«Խոսել՝ նշանակում է մտածել...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ
thearmenians.am «Հայեր» մեդիահարթակը սկսում է հրապարակել մի բացառիկ արխիվային գտածո, որ «պեղվել» է տաղանդավոր արձակագիր, դրամատուրգ վաղամեռիկ Զորայր Խալափյանի գրական արխիվի անտիպ նյութերից:
Այն լեզվի մասին գրողի դասախոսության աշխատանքային սեղմագիրն է, որը «կարդացվել» է Երևանի մենեջմենթի համալսարանի ուսանողների համար, 1998-1999 թվականներին: Դասախոսությունը շատ կենդանի, մատչելի, հետաքրքիր, բազում օրինակներով համադրված, համարձակ եզրահանգումներով ու եզրակացություններով ազատ մտքի մի շարադրանք է: Կարդալով այս դասախոսության սեղմագիրը, տպավորություն է, թե մասնակցում ես գրողի դասին, կենդանի շփման հետ ես նրա հետ, նրա խոհերի ու մտորումների աշխարհում ես: Նույնիսկ ծանոթանում ես նրա աշխատանքային ոճին, տնային հանձնարարություններին և այլն...
Մենք բաժանել ենք դասախոսությունը մի քանի մասի՝ ըստ տրամաբանական շղթաների և առաջիկայում այն կներկայացնենք մաս առ մաս:
Շնորհակալ ենք Զորայր Խալափյանի ընտանիքին, մասնավորապես գրողի եղբորը՝ Թեմիկ Խալափյանին, այս անկրկնելի գտածոն պատրաստելու և մեզ տրամադրելու համար:
Աշխարհում կա շուրջ 2000 գործող կամ կենդանի լեզու:
Կան նաև մեռյալ լեզուներ, որոնց կրող ժողովուրդները չկան, կամ այդ լեզուն նրանց համար այլևս գործածական չէ առօրյա կյանքում: Տվյալ լեզվի մասին, որ գործածական չէ, միայն պայմանականորեն կարելի է ասել՝ մեռյալ, որովհետև, եթե կա կրողը կամ տվյալ լեզուն ստեղծող ժողովուրդը, ապա այդպիսի լեզուն գործածական է մասամբ: Հատկապես պատմական գրականությունը կամ հեռավոր ժամանականերում ստեղծված գրական կոթողներին անդրադարձման ժամանակ, երբ խոսողը կամ գրավոր արտահայտվողը ցանկանում է իր խոսքի մեջ հին պատմիչներից կամ հեղինակներից մեջբերումներ անել բնագրի լեզվով:
Այդպիսի լեզու է նաև մեր գրաբարը, որն այժմ գործածական չէ առօրյայում, բայց գործածական է գիտական հետազոտությունների, ուսուցման և այլ բնույթի անդրադարձների ժամանակ: Ասենք, օրինակ, արդի պատմաբանը խոսում է կամ գրում է մեր անցյալի պատմության մասին, որը ստեղծվել է իր ժամանակին գրավոր ձևով: Մենք մեր հին հայերենն անվանում ենք գրաբար՝ այն իմաստով, որ այդ լեզուն պահպանվել միայն մատենագրության մեջ, գրավոր: Գրաբարը՝ այսինքն գրքի լեզուն, պատմաբանը երբեմն օգտագործում է, երբ իր մեջբերումը, ասենք Խորենացուց, կատարում է բնագրի լեզվով՝ գրաբար, կամ թարգմանաբար՝ արդի լեզվով: Հետևապես, գրաբարը չի կարող հիմնովին դուրս մղվել մեր ընդհանուր լեզվամտածողությունից և չի կարող կոչվել մեռյալ լեզու:
Մենք ունենք հեթանոսական շրջանին վերաբերող ժողովրդական բանահյուսության գոհարներ, որոնք պահպանվել են մասնավորապես Մ. Խորենացու «Հայոց պատմության» էջերում: Օրինակ՝ «Վահագնի ծնունդը»: Սքանչելի այս քերթվածքը տեղադրված է արդի գրականության քրիստոմատյաներում, և ձեզնից ոմանք հավանաբար գիտեն անգիր՝ գրաբար կամ աշխարհաբար թարգմանությամբ:
Սա ևս մի օրինակ է կամ ապացույց, որ հին լեզուները չեն կարող իսպառ դուրս մղվել գործածությունից: Նույնը կարելի է ասել լատիներեն, հին հունարեն, հին սլավոներեն և այլ լեզուների մասին, որոնք այժմ գործածական չեն առօրյայում, բայց այդ լեզվով ստեղծված է հարուստ գրականություն, և որպեսզի այդ գրականությանը ծանոթանանք բնագրով, սովորում ենք գրաբար, լատիներեն և այլն։ Հին հունարենով են արարվել Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», և բնագրի լեզվով այդ պոեմները կարդալու համար, օրինակ Լև Տոլստոյը հատկապես սովորեց հին հունարեն և, իր ասելով՝ նոր միայն հասկացավ այդ ստեղծագործությունների իսկական արժեքը:
Ասվեց, որ մեր հին հայերենը գրաբար է անվանվում որպես գրքերի լեզու, գրի լեզու: Իրենք՝ գրաբարով գրողները՝ Խորենացին, Ագաթանգեղոսը,Կորյունը, այդ լեզուն գրաբար չեն անվանել, այլ պարզապես՝ մայրենի լեզու կամ հայերեն:
Մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի ստեղծումը հայոց լեզուն զարգացել է բանավոր: Գրերի գյուտից հետո հայերը դարձել են այդ դարաշրջանի եզակի ժողովուրդներից մեկը, որն ունեցել է սեփական գիր և հնարավորություն՝ այդ լեզվով ստեղծել գրականություն և մատենագրել սեփական պատմությունը: Ի՞նչ դրդապատճառ կար, որ հինգերորդ դարում հայերը հորինեցին սեփական այբուբենը և հոգևոր աշխարհում բանավոր գործունեությունից անցան նաև գրավորի:
Հայ ժողովուրդը արդեն ավելի քան մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ՝ Տրդատ Երրորդ ու նաև Մեծ հռչակված թագավորի օրոք: Սակայն կրոնական գրքերը՝ Աստվածաշունչը, լինելով օտարաբառ՝ ասորերեն, հունարեն, եբրայերեն, անմատչելի էին հայերին: Եկեղեցական ծառայությունները՝ պատարագ, ժամերգություն, կնունք, պսակ և այլն, կատարվում էին օտար լեզվով, որն անմատչելի էր հավատացյալներին:
Այսպես կրոնը չէր կարող արմատանալ ժողովրդի մեջ, ըստ էության, քրիստոնեական քարոզն ապարդյուն էր անցնում: Ժողովուրդը, սուրբ ջրով մկրտված լինելով հանդերձ, մնում էր ըստ էության հեթանոս, և շատերը վերադառնում էին հին կրոնին:
Այս աղետը կանխելու համար հինգերորդ դարում Սահակ Պարթևի ղեկավարությամբ և Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը հորինեց հայոց այբուբենը:
Մի քանի տարվա մեջ հայ գրերն ամբողջացնելով ու կատարելության հասցնելով Մ. Մաշտոցն առաջինն ինքն էր, որ ձեռնարկեց Սուրբ գրքերի թարգմանությունը: Դա այնպիսի մի թարգմանություն է, որ գրեթե անփոփոխ պահպանվել է մինչև օրս, խոսքը գրաբար թարգմանության մասին է, և հետագա գիտնականների և ուսումնասիրողների կողմից մեծարվել, գնահատվել, փառաբանվել է, հիացմունքի զգացումով անվանվելով՝ թագուհի թարգմանությանց:
Հիրավի, Աստվածաշունչը գրաբարով մի անգերազանցելի թարգմանություն է, որը վերահրատարակվում է այժմ անփոփոխ: Միաժամանակ, այդ թարգմանությունը մի անսպառ շտեմարան է գիտական և լեզվաբանական ուսումնասիրությունների համար:
Խոսենք այս մասին լեզվի առումով: Գիտությանը վերջնականապես պարզ չէ, թե ինչպես եղավ, որ գրավոր լեզվի մշակույթ ու ավանդույթ չունեցող մի ժողովուրդ կարողացավ այդքան ճոխ, զարգացած, հարուստ բառապաշարով մի գրականություն ստեղծել, որն իր արժանիքներով կարող է մրցել մինչև այդ երկար տարիներով ու դարերով զարգացած այլ լեզուների հետ, ասենք՝ հին հունարենը, լատիներենը, ասորերենը, պարսկերենը և այլն:
Կան մի քանի տեսակետներ, ըստ դրանցից մեկի՝ հայերը մինչ այդ ունեին օտարատառ գրականության, զորօրինակ, ասորերենի կամ հունարենի տառերով, բայց հայաբար մատենագրված, և այս եղանակով հայերենն արդեն զարգացման երկար ճանապարհ էր անցել՝ մինչև հայ գրերի գյուտը: Սա հիմնական տեսություն է:
Սակայն ոչ մի հիշատակություն կամ օտարատառ հայերենի նմուշ չի պահպանվել՝ այս հանգամանքը հաստատելու համար:
Այս առումով ես ունեմ իմ կարծիքը, որքանով է ճիշտ, չեմ կարող պնդել: Հայոց գրավոր լեզուն, իմ կարծիքով, մինչև գրերի գյուտը, ավելի քան մեկ դար գուցե ավելի գործածական է եղել հատկապես եկեղեցական ծառայությունների ժամանակ, այսինքն հայ կրոնավորները,Սուրբ գիրքը ձեռքին, կարդում էին օտար լեզվով, բայց արտաբերում էին հայերեն: Այս ճանապարհով նրանցից շատերն արդեն այդ գրքերը անգիր գիտեին հայերենով, որն առանց գրառելու, քանի հայ տառերը դեռ գոյություն չունեին, ավանդաբար փոխանցվում էր հաջորդ սերնդին: Փաստորեն, այդ գրքերի թարգմանությունն արդեն պատրաստ էր, մնում էր գրառել:
Բերենք մի պատմական օրինակ: «Իլիականն» ու «Ոդիսականը» ստեղծվել են մեր թվարկությունից առաջ իններորդ դարում, երբ հույները չունեին սեփական այբուբենը: Ավելի քան երեք դար այդ էպոսները փոխանցվել են բանավոր, շարունակաբար հարստացվելով թե լեզվական և թե արվեսի իմաստով, այս ձևով հարստացնելով նաև հին հունարենի բառապաշարը, և կարելի է ենթադրել, որ գործող լեզվի բոլոր գործածական բառերն անցել են այդ պոեմներին: Միայն մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում պոեմները գրի առնվեցին՝ այբուբենը հնարելուց հետո:
Այսպես, օրինակի համար, կարելի էր նաև հեռուն չգնալ, մեր ազգային էպոսը Սասունցի քաջերի մասին ևս համարյա հազար տարի գոյատևել է բանավոր և գրառվել միայն անցյալ դարի վերջերին:
Լեզվի մշակույթ, արվեստ, կուլտուրա՝ այսպես է կոչվում մեր առարկան: Մեր նպատակն է առավել հիմնովին տիրապետել մայրենի լեզվին, մշակել թե՛ մեր գրավոր ու թե՛ բանավոր խոսքը: Խոսում ենք բոլորս, բայց որքան տարբեր է յուրաքանչյուրիս լեզուն: Պատմությունը պատմում են երկու հոգի, մեկը հետաքրքիր է, մյուսն՝ անհետաքրքիր: Մեկը տիրապետում է, անկախ նրանից՝ գիտակցում է, թե ոչ, բանավոր լեզվի արվեստին կամ արհեստին, մյուսը՝ ոչ:
Գաղտնիքը լեզվի ինքնատիրապետության, պատկերավորության, բառապաշարի հարստության, խոսելու առոգանության և իհարկե պատմելու հմտության մեջ է: Ո՞վ չի ցանկանա տիրապետել նույնին, որի շնորհիվ իր լեզուն կդառնա գրավիչ, դուրալի, տրամադրող:
Խոսել՝ նշանակում է մտածել: Լավ է խոսում նա, ով լավ է մտածում: Բայց հնարավոր է լավ մտածել, նույնիսկ՝ լավ գրել, բայց լավ չխոսել. շատերս ունենք այս թերությունը:
Նախ տանք լեզվի գիտական բնորոշումը. ինչ է լեզուն: Լեզուն հասարակական հաղորդակցման կարևորագույն միջոց է, որի գոյաձևերն են առանձին լեզուները:
Լեզուն մտածողության նյութական ձևն է և արտահայտման միջոցը: Մարդկանց գիտակցության մեջ եղած արտահայտությունները և մտքերը նյութականանում են լեզվի միջոցով: Այդ երկուսը միասին առնված՝ դրսևորում են լեզվի և մտածողության միասնությունը: Չկա մտածողություն առանց լեզվի և հակառակը:
Չկա միտք՝ առանց լեզվի: Ամեն խոսք ծնվում է շնորհիվ մտքի, անգամ շատ արագ վճիռներ կայացնելիս մեր ուղեղում բառերի ձևով ուրվագծվում են մեր մտքերը:
Խոսքը լինում է գրավոր, բանավոր, նաև ներքին խոսք, որը կատարվում է մտքի մեջ, ապա արտահայտվում երկխոսության ձևով՝ մեկ ուրիշի հետ առնչվելու համար, կամ մենախոսության ձևով, երբ մարդը մտքում կամ բարձրաձայն խոսում է երևակայական մեկի հետ:
Խոսել մարդը սովորում է ամբողջ կյանքում, պատահական չէ, որ լավ խոսողները հաճախ հանդիպում են տարեց մարդկանց մեջ:
Լեզուն երեխայի բերանում հայտնվում է հրաշքի նման, մեկ- երկու տարեկան մանուկը սկսում է խոսել առանց քերականության մասին գաղափար ունենալու: Դյուրին է լեզուն սովորել մանկուց, հետո եռակի, բազմակի դժվար է լինում, հատկապես օտար լեզուներ յուրացնելիս:
Լավ խոսելու առաջին նշանը գեղեցկախոսությունը չէ, այլ հակիրճ, տրամաբանված, հարուստ արտահայտչամիջոցներով կատարված: Պատահական չէ, որ ասվում է, թե՝ նա այնքան գեղեցիկ խոսեց, որ չիմացանք ինչ ասաց: Արիստոտելը թատերագիրներին խորհուրդ է տալիս չշահարկել գեղեցիկ խոսելաոճերը երկխոսությունների մեջ, անհարկի չգործածել հնաոճ բառեր, դրանք շեղում են միտքը:
Խոսելը արվեստ է ու արհեստ: Հռետորները երկարատև ուսանում էին անվանի ճարտասանների մոտ, նախքան ինքնուրույն հանդես գալը:
Մի հետաքրքիր փաստ անտիկ աշխարհի պատմությունից:
Նշանավոր հռետոր Դեմոսթենեսի մասին ասում էին, թե նա լեզվի բնածին արատ ուներ, հավանաբար թլիկ էր: Թլիկ լեզվով, անշուշտ, հռետոր չես դառնա: Եվ նա ինչ էր անում: Գնում էր ծովափ, բերանն էր առնում մի փոքրիկ գլաքար և, էլ ավելի դժվարացնելով խոսելը, սկսում էր մենախոսել ծովի հետ: Նա դա շատ երկար կրկնեց, իսկ երբ բերանից հանեց գլաքարը, նրա գործը թեթևացավ, և շուտով նա այլևս ձերբազատվել էր իր լեզվական թերությունից, իսկ հետագայում հռչակվեց որպես մեծ հռետոր:
Լեզուն, ասում են, ազգն է: Այո, պատմությունը, անցյալը, ապագան: Ըստ մի հիպոթեզի, եթե տվյալ ժողովրդի լեզվում չկա որևէ գաղափար արտահայտող բառ, այդ ժողովուրդը չունի նաև այդ գաղափարը, նրա լեզվամտածողության մեջ դա բացակայում է: Կա աբստրակտ բառը, ամեն ժողովուրդ չէ, որ ունի դրա հոմանիշը մայենի լեզվով: Ով չունի դրա հոմանիշը, նրա լեզվամտածողության մեջ էլ բացակայում է աբստրակտի հասկացողությունը: Հայերենում մենք ունենք դրա ճշգրիտ թարգմանությունը, այն է՝ վերացական:
Լեզուն քաղաքակրթության կրողն է, պատմությունը, գրականությունը, փիլիսոփայությունը, այդ ամենը գրելով է, որ պահպանվում է, դարերով հարստացվում, փոխանցվում սերունդներին:
Լավ խոսել ասելով՝ պետք է հասկանալ ճշգրիտ, հակիրճ, պատկերավոր ու հարուստ բառապաշարով արտահայտված գրավոր կամ բանավոր լեզուն: Պակաս կարևոր չէ հակառակը, և նաև շատ կարևոր է լեզվի անհատականացումը: Գեղարվեստական գրականության մեջ ամեն հերոս պարտադիր պետք է խոսի իր ուրույն, միայն և միայն իրեն առանձնահատուկ լեզվով, սա ևս կերպար ստեղծելու ձևերից մեկն է: Սա հատկապես պարտադիր է թարգմանության համար: Ինչպես կյանքում ամեն մարդ խոսում է միայն իրեն հատուկ լեզվով, չնայած բոլորս ենք խոսում մեր մայենի լեզվով, այդպես էլ բեմում ամեն հերոս պետք է ունենա իրեն առանձնահատուկ լեզուն, արտահայտչաձևերը, առոգանությունը, բառապաշարը և այլն:
Ասում ենք՝ աֆորիստիկ, այսինքն աֆորիզմների լեզու, որը նշանակում է շատ սեղմ, առանց ավելորդ բառերի որևէ միտք, գաղափար, իմաստություն արտահայտող լեզու: Ասում ենք՝ նա խոսում է առարկաների լեզվով: Սրա բացատրությունը նման է նախորդի բացատրությանը:
Մի երկու խոսք էլ ենթատեքստի մասին:
Դա այն է, երբ ուղիղ արտահայտված մտքից զատ լեզվում լսվում կամ նկատվում է մեկ այլ միտք ևս: Հարուստ ենթատեքստ ունեն անեկդոտները: Փաստորեն, մենք ծիծաղում ենք ենթատեքստում թաքնվածի վրա: Նախքան օրինակ բերելը, ավելացնեմ, որ ենթատեքստ բառը հունարեն նշանակում է հենց իր իմաստը՝ ենթատեքստ, տեքստի կամ բնագրի տակ թաքնվածը:
Այժմ պատմեմ խոստացածս անեկդոտը:
Ասում են ՝ աղքատը որ հավ ուտի, կամ աղքատն է հիվանդ, կամ՝ հավը: Ահա, տեսա՞ք, ծիծաղեցիք: Դուք հասկացաք ինչի մասին է խոսքը, որ բուն տեքստում թաքնված է և ուղղակի այդ մասին չի ասվում: Մնացածը հաջորդ դասին: Իսկ մինչ, այդ մեկ այլ, ավելի թարմ անեկդոտ: Մեկն ասում է.
- Նորից եմ ուզում գնալ արտասահման:
- Իսկ ե՞րբ ես գնացել,- հարցնում են:
- Ոչ մի անգամ, պարզապես անցյալ տարի էլ էի ուզում արտասահման գնալ:
(Առաջարկել, թող յուրաքանչյուրը մի անեկդոտ պատմի):
Նույն հաջողությամբ կարելի հուշել ընթերցողին այնպես, ինչպես պատմելիս: Այստեղ մեծ դեր ունի կատարողի արտիստիզմը, լեզվաերանգների բազմազանությունն ու հարստությունը: Պակաս դեր չունի նաև բանավոր խոսքը, նաև՝ խոսողի, ճառողի, հռետորի կամ ասացողի արտաքինը, հատկապես դիմախաղը:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ