Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Որ հիշենք. ՆՈՒԲԱՐ ՉԱԼԻԿՅԱՆ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Մարդկանց հիշելը մեծագույն առաքելություն է, մանավանդ, որ մարդն իր գործով ու կերպով վաստակել է հիշողության մեջ մնալու պատիվը: Սա նաև առաքելություն է սերունդների առջև, որովհետև առանց սերունդների կապի, չկա զարգացում, առաջընթաց: thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը երբեք չի հրաժարվել այս առաքելության իրականացումից և այսօր էլ այս փոքրիկ պատումով հիշելու է մի մարդու, որի դերն արվեստում  մնայուն է եղել:

Բեռնարդ Շոուն էր ասում, թե դերասանի վարպետությունը հասկանալու համար, ներկայացման ժամանակ պետք է ականջներդ փակես և հետևես խաղին:

Կարելի է պնդել նաև, որ դերասանի անձի մեծությունը հասկանալու համար պետք է նրան տեսնել առօրյա կյանքում, դրսում կամ իր ընտանիքում, խնջույքի սեղանի շուրջը:

Դեռ իմ վաղ շրջանից կանոնավոր դիտելով Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները, որտեղ դերասան Նուբար Չալիկյանը մարմնավորում էր ուսուցչի, բժշկի, գիտնականի դրական, համակրելի կերպարներ, լսելով նրա մասնակցությամբ հնչող ռադիոբեմադրությունները կամ ֆիլմերի նրա կրկնօրինակումները, տպավորված էի, որ Չալիկյանն, առավելաբար, ինտելեկտուալ՝ խոհական ամպլուայի դերասան է:

Մինչդեռ կյանքում համոզվեցի, որ նա հուզական՝ զգացմունքային բնության տեր մարդ էր:

Նա շատ ինքնատիպ թամադա էր, բոլորի համար էլ ասլիք ուներ, իսկ վերջում իր մաղթանքը մատուցում էր կարճ երգեցողությամբ, ընդ որում՝ առանց կրկնվելու:

Մի անգամ, ընտանեկան հավաքներից մեկի ժամանակ նրա հետ կարճատև զրույց ունեցա  «մարդը և թատրոնը» թեմայով:

Նուբար Չալիկյանն այն միտքն էր պարզաբանում, որ մարդու վրա կատակերգությանը համազոր բուժիչ ներգործություն է ունենում նաև ողբերգությունը, որովհետև «ազդող մասը» արվեստի ուժն է, այլ ոչ թե լոկ ծիծաղը կամ լացը...

Օրինակ էր բերում Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբարը», որը Հրաչյա Ներսիսյանի կատարմամբ կատակերգություն էր, մինչդեռ, Մհեր Մկրտչյանի կողմից մատուցվում էր իբրև ողբերգություն: Հրաչյան ասում էր՝ անհատի դժբախտությունը կամ ձախորդությունը համամարդկային ողբերգություն չէ. Մհերն էլ ապացուցում էր, որ տղամարդու տեսակի համար ողբերգություն է, երբ «կնիկ մը տեսած ատենը» դող կգա վրան:

Ահա նման հետաքրքիր զրույց. թատերագիտական քանի գիրք պիտի կարդայիր, որ գտնեիր այսպիսի ինքնատիպ մեկնություն՝ դիպուկ և համոզիչ:

Իրոք, մեր սերունդը բախտավոր դուրս եկավ նաև թատրոն հաճախելու, Երևանի (և ոչ միայն) թատերական կյանքի մասնակիցը լինելու առումով:

Հայերենը սիրելու, բարեկիրթ և գեղեցիկ խոսքի հաճույքը վայելելու հարցում պարտական ենք նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի տաղանդավոր դերասաններին, որոնցից շատերի անունները հանիրավի մոռացված են նոր սերնդի կողմից. Պարույր Սանթրոսյան, Նինել Դալլաքյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Մարուսյա Թամրազյան, Նուբար Չալիկյան, Սուսաննա Չալոյան, Արմեն Սանթրոսյան, Գայանե Մկրտչյան և ուրիշ երևելիներ:

Հրաշալի դերասաններ, որոնք իրենց մարմնավորած կերպարներով բարու հաղթանակի, վեհ տենչանքների, սիրո և հոգու հավերժականության ճառագայթներ էին ուղղում երիտասարդ հանդիսատեսին. արժեքներ, որոնց գինը հասկանում ենք արդեն հասուն տարիքում: Մանավանդ ներկա անորոշ՝ պղտոր բարքերի զուգահեռի վրա՝ այս մարդիկ ազնվության գեղեցիկ մունետիկներ էին անապական հոգիների համար...

Հ.Գ.

Լուսանկարներում Նուբար Չալիկյանն է մի շարք ներկայացումներում. «Քանդած օջախ». 1965 թ., «Տհաս». 1967 թ., «Մարդու ճակատագիրը». 1976 թ., «Բոռ». 1984 թ.

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ