Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«...Որ ճանաչվի Արցախի  անկախությունը». ՌԻՉԱՐԴ  ԱՆԱՆԵԱՆ

 

Ալֆորվիլ: Ֆրանսիական հայաշատ մի քաղաք, որն իր կոլորիտով հիշեցնում է Աշտարակը։ Եվ ոչ միայն կոլորիտով: Հիշում ե՞ք, Երևան-Աշտարակ ավտոբուս կար՝ 101 համարը: Այսինքն, գուցե այսօր էլ կա: Ալֆորվիլում էլ կա «Աշտարակ», որը կանգառ է և այնտեղ գնում է 103 համարի ավտոբուսը։

Այստեղ հայերը բնակություն են հաստատել Հայոց Ցեղասպանությունից գաղթելով: Հայկական  ռադիոն, ուր ես աշխատում  եմ, Ալֆորվիլում է։ Նոր էի եկել  Ֆրանսիա: Առաջին անգամ ռադիո էի գնում: Մտահոգված էի, թե ինչպես պետք է գտնեմ: Դեռ լեզվին լավ չէի տիրապետում: Ամուսինս ասաց. «հանգիստ եղիր, այնտեղ շատ հայեր կան, մեկին կհարցնես, ռադիոյի տեղը ցույց կտա»։

Անկեղծ  ասած, կատակով ընդունեցի ամուսնուս հուշումը, բայց, իրոք, այդպես էլ եղավ...Եվ արդեն քանի տարի աշխատանքի գնալիս ու վերադարձիս ականջս շոյվում է հայերեն բառեր լսելիս...

Հին ու նոր հայեր՝ խառը իրենց բնույթով ու կեցվածքով... Ամեն օր հայի մի կերպար եմ բացահայտում:

Ալֆորվիլի նախկին ու ներկա քաղաքապետերը շատ են սիրում, (այո, այս բառը տեղին եմ համարում), իրենց հայ բնակիչներին։ Առաջինը նրա համար, որ մենք ունենք դարավոր մշակույթ, երկրորդը, որ մենք ուրիշներից տարբերվում ենք մեր բարձր ճաշակով ու մաքրամաքուր կենցաղով։ Նաև՝ բարձր գիտակցությամբ և ոսկի ձեռքերով։

Այս կարևոր հատկանիշներով հայն ամենուր իր կնիքն է թողել, արարել ու շենացրել իր օջախը, պահպանելով իր լեզուն և իր ավանդույթները...Նաև՝ Ալֆորվիլում:

Ռիչարդ Անանյանը Ալֆորվիլի փոխքաղաքապետն է։ Մարդ, որն իր պահվածքով, արժանիքներով հայ մարդու օրինակ է ֆրանսիացի բարձրաստիճան ու հասարակ ժողովրդի համար:

Ծնվել է 1948-ին, Փարիզում։ 1922-ին ծնողները Արևմտյան Հայաստանից գաղթել են Բուլղարիա, այնուհետև, 1925-ին տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել  Ալֆորվիլում։

Ռիչարդ Անանյանը ստանալով շինարարի կրթություն, զբաղվում է շինարարական աշխատանքներով, միաժամանակ լինելով «Նոր սերունդի», այնուհետև ՀՅԴ և հայ մշակույթի տան հանձնախմբի մեջ։ 

Նրա հետ զրուցում ենք հայերի, Ալֆորվիլի, Արցախի, Հայաստանի մասին:

- Ե՞րբ եք սկսել աշխատել  Ալֆորտվիլի քաղաքապետարանում։

- 1989-ից: Նախ որպես խորհրդական, իսկ 2006-ին ընտրվեցի փոխքաղաքապետ։ Գիտեք, Ալֆորվիլի  բնակչության մոտավոր թիվը 45 հազար է, հայերի թիվը հասնում 7-8 հազարի։ Շատերն այստեղ հաստատվել են Հայոց Ցեղասպանությունից հետո։
Տղաս՝ Սևանը, որ պատմության պրոֆեսոր է, գիրք է հրատարակել «les armeniens d' Alfortville» («Հայերն Ալֆորվիլում» 1918-1947 թթ.»): Երբ  Հայաստանն անկախացավ, այդ տարիներից ի վեր, նոր շրջան սկսվեց և շատ հայեր եկան ու հաստատվեցին Ալֆորվիլում:

- Ինչո՞վ էին զբաղվում հայերը, երբ նոր էին եկել: Խոսքս 1915-1918 թթ. մասին է։

- Եկավ, աշխատասեր մի ժողովուրդ, և սկսեց նոր կյանք։ Մարդկանց մեջ ապրելու և արարելու անսպառ եռանդ կար։ Տղամարդիկ ցերեկն աշխատում էին գործարաններում, երեկոյան իրենց կանանց օգնում տնային, ձեռագործ աշխատանքներում: Այդպես, աստիճանաբար դասավորեցին իրենց կյանքը, միաժամանակ լեզու սովորեցին, իրենց զավակների կրթությունն ապահովեցին, հայկական կազմակերպություններ ստեղծեցին, որպեսզի առնչվեն միմյանց հետ: Այսպես, ձևավորվեց ու դարձավ մեծ համայնք։

- Ինչպե՞ս է դասավորվել նոր եկած հայերի կյանքը։

- Ցավոք, այսօր էլ, դեռ շարունակվում է ներգաղթը Ալֆորվիլ: Տարբեր երկրներից են գալիս: Միայն հայերը չեն: Ալֆորտվիլը բազմազգ քաղաք է։ Հային հայ պահելն է մեր խնդիրը: Կարծում եմ, դեռ հաջողվում է։ Դրա վկայությունն է Ալֆորվիլում հայկական նոր դպրոցի կառուցումը։ Մշակութային կյանքն էլ բավական աշխույժ է։

- Ե՞րբ է ստեղծվել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների գաղափարը։

- 1993-ին Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Ռընե Ռուքեն ցանկություն հայտնեց Աշտարակի հետ դառնալ քույր քաղաքներ: Քանի որ Ալֆորվիլում արդեն ունեինք Մեսրոպ Մաշտոցի անունը կրող կրթարան, որոշվեց, որ քույր քաղաքներ դառնան Օշականի հետ։ Առաջին մեր ծրագիրը, որ իրականացրեցինք, Օշականի դպրոցի վերանորոգումն էր։ Բայց ամեն ինչ այնքան հին էր ու ոչ պիտանի, որ կարելի է ասել մի նոր դպրոց կառուցեցինք։

Մշակութային այլ ծրագրեր նույնպես կյանքի կոչեցինք:  Սերտ բարեկամությունը շարունակվում է։ Այսօր Ալֆորվիլի քաղաքապետը Լուկ Կաղվունասն է: Նա նույնպես հայանպաստ ծրագրերի ջատագով է։

- Ռընե Ռուքեն ճանաչված ու սիրված է հայերի կողմից։ Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում բավական աշխատանքներ է տարել: Մի քանի անգամ եղել է Արցախում: Վերջերս Դուք էլ էիք գնացել այդ խմբի հետ: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք։

- Նախ ասեմ, որ Ռընե Ռուքեն հայերի լավագույն բարեկամներից է: Փոքր տարիքից շփումներ է ունեցել հայերի հետ և մոտիկից ծանոթ է մեր դարավոր մշակույթին ու պատմությանը։ Ռընե Ռուքեն, որ գնում է Հայաստան, ընդունում են այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահին կընդունեն։ Լուկ Կաղվունասը ծագումով հույն է: Ընտանիքն արտագաղթել է Ւզմիրից և բնակություն հաստատել Ալֆորվիլի հայաշատ թաղամասում: Հայերի հետ շփումներն աստիճանաբար վերածվել է սերտ բարեկամության։ Գնահատում է մեր արժեքները, մեծերին։

Ւմ տպավորություններն Արցախից  շատ բազմաշերտ էին: Մտածում ենք Արցախի որևէ քաղաքի հետ մշակութային, բարեկամական ծրագրեր կազմել: Արցախն ավելի շատ ունի հայ ժողովդի հոգածության կարիքը: 25 տարի է նոր անկախացած երկիրը պատերազմի մեջ է: Գրեթե, ամեն օր զինվոր է զոհվում: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ ճանաչվի Արցախի  անկախությունը:

-Պարոն Անանեան, իհարկե անհնար է անդրադառնալ բոլոր խնդիրներին, այնուամենայնիվ, ամենամյա համահայկական դրամահավաքի մասին կուզեի իմանալ Ձեր կարծիքը. արդյո՞ք սփյուռքը չի հոգնել դրամ տալուց:

-Անկեղծ ասած, երբ նման խոսք է լինում, ես բերում եմ հրեաների օրինակը: Նրանք երբեք չեն դադարում իրար օգնելուց: Նրանց տարեկան դրամահավաքը միլիարդի է հասնում, իսկ մենք մի քանի միլիոնով ուրախանում ու հպարտանում ենք: Մենք պետք է էլ ավելի հզորացնենք մեր ուժերը Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային կապերն ամրապնդելու համար՝ թե նյութապես, թե բարոյապես:

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ