Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««Խուլի տան» կարմիրները, կամ կարմիր խուլերի տունը…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ամիսներ առաջ, երբ մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկը՝ ի դեպ, մեծագույն ոչ միայն և ոչ այնքան հայաստանյան չափումներով, որքան՝ համաշխարհային, Սահակ Պողոսյանը, մի հանդիպման ժամանակ ակնարկեց, որ շուտով հրավիրելու է իր նոր ցուցահանդեսին, ես, իհարկե, համոզված էի, որ ներկա եմ լինելու արվեստային, մշակութային կարևոր ակտի, որն, անշուշտ, բացառիկ հետաքրքիր է լինելու, քանզի առնչվում է Սահակ Պողոսյանի արվեստին:

Բայց որևէ կերպ, երևակայության որևէ թռիչքով չէի կարող պատկերացնել, որ ի դեմս «Խուլի տունը» ցուցադրության, գոնե ինձ համար բարձրանալու էր՝ ի դեպ, բարձրանալու էր ինքն իրենից, մի նոր Սահակ Պողոսյան և բարձրանալու էր իր կատարյալ արվեստով կամ արվեստի իր կատարելությամբ, բարձրանալու էր՝ առանց չափազանցության, համաշխարհային կերպարվեստում, ժամանակակից արվեստում բացառիկ մի ստեղծագործական արարումով, որը ոչ այլ ինչ է, քան Սահակ Պողոսյան արվեստագետի մանիֆեստը:

Իր ժամանակի, մեր ժամանակի մանիֆեստը՝ արմատներով դեպի հազարամյակների խորքը, դեպի աշխարհի կերպաստեղծումը, դեպի մարդկության ծագումնաբանությունն ու փոխակերպումները, խարիսխով՝ դեպի հարյուրամյակների հեռուները, ուղերձով՝ դեպի աշխարհափոփոխության նոր տագնապների ընդերքը:

Երբ բացվում են ցուցասրահի դռները, խորհրդապաշտ հզոր էներգիաներ՝ ձևերի, պատկերների, կերպարների, գույների, գծերի աննկատ խտացումների միջոցով, առեղծվածային կարմիրի զորեղ ուժով, և այդ ամենի միաձույլ զուգադրությամբ, տարբեր կողմերից ու միանգամից տանում են դեպի հայտնի անհայտը, հայտնի անհայտը՝ վախենալու աստիճան, ու կտավների արտացոլանքները՝ որպես լողացող նավեր, գնում են դեպի այն հորիզոնները, որոնց մոտենալուն պես բացահայտվելու են կարմիրի մետամորֆոզները:   

Որպես միջոց ընտրելով մոդեռնիստական արվեստի հիմնասյուներից՝ Գոյայի և Պիակսոյի ստեղծագործական կերտվածքները, նրանց ներշնչումները, նրանց ուղերձները, նրանց սոցիալական, քաղաքական, արվեստային, համամարդկային բարձրաձայնումները, Սահակ Պողոսյանը ստեղծում է իր բացառիկ աշխարհը՝ իր կուտակումների ծանր բեռով, ապրումների իր դյուրազգացությամբ, իր ուղերձների լուսանցիկությամբ, սոցիալական, քաղաքական ու արվեստային իր պոռթկումներով:

Եվ իր իսկ ստեղծած զուգահեռների մեջ էլ անմիջապես ի հայտ է գալիս համաշխարհային մոդեռնիստական արվեստի մեծագույն վարպետների ու Սահակ Պողոսյան՝ մեր ժամանակի մոդեռնիստական վարպետի, ստեղծագործականության միջակայքը՝ ներսի տարածությունը, որն ամբողջությամբ լցված է նրանց բաժանող ժամանակով, բայց նաև՝ նրանց միավորող ժամանակով, քանզի իրենց տրանսֆորմացիաներով հանդերձ, այնուամենայնիվ, չեն փոխվել մարդկության առջև ծառացած խնդիրները, և արվեստագետը մնում է այդ խնդիրների կրողն ու արվեստային բացահայտողը:

Ինչո՞ւ է Սահակ Պողոսյանն իր ցուցահանդեսը վերնագրել «Խուլի տունը»:

Կարծում եմ, բնավ ոչ այն պատճառով, որ Գոյայի հանգույն գնել էր խուլ մի մարդու առանձնատուն և առանձնացել իր մռայլված ստեղծագործական ինքնության հետ՝ դառնացած իսպանական հեղափոխության ձախողումից, «Պատերազմի արհավիրքներ»-ից, բուրբոնների վերափոխումներից՝ ստեղծելու իր «Վհուկների խրախճանքը», իր «Սև նկարներ»-ը», կամ Պիկասոյի հանգույն մեկուսացել էր պատերազմական ու պաշարված քաղաքի իր արվեստի միջավայրում՝ պոեմներ ձոնելով ժամանակին ու իրականությանը, ստեղծագործական իր ընդվզումներով անհաշտ լինելով պատերազմներին ու դրանք հրահրող ռեժիմներին:

«Խուլի տունը», կարծում եմ, մանիֆեստից զատ՝ Սահակ Պողոսյանի խորքային ըմբոստությունն է, ապստամբությունը, որն, անշուշտ, տեղավորվում է մանիֆեստի գաղափարախոսության ու փիլիսոփայության մեջ, քանզի վաղո՜ւց, շա՜տ վաղուց աշխարհն անբուժելիորեն խուլ է մարդկությունը կեղեքող խնդիրների առաջ:

Աշխարհը խուլ է պատերազմների, ցեղասպանությունների, մարդկային տեսակի ու մարդկային ժառանգության ավերումների առաջ: Աշխարհը խուլ է արվեստի ու մշակույթի արարչագործական առաքելության առաջ ու իր սեփական առաքելությունն ունի՝ ցավոք անմարդկային, անարդար և ոչ արարչագործական:

Եվ Սահակ Պողոսյանի կարմիրը, բացառիկ կարմիրը, թափանցիկ կարմիրը, որը ձևի առումով, կառուցվածքի առումով մշուշապատում է այն հորիզոնները, որոնք ժամանակին բացել են Գոյայի ու Պիկասոյի արարումները, բացել են, որպեսզի մարդկությունը կարողանա տեսնել իրեն, ինքն իրեն, իր ժամանակը, իր մտասևեռումները, ճչում է այն մասին, որ վաղո՜ւց, շա՜տ վաղուց մշուշապատ է ոչ միայն աշխարհի անցյալը, այլև, որ ավելի վտանգավոր է՝ աշխարհի ապագան, և նրա արվեստին մոտեցողը պետք է կարողանա տեսնել աշխարհի ներսը, տեսնել աշխարհը ներսից, զգալ այն տագնապները, այն հույզերը, այն վախերը, որ հաղորդում են խլացող աշխարհի շչակները:

Իսկ գուցեև Սահակ Պողոսյանի կարմիրն աշխարհի խլության հետևում կանգնած արյունն է, մարդկային արյունը, քանզի աշխարհը վաղո՜ւց ներկված է մարդկային արյամբ: Ու, գուցե, նույնիսկ՝ ոչ թե ի սկզբանե Բանն էր, այլ, գուցե, ի սկզբանե արյունն էր, քանզի ի սկզբանե Բանի գոյության պարագայում արյունն ավելի քիչ կլիներ:

Ակամայից հիշում եմ Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» սքանչելի ֆիլմում ազատության ու ոգու ասպետի՝ Լևոն Ներսիսյանի, բերանով ասվածը. «Ես չեմ ուզում ծառայել ոչ սևերին, ոչ կարմիրներին, ոչ սպիտակներին, և ոչ մեկին: Ես չեմ հավատում ձեր ժողովրդական իշխանությանը: Եվ չեմ հավատում ձեր ժողովրդական ֆիլանտրոպիային: Ֆիլանտրոպիային վերջ կտաք շատ շուտով: Կմնա լոկ իշխանությունը, իսկ իշխանությունը անողոք է: Սարսափ: Ահա, թե ինչն է եղել հասարակական անվտանգության գրավականը վերջին 30.000 տարում…»:

Սահակ Պողոսյանն իր «Խուլի տունը» մանիֆեստով, իր ապստամբությամբ, իր ընդվզումով նույնպես հայտարարում է, որ չի ուզում ծառայել «ոչ սևերին, ոչ կարմիրներին, ոչ սպիտակներին, և ոչ մեկին», այլ ուզում է ուղղակիորեն բացել «Խուլի տան» դռները, պատուհանները, ականջները ու ձերբազատել մարդկությունը, հասարակությունը, սարսափից, վախերից, արյունից ու «վերջին 30.000» տարվա մղձավանջից:

«Խուլի տան» և կարմիրի զուգակցումն իր մեջ, գուցե, պարունակում է նաև արվեստագետի մանիֆեստային այն ուղերձը, որ կարմիրը հարյուրամյակներով կանխեց մարդկության մի ստվար զանգվածի՝ հաստատապես աշխարհի մեկ-վեցերորդ մասի ու նրա արբանյակների, այդ թվում և մեր զարգացումն ու առաջընթացը, թողնելով ոչ միայն ծորացող արյուն, ոչ միայն ծորացող ավեր, այլև կարմիրների ծորացող հետնորդներ ու կարմիրների ծորացող սերունդներ, որոնք այնքա՜ն նման են Սահակ Պողոսյանի կտավների ծորացող կարմիրներին:

Եվ այնքա՜ն վարպետորեն է ընդգծված այդ ծորանքը կանխելու, ծորանքից ազատվելու, ազատությունն ըմբոշխնելու հրամայականը և այնքա՜ն ներդաշնակ է կարմիր ցուլի ուրվապատկերը, որ Սահակ Պողոսյանի կտավից իշխում է իրավիճակի վրա, որը ոչ այնքան այն մշակույթի մասին է, որը ստեղծել է կարմիր ցուլի խրախճանքը, ոչ այնքան այն կենդանու մասին է, որը հետապնդում է իր կարմիր կառավարողին, որքան այն կարմիր կովի մասին է, կարծում եմ, որը չի փոխում կաշին, թեպետ երկուսի պարագայում էլ արդյունքը արյունն է՝ մահի ու մահվան խորհրդանիշը:     

 

Իսկ ցուցահանդեսի հակառակ կողմում ոչ այնքան «Խուլի տան» կարմիրն է, այլ կարմիրների «Խուլի տունը», քանզի եթե «Խուլի տան» կարմիրն անցյալ է, ապա կարմիրների «Խուլի տունն» այն ուժն է, որը կանգնած է ապագայի առջև որպես արգելք, որպես արգելափակոց, որպես ուղեփակոց:

Բայց «Խուլի տունը» ցուցադրությունը, կարծում եմ, ոչ միայն իր սոցիալական, քաղաքական նրբերանգներն ունի, այլ ունի նաև իր ընդգծված մշակութային երանգը, քանզի աշխարհը խուլ է ոչ միայն մարդու բուն ֆիզիկական վերացումի առաջ, այլև խուլ է մարդու ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության առաջ, արվեստի, մշակույթի առաջ, և այդ խուլությունն է, գուցե, որ բերում է պատերազմների, ցեղասպանությունների, ավերումների, քանզի եթե ընկալված լինեին հոգևոր-մշակութային ժառանգության արարչագործ ուղերձները, եթե արվեստը լիներ իշխողը մարդու, մարդուն կառավարողների գիտակցության ու զգացումների, մտքի ու հոգու վրա, մարդն ավելի հեռացած կլիներ նախամարդու իր ինքնությունից:

Սահակ Պողոսյանն այն արվեստագետն է, որ ունի իր բացառիկ ուրույն մտածողությունը ոչ միայն կերպարվեստում, ոչ միայն իր դավանած ժամանակակից արվեստում, այլև արվեստում ընդհանրապես և քաղաքականությունում մասնավորապես, որովհետև արվեստագետը չի կարող հեռու լինել իր հասարակությունից, այդ հասարակությունում ընթացող խմորումներից: Արվեստագետը չի կարող չլինել իր հասարակության խնդիրների հետազոտողը, ուսումնասիրողը, արվեստային բարձրաձայնողը: Առավել ևս՝ արվեստագետը՝ ճշմարիտ արվեստագետը, չի կարող չլինել մարդկության խիղճը:

Ի վերջո՝ «Խուլի տունը» գուցե նաև ընդհանրացումն է այն իրողության, որ տարիներն ու տասնամյակները խուլ էին նաև Սահակ Պողոսյանի արվեստի առաջ, որն իր բացառիկ տեղն ունի իր սերնդի արվեստային մտածողությունում, որի արժևորումն ու ընկալումը կարող էին և փոխել իրերի ընթացքը հասարակության առնվազն մտածողական տեսանկյունից, բայց կարմիրի շարունակվող գինարբուքը խոչընդոտ է:

Սահակ Պողոսյանը կերտել է ստեղծագործություններ, որոնք մեր իրականության, մեր ժամանակի, մեր սոցիալական ու քաղաքական, մշակութային ու հոգևոր խնդիրների մասին խոսում են առանց արքունական պատվերների և խոսում են նկարչի, ստեղծագործողի հայեցողության տեսանկյունից:

Իսկ իր ժամանակը չէր կարող լավագույնս չիմանալ Սահակ Պողոսյան արվեստագետը, քանզի հենց ինքն է ապրել և ապրում այն ժամանակը, որտեղ կարմիր խուլերի տունն էր՝ արհավիրքային իր ողջ զինանոցով, հետո եկան խուլի տան կարմիրները, որոնք լավագույնս շարունակեցին իրենց հոգեհայրերի ավանդույթները:

Սահակ Պողոսյանի արվեստն ապրել է հեղափոխությունների, հասարակարգային փոփոխությունների, մարդկայի փոխհարաբերությունների տեկտոնիկ տեղաշարժերի ժամանակաշրջանները և դրանք չէին կարող անդրադարձ չունենալ մի արվեստագետի ստեղծագործական կուտակումների վրա, որն իր մեջ կրում է ազատության բոլոր դրվածքները:

Հ.Գ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում բացված Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը յուրաքանչյուր մարդ պետք է դիտի ինքն իր հետ, յուրաքանչյուր մարդ պետք է երկար կանգնի Սահակ Պողոսյանի կտավների առաջ, և յուրաքանչյուր մարդ իր զգացողություններն ու իր ապրումները, իր մտածումներն ու իր բացահայտումները պետք է անի, քանզի որքան էլ կատարյալ է ցուցադրությունը՝ կատարյալ թե ձևով, թե բովանդակությամբ, թե կատարողական վարպետությամբ, թե համադրության առումով՝ Արմեն Եսայանցի մեծ պրոֆեսիոնալիզմով, այնուհանդերձ յուրաքանչյուրն ընկալման իր սահմաններն ու սահմանումներն ունի:

Լուսանկարները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Ասատուր Եսայանցի, համացանցային ռեսուրսների

   

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ