Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Խնայողության առաջարկը, կամ՝ Սովետի օպտիմալացումը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Մի բաժնի վարիչ ունեինք, «հոգի» տղա էր, մի քանի տեղ էր աշխատում՝ գիտեինք, մինչև անգամ ասում էին, որ ինչ-որ տեղ նաև գլխավոր ինժեներ է: Ամեն ինչում մեզ հետ խորհուրդ կաներ, կխոսեր՝ ոնց որ հարազատը հարազատի հետ: Շունշանորդին մինչև անգամ իր համար ծխախոտ չէր առնի՝ մերը կծխեր:

Օրերից մի օր էլ, առավոտ կանուխ, մեզ հավաքեց իր սենյակում էդ վարիչը ու հայտրարեց:

- Ուրեմս, տղաներ, կենտրոնական կոմիտեից հրահանգ է իջեցվել, պետք է խնայողության ռեժիմին անցնենք, հրահանգել են գոտիներս ձգե՛նք: Ամեն բաժին մի ինչ-որ բանում պիտի տնտեսի, ինչ-որ բան... Գոտիներդ ձգե՛ք ու անցեք առաջարկություններին: Սպասում եմ:

Ասաց ու բաժնից դուրս եկավ, գնաց երևի իր մեկ այլ աշխատանքի տեղում նույն հայտարարությունն անելու:

Իսկ ի՞նչ տնտեսենք՝ հայտնի չէ: Սկսեցինք մտածել, թե ինչ տնտեսենք, ո՞ւմ մեր հաշվից հանենք, որ տնտեսած լինենք ինչ-որ բան:

- Եկեք մեր բաժնի միակ թոշակառու՝ էն չորացած, չիր ու չամիչ, մեր գիտությունների թեկնածուին ազատել տանք, - ասաց մեկը, - այսպես ասած՝ ուղարկենք ակտիվ հանգստի:

Առաջարկեցինք վարիչին:

- Ա՛յ տղաներ, բա եղա՞վ, դրան ազատես՝ էն հրոպեիս կվազի Սոցապ: Դա լինելու բան չի: Մի ուրիշ բան մտածեք:

Գործի անցանք, սկսեցինք մտածել խնայողության ռեժիմին անցնելու տարբերակների վրա: Օրվա ընթացքում տարբեր վարիանտներ էինք հորինում: Դե, խնայողության հարցից, ինչ ասեմ, սատանան էլ գլուխ չի հանի, ո՞ր տեղում, ի՞նչը, ինչպե՞ս: Մեկ-երկու ամիս տքնեցինք, բան դուրս չեկավ: Քանի դեռ մենք մտածում էինք, մեր չիր ու չամիչը արտադրամասերից դուրս չէր գալիս, զանազան փորձարկումներ էր անում արտադրության որակն ու արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մի օր էլ, մեր չորացած թոշակառուն, ա՜յ, շա՛տ, շա՛տ ապրի նա, հարց է առաջ քաշում քննարկման համար:

- Տղանե՛ր, - ասում է, - ինչքան հասկանում եմ, էդ խնայողության գաղափարը կապված է կամ միջազգային դրության լարվածության հետ, կամ, որ ավելի ճիշտն է, վերջին տարիներին ընդհանրապես մեր պետության բանը բուրդ է, խնայողությանն անցնելու գաղափարի տողատակում դա պետք է հասկանալ: Առաջարկում եմ մեր բաժնից, օրինակի համար, միակ թոշակառուին՝ ինձ, ազատել աշխատանքից, ուղարկել ակտիվ հանգստի: - Որ ասում եք խնայողություն, թո՛ղ լինի խնայողություն: Հը՛, ի՞նչ կասեք:

Բաժնի տղաները քիչ մնաց ծափահարություններով ընդունեին առաջարկը:

Երբ մեր թոշակառուն գործով դուրս գնաց արտադրամաս, թուղթ ու մատիտ վերցրինք, սկսեցինք հաշվել, թե տարեկան ինչքան գումար ենք չուռը տվել այսքան տարիներ: Մարդուն թոշակից զատ ռոճիկ է վճարվել, պրոֆմիության հաշվին հանգստյան տան ուղեգրեր, պարգևավճարնե՜ր տարին մի քանի անգամ, մեդալներ, գործուղման հավելյալ վճարներ, անաշխատունակության համար վճարվե՜լ… Պատկառելի մի գումար ստացվեց:

- Ձրիակե՛ր շանորդի:

Դե, ինքնակամ այդ առաջարկը շատ համահունչ համարեցինք կենտրոնական  համոզմունքներին և խնդրեցինք, որ հենց ինքն էլ առաջարկը ներկայացնի բաժնի պետին:

Երբ ներս մտա բաժնի պետի սենյակ, մեր թոշակառուն մտախոհ ծխում էր, իսկ բաժնի վարիչը յուր անկնճիռ ճակատն էր շփում:

- Ուրեմս, - ասաց բաժնի վարիչը ինձ տեսնելով, ապա մի ծխախոտ թոշակառուից խնդրեց, վառեց, ծուխը խորը, շատ խորը ներս քաշեց, ապա աղմուկով դուրս փչեց ուղիղ մեր երեսին: Հետո մտախոհ հայացք ընդունեց, պլզած աչքերը շուռ տվեց պատուհանից  դուրս, -  ուրեմս, մի գրություն ես պատրաստում, ճուտո, բազմատիրաժում մեր բաժնի այս առաջավոր առաջարկությունը տպագրելու համար: Այնպիսի մի գրություն, որ համոզմունք ներշնչի մյուսներին, որ այս առաջարկությունը վարակիչ դառնա բոլոր բաժինների համար և, ինչու ոչ, նաև ողջ հանրապետության համար: Այդ շեշտադրությամբ կգրես, եղա՞վ:

- Եղավ, - ասացի, - բայց ինչո՞ւ ես պիտի գրեմ, թերթ կա, թղթակից ունի...

- Գաղափարը և առաջարկությունը մերն է, մենք առաջամարտիկներն ենք այս գործի: - Ես կզբաղվեմ պատշաճ կարգով ձեզ վաստակած հանգստի ուղարկելու արարողությունը կազմակերպելու համար, - վերջում դարձավ նա թոշակառուին:

Իսկ ես ահա նայում եմ ու տեսնում, թե մեր այս համակրելի ու սքանչելի  մարդը, ամբողջ բաժնի գործը իր ուսերին առած տեխգիտությունների թեկնածու չիր ու չամիչը ինչպես է լուռ  հայացքը վարիչի մտախոհ անկնճիռ ճակատին հառած՝ ծխում: Եթե բաժնի պետը ես լինեի նրա տեղը, կմտածեի՝ «Իսկ ո՞վ պիտի աշխատի՛»:

Երբ նյութը տարա թերթի խմբագրի սեղանին դրեցի, նա կարդալուց հետո հետ ընկավ աթոռի թիկնակին, շողացող հայացքով նայեց ինձ:

- Ես, - ասաց նա, - հարգում ու սիրում եմ ինքնազոհողության գնացող մարդկանց:

Կեցցե՛ն նրանք: Այդ նրանք են, որ լայն ճանապարհներ են բացում դեպի կոմունիզմ գնացող մեր երիտասարդության և առհասարակ հասարակության համար: Հետո կանգնեց նստած տեղից և մի տասնհինգ րոպե կոմունիզմի մասին ճառեց, ապա մեր հասարակությանն ուղղված իր ենթադրությունների մասին խոսեց ու անցավ խնայողության պայծառ գաղափարին: Ապա հանձնարարեց թղթակից աղջկան՝ հարցազրույց վերցնել պետական մտածողություն ունեցող մարդուց, լուսանկարել ու հանձնել տպագրության:

Հարցազրույց վերցրեցին, դոշը մեդալներով զարդարված մի լուսանկար էլ արխիվներից գտան, իմ ներկայացրած գրության հետ տպագրեցին բազմատիրաժում: Վերջում չիմացա՝ մարդուն մեծարեցին, չմեծարեցին կամ ինչպես մեծարեցին: Ես գործուղումից վերադարձա, նրան արդեն ակտիվ հանգստի էին ուղարկել:

Կրճատումների մեկնարկը տրվեց: Սկսվեց թոշակառուների զտումը, իսկ կուսկազմակերպության քարտուղարը փակ նիստում խստիվ արգելել էր բանվոր դասակարգից թոշակառուների զտումը:

- Նրանց պահե՛ք, ձեռք չտաք նրա՜նց, - ասել էր նա, - նրանք մեր արտադրության սերուցքն են, պետության հիմքը, նրանք շատ աշխատում են, քիչ վարձատրում ենք:

Դե, երբ իմացա կուսկազմակերպության քարտուղարի դիրքորոշումը այս հարցում, պատկերացրեցի, թե ինչպիսի կեցվածք է ընդունել իր կուսակիցների առաջ այս կարևոր հայտարարությունը անելիս: Նա, հավանաբար, լսելով կուսկազմակերպության խորհրդի բոլոր անդամներին, ոտքի է կանգնել, զգաստ կեցվածք ընդունել, ինչպես միշտ անում է, մի պահ հայացք նետել իր կուսակիցների վրա, դադար տվել, որպեսզի կուսակիցների ուշադրությունը սևեռվի իր վրա, ապա ձախ բեղի ծայրը բերանի անկյունում բռնել ու կես բերանով արտասանել իր այս նշանավոր դիրքորոշումը:

Դե, իսկ այս կենտրոնական համոզմունքի պահանջների արդյունքը իրեն շատ սպասեցնել չտվեց:

Այժմ մենք պիտի մեր բաժնի գործերը ինքներս անեինք, արտադրության որակն ու քանակը բարձրացնելու  համար նոր տեխնոլոգիական առաջարկություններ առաջ քաշեինք  գիտական հիմնավորումներով, սակայն պարզ էր, որ չէինք կարող գիտական բարձր մակարդակով ապացույցներ բերել մեր առաջարկություններն անցկացնելու համար, ինչպես դա անում էր մեր բաժնի  այն համակրելի, չոր-չորուկ, չիր ու չամիչ՝ տեխգիտությունների թեկնածուն:

Դե, իսկ հենց հաջորդող եռամսյակի վերջում պարգևավճար չստացանք, ուղեգրերը դեպի սոցերկրներ՝ վերացան, հանգստյան տների ուղեգրերն էլ բացառությունների կարգով էին տրամադրում, այն էլ առողջական ծայրահեղ խնդիրներ ունեցողներին, կիսամահամերձներին միայն և էդպես շարունակ: Բնակարան ստացողների հերթը երկարեց: Տարիքով մեկը, որ երկար տարիներ ձուլարանում թուջ էր ձուլում և հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, սուր առողջական խնդիրներ ունեցավ, ՊԱՊ կրծքանշանը կորցնելու հանգամանքը հաշվի առան ու զրկեցին «Արզնի» առողջարանի ուղեգրից:

Սկսվեց բաժինների  աշխատողների մեծ արտագաղթը:           

1971 թ.          

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ