Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը շարունակում է հրապարակել ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի հոգեբուժական էսսեներ եզակի ժանրի պատումները:: Բացառիկ ժանրի պատմություններ, որոնք ամփոփվում են «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում  (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին) անչափ հետաքրքիր և յուրօրինակ շարքում:

Առաջին՝ «Անժառանգ առաքյալը» և երկրորդ՝ «Ինչո՞ւ էր ծանակվում հոգեբուժությունը» էսսեներին այսօր գումարում ենք երրորդը. ««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...»:

Նորքի հոգեբուժարանը գտնվում էր մի հրաշալի այգում: Ծաղկած ծիրանենիներից, խնձորենիներից, բալենիներից այնպիսի զգլխիչ բուրմունք էր տարածվում շուրջ բոլորը, որ ամենաթմրած ուղեղն էլ կարթնանար, ամենասեղմված սիրտն էլ կազատվեր, կարձակվեր տխրության կապանքից:

Այդ սքանչելի գույները, կանոնավոր փորված առվակները, հարդարանքը, խնամվածությունն արդեն դրսից քեզ պարուրում էին բարությամբ և հոգեկան վերելքի, վեհության զգացումով: Իսկը՝ եդեմական պարտեզ: Հապա հիվանդանոցի ինտերիերը... Սյունազարդ միջանցքներ, հատակը՝ փայլուն խճաքար, աստիճաններին՝ ալվան ուղեգորգեր, պատերին՝ դասական կերպարվեստի մեծադիր կրկնօրինակներ. Այվազովսկի, Լևիտան, Շիշկին ... Կարծես հիվանդանոց չէր, այլ կուլտուրայի պալատ կամ թանգարան:

Ամենը՝ իդեալական մաքրության մեջ: Գլխավոր բժիշկը ոչ թե չարատեսիլ Ռավինոն էր, այլ ժպտադեմ, նրբակիրթ Նիկոլայ Թումանյանը: Խնդրանքս լսելով, իսկույն հրավիրեց գլխավոր բուժակ Վաղինակ Շահվերդյանին՝ կարգադրելով, որ ինձ աշխատանքի ընդունեն 4-րդ բաժանմունքում, որտեղ բուժում էին ստանում, այսպես կոչված, հանգիստ հիվանդները : Չեմ կարող չխոստովանել, որ առաջին ամիսներին ինձ նույնիսկ թվում էր, թե նրանք հիվանդներ չեն, այլ առողջ, միանգամայն խելացի դատող, հավասարակշիռ մարդիկ, որոնք այդտեղ են հայտնվել կամ թյուրիմացաբար, պատահականորեն, կամ էլ ինչ-որ արտաքին չար ուժերի խարդավանքի պատճառով :

Շատ ժամանակ անցավ, մինչ կարողացա ամենաընդհանուր հատկանիշներով հասկանալ այս մարդկանց ապրումների և վարքագծի հիվանդագին բնույթը: Ինչպես աշխարհի իրական պատկերն է անհնար միանգամից ըմբռնել, այնպես էլ խելահեղության էությունը հասկանալու համար անհրաժեշտ է ժամանակ, գիտելիք և կենսափորձ:

Ակադեմիկոս Ա. Մեհրաբյանը բոլորիս բացատրում էր, որ մեկ-երկու ախտանիշը, ասենք, խոտոր միտքը, տրամադրության փոփոխությունը կամ զգայախաբության առկայությունը (ցնորք, պատրանք ) դեռևս բավարար չեն մարդու մոտ կոնկրետ հոգեկան հիվանդություն ախտորոշելու համար, որ այդ ամենը պիտի դիտարկել բովանդակ հոգեկան աշխարհի հակասությունների միասնության մեջ, ընդ որում՝ ժամանակի հոլովույթում:

«Հոգեկան հիվանդությունը մակաբուծում է անձի վրա», - ասում էր նա:

Այդ շրջանից ես հասկացա, թե որքան բարդ, դժվարին, նույնքան էլ հետաքրքիր բնագավառ է հոգեբույժի մասնագիտությունը: Բաժանմունքում միջին տարիքի մի տղամարդ, որը գործարանի դիրեկտոր էր եղել, պահանջում էր իրեն դուրս գրել անմիջապես: «Դուք երիտասարդ եք, չեք հասկանում մեր երկրի գլխին կախված վտանգը», - տագնապով ասում էր ինձ ,- «եթե անհրաժեշտ փաստաթղթերը Մոսկվա չհասցնեմ, հետևանքը կլինի ճակատագրական»:

Բոլորին պատմում էր, որ իր «աստղաֆիզիկական հաշվարկների» արդյունքում պարզել է, որ 1982 թվականի նոյեմբերի 10-ին մի հսկա երկնաքար է ընկնելու Երկիր մոլորակի վրա, ոչնչացնելով ամեն ինչ, և ահա ինքը գտել է, որ «մագնիսական ռեզոնանսի մեթոդով» հնարավոր է կանխել աղետը:

Քանի նոյեմբերի 10-ը մոտենում էր, այնքան նրա տագնապները մեղմանում էին: Իսկ երբ դուրս էր գրվում, մտերմաբար ասաց. «Հետաքրքիր ժամանակ անցկացրինք այստեղ, չվախենաք. այլևս վտանգ չկա»:

Զարմանալի զուգադիպությամբ նոյեմբերի 10-ին մեռավ Լ.Ի. Բրեժնևը:

Մի ուրիշ հիվանդ, երիտասարդ տղա, կրքով պատմում էր, որ ամուսնության առաջին գիշերը նորահարսին փոխել,  «ուրիշ մեկին են տեղը դրել»: Սարքել են գլխին, շանտաժի են ենթարկել՝ գյուղով մեկ խայտառակել: Մինչդեռ «իսկական հարսին» տարել, պահել են հարևանի տանը: Մի երկու ամսից տղայի հոգեվիճակը կարգավորվեց, և դուրս գրեցին կլինիկայից: Ետևից եկել էին մայրը և դեռատի կինը : Ու կարծես ոչինչ էլ չէր պատահել... Ահա այս տեսակ՝ արտաքուստ ճշմարտանման պատմություններ, իրականում հիվանդագին զեղումներ, բարդ ճակատագրեր, որոնց ծանոթացա իմ աշխատանքի ամենասկզբնական շրջանում:

Ապա ինձ տեղափոխեցին աշխատելու կանանց բաժանմունքում: Այստեղ ևս, նույն զգացումներն էին, առաջին տպավորությունը. չէ՞ որ սրանք նորմալ, առողջ կանայք են, ի՞նչ գործ ունեն հոգեբուժարանում: Ու չնայած, տատս սիրում էր կրկնել. «Կնկա խելոքն ինչ է, թե խենթն ինչ լինի ...», սակայն ես տեսա, որ կանանց մոտ հոգեկան ախտաբանությունը դրսևորվում է ավելի գունեղ, հուզառատ, հետաքրքիր անցումներով:

Մի տարեց դերասանուհի ծավալուն հաշվետվություն էր գրել այն մասին, թե ինչպես իր բնակարանի վերին հարկում, ճիշտ իր գլխավերևում շրջանի ղեկավարները «հատուկ սենյակ» են վարձել և ամեն օր խրախճանք են անում վատահամբավ կանանց հետ: Երևի Մոպասանը կամ Զոլան չկարողանային այդքան վառ նատուրալիզմով պատկերել այն  «անցուդարձը», որ պատկերում էր ծեր կինը:

Իր գրավոր հաշվետվության առաջին օրինակը ուղարկել էր Մոսկվա, Լենինի դամբարան, իսկ երկրորդ օրինակը՝ պոլիտբյուրոյի անդամ, կուսակցական վերահսկողության պատասխանատու Ա.Յ. Պելշեին: Կարելի էր մտածել՝ ի՞նչ կա որ , կարող է պատահել: Մանավանդ, որ տիկինն էլ թողնում էր հավասարակշռված, զուսպ և ադեկվատ անձի տպավորություն: Սակայն բերած փաստարկները, դատողությունները, մտքի ընթացքը և մանավանդ տագնապը՝ բոլորովին այլ բան էին ասում:

Ցանկանալով «ավելորդ վկայից» ազատվել,  «վավաշոտ պաշտոնյաները» վերևից ծխնելույզով թունավոր գազեր են արտանետում արտիստուհու բնակարան, մկնդեղի փոշի են շաղ տալիս խոհանոցի պահարաններում, իսկ երբ վերևում բացում են ջրի ծորակը, կինը ներքևում պարզորոշ լսում է նրանց խոսակցությունը . «Էս պառավը մեր գլխին փորձանք պիտի բերի, հարկավոր է բերանը փակել ...»: Դերասանուհին համոզված էր, որ «հարազատ պարտիան և կառավարությունը» իրեն տեղավորել են հիվանդանոցում իր իսկ անվտանգության համար, մինչև որ կարողանան պատժել «չարագործներին»: Եվ գոհ էր նրանց ուշադրության համար...

Ահա, այսպես սկսվեց իմ մասնագիտական ճանապարհորդությունը այս զարմանահրաշ աշխարհում:

(Շարունակելի)

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ