Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Ոչ թե սահմանագիծ, այլ՝ կամուրջ...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Մտքեր հայ գրականության և ... տուրիզմի մասին:

 

Երկու պարտավորություն է ստանձնում յուրաքանչյուր ոք,

ով ընտրում է գրողի մասնագիտությունը.

հավատարիմ լինել իրականությանը

և այն ներկայացնել՝ բարի նպատակներ հետապնդելով:

Ռ. Լ. Սթիվենսոն. «Գրողի մասնագիտության բարոյական կողմը»

 

Ինչո՞ւ չունենք վերջին 30 տարվա եղելության վերաբերյալ գեթ մեկ պատմական վեպ...

Հարցը հռետորական է: Ընթերցողներից նրանք, որոնք կարծում են, թե առնչություն ունեն տվյալ հարցի հետ, թո՛ղ խորհեն՝ առանց իրենք իրենց խաբելու: Եվ եթե պատասխանների շարքում լինեն «վախ», «գումար», «գիտելիքի կամ ժամանակի պակաս», «ու՞մ է պետք» արտահայտությունները, ուրեմն, փաստ է, որ հայ գեղարվեստական գրականությունն այս պահին խորը անկման մեջ է: Չկա հասարակական պատվեր, չկա հետաքրքրություն, չկա ձևավորված, հստակ ծրագիր, գոյություն չունեն այդ ծրագիրն իրականացնող գրողներ:

Մեկ այլ խնդիր. ժամանակակից հայերենի բառապաշարը զարգանում է ոստիկանա-բանակա-իրավա-փողոցա-լրագրողա-բյուրոկրատական աղբյուրների հաշվին: Եթե լեզուները զարգանային միայն թերթերի կամ հրամանագրերի, նորությունների կամ դատական որոշումների, շոուների կամ սերիալների միջոցով, ապա երբեք ի հայտ չէին գա Շեքսպիրը, Պուշկինը, Էկոն և Չոմսկին: Հայաստանն այս հարցում ևս բացառություն չէ, բայց շարունակում է ընթանալ անարդյունավետ «մերն ուրիշ է» կարգախոսով՝ վտանգավոր ուղղությամբ:

Ի դեպ, հիշեցնեմ, որ սովետական ժամանակաշրջանում շատերն էին իրենց ուժերը փորձում պատմական վեպ գրելու ծանր և խոչընդոտներով լի անդաստանում:

Այդպես, մի սկսնակ գրող նկարագրում էր, թե ինչպես վաղ միջնադարում հայ զինվորները խորոված էին պատրաստում: Լավ կլիներ, եթե միայն խորոված, բայց միջնադարյան հայ զինվորները, ըստ հեղինակի, նաև լոլիկ և կարտոֆիլ էին տապակում՝ խորովածի հետ: Ստացվում էր, որ անգամ վիկինգների կողմից Ամերիկայի հայտնագործումից առաջ Հայաստանում արդեն գիտեին կարտոֆիլի և լոլիկի մասին:

Առակս ի՞նչ կցուցանե: Հայ գրականությանը պետք չեն նման գրողներ: Նո՛ր ոգի է պետք, նո՛ր զարկ, նո՛ր մոտեցում: Գրողներ են պետք, որոնք ոչ թե սահման են գծելու, անջրպետ են կառուցելու հայ և արտասահմանյան մշակույթի միջև, այլ՝ կամուրջ, փոխադարձ շփման և փոխհարստացման ուղիներ են դառնալու իրենց արվեստի միջոցով:

Հայերի վաղեմի խնդիրն է՝ մենք սահմանն ենք: Ո՛չ, մենք սահմանը չենք: Այլապես ու՞մ է պետք, որ դարեր շարունակ սահման ենք եղել, խուսափել ենք մեր մշակույթը, մեր գրականությունը, գիտական միտքը տարածել ողջ աշխարհում: Այդ «սահմանաբնակի» մտածելակերպի պատճառով է, որ Եվրոպան այդքան ուշ է ճանաչել, օրինակ, Գրիգոր Նարեկացուն:

Կամուրջ կառուցելը, ազգի հոգևոր արժեքներ գովազդելը, տարբեր քաղաքակրություններ իրար միացնելն ավելի շատ գիտելիք և ավյուն է պահանջում, քան սահամանապահ լինելը: Իհարկե, խոսքը ոչ թե այն մշակութային արժեքների մասին է, որոնք ժամանակ առ ժամանակ հրամցնում են մեր ուշադրությանը որպես կարծեցյալ արտասահմանյան մշակութային արժեքներ: Խոսքն արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների հազարամյա, նշանակությունը չկորցնող, հանճարեղ գլուխգործոցների մասին է:

Իհարկե, նման քայլերի համար պետք է, որ ցանկացած գրող սեփական մշակույթը վերլուծելու և մատուցելու, ինչպես նաև օտար մշակույթից լավագույնն ընտրելու կարողություն ունենա: Լայնախոհ գրողներ են պետք, ովքեր ի վիճակի կլինեն անգամ Հարրի Փոթերի և հայ գեղարվեստական գրականության հերոսների միջև հպման կետեր գտնել:

Եվ միշտ հիշե՛նք, որ օտարապաշտ կամ ազգամոլ գրողների փառքը և հիշողությունը վերջանում է իրենց վերջին շնչի հետ:

 

Ճամփորդել՝

նշանակում է փարատել այլոց մոլորություններն

այլ երկրների մասին:

Օլդոս Հաքսլի

 

Տնտեսության «ծանր հրետանին»՝ տուրիզմը...

Տուրիզմը՝ զբոսաշրջությունը, երբեք չի կարող լինել տնտեսության «ծանր հրետանին»: Երկրի տնտեսության համար տուրիզմի դերը գերգնահատող անձը կարող է նաև կարծել, թե հանքային ջրի արտահանումը երկրի տնտեսության աճի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ատոմակայանի աշխատանքը:

Շատ նուրբ է տուրիզմի ոլորտը: Այն ոլորտներից է, որում, ինչպես գրում էր «ժամանակակից եբրայերենի հայրը»՝ Էլիեզեր Բեն-Եհուդան, «...պետք է միայն մեկ իմաստուն և ժիր մարդ...»: Ավելացնենք՝ պետք է նաև նրբազգացողություն, որը Հայաստանում առհասարակ պակասում է  շատ-շատերի հոգիներում:

Հայը Եվրոպա ձգտող ասիացի է, այդ պատճառով նրան ավելի հաճելի է դրական քննադատությունը, գովքը: Իսկապես, զբոսաշրջիկները գոհ են մնում թե՛ հայկական հյուրասիրությունից, թե՛ եկեղեցիների անսպառ քանակից, թե՛ Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերից, թե՛ հայկական խոհանոցի ճաշատեսակների, ուտեստների զանազանությունից:

Բայց այդ ամենը երկրորդ պլան է մղվում անորակ ճանապարհի կամ տուրիզմի ոլորտում աշխատող խոժոռադեմ որևէ մեկի պատճառով: Կարելի է հազար ձևով ներկայացնել հայոց պատմությունն օտարազգի հյուրին, սակայն նա ավելի լավ է հիշելու, որ այսինչ թանգարանում գոյություն չուներ վերելակ, սահմանափակ կամ հատուկ կարողություններ ունեցող մարդկանց սայլակների համար գոյություն չունեին հատուկ պայմաններ: Կամ, պարզապես, սանդուղքի աստիճաններն էին շատ. չմոռանանք, որ զբոսաշրջիկների թվում պակաս չեն տարեց մարդիկ: Նրանք մեղք չունեն, որ այդ տարիքում են Հայաստան եկել, պարտավոր չեն վայելել հայրենի իրականության բոլոր խնդիրները, այն է՝ մագլցել, օրինակ, Խոր Վիրապի՝ անմխիթար վիճակում գտնվող սանդուղքի աստիճանները:

Երևանից Գորիս տանող ճանապարհին մեկ լավ զուգարանն ավելի շատ բան է հաղորդում տուրիստին ազգի մասին, քան միջնադարյան ճարտարապետի, գիտնականի կամ իշխանի անունը: Անունները մոռացվելու են հայրենիք վերադառնալու առաջին իսկ օրը, սակայն երկրի ենթակառուցվածքների մասին դրական տեղեկությունը նորանոր զբոսաշրջիկների հավաքագրելու անվճար և արագ միջոց է:

Ուրեմն, հասկանանք, որ ոչ թե մենք ենք լավություն անում զբոսաշրջիկներին, երբ իրենց ներկայացնում ենք Հայաստանի տեսարժան վայրերը, այլ իրենք են մեզ լավություն անում, քանի որ նախընտրում են հենց Հայաստան այցելել, այնտեղ գումար թողնել, հետագայում դրական տպավորություններ տարածել տվյալ երկրի մասին:

Արհամարհական, զուտ գումար ստանալու, «պոկելու» անհագուրդ ցանկությունը տուրիզմը չի զարգացնում: Պետք է գրավիչ լինել, ստիպել զբոսաշրջիկին կրկին այցելության գալ Հայաստան: «Պոկելով» չէ՛, արհամարհանքով չէ՛, մեծամտությամբ չէ՛: Բոլորը թո՛ղ հիշեն, որ Հայաստան այցելելուց առաջ զբոսաշրջիկն արդեն եղել է մի շարք ավելի զարգացած երկրներում: Նա սովոր է բարձր որակ պահանջել, և եթե մենք ուզում ենք զբոսաշրջիկների քանակի աճ և եկամուտների լուրջ մակարդակ, ապա հիշե՛նք նախորդ նախադասությունում շարադրված պարզ ճշմարտությունը:

Հայաստանում մարդիկ կան, որոնք սիրում են ասել. դե, իրենց մոտ նույնպես գոյություն ունեն խնդիրներ և բացթողումներ, թո՛ղ բարի լինեն հարմարվել մեր պայմաններին: Հարգելինե՛րս, մեզ չպետք է հետաքրքրեն իրենց խնդիրներն ու դարդերը: Մենք պետք է ձգտենք իրենցից լավ լինել, այդ է հարցը:

Աշխարհում բազմաթիվ երկրներ գոյություն ունեն, որոնք տուրիզմի զարգացման հարցերում Հայաստանից շատ հետ են: Սակայն այդ չի նշանակում, որ պետք է դրանից ընկնել «մերն ուրիշ է» մակարդակին: Ո՛չ, պետք է ձգտել ավելի առաջ անցնել, ավելացնել տվյալ ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը, լավացնել և զարգացնել մատուցվող ծառայությունների որակը:

 

Արմեն Գրիգորյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ