«Խորության փնտրտուք…». ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍՔԻՆԴ
Շտուտգարտցի մի երիտասարդ կնոջ, ով նաև լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով քաջալերել նրան նրա առաջին ցուցահանդեսին, ասաց.
- Դուք տաղանդավոր եք և այն, ինչ անում եք, շատ հաճելի է, սակայն դեռ բավարար խորություն չունեք։
Երիտասարդ կինը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ քննադատը և շուտով մոռացավ նրա ասածը։ Սակայն մեկ օր անց թերթում հայտնվեց նույն այդ քննադատի գրախոսականը, որում ասված էր. «Երիտասարդ նկարչուհին ահագին շնորհալի է և նրա աշխատանքներն առաջին հայացքից բավականին գրավիչ են։ Ցավոք, դրանք բավարար խորություն չունեն»։
Երիտասարդ կինը մտքերի մեջ ընկավ։ Նա սկսեց ավելի ուշադիր նայել իր նկարները և փորփրել իր հին թղթապանակները։ Նա վերանայեց իր բոլոր նկարները և նաև այն նկարները, որոնց վրա աշխատում էր այդ պահին։ Հետո պինդ ձգեց տուշի տարաների կափարիչները, մաքրեց գրիչները և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։
Այդ երեկո նա տեղ էր հրավիրված։ Մարդիկ կարծես անգիր էին արել քննադատությունն ու անընդհատ խոսում էին նկարչուհու տաղանդի և նրա նկարների՝ միանգամից աչքի ընկնող գրավչության մասին։ Բայց, լարելով լսողությունը, թաքուն շշուկներից և մեջքով կանգնածների զրույցներից երիտասարդ կինը կարողացավ լսել.
- Խորություն չունի նա։ Ահա թե ինչ։ Տաղանդ ունի, իսկ խորություն, ցավոք՝ ոչ։
Հաջորդ ամբողջ շաբաթը երիտասարդ կինը ոչինչ չնկարեց։ Նա սուսուփուս նստել էր տանը՝ մտազբաղ, և նրա գլխում աննահանջ պտտվում էր մեն-միակ մի միտք, որ, ասես մի ծովահրեշ, կլանում ու կուլ էր տալիս մնացած բոլոր մտքերը. «Ինչո՞ւ ես խորություն չունեմ»։
Երկրորդ շաբաթվա մեջ կինը կրկին փորձեց նկարել, սակայն անփույթ ուրվագծերից բացի ոչինչ չստացվեց։ Երբեմն նույնիսկ փոքր շտրիխը չէր ստացվում։
Վերջում այնպես էր դողում, որ այլևս չէր կարողանում գրիչը թանաքամանի մեջ թաթախել։ Նա սկսեց լացել ու գոռալ.
- Այո, ամեն ինչ հենց այդպես է՝ ես խորություն չունեմ։
Երրորդ շաբաթվա ընթացքում նա սկսեց աչքի անցկացնել արվեստի մասին հատորյակներ, ուսումնասիրել այլ նկարիչների աշխատանքները, հետևողականորեն այցելել պատկերասրահներ ու թանգարաններ։ Նա կարդում էր կերպարվեստի տեսության գրքեր։ Գրախանութում վաճառողից խնդրեց այնտեղ եղած ամենախորիմաստ գիրքը։ Նրան տվեցին ոմն Վիտգենշտեյնի աշխատությունը, սակայն այն ոչ մի բանի պիտանի չեղավ։
Քաղաքային թանգարանում կազմակերպված «Եվրոպական արվեստի 500-ամյակը» ցուցահանդեսին նա միացավ դպրոցական մի խմբի, որը գեղարվեստական դաստիարակության դասախոսի ուղեկցությամբ շրջում էր սրահներով։ Լեոնադրո դա Վինչիի նկարներից մեկի մոտ նա հանկարծ առաջ եկավ և հարցրեց.
- Ներեցեք, չէի՞ք ասի, այս նկարում խորություն կա՞, թե՞ ոչ։
Դասախոսը քմծիծաղեց նրա երեսին և ասաց.
- Եթե ինձ հետ կատակել եք ուզում, հարգելիս, ապա լավ կլինի առավոտ շուտ զարթնեք։
Եվ դասարանը լիաթոք ծիծաղեց։ Իսկ երիտասարդ կինը գնաց տուն ու դառն արցունք թափեց։
Երիտասարդ կինը գնալով ավելի տարօրինակ էր դառնում։ Նա իր արվեստանոցից համարյա դուրս չէր գալիս և միևնույնն է՝ չէր կարողանում աշխատել։ Նա դեղահաբեր էր ընդունում ավելի երկար արթուն մնալու համար, սակայն չէր հասկանում, թե ինչու պետք է ավելի երկար արթուն մնար։ Եվ երբ հոգնում էր, քնում էր հենց աթոռին նստած, քանի որ խորը քուն մտնելու վախից խուսափում էր պառկել մահճակալին։ Նաև սկսեց խմել ու ամբողջ գիշեր լույսը վառած էր թողնում։ Նա այլևս չէր նկարում։ Երբ Բեռլինից մի հնավաճառ զանգեց նրան և խնդրեց իր համար մի քանի ուրվանկար անել, նա խոսափողի մեջ բղավեց.
- Ինձ հանգիստ թողեք։ Ես խորություն չունեմ։
Ժամանակ առ ժամանակ նա պլաստիլինից ինչ-որ բան էր պատրաստում, թերևս դատարկ բաներ, ոչ մի որոշակի բան։ Նա միայն մատների ծայրերն էր խրում պլաստիլինի մեջ կամ դրանից փոքրիկ գնդեր էր պատրաստում։ Իր արտաքինին էլ այլևս չէր հետևում, չէր հետևում հագուկապին և բնակարանը կարգի չէր բերում։
Նրա ընկերներն անհանգստանում էին։ Նրանք ասում էին. նրան օգնել է պետք, նա հիմա ճգնաժամի մեջ է։ Այդ ճգնաժամը կամ մարդկային առումով է կամ՝ ստեղծագործական։ Կամ էլ՝ ֆինանսական ճգնաժամ է։ Առաջին դեպքում մենք ոչինչ չենք կարող անել, երկրորդը նա ինքնուրույն պիտի հաղթահարի, իսկ երրորդ դեպքում կարող ենք դրամահավաք կազմակերպել, սակայն՝ նրան դուր չի գա։
Եվ այդպես, ընկերները սահմանափակվեցին նրան տարբեր ճաշկերույթների կամ երեկույթների հրավիրելով։ Նա միշտ հրաժարվում էր, պատճառաբանելով, թե շատ գործ ունի։ Սակայն ընդհանրապես չէր աշխատում, այլ իր սենյակում նստած՝ սառած հայացքով պլաստիլին էր ճմռում։
Մի անգամ նա այնպիսի հուսալքված վիճակում էր, որ այնուամենայնիվ ընդունեց մի հրավեր։ Մի երիտասարդ տղամարդ, որին ինքը դուր էր գալիս, երեկոյի ավարտին ցանկացավ նրան տուն ուղեկցել, որպեսզի գիշերի նրա տանը՝ հայտնի նպատակով։ Կինն ասաց, որ նա կարող է ուղեկցել իրեն, քանի որ նա իրեն դուր է գալիս։ Ճիշտ է, նա թերևս պետք է պատրաստ լինի, որ ինքը խորություն չունի։ Այդ լսելով՝ երիտասարդը որոշեց ձեռնպահ մնալ իր մտադրությունից։
Երիտասարդ կինը, որ մի ժամանակ լավ էր նկարում, այժմ անկում էր ապրում ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Նա այլևս ոչ մի տեղ չէր գնում, այլևս հյուր չէր ընդունում, քիչ շարժվելու հետևանքով գիրացել էր, ալկոհոլից և դեղահաբերից ծերանում էր անհավանական արագությամբ։ Նրա բնակարանն սկսեց փտել, իսկ նրանից բորբոսի հոտ էր գալիս։
Ժամանակին նա երեսուն հազար մարկ էր ժառանգություն ստացել։ Այդ գումարով երեք տարի ապրեց։ Այդ ընթացքում մեկ անգամ ճամփորդեց Նեապոլ, ոչ մեկը չգիտի, թե ինչպես։ Նրա հետ զրույցի բռնվողը միայն անհասկանալի բարբաջանք էր լսում ի պատասխան։
Երբ գումարը վերջացավ, կինը կտրատեց ու ծակծկոտեց իր բոլոր նկարները, բարձրացավ հեռուստատեսային աշտարակ և ցած նետվեց հարյուր երեսունինը մետր բարձրությունից։ Բայց քանի որ այդ օրն ուժեղ քամի էր, նա ընկավ ոչ թե աշտարակի դիմացի հրապարակի ասֆալտին, այլ քամին նրան վարսակի դաշտով քշեց-տարավ անտառի ծայրը և շպրտեց եղևնիների գագաթին։ Չնայաց դրան, նա տեղում մահացավ։
Բուլվարային մամուլը երախտագիտությամբ յուրացրեց այդ դեպքը։
Ինքնասպանությունն ինքնին, թռիչքի յուրատիպ հետագիծը, փաստը, որ խոսքը երբեմնի մեծ հույսեր ներշնչող և դրա հետ մեկտեղ՝ գրավիչ արտաքինով նկարչուհու մասին էր, այս ամենը մեծ տեղեկատվական արժեք էր ներկայացնում։ Նրա բնակարանն այնպիսի աղետալի վիճակում էր, որ լուսանկարիչները հաջողացրին մի քանի գեղարվեստական կադր անել. հազարավոր դատարկված շշեր, ամենուրեք՝ ավերածության հետքեր, պատառոտված նկարներ, պատերին՝ պլաստիլինի գնդեր և նույնիսկ արտաթորանքի հետքեր՝ սենյակի անկյուններում։ Թերթը մեկ անգամ ևս ծավալվեց և երրորդ էջում ևս մեկ հաղորդագություն տպագրեց։
Գրական հավելվածում տեղադրվեց սկզբում նշված քննադատի ակնարկը, որում նա իր լիակատար մտահոգությունն էր արտահայտում, որ երիտասարդ կինը նման սարսափելի ձևով իր կյանքին վերջ տվեց։ «Կրկին և կրկին, - գրում էր նա, - մեր՝ ապրողներիս գլխին է թափվում այն սարսափելի պատահարը, երբ ակամա ականատեսն ենք դառնում, թե ինչպես երիտասարդ տաղանդավոր մարդն իր մեջ ուժ չի գտնում հաստատվելու իր միջավայրում։ Միայն պետական աջակցությունն ու մասնավոր նախաձեռնությունը, ակնհայտորեն, բավարար չեն, երբ խոսքն առաջին հերթին մադկային հոգածության և գեղարվեստական սեկտորում խելամիտ ստեղծագործական աջակցության մասին է։
Ճիշտ է, այստեղ հարկ է նշել, որ նման ողբերգական վախճանի սաղմը տվյալ դեպքում, ավելի շուտ, այնուամենայնիվ անհատականի մեջ էր։ Քանզի նրա առաջին, դեռևս պարզունակ թվացող աշխատանքներից արդյո՞ք արդեն մեզ չի նայում վախեցնող այն երկատվածությունը, որն արդեն երևում է ինքնատիպ, հատուկ նման ազդեցության հասնելուն ուղղված՝ երանգներ խառնելու տեխնիկայից, այն ներս շրջված, զսպանակաձև կրծոտող-մխրճվող, և միաժամանակ մինչև սահմանը հույզերով հագեցած, սակայն արարող-ստեղծագործողի՝ իր սեփական մութ «ես» - ի դեմ ապարդյուն բողոքը։
Խորության՝ կործանող, համարյա ուզում եմ ասել, անողոք այդ փնտրտուքը»։
Ռուսերենից թարգմանեց
Լիլիթ Ալեքսանյանը
Լիլիթ Ալեքսանյան