Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

Գրող

«Ոչ թե երեք, այլ՝ հինգ...». ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ

 

Սյուժետային անսպասելի լուծումներով և ուրույն ոճով առանձնացող հեղինակ է ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ։

Ապրում է Արցախում, Ստեփանակերտում։ Պաշտոնաթող գնդապետ է, Արցախյան պատերազմի մասնակից։

Գրում է ռուսերեն։ Հայտնի է ռուսական գրական շրջանակներում, հաճախ է տպագրվում ռուսական գրական մեդիայում: Երբեմն հանդես է գալիս Ազարիա ("Азарий") կեղծանվամբ։

ԼՂՀ գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է, երեք ժողովածուների հեղինակ։

2019 թ․ ապրիլին "Мгинские мосты" միջազգային փառատոնում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի («Սիրային շիլաշփոթ» պատմվածքի համար), նույն ամսում միջազգային "ВоенКор-2019" նախագծում ընտրվել է մրցույթի հաղթող («Մեկ պատերազմ, երկու հակադիր ճակատագիր» պատմվածքով)։

Հայերեն թարգմանվում և ներկայացվում է առաջին անգամ։


Պետրոսն ու Սուսաննան սրտաբաց, բարեհաճ մարդիկ էին, ու բոլորը գիտեին, որ նրանցից, երբ անհրաժեշտ լինի, կարող են պարտքով փող վերցնել. նրանք պատրաստ էին օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, ով դրա կարիքը կունենար։

Որդին՝ Գերասիմը, ամուսնացած էր և ապրում էր ծնողներից առանձին։

Ամուսինները վաթսունն անց էին, երկուսն էլ՝ թոշակառու։ Ապրում էին հաշտ ու համերաշխ, և երբևէ որևէ մեկը չէր լսել, որ նրանց ընտանիքում վեճ լինի։ Այդ պատճառով ցնցվեցի, երբ նրանց բնակարանի բաց պատուհանից լսվեցին Սուսաննայի բղավոցները։

Օգոստոս ամիսն էր, երեկո, պատշգամբի պատուհանները՝ բաց, ու պարզ լսվում էր, թե ոնց է Սուսաննան ջղայնացած քլնգում կողակցին։ Շտապ իջա երկրորդ հարկ ու սեղմեցի զանգի կոճակը։ Դուռը բացեց ինքը՝ տանտիրուհին, ու առաջին անգամ տեսա նրան այդ վիճակում՝ աչքերը արյունով լցված, իսկ համակրելի դեմքը բարկությունից այլայլված։ Առաջ ընկա ու հարցրի՝ արդյոք ամեն բան նորմա՞լ է իրենց մոտ…

- Արի,- իրեն հավաքելով խոսեց Սուսաննան ու ներս թողեց ինձ։

Մտա հյուրասենյակ ու տեսա բազմոցին պառկած Պետրոսին, դռնից կիսաշրջված՝ մեղավոր դեմքով հեռուստացույց էր դիտում։

- Ողջույն, Պետյա, հիվա՞նդ ես՝ ինչ է,- հարցրի՝ թեք նայելով Սուսաննային։

- Ոչ էլ հիվանդ է… որձուկը,- չար ֆշշացրեց Սուսաննան՝ կանգնելով սենյակի մեջտեղում՝ լայնորեն բացած ոտքերն ու թևերը ծոծրակին պահած։ 

- Վերջացրու, խնդրում եմ, Սուսաննա, ինչ էլ մի եղած լինի, որ այդպես ցավալի ես տանում։ Չէ՞ որ ամեն ինչ նորմալ է,- ասաց Պետրոսը, որը, պիտի նկատեմ, իմ հայտնվելուց հետո փոքր-ինչ աշխուժացավ։

Ես կանգնած էի նրանց միջև՝ չհասկանալով ոչինչ, հայացքս պտտեցնելով Սուսաննայից Պետրոսին ու Պետրոսից Սուսաննային։

Մի հինգ րոպե Սուսաննայի նյարդային պատմությունը լսելուց հետո սկսեցի կռահել, թե ինչ է տեղի ունեցել, և փորձում էի ինձ զսպել, որ չծիծաղեմ։ Բայց երկար չդիմացա. շուտով ընկա կողքիս բազկաթոռին ու սկսեցի քրքջալ…

Իսկ ահա թե ինչ էր եղել. երեկոյան Պետրոսը վատ էր զգացել, պառկել էր բազմոցին ու խնդրել Սուսաննային, որ ճնշման դեղ բերի։ Սակայն դեղը չէր օգնել, և Սուսաննան անհանգստացած՝ «Շտապ օգնություն» էր զանգահարել. ամուսինը սկզբում փորձել էր հետ պահել, բայց կինն անդրդվելի էր եղել։

- Թող բժիշկը նայի, հանկարծ բան չպատահի:

Մինչև թոշակի անցնելը Պետրոսը հացի գործարանում պահեստապետ էր, միշտ ձեռքի տակ փող ունենում էր, երբեք խանութում մնացորդ մանրը չէր վերցնում, ու երբ որևէ մեկը իրեն լավություն էր անում, փորձում էր երախտագիտությունը հայտնել փողով։ Այդ պատճառով նախօրոք հորդորել էր Սուսաննային, որ բժշկի համար պատրաստ երեքռուբլիանոց պահի։

- Չնայած բժիշկը իր աշխատանքի համար վարձատրվում է, բայց պետք է մարդուն շնորհակալություն հայտնել,- ասել էր։

Սուսաննան սերվանտից, որտեղ պահում էր փողերը, հնազանդորեն հանել էր երեքռուբլիանոց թղթադրամն ու դրել խալաթի գրպանը։

Պատմելու պահին Սուսաննան զայրացած նայեց ամուսնուն, որը դեմքը թաքցնում էր կնոջից, ապա թեժ հայացքն ուղղեց ինձ ու պոռթկաց.

- Պատկերացնո՞ւմ ես՝ ժամանում է «Շտապը», ու դուրս է գալիս այդ…,- այստեղ նա նորից չարությամբ նայեց ամուսնուն և շարունակեց,- այդ թեթևսոլիկը… Դե, դու գիտես դրան՝ այդ ոչ բարով բժշկուհուն՝ Միլային… Եվ իմ որձուկը հալվե՜ց, աչքերը փայլեցի՜ն, նստեց բազմոցին ու սկսեց ուտել հայացքով։ Սա էլ կպել պոկ չէր գալիս, սարքով ճնշումն էր չափում… Որձուկս էլ լրիվ կորցրեց իրեն, մեկ էլ ասում է ինձ, որ բժշկուհու և բուժքրոջ համար թեյ սարքեմ… Լավ էր՝ հրաժարվեցին…

Այստեղ ես փոքր-ինչ հանդարտվեցի, զսպեցի ծիծաղս ու լուրջ-լուրջ ասացի Սուսաննային.

- Դե, նայեց Միլային, հետո՞. ինչո՞ւ այդպես նյարդայնանալ։ Մի՞թե վատ է, որ բժիշկն իր տեսքով օգնել է, որ հիվանդը՝ այսինքն մեր Պետրոսը, լավանա…

Այս ասելով՝ ես հիշեցի գեղեցկուհի Միլային ու շատ լավ պատկերացրի, թե ինչո՞ւ է այդ շիլաշփոթը եփվել։ Միլան մոտ քառասուն տարեկան վայելչագեղ, միջին հասակի, չափավոր գեր, շագանակագույն աչքերով ու «Կառե» սանրվածքով կին էր՝ տանձանման կազմվածքով ու մարմինը կիպ գրկող կարճ, սպիտակ բժշկի խալաթը միշտ հագին… Սակայն զգում էի, որ Սուսաննան ինչ-որ բան մինչև վերջ չի ասում, ու որոշեցի չշտապեցնել իրադարձությունները։

Այդ պահին Պետրոսը նստեց բազմոցին ու սկսեց նախատել կնոջը.
- Լսիր, ի՞նչ եմ ախր արել։ Եկավ բժիշկը, նստեց կողքս բազմոցին ու չափեց ճնշումս։ Դե, նայել եմ նրան, ի՞նչ եղավ դրանից. նա բժիշկ է ու, ի դեպ, երդում է տվել Հիպոկրատին, որ բոլոր հիվանդների նկատմամբ կլինի համբերատար և բարեկիրթ…

Այստեղ Սուսաննան ցատկեց տեղում, ասես անտեսանելի զսպանակ էր տակը բսնել, ու գոռաց կողակցի վրա.

- Դու, ախր, այդ պահին նման էիր կատվի, որը շուրթերն է լիզում թթվասեր տեսնելիս, ա՜յ թշվառ շուն…

Այստեղ նա շրջվեց դեպի ինձ ու աչքերը պսպղացնելով շարունակեց.

- Խալաթիս գրպանում երեքանոց էր, որպեսզի ես այն տամ բժշկին այցից հետո, ինչը և ուզում էի անել։ Բայց մեր որձուկը, երբ Միլան չափում էր ճնշումը, նրա մեջքի հետևում ինձ մատներով ցույց տվեց հինգ. իբր՝ հինգռուբլիանոց տամ, ոչ թե՝ երեք։ Ես երբ տեսա այդ շարժումը, անմիջապես նրան երեք մատ ցուց տվեցի…

Լսելով այդ բառերը ու նայելով Սուսաննայի դեմքին՝ ես դուրս թռա նրանց բնակարանից, չկարողանալով հրաժեշտ տալ ու ծիծաղից փլվելով։ Մի կերպ հասա տուն, որտեղ բազմոցին փռված՝ ազատություն տվեցի իմ անզուսպ քրքիջին, ինչին խոհանոցից վազելով վրա հասավ իմ անբաժան կողակիցը՝ չհասկանալով, թե ի՞նչն է պատճառը։

Ռուսերենից թարգմանեց՝ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Անուշ Սարգսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ