«Ոջիլը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Նախքան զորակոչվելս բանակի մասին ի՜նչ ասես, որ չէի լսել ծառայությունից տուն վերադարձածներից՝ թե՛ ծիծաղելի և թե՛ շատ անհավատալի պատմություններ:
Բանակ գնացած - եկածների պատմածներից լսած - չլսածիցս մի բան էր հասկացվում, որ կարծես ուրիշ հոգս ու գործ չի եղել, միայն սամավոլկի են գնացել քաղաք, կամ իրենց գնդին մոտ մի ավան, աղջիկների ու կանանց հետ զվարճացել ու հետ են եկել:
Իսկ սուզանավերում ծառայածները օվկիանոսների խորություններում իրենց տեսած ջրահարսների մասին էին պատմում, որոնք ծիկրակելիս են եղել սուզանավի պատուհաններից, ու, թե ինչպես են աչքուհունքով իրենց դուրս կանչել օվկիանոսի խորքում զվարճանալու համար:
Պատմածներից շատերն անհավանական էին թվում, բայց լիովին մերժելու համար էլ բավարար հիմքեր որտեղի՞ց: Ոմանք պատմում էին, թե ինչպես են զվարճացել կամ գնդապետի կնոջ, կամ նրա աղջիկների հետ: Մյուսներից մի քանիսը զվարճացել էին գեներալների կանանց հետ: Եղել է, որ մի խոշոր գործարանի գլխավոր ինժեների կամ հենց դիրեկտորի աղջկա հետ:
Կանայք ուղղակի երանությունից հալվել ու զմայլվել են մեր զինվորականներով:
Մեր գյուղացի տղաներից մեկն էլ պատմում էր իր և իրենց դիվիզիայի հրամանատարի կնոջ սիրահարության պատմությունը: Պատմում էր, որ իրենց սերը այնքան բուռն է եղել, որ գնդի սահմաններից դուրս է եկել, հասել մինչև Կրեմլ: Ու երբ եկել է իր ծառայության վերջը, անձամբ դիվիզիայի հրամանատարն էլ է կնոջ հետ եկել իրեն ճանապարհելու:
- Կոլյա, սիրելիս,- ասել է կինը ամուսնու ներկայությամբ,- դու մնա ծառայելու, ամուսնացիր ինձ հետ, ես մարշալի պագոններ կդնեմ ուսերիդ: Իսկ ամուսինը հուզմունքից արցունքները չի կարողացել զսպել ու լաց է եղել: Վերջը գրկախառնվել է իր հետ ու արցունքն աչքերին ճանապարհել իրեն:
Սա պատմում էր մեկը, որ դպրոցում սովորելիս չի էլ կարողացել թերի միջնակարգն ավարտել, հայրը ստիպված գնացել է կոլխոզի գրասենյակ, խնդրել, որ սար գնացող չոբանների հետ տղուն էլ վերցնեն՝ չոբանության:
- Մեր ցեղական ոչխարներն արժանի չեն նման չոբան ունենալու,- ասել են:
Դե, ժամանակին ես էլ զորակոչվեցի, երբ ձմռան մոտ էր:
Թե զորակոչեին ծովային նավատորմ, ապա հաստատ սուզավավի նավաստի կդառնայի, գոնե օվկիանոսի խորխորատներում ինձ էլ ջրահարսները սուզանավից դուրս կկանչեին հավանական է, որ միասին լող էլ տայինք: Բայց այդպես չեղավ: Ինձ տարան Լենինական՝ մեր երկրի հյուսիսային սահմանները պաշտպանելու: Ավելին չասելու համար միայն ասեմ, որ բախտս չբերեց ջրահարսների հետ լող տալու հարցում:
Օրերը տաքանալու հետ՝ սկսեց մարմինս քոր գալ ու գնալով այդ քորը սաստկանում էր, գիշերները քնել չէր լինում: Հերթական ժամապահության օրն էր: Պիտի հսկեինք գնդի սահմաններում գտնվող զենք - զինամթերքի պահեստները: Գիշերվա կեսին, երբ փոխարինվեցի, վերադարձա պահականոց, քորն արդեն այնքան էր սաստկացել, որ ամբողջովին մերկացա ու հագուստս մի լավ թափ տվեցի, քանի որ զգում էի, որ քորը մաշկիս վրայից է, բայց դա էլ չօգնեց:
Մի կերպ դիմացա մինչև լուսաբաց: Նորից մերկացա ու ցերեկային լույսի տակ զննեցի ու էլի ոչինչ չհայտնաբերեցի:
- Չտո սլուչիլըս (ինչ է պատահել),- հարցրեց ինձ հետ պահակություն անող ազերբայջանցին: Էս ազերբայջանցին մի փոքր ռադիոընդունիչ ուներ, որ միշտ ականջին մոտ պահած բայաթի էր լսում՝ ուր էլ որ լիներ, եթե նույնիսկ կռվի գրոհի հրաման հնչեր, նա դրան ուշադրություն չէր դարձնի: Ամեն ինչից երևում էր, որ թքած ունի բոլոր զինվորական հրամանների վրա էլ, երկրի վրա էլ:
- Նե պանիմայու (չեմ հասկանում),- ասացի: Նա իմ ձեռից վերցրեց շապիկս և ուշադիր սկսեց զննել, ապա բարձր ծիծաղեց:
- Էտո վշի, նե նադո բեսպակոիտցա (ոջիլներ են, պետք չէ անհանգստանալ),- ասաց նա ու իր օձիքը քիչ հետ տարավ և ցույց տվեց, որ ինքն էլ ոջիլ ունի, բայց դա չի անհանգստացնում իրեն, ապա իմ սպիտակեղենի վրա ցույց տվեց մանր զադերին, որ վերուվար էին անում:
Ոջլոտ լինելու հանգամանքը արժանապատվությանս խիստ կպավ, անմիջապես մտա հերթապահի մոտ, սպիտակեղենս քթին դեմ տվեցի և ասացի, որ պահակության չե՛մ գնա: Նա էլ թե.
- Պանիմայու (հասկանում եմ), պածերպի չուծ-չուծ (համբերի մի քիչ էլ): - Նկատի ուներ՝ մինչև պահակության ավարտը:
- Նետ, նե մագու տերպեծ (ոչ, չեմ կարող համբերել),- ասացի ու մնացած հագուստներս էլ հանեցի ու դեն շպրտեցի:
- Նու լադնո, պայդու կը գլավնոմու, դալաժու չտո կակ (լավ, կգնամ գլխավորին կզեկուցեմ),- ասաց ու դուրս եկավ գնդի հերթապահին զեկուցելու իմ պահանջի մասին:
Պարզվեց՝ ամբողջ վաշտն է ոջիլի մեջ կորած: Ամեն ինչ ախտահանելուց հետո մեզ նավթ տվեցին և ասացին, որ մեր մարմինը նավթով մաքրենք:
Նավթով համարյա մի լավ լողացանք: Հիմի էլ նավթահոտը սկսեց խեղդել:
Վաշտի հայերով որոշեցինք գնալ քաղաքային բաղնիք:
Մենք մեր կողմնակի ճանապարհն ունեինք բաղնիք գնալու, որ քաղաքում վխտող զինվորական հերթապահների ձեռքը չընկնեինք: Գնդից դուրս էինք գալիս, հանրային այգիների կավապատ պատի կողքով իջնում էինք ձոր, ցատկոտելով մեծ-մեծ քարերի վրայով անցնում փոքրիկ առուն, ապա բարձրանում ձորից ու հայտնվում քաղաքի այն մասում, որտեղ բաղնիքն էր: Ամեն անգամ բաղնիք գնալիս միշտ մտածում էի այն օրվա մասին, թե երբ առանց ավելորդ գլխացավանքի կշրջեմ քաղաքում, մի լավ կուսումնասիրեմ քաղաքի ճարտարապետությունը, զրույցներ կունենամ մարդկանց հետ:
Քաղաքային բաղնիքը քաղաքի կենտրոնից ոչ հեռու էր, «Հոկտեմբեր» կինոթատրոնից՝ կես կանգառի չափ: Հին շենք էր, երևի անցյալ դարի սկզբներին կառուցած:
Մտանք բաղնիք: Գումար խնայելու համար սովորաբար վերցնում էինք մեկ առանձին համար, այս անգամ տոմսավաճառն ասաց, որ առանձին համար չունի ու մեզ առաջակեց ընդհանուրի հետ լողանալ: Գլխով նշան արեց, որ առանց վճարելու անցնենք:
Մտանք հանդերձարան, հանվեցինք, մեզ հետ տարած սրբիչով փաթաթվեցինք ու դուրս եկանք:
Տղամարդկանց լողարանը կանանց լողարանի դրկից սենյակն էր: Ես քիչ հետ մնացի ընկերներիցս, մտքերիս մեջ, առանց ուշադրություն դարձնելու, բացեցի դռներից մեկը ու ներս մտա:
Իմ թարս բախտից էր. ա՛յ, բանակի խերն էլ սա է: Հենց բոլոր անհարմարություններին մի կերպ վարժվում ես, ստիպված յոլա գնում, մեկ էլ տեսար՝ մի ուրիշ գլխացավանքի մեջ ես ընկնում:
Ներսում գոլորշու մի այնպիսի ամպ էր, որ լողացողները ուրվականների պես էին երևում: Շարժվելիս էլ պիտի ոտքերիդ առաջը նայես, որ հանկարծ մի բանի չդիպչես փռվես գետնին: Մի ազատ տեղ ընտրեցի: Փայտե կարճ պոչով մեծ շերփով մի քանի շերեփ ջուր լցրի վրաս ու սկսեցի օճառվել, ինձ փրփուրի մեջ առա ու քիչ դադար տվեցի, որ մազերիս արանքում մնացած ոջիլները խեղդվեն: Էդպես կանգնած եմ, մեկ էլ մեկն իր ձեռքի ճիլոպը խցկեց բռիս մեջ, շրջվեց ու ձեռքով նշան արեց, որ իր մեջքը օճառեմ:
Ես էլ անխոս, ինչպես ինքը, վեցրի ու սկսեցի թիկունքը օճառել:
Հանկարծ, էդ մառախուղի մեջ՝ մեկը ճչաց.
- Աղջիկնե՛ր, մեր մեջ տղամարդ կա,- ասաց ու ձեռքի տազիկի ջուրը լցրեց գլխիս ու ինձ մերկացրեց:
Էն, ոնց որ սագերի մեջ աղվես ընկնի, ու սագերը վախեցած սկսեն ծղրտալ, այդպես էլ եղավ: Ամեն կողմից օճառի կտորների ու ճիլոպների կարկուտ տեղաց գլխիս: Ես շփոթահար դեսուդեն ընկա ու ելքի դուռն էի փնտրում էդ մշուշի ու քաոսի մեջ, ու երբ դռան մոտ էի վերջապես, մեկը շերեփը գլխիս պիտի ջարդեր, բայց լավ էր՝ գլուխս պրծացրի, ինձ դուրս գցեցի ու մտա հարևան լոգասենյակը:
Մտածեցի, որ էս գլխացավանքից պրծա, բայց հազիվ էի նորից օճառվել, երբ միջանցքում աղմուկ-աղաղակ բարձրացավ: Կանայք էին, որ պահանջում էին բոլոր տղամարդկանց դուրս բերել, որ դատ ու դատաստան տեսնեն իրենց մեջ հայտնվածին: Տղամարդկանցից մի երկուսը սրբիչը գոտկատեղով պատ բերեցին ու գլուխները դուրս հանեցին:
Մեկը գլուխը հետ քաշեց ու խնդալով թե.
- Տղերք, մեզնից մեկը կնանոց մոտ է մտել, նրան են ուզում:
Փրփուրի մեջ կորած տարեց տղամարդկանցից մեկը փրփուրի մեջից վրա բերեց.
- Տղերք, գտեք ով է, փեդի շերեփով տվեք գլխին, որ մյուս անգամ դռները չշփոթի: Տեքստիլի կնանոց տեղն ա դրե՜, ի՞նչ է:
Իսկ միջանցքում կանայք չգիտես թե ումից պահանջում էի բոլորին դուրս բերել, թե չէ՝ միլիցիա կկանչեն:
Մեկը դուռը մի կոշտ բանով ծեծեց ու բարձր գոռաց: Կնոջ ձայն էր:
- Մի մարդու պես, բոլորդ ձեր սրբիչներովդ փաթաթվեք ու դուրս եկեք՝ շուտ, թե չէ, կնանոց ներս կթողնեմ: Ներսում բոլորը փռթկացրին:
- Տղերք, ոչ մեկդ դուրս չգաք, թողեք կնանիք ներս գան,- ասաց մեկը ու բարձր խնդաց: Սրա գլխին մեկը ձեռքի շերեփով զարկեց, սա ձենը կտրեց:
- Ի՞նչ էնենք, թող մտնեն: Ընչի՞ զարգիր մարդուն,- ասաց հալից ընկած մեկը:
Դուռը նորից խփեցին:
- Տղե՛րք,- ասաց մեկը, - էկեք դուրս գանք, քանի կնանիք չեն մտէ:
- Ընչի դուրս գանք: Ով մտէ՝ թող նա էլ դուրս գա՛,- ասաց մեկը, որ ճիլոպով մարմինն էր տրորում:
- Ո՞վ է մտէ, թող ձեն հանի:
Մտածեցի. «Օ՜ հո, գլխիս օյին եմ բերել»:
Իմ սրբիչը մնացել էր կանանց մոտ, տղաներից մեկին խնդրեցի, որ դուրս գա ու շալվարս բերի: Նա էլ բռի մեջ փռթկացրեց, հասկացավ ինչն ինչոց է, սրբիչը գոտկատեղին փաթաթեց ու դուրս եկավ: Կանայք թեթև հանդարտվեցին, կարծելով, որ արդեն սկսել ենք դուրս գալը: Նա հետ եկավ՝ մեր չորսիս զինհագուստները գրկած, երբ դուռը հետևից փակեց, կանայք վրա տվեցին ու սկսեցին ձեռքին եղած փայտի շերեփներով խփել դռանը և պահանջել, որ բոլորս դուրս գանք:
- Տղերք,- ասացի,- մենք էստեղ հագնվենք ու նոր դուրս գանք, որ տեսնեն մենք սալդաթներ ենք, ձեռք չեն տա:
Էդպես էլ արեցինք ու պատրաստվեցինք դուրս գալ:
- Չորսդ էլ հայե՞ր եք, տղաներ,- հարցրեց տարեց մարդկանցից մեկը:
- Հայերեն չէի՞նք մեջքդ քիսայում,- ասացինք:
Դուռը բացեցինք, ձևացրինք, թե մենք եղածից տեղյակ չենք ու գնացինք դեպի ելքի դուռը: Միջանցքում վեց-յոթ կանայք էին, որը՝ խալաթով, գլուխները սրբիչով փաթաթած, որը՝ ոտից գլուխ սրբիչով փաթաթված:
- Նա է՛, - ասաց կանանցից մեկը, ցուցամատը իմ ուղղությամբ մեկնեց, աչքերը կկոցած ու մարտական կեցվածքով, ջրի շերեփը ձեռքին, փոքր քայլերով սկսեց մոտ գալ,- ես ճանաչեցի քեզ, էն ջուրը ես գլխիդ լցրեցի:
- Հլը մոդ արի, - ասաց:
Մյուս կանայք էլ սկսեցին ինձ զայրացած նայել: Միայն մեկը ուղիղ աչքերիս մեջ նայեց, բայց զայրացած չէր: Թվաց, թե ժպիտ էլ կար երեսին, հավանաբար նրա մեջքն էի օճառում: Ընկերներս դուրս փախան, իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ, թե կհաջողվի՞ ինձ արդյոք լեզու գտնել բորբոքված այս կանանց հետ:
- Հմիգ ես քո գլուխը շերեփով պըդի ջարդեմ,- ասաց գլխիս տազիկով ջուր լցնողը,- էդ քանի՞ գլուխ ունես ուսերիդ, որ մդել ես կնանոց մոտ, հը՞:
Նրա էս խոսքերից ես գունատվեցի ու կորցրի խոսելու ունակությունս, հազիվ կմկմացի.
- Շփոթել եմ դուռը:
- Շփոթել ես, հա՞: Հըմի որ շերեփով գլխիդ մի հադմ զարկել եմ է՜, նոր կիմանաս: - Էդ ընչի եք որոշէ, օր գրաժդանսկի բաղնիքն եք էկե, պոլկը բաղնիք չունի՞:
- Ունի, բայց ոջլոտել էինք…
Էդ ժամանակ տոմսավաճառ կինը, որ ինչ-որ գործով տեղում չէր, դրսից ներս մտավ: Տեսնելով կանանց այսպես սրբիչներով փաթաթված միջանցքում խռնված՝ մեջ ընկավ.
- Ծո՛, էդ ընչի՞ եք շերեփները ձեռքներդ առէ, սրբիչով փաթաթվէ դուրս եկէ, հը՞:
Ամենաակտվ կինը, որ ինձ հետ հարցեր էր պարզում, շուռ եկավ տոմսավաճառուհու հողմը:
- Ընչի ենք դուրս եկէ՞: Դուրս ենք եկէ, օր Չայկովսկու Լեբեդինի օզերո բալետը պըդի պարենք՝ շերեփները բռնած, հասկըցա՞ր: Դուն սպասէ, տես քո գլուխը դեռ ինչ պըդի բերեմ,- ասաց ու դարձավ նորից ինձ:
- Ծո՛, ոջլո՜դ սալդաթ, հիմի ինձ ասա, ինչքա՞ն փարա ես տվել տոմսավաճառին, որ թողնի կնանոց բաղնիքը մտնես, հը՞: - Մտել ես, որ քեզ ոջլահան էնե՞նք:
- Ի՞նչ փարա, ի՞նչ բան,- հենց լսեց էս մեղադրանքը՝ մեջտեղ ընկավ տոմսավաճառ կինը,- սալդաթից ո՞վ փարա կառնի, ծո՛: Գժվէ՞, - ասաց ու ցուցամատը քունքի մոտ պտտեց:
Էս կինը մյուս կանանց նման չէր, մյուսները լուռ ու մունջ նայում ու լսում էին մեզ: Սա ամեն ինչ քննիչի նման ուզում էր պարզած լինել, թե ինչ հանգամանքներ են դրդել ինձ՝ մտնել կանանց մոտ: Քանի տոմսավաճառ կինն ու գլխիս ջուր լցնողը իրար հետ բան էին ուզում պարզած լինել, ես դուրս պրծա ու վազեցի դեպի «Հոկտեմբեր» կինոթատրոնի կողմը, որ այնտեղից այգու միջով անցնեմ «Շիրակ» ֆուտբոլի ստադիոնի մոտ գտնվող ավտոբուսի կանգառ: Հետ նայեցի, տեսա, որ կինն էլ ջրի շերեփը ձեռքին օդում թափահարելով ընկել է իմ հետևից: Հենց դուրս թռա՝ քթիս առաջ մի միլիցիա էր, հին «Մոսկվիչ-12»-ի վարորդի փաստաթղթերն էր ստուգում, թե ինչ: Ուզում էի ճամփաս թեքել, մեկ էլ կինը ձեն տվեց էդ միլիցուն.
- Բռնի դրան, բաց չթողե՛ս, - ասաց:
Էս միլիցեն գործը թողեց ու առաջս կտրեց:
- Կեցի՛, սալդաթ,- ասաց ու միանգամից ինձ գիրկն առավ:
Կինը վրա հասավ ու էնա՝ շերեփը գլխիս պիտի ջարդեր, միլիցեն կանխեց:
- Կեցի՛, այ կնիկ, ի՞նչ կենես,- ասաց ու մի ձեռով էլ սրա ձեռքը բռնեց,- էս ընչի՞ ես ընգէ սալդաթի հետևից, հը՞:
- Թո՛ղ, ես դրա գլուխը պըդի ջարդեմ:
- Ընչի՞, այ կնիկ:
- Թող ասացի, Կարո տղա, ես դրա գլուխը պըդի ջարդեմ, որ ուրիշներին խրատ էղնի:
- Ընչի, այ կնիկ, հը՞, ի՞նչ է էրէ:
- Բաղնիքում մտել էր մեր կնանոց բաժինը:
- Է՜, հետո՞, մտավ ասենք, ի՞նչ արեց, որ էդքան հերսոտել, դոշերդ բաց ընգել ես սալդաթի հետև:
- Աղջիկներից մեկի մեջքը քիսայով կդրորեր:
- Հըմի հերսոտել ես, որ քեզ թողե՝ ուրիշի մեջքն է տրորէ՞: Դոշերդ հավաքի՜ տո՛, ամոթ է, մարդիկ մեզի կաշեն: Գնա շորերդ հագի ու տուն գնա՛:
- Լա՜վ, Կարո տղա, դու դրան բաց ես թողէ, չես տվել դրուժիննիկների ձեռքը, իրիգունը տուն ես էգէ, տան ճաշի շերեփն եմ գլխիդ ջարդելու,- ասաց ու շրջվեց գնաց բաղնիքի կողմը:
- Էդ ընչի՞ ես մդէ ջրահարսների բաղնիքը, մի ասա իմանամ, սալդատ ջան: Տեսա՞ր ոնց էր ուզում գլուխդ ջարդած էղներ:
Պատմեցի՝ ինչն ինչոց է:
- Ոջլոտել էինք,- ասացի,- ուրիշ ճար չկար: Ինչ մնում է ջրահարսների մոտ մտնելուն, դռները շփոթել էի ուղղակի: Սա լսեց, էլ ուրիշ հարցեր չտվեց, ապա դարձավ մյուսներին, որ հավաքվել էին մեր գլխին:
- Ժողովուրդ, դուք ցրվեք, թատրոնը վերջացավ: - Ծո՛, դու մի գնա, մո՛տ եկ,- դարձավ քիչ հեռու կանգնած «Մոսկվիչ-12»-ի տիրոջը:
Լսի ինչ եմ ասում, սալդաթին կտանես «Պոլոզ Մուկուչ», բաղնիքից քրտնած նոր է դուրս էկէ, մի քանի բակալ պիվա կխմցնես քո հաշվին ու կտանես պոլկ, հասկցա՞ր: Ո՞ր պոլկը կծառայես, սալդաթ:
- Սեվերսկի:
- Նստի ավտոն,- ասաց ու մատ թափ տվեց «Մոսկվիչ-12»-ի տիրոջը վրա:
- Լսի, «Մոսկվիչ-12», էնենց կանես պոլկից աֆիցեր-մաֆիցեր տեսնող չըլնի, հա՜: Հասկցա՞ր, թե չէ, մի անգամ էլ էս խաչմերուկից ձախ ես մտէ՝ տալոնդ սեդկա կսարքեմ: Գնացե՛ք,- ասաց ու մեքենայի դուռը շրխկոցով փակեց: Քշի՜:
Երբ մեքենա նստեցի, նկատեցի, որ ընկերներս շենքի անկյունից ծիկրակում էին, բայց ծպտուն չհանեցի դրությունը ավելի չսրելու համար:
Կյանքումս առաջին անգամ պիվա խմեցի, էն էլ բաղնիքից հետո:
1971 թ.
Թեմիկ Խալափյան