Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ. Էդիպյան բարդույթից դեպի հոմերյան քրքիջներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
60-ականների հեքիաթային Երևանը...
Զնգզնգոցով գնացող-եկող ալվան տրամվայներ, մայթերին ձյան ճերմակ գորգի վրա նեոնային լույսերի գույնզգույն, պերոժնու կրեմի նման ախորժաբեր խաղ, գարնան լուսաբացին նոր ջրած ասֆալտի զգլխիչ բուրմունք, իրիկնային քամիներից ծառերի սաղարթների կախարդական խշշոց և բարեկամներ, ազգականներ, այցելուներ ամեն օր՝ սպասված ու սիրելի... Մեր մանկության քաղաքը:
Ինչքա՜ն էինք սիրում, երբ տունը մարդ էր գալիս, չէինք ուզում, որ հրաժեշտ տան. ուզում էինք, որ հավերժ ապրեն մեզ հետ, մեր կողքին...
Այդ շրջանում մեր տուն շուտ-շուտ էր այցելում հայրիկիս հորաքրոջ թոռը՝ Յուրիկ ձյաձյան, միջահասակ, գանգուր մազերով, էն ժամանակվա մոդայով սև, հաստ շրջանակներով ակնոց դրած. ներս էր գալիս ու չէր նստում, անընդհատ քայլում էր սենյակի մեջ, իսկ երբ խոսելիս լարվում էր, դեմքին փոքրիկ ջղակծկումներ էին լինում:
Տատս պաշտում էր իր տալի թոռներին՝ Յուրիկին ու Էդիկին, իսկույն սեղան էր գցում, հետն էլ հարցուփորձ անում տնեցիներից.
- Կերած եմ,- Մանյակ տոտա,- մի տեսակ ինքնաբերաբար ասում էր Յուրիկ ձյաձյան՝ շարունակելով անհանգիստ քայլել հյուրասենյակից-խոհանոց և հակառակը:
Կարծես, միշտ ցրված էր՝ ուշքն իրենում, ինքն իր մտքերի հետ. ահա այսպես եմ հիշում թատերագիր Ժիրայր Անանյանին իմ մանկության օրերից:
Երբ ավելի մեծացա, սկսեցի գրականություն կարդալ, նրան նմանեցրի Գոգոլի Ակակի Ակակիեևիչին՝ բարի, մտասույզ, ինքնամփոփ, անփույթ հագնված, իր ապրումների վրա սևեռված մարդուն: Կարող էր թվալ, թե նա միաժամանակ երկու տարբեր աշխարհներում է ապրում. և այստեղ, և այն մյուսում, որը միայն իրեն էր հայտնի, իրեն էր հասանելի:
Ժիրայր և Էդվարդ Անանյան եղբայրներն ինձ համար հայերեն գեղեցիկ և գրագետ խոսելու, համով-հոտով արտահայտվելու, բարեկիրթ սրամտելու անգնահատելի օրինակ դարձան: Մի յուրատեսակ սրամտություն էր, երբ Յուրիկ ձյաձյան, ցանկանալով խրախուսել իմ «պոետական փորձերը», «Պիոներ կանչ» թերթում մի գողտրիկ բանաստեղծություն տպեց, տակն էլ գրված՝ «Վարդգես Դավթյան, 5-րդ դասարանի աշակերտ»:
Հիմա ես երախտապարտ եմ իրեն, որ այդ օրն իսկ «բուժվեցի» պոետ դառնալու մոլուցքից, երդվելով այլևս բանաստեղծություն չգրել: Այդպիսի յուրահատուկ աուրա ուներ Ժիրայր Անանյանը՝ քո իրական կյանքը հեքիաթի էր վերածում, քեզ էլ դարձնում հեքիաթի հերոս: Հետագայում նույն աուրան համակում էր նրա պիեսները կլանող հարյուր հազարավոր հանդիսատեսներին:
Այդ շրջանից (70-ականների սկզբից) արդեն մեծ թափ էր առել Ժիրայր Անանյան թատերագրի հաղթարշավը Հայաստանի թատրոններում, նաև Այսրկովկասի, Իրանի և Լոսի բեմահարթակներում:
Հետագայում բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը պիտի խոստովանի, թե «Ժիրայրը վերջին երկուսուկես տասնամյակում կերակրեց հայ թատրոնը», նրա պիեսները պիտի բեմ ելնեն ռեկորդային - 500-600-700 անգամ, մոսկովյան «Театр» հանդեսը պիտի վկայակոչի Անանյանի «Տաքսի, տաքսին»՝ ստեղծագործություն, որը մեկ թատերաշրջանում ներկայացվել էր 100-ից ավելի անգամ, ձևավորվելու էր համընդհանուր սեր և ընդունելություն...
Բայց կյանքում նա միշտ մնալու էր այն նևրոտիկ, դյուրազգաց, անշքեղ արտաքինով, անպաշտպան, փոքրամարմին մեծ մարդը: Ժիրայր Անանյանն ամենին հասել էր ոչ հանդարտ ու ոչ դյուրին ճանապարհով. ներքին հոգեբանական պայքարի, ինքնակեղեքումների և ծանր ապրումների գնով: Եվ ամենն ուներ իր խորքային պատճառները:
- Յուրիկ ջան, էդքան ծխիլ մի, էդ ուր ես էդքան ծխում,- մորմոքում էր տատս, տեսնելով, թե ինչպես է նա ծովահենի պես ծխախոտը ծխախոտից վառում: Ժիրայր Անանյանի կենսակերպով և ապրումներով մշտապես մտահոգ էր իր մայրը, Վարդուշ Մելիքյանը, հայրիկիս հորաքրոջ աղջիկը, մեր սիրելի Վարդուշ ծյոծյան, որը, կարելի է ասել, մեր ընտանիքի պահապան հրեշտակն էր:
Բարության մարմնացում էր, Նալբանդյան դպրոցի հարգված ուսուցչուհիներից մեկը: Մտահոգ էր, որ Ժիրայրի այդքան հաճախադեպ ներկայացումների համեմատ շատ քիչ են վարձատրում, երբեմն էլ ընդամենը բանկետ են սարքում ներկայացումից հետո, մեծարում, ապա դատարկ գրպանով ճամփում տուն:
Ժիրայր Անանյանն ազատ ստեղծագործող էր, որևէ հիմնարկում չէր աշխատում, ապրում էր իր պիեսների, գրքերի հոնորարներով, ինչպես նաև ներկայացումներից ստացվող համեստ վճարումներով: Ներքին վեհանձնություն ուներ. չնայած թատրոնին մատուցած իր մեծ ծառայությանը, երբեք չէր խնդրի, վիզը չէր ծռի կուսակցական կամ պետական չինովնիկների առաջ՝ նյութական արժեք կամ արտոնություն պոկելու ակնկալությամբ: Պրակտիկ մարդ չէր:
Մի թատերական սեզոնում նույն պիեսը 100 անգամ բեմադրած դրամատուրգներից էին եղել Չեխովը, Բուլգակովը, Արբուզովը... Ժիրայր Անանյանի համար դա կարծես թե սովորական բան էր, երբեք դա դրոշակ չդարձրեց...
Մեր տանը Ժիրայրի հոր մասին խոսելը կարծես տաբու էր՝ արգելված թեմա: Երբ արդեն ավելի հասուն էի և մեր թանկագին Վարդուշ ծյոծյան վախճանվել էր (70-ականների վերջին), տատս պատմեց եղելությունը:
Ժիրայրի հորական տոհմը՝ Անանյանները (իրականում Տեր-Անանյանները) Տավուշի Բերդ գյուղում (այժմ՝ Բերդ քաղաքում) հայտնի է եղել իր բացառիկ գրագետ ու երևելի ներկայացուցիչներով: Տոհմի հիմնադիրը եղել է Տեր-Անանիա երկարակյաց քահանան, իր ժամանակի կրթված մարդկանցից մեկը: Ժիրայրի պապը՝ Սարգիս Տեր-Անանյանը ավարտել է Ներսիսյան դպրոցը, իսկ 1906 թվականին (21 տարեկանում ) հայերեն է թարգմանել և հրատարակել Մոպասանի «Մի կյանքը» վեպը:
Սարգիս Տեր-Անանյանի եղբայրը (Ժիրայր Անանյանի հոր հորեղբայրը)՝ Արշալույս Անանյանը, եղել է բացառիկ ինտելեկտի տեր անձնավորություն, էլի՝ ներսիսյան դպրոցում սովորած, գյուղական ուսուցիչ: Նրա բացառիկությունը հասել է խելահեղության աստիճանի: Երբ որևէ դժվար խնդիր են ունեցել, միշտ դիմել են ընկեր Արշալույսին, որն առաջարկել է նորմայից դուրս, անսպասելի և հետաքրքիր լուծումներ:
Տատս պատմում էր, որ նա «Պրավդա» թերթը վերցնում և հընթացս թարգմանելով արագ կարդում էր, որպես հայերեն թերթ: Երբ հայտնվում էր գյուղամիջում, մարդիկ գալիս, շրջապատում էին նրան ու սկսում հարցեր տալ: Նա բոլոր հարցերին կարճ և իմաստուն պատասխաններ էր տալիս: Մի անգամ էլ, շրջկոմի 1-ին քարտուղարը գալով հարցասեր ամբոխի մեջ, հավակնոտ տոնով դիմում է այդ տարօրինակ մարդուն. «Ընկեր Արշալույս, ուսումդ արդեն վերջացրել ե՞ս»:
«Խենթ ուսուցիչը» խեթ-խեթ նայում է հարցը տվողի կողմը և ասում. «Էդ ո՞վ է էդ ապուշը, նա չգիտի՞, որ ուսմանը վերջ չկա»: 1937 թվին միայն ընկեր Արշալույսը կարող էր այդպես պատասխանել շրջանի թիվ 1 կոմունիստին...
Տատս մի առանձին ցավով ու ափսոսանքով էր պատմում Ժիրայր Անանյանի ծնողների՝ Հրայրի և Վարդուշի սիրավեպի մասին: Հրայրը ուսուցիչ էր՝ գանգուր մազերով, գեղեցիկ դիմագծերով, ուղղակի սիրահարվելու արժանի երիտասարդ տղա, իսկ Վարդուշը՝ սպիտակ, կլորիկ երեսներով, խարտյաշ մազերով, կրակոտ բնավորությամբ ուրախ պարմանուհի: Վարդուշի ծնողները, քեռին և քեռակինը (իմ տատն ու պապը) չեն խրախուսել նրանց մտերմությունը, պատճառաբանելով մի կողմից փեսացուի արկածասեր վարքը, մյուս կողմից՝ նրա հորեղբոր՝ ընկեր Արշալույսի հիվանդությունը:
Սակայն երիտասարդ աղջիկն ականջ չի դրել, գնացել է իր առաջին սիրո ետևից, որը և իր միակ սերը մնաց ամբողջ կյանքում: Վարդուշն այդպես էլ չնկատելու տվեց ամուսնու սիրային արկածները, երբ արդեն երկու տղաների մայր էր և հանրության կողմից գնահատված, սիրված ուսուցչուհի: Եվ այստեղ է ի հայտ գալիս ընտանեկան ողբերգությունը, պատանի Ժիրայր Անանյանի հոգեկան դրաման, որը նրան ուղեկից եղավ ամբողջ կյանքում:
Եթե մնար Վարդուշի հայեցողությանը, երբեք Հրայրից չէր բաժանվի, սակայն պատանեկան պատվասիրությամբ լցված Ժիրայրը հերթական ընտանեկան վեճի ժամանակ հորը ստիպում է, որ այլևս տուն չգա... Եվ հայրը վերջնականապես հեռանում է և նոր ընտանիք ստեղծում իր սիրուհու հետ: Այս պատմությունը հոգեբանական բարդ շերտեր ունի: Ժիրայր Անանյանի ծնողներն ամբողջ կյանքում ինչ-որ մի աներևույթ, պատանեկան, եթերային կապով մնացին կապված, չնայած չհանդիպեցին այլևս:
Երբ Վարդուշ ծյոծյան մահացավ, արդեն ծերացած Հրայրը գալիս խնդրում է տատիս, որ թույլ տան վերջին անգամ տեսակցի իր տղաների մորը: Սակայն, Ժիրայրը և Էդվարդը մերժում են տատիս միջնորդությունը: Տատս արցունքն աչքերին պատմում էր Հրայրի ապրումների մասին: Շատ կարճ ժամանակ անց վախճանվում է նաև Հրայրը: Տատս իր կրտսեր եղբորը՝ Մուշեղ Խաչատրյանին (որը բարձր պաշտոնյա էր և մտերիմ էր Ժիրայր Անանյանի հետ) խնդրում է, որ անպայման համոզի նրան, մասնակցելու հոր հուղարկավորությանը:
Մուշեղ Սողոմոնովիչը կարողանում է համոզել և նրան՝ Կարպ Խանչվանքյանի հետ, տանում է Բերդ ավան, վերջին հրաժեշտը տալու: Ժիրայրը Կարպի հետ մի տխրամած լուսանկար ունի. Բերդի բարձր բլուրներից մեկի, Սորանի ռեստորանի պատշգամբից նայում են Տավուշի հեռուները:
Հետագայում Ժիրայր Անանյանը կխոստովանի. «Շատ երկար ժամանակ հորս չէի ներում, հետո ինքս ինձ չէի ներում չներելու համար...»: Այս ամենը, ինչպես նաև այն իրողությունը, որ սկզբնական շրջանում Ժիրայրը իբրև կեղծանուն գործածում էր «Չանանյան» ազգանունը, որ իր գրքերի տիտղոսաթերթերում հոր անունը չէր նշում (ինչը ժամանակին զարմացրել էր գրականագետ Դավթ Գասպարյանին), վկայում են, որ նրա ներաշխարհում մշտապես մռլտում էր այսպես կոչված էդիպյան բարդույթը՝ ընդգծված սերը մոր հանդեպ և վախը, ատելությունը, նողկանքը, բայց և միևնույն ժամանակ անթեղված սերը հայրական կերպարի նկատմամբ:
Այս բարդ հոգեբանական կոմպլեքսը փաստորեն ամբողջ կյանքում ուղեկցեց և քայքայեց Ժիրայր Անանյան անձի ներքին հոգեկան աշխարհը: Նա միշտ մնաց ահա այդպես ներսուզված, ներքին սևեռումների բեռի տակ, արտաքուստ ինչ-որ անհասկանալի տագնապների մեջ, կյանքից լիապես չհագեցած, իսկ արտաքուստ՝ անուրախ, միապաղաղ էմոցիաներով:
Առօրյա կյանքում նրա հետ շփվելիս երբեք չէիր կարծի, թե այս մարդն է գրել Կնյազ Չփլախյանի և Ռոզա Սմբատովնայի զվարճալի դիալոգները, որոնք լսելիս հանդիսատեսը ծիծաղում, քրքջում, աթոռից վայր է ընկնում: Կարել է կարծել, որ հենց այդ կոմպլեքսներն էին նրան հոգեբանական հզոր մղում տալիս ստեղծագործական թռիչքների համար:
Այս երևույթը կարելի է կարճ բանաձևել Ֆոյերբախի խոսքով. «Ծիծաղը մարդու հոգին անց է կացնում անդունդի վրայով, ստիպելով խաղալ սեփական վշտի հետ»:
Սա հենց ելակետային է Ժիրայր Անանյան ֆենոմենը (անձը և ստեղծագործությունը) հասկանալու համար: Ջանալով ազատվել իր ներքին՝ անձնական տվայտանքից, նա բժշկեց, առողջացրեց, չարաթափ արեց մի ողջ ժողովրդի:
Վարդգես Դավթյան