմիններով կամ կամայական, միայն հեղինակին հասկանալի (իսկ ավելի հաճախ՝ անհասկանալի) դարձվածներով:

Սարինյանի կապիտալ աշխատություններում («Հայկական ռոմանտիզմ», «Հայ քննադատության պատմություն», «Հայ գրականության երկու դարը» և այլն) անհասկանալի կամ անբացատրելի ոչինչ չկա. թերևս, անբացատրելի է միայն հեղինակի գիտական հայացքի տարողունակության գաղտնիքը:

Իսկ ո՞րն էր ինքնատիպությունը. այն, որ Սարինյանի գրականագիտությունը մեր ավանդական, նկարագրական կամ «ուսուցողական» գրականագիտությունը չէ, այլ վերաճում է մարդաբանության, մշակութաբանության, սոցիալական իմաստասիրության, պատմության փիլիսոփայության, բայց միևնույն ժամանակ, «չդավաճանելով» դասական գրականագիտությանը:

Նա խորությամբ վերլուծեց հայոց մեջ գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները և մասնավորապես ռոմանտիզմը. թե որպես գեղարվեստական մտքի դրսևորում և թե ազգային մտածողության կերպ:

Սերգեյ Սարինյանը կյանքում և կենցաղում էլ էր փիլիսոփա. միշտ զուսպ, համբերատար և միշտ հյուրասեր: Նրա հետ կարող էիր զրուցել ժամերով, առանց մազաչափ զգալու, որ նա արդեն հոգնեց կամ ձանձրացավ: Խորունկ համբերող էր, ում նմա՞ն ... Հեգելի նման, երբ վերջինս ստիպված էր շարունակ զրուցել, և միևնույն ժամանակ, գինի հասցնել իր անդորրը խանգարած նապոլեոնյան բանակի զինվորներին...

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ