Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«ե՜րկիր ենք թալանել, ե՜րկիր ենք թալանել...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Հայտնվել ենք մշակույթների խառնարանում, մեզ կոտորում ենք համաշխարհային չափանիշներին մոտենալու համար: Բնական է, օրինաչափ ու անհրաժեշտ է:

Բայց մի՞թե միայն սա՛ պիտի լինի մեր գե՛րնպատակը, գերխնդիրը: Մի՞թե մեր ջանքերն ուղղված չպիտի լինեն նաև և, հատկապե՛ս, մեր մշակութային ժառանգությունը համաշխարհային ճանաչման արժանացնելը, մշակույթների համաշխարհային խառնարանում մե՛ր արժեքների համար արժանի տեղ ապահովելը: Մի՞թե չունենք դասական, ընդօրինակման արժանի արարումներ:

Միայն ընդօրինակելն ու նմանակելը հպարտության չափանիշ չեն:  

Ճիշտ է, երբեմն սնապարծության հասնող հպարտություն ենք ապրում, թե՝ երբ մենք մշակու՜յթ ունեինք, եվրոպացիները դեռ…

Բա ինչո՞ւ ենք հիմա կախված եվրոպացիների փեշերից, մեր ամեն ինչը եվրոպականացնում ենք՝ ինչո՞ւ ենք ընդօրինակում նրանց կենցաղն ու բարքերը, ճաշակը, ինչո՞ւ ենք մեր օրենքները բխեցնում նրանց օրենքներից, որպես ճշմարիտ ու օրինավոր լինելու ապացույց ինչո՞ւ ենք մատնանշում եվրոպական այս կամ այն երկրի փորձը:       

Մի՞թե մեր արմատներն այնքան խորն ու բարեբեր չեն, որ  տրորում-անցնում ենք, փլուզում ենք մեր հիմքերը: Մեր պարարտ հողն ամլացնում, օտար, մեր հողին խորթ սերմեր ենք շաղ տալիս:

Եվրոընտանիք մտնելու մեր մոլուցքը, մեզ պարտադրվող, բայց մեր ազգային ավանդույթներին ու բարքերին անհարազատ-անընդունելի պահանջներն ու պայմանները հլու-հնազանդ ընդունում ենք, ոչին չենք մերժում, ոչինչ չենք փոխում:

Արմատախի՞լ անենք մերը, մերժե՞նք ինքներս մեզ, մեր հայկականը:

Միևնույն է, մենք անգամ եվրոպայում եվրոպացի չենք դառնում, եվրոպացին մեզ իր ընտանիքի անդամ չի համարում, որովհետև մենք տարբեր ենք, որովհետև եվրոպացու համար մենք անիմա, անշակույթ, անպատմություն ազգ ենք:

Ձուլվենք այլոց մշակույթների հոսանքների՞ն, ջնջենք անգամ մեր ամենակարևոր՝ ընտանեկա՞ն ավանդույթները, որոնք մեզ հայ են պահել, բայց եվրոպականին հաճոյանալու համար այսօր ծաղրուծանակի առարկա ենք դարձրել հենց այստեղ, Մա՛յր հայրենիքում: Չեմ թվարկում, որ մեր խեղճությունն ու ստրկամտությունն ի ցույց չդնեմ:

Այո, ճշմարիտ է, որ մեզ բռնությամբ չեն կարողացել ձուլել, մենք դա անում ենք կամավոր, սիրով: Մենք մի հսկա ցուցակ ունենք՝ հայկական ծագումով հանճարների, գիտության, մշակույթի բոլոր բնագավառներում համաշխարհային փառք ու հռչակ վայելած ու վայելող անհատների, որոնցից շատերը կամ չգիտեն, կամ չեն հիշում կամ էլ չեն ցանկանում խոստովանել իրենց ազգային պատկանելությունը: Նրանց հայրենիքը Հայաստանը չի եղել, նրանց ազգանունը հայկական էլ չէ, նրանք ձուլվել են:

Համաշխարհային գործընթացներից, իհարկե, մենք չենք կարող և իրավունք էլ չունենք մեզ դուրս դնելու, բայց նաև իրավունք չպիտի ունենանք առանց սեփական դիմագծի, առանց մեր ինքնության ներկայանալու: Մենք պատմական որևէ կռվան չունե՞նք աշխարհին ոչ միայն որպես անիմա ուսումնատենչ ներկայանալու, այլև մեր հնամենի քաղաքակրթության դասերը ուսանելի դարձնելու համար:  

Փառք Աստծո, Նարեկացին սրբադասվեց, քանի՞ օտար լեզուներով է թարգմանվել, ճանաչելի դարձել, մի՞թե արդիական ոչինչ չկա Մխիթար Գոշի, Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու ձեռագիր մատյաններում, դեռ մինչև ե՞րբ պիտի դրանք մնան որպես Մատենադարանային գանձեր:

Ո՞ւր մնաց մեր ազգային զարթոնքը, մեր անկախ  պետականությունը, մեր ազգային արժանապատվությունը: Անկախությունից ի վեր ունե՞նք արդյոք աշխարհին ներկայանալի անուններ, ինչո՞ւ են մեր շնորհալիները դրսում կայանում, դրսերին ծառայում:

Որպես հազարամյակների ազգ վերջապես ինքուրույն ներկայանալու մեր իրավունքն ու հնարավորությունն ինչու՞ ենք ինքներս ոտնահարում այնքան, որ ազգայի՛ն բառին անգամ քամահրանքով ենք վերաբերում: Փաստորեն, մենք աշխարհին ներկայանում ու ճանաչելի ենք դառնում նախ և առաջ Ցեղասպանության փաստով, և մեկ դարից ավելի է տառապում ենք այդ փաստն ընդունելի դարձնելու երազանքով:

Ցեղասպանության պատասխանը Հզոր Հայրենիք, հզոր Բանակ, հզոր Միասնականություն, համազգային հզոր Բանկ ստեղծելը պիտի լիներ: Եվ եթե այս կատեգորիաները համատեղ ու համարժեք չեն, ուրեմն մեր մեջ մեռցված է ՀԱՅՐԵՆԻՔ-ը որպես բարձրագույն արժեք, որպես գաղափար, որպես Սեր: Ուրեմն պետականությունից զուրկ դարերը մեզ դարձրել են տկար ստրկամիտներ, գլխահակ ծառաներ:

Այս հոգեբանությունը դեռ չի մեռել, մենք սպասում ենք հրահանգների, մեզ անպայման օտար, այո, օտար կառավարողներ են պետք, մենք ինքնուրույն չենք, մենք ինքնակամ չենք, մենք դեռ ծեծում ենք օտարների դռները, մենք դողում ենք նրանց կարծիքների հարցում՝ ի՞նչ կասեն, ի՞նչ կանեն, բա որ հանկա՜րծ…

Անկախության ուրվակա՞նն է շրջում մեր երկրում: Եթե ո՛չ, ապա ո՞ւր մնացին անկախության մեր բարիքները, ժողովուրդը ինչո՞ւ չվայելեց անկախության պտուղների համը: Ժողովուրդն է, չէ՞, այս երկրի զինվորն ու հողի մշակը, ամաչում եմ անգամ իմ սիրած արտահայտությունն օգտագործել՝ երկրի  տե՛րն  ու  ծառան:

Ժողովուրդն իր երկրի տերը չդարձավ: Երկրին տեր դարձածները ժողովրդի զավակները չէին: Նրանք երկրում ամե՛ն ինչի տերը դարձան, բացի երկրից ու ժողովրդից: Նրանք սպանեցին ժողովրդի դարավոր երազանքը՝ ազատ, արդար, ապահով ու հզոր Հայրենիքում ապրելու երազանքը: Նրանք  ցամաքեցրին մշակութային դաշտը, կոտրեցին գիտության ողնաշարը, մտավորականությանը դարձրին անմիտ մեծապատիվ մուրացկաններ, և այդ քայլով, ինչպես 1915-ի ապրիլի 24-ին թուրքերը, այդպես և իրենք գլխատեցին ժողովրդին: Մտավորականությունն արժեզրկվեց, դարձավ պալատական խնջույքների կենաց ճառասան, հեղինակազրկվեց: Անհնազանդ մտավորականների ըմբոստությունը միայն ներքուստ էր: Կամ լռում-համակերպվում էին, կամ լքում էին երկիրը:

Արարում էին օտար երկրներում, իսկ Հայրենիքում ոգու սով էր:

Վերջին 20-30 տարվա մշակութային սպանդը, ժողովրդին հոգևոր արժեքներից կտրելն ու նրան միայն հացի խնդրի գերին դարձնելը հոգեբանական խորը վերք է, որի բուժման համար ժամանակ է պետք: Ժողովրդատյաց ու բարոյազուրկ իշխանավորները միայն երկիրը չէ, որ հոշոտել են, ունեզրկել, միայն մարդկային ու ազգային արժանապատվությունը չէ, որ վտանգել են, նրանց հասցրած բարոյական-հոգեբանական ցավերը իրենց հետքն են թողել յուրաքանչյուրի իրական որակի, մտածողության, հուզականության դրսևորումների վրա:  

Տարբեր կոնվենցիաներին միանալու համար վճարած միլիոնավոր դոլլարների վարկերն ու դրամաշնորհները վերածվեցին իշխանական պալատների, արդյունքում ավերվեցին գիտությունը, կրթությունը, սոցիալական ու առողջապահական ոլորտները: Դատական համակարգը: Երկիրը մղձավանջի մեջ էր, քաոսի, աղքատության, խեղճության, անարդարության ու անիրավության վիճակը, աշխատատեղ կորցնելու վախը հուսահատության էին մատնել հազարավորների, երիտասարդության համար չկար ոչ մի հեռանկար: Երկիրն ամբողջությամբ մի քանի ընտանիքի սեփականությունն էր՝ բառիս ամենաուղղակի իմաստով:

Իսկ ժողովրդի կյանքը միայն ֆիզիկական  գոյատևման կռիվ էր: Իսկ 20 տարում, այո, Հայրենիքում հիմնվեցին հզոր թագավորություն, զորեղ իշխանական տներ, պալատական որկրամոլ սպասավորներ: Պետական մանր ու մեծ պաշտոնյաները դարձել էին ակամա կամակատարներ, քծնող, շողոքորթ, անդեմ, հաճոյացող: Այդկերպ էին ապահովում իրենց տեղն արևի տակ ու բարձրյալների ստվերում:

Նրանց վարժեցրել էին ո՛չ թե հայրենասեր, երկրասեր, ժողովրդասեր, անգամ մարդասեր լինելուն, ո՜չ, նրանց վարժեցրել էին միայն տիրասե՛ր լինելուն,  տիրասիրության: Ծառայում էին նվիրված ու հավատարմորեն:

Նոր, փոփոխվող պայմաններին նրանք չեն հարմարվում, զրկվել են  արտոնյալ-հարստանալու և հարստահարելու իրավունքից: Ամեն ակնթարթ կռիվ-պատերազմ են մղում ժողովրդի ընտրյալ իշխանությունների, ուրեմն և ժողովրդի դեմ՝ հայհոյանքների, սադրանքի, շանտաժի, զրպարտության, սպառնալիքների ձևով՝ բա՛ց ու  անամոթ, ատելությամբ ու թշնամանքով: Նրանք՝ ինքնահրկիզման պատրաստ տիրասերները:

Նրանց ապագան իրենց անցյալն է:

Բայց թող նրանք՝ բու՛ն ժողովրդից պոկված այդ բեկորները, վստահ լինեն, իրենց տերերին ետդարձ չկա, իսկ իրենք սթափվելու խնդիր ունեն՝ թող չայրեն կամուրջները, թող թոթափեն ստրուկի հոգեբանությունը, թող բարոյական ուժ գտնեն՝ առերեսվելու համար իրականության ու իրական երևույթների հետ:

Իսկ իրականությունը մեկն է՝ երկիրը Երկիր է դառնում, և մեզնից յուրաքանչյուրը դերակատարում ու պարտավորություններ ունի:

Որպես վերջաբան

Մեր տեսադաշտը, մեջլիսը, մարտադաշտը  սոցցանցերն են, որտեղ բոլորիս աչքի առաջ մերժվածների տարբեր տրամաչափի խմբերը քիչ-քիչ ոհմակի վերածվեցին, սկզբում՝ զգուշավոր, ավելի ուշ՝ կատաղած, իսկ հիմա արդեն, ի պետս առավել քաջության, ջունգլիների բնակիչների կերպարի մեջ են մտել:

Զավեշտն այն է, որ իրենց՝ արդե՛ն  անհաղթահարելի ճգնաժամերը վերագրում են երկրին, ժողովրդին, կառավարությանը:

Նույնիսկ  իրենց անհեռանկար երազանքներն են  մատուցում որպես  ժողովրդի երազանք: Կրկին հիասթափեցնեմ՝ ժողովուրդն իր մե՜ծ երազանքն արդե՛ն իրականություն է դարձրել: Նույն այդ Ժողովուրդն էլ քայլ-քայլ կհաղթահարի 20-ամյա մղձավանջից ժառանգած բոլոր ճգնաժամերը:

Առավել զավեշտալին նաև այն է, որ անընդհատ, նորահայտ ողորմելի թափթփուկներ են հայտնվում, որպես թե ժողովուրդ, ժողովրդի անունից, ժողովրդի փոխարեն իշխանություւնների հրաժարականներ պահանջող ամպագոռգոռ կոչերով, հորթային հրճվանքով՝ մենք շուտով գալու՜ ենք, ինքնամեծարման մանկամիտ բարբաջանքով:   

Կան նաև, գաղտնի ու խորհրդավոր խաբարբզիկություն են անում, թե այդ  շուտով-ի օ՛րը իրենք գիտեն:  Օ՞րը…

Մարտի 1-ն անցնցում անցավ, առջևում աշունն է, հոկտեմբե՞րը:

Միամիտ չլինենք, ոչինչ չբացառենք:

Սոցցանցերը բացահայտումների առավելություն ունեն: Բոլոր վարչապետացուների, ընդհատակյա դիրիժորների, ընդդիմություն խաղացողների դեմքերը հերթով դիմազրկվում են, իրենք իրենց վարկաբեկում են՝ ի ցույց դնելով մտավոր դատարկ կարողությունները, խոսքի խեղճությունը, բամբասանքՉի բնույթը և, ինչպես կասեր նրանցից մեկը՝ ա՛մենակարևորը, թութակից ավելի՛ թութակ լինելը:

Հ.Գ. 1. Ժողովուրդն իր քայլն արել է, ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդը հիշողություն ունի:

Հ.Գ. 2. Ե՛տդարձ դեպի մերժած անցյալ՝ ճանապարհը փակ է և՛ ժողովրդի, և, հատկապես՝ մերժվածների՛ համար:

Հ.Գ. 3. Իրենց  ծնողներին, զավակներին, թոռներին տեսնես ի՞նչ են պատասխանում պատասխանատվությունից, պատժից փախածները:

Իսկ նրանց միասնական խմբային պատասխանը մեկն՝ ե՜րկիր ենք թալանել, ե՜րկիր ենք թալանել:

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ