Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Զորայր Խալափյանի «խոհանոցը» շատ գաղտնիքներ ուներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Իմ ուսանողական տարիների լավագույն ընկերներից էր Տիգրանը՝ մի ազնիվ անձնավորություն, որը միշտ խոհերի, ստեղծագործական որոնումների մեջ էր:

Նրա հայրը ճանաչված արձակագիր Զորայր Խալափյանն էր, ում հետ «համարձակվեցի» ծանոթանալ Տիգրանի հորդորների շնորհիվ:

Հետագայում ես մտադիր եմ առանձին առիթով անդրադառնալ հայ հոգեբանական արձակի այդ երևելի և ինքնատիպ ներկայացուցչի ստեղծագործությանը, ում հետ իմ ինտելեկտուալ բարեկամությունը տևեց մոտ մեկ տասնամյակ:

Այստեղ կարևոր եմ համարում նշել, որ Զորայր Խալափյանը տաղանդավոր գրող լինելուն զուգահեռ, նաև տաղանդավոր ընթերցող էր՝ հազվագյուտ որակ հայ գրագետների շրջանում: Ոչ թե սովորական, այլ, եթե կարելի է այդպես ասել, համալիր կամ բազմապրոֆիլային ընթերցող:

Նույն գիրքը, ասենք, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը, կարող էր կարդալ որպես գեղարվեստական գործ, ապա մշակել որպես հոգեբանության և հոգեախտաբանության ձեռնարկ (օգտվելով մասնագիտական բառարաններից և դասագրքերից), ապա գնահատել-իմաստավորել, որպես Նոր Կտակարանի բաղկացուցիչ մաս: Ինձ թվում է, որ նույնպիսի մեթոդաբանությամբ կարելի է կարդալ իր իսկ՝ գրողի վեպերն ու վիպակները.

«Որտեղ էիր մարդ աստծո», «Մեռնող-հառնող», «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը», «Ջերմաց մխիթարություն»... Ընդհանրապես, Զորայր Խալափյանի ստեղծագործական խոհանոցը շատ գաղտնիքներ և խորհրդավորություններ էր պարունակում:

Նա ևս ստիպված եղավ անցնել 1991-93-ի «զուլումի» տարիների միջով: Այցի գնալով, ամեն անգամ նրան տեսնում էի ցուրտ, կիսախավար տան մեջ, վերարկուն ուսերին գցած, մոմի լույսի տակ, մի հին, գերմանական գրամեքենայի առջև նստած ստեղծագործելիս: Մեր զրույցները ձգվում էին մինչև կեսգիշեր: Այսօրվա մեր երիտասարդները կդժվարանան պատկերացնել, թե ինչ երջանկություն էր շփվել, մտքեր փոխանակել բացառիկ տաղանդավոր մարդկանց հետ: Իսկ Խալափյանի տաղանդը նաև իր անձնային նկարագրի մեջ էր. նա հազվագյուտ ազնիվ մարդ էր:

Այդ շրջանում ևս հետաքրքիր հյուրեր էր ունենում՝ գրողներ, կինոգործիչներ, թարգմանիչներ: Իր տանն եմ առաջին անգամ հանդիպել Մանուկ Մնացականյանին, Առնոլդ Աղաբաբովին: Հիշարժան պատմություններ էին անում:

Օրինակ Առնոլդ Աղաբաբովը պատմում էր «Արևիկ» ֆիլմի և Սոֆիկո Ճիաուրելիի մասին: Մի շրջան Խալափյանին դարձրել էին գրողների միության քարտուղար, երիտասարդ ստեղծագործողների հետ տարվելիք աշխատանքների գծով: Խեղճը ստիպված էր լինում իր թանկարժեք ժամանակը տրամադրել կասկածելի քանքարի տեր պրովինցիալների, դատարկամիտ նարցիսների, երբեմն էլ, պարզապես, հոգեկան հիվանդների, որոնց հոսքը չէր կտրվում:

Մի երեկո սովորականի պես այցի էի գնացել Խալափյանին այն պահին, երբ նրա երիտասարդ հյուրը գեղջուկի համառությամբ կրկնում էր . «ախր բացառիկ տողեր են, է ...», «ախր բացառիկ տողեր են, է ...»: Ի՞նչ էր գրածը . «Քո վառ շուրթերը, քո ստինքները» ... սըհենց անեմ, նըհենց անեմ ...

Զորայրը փորձում էր գեղարվեստական խոսքի էսթետիկայից պարզաբանումներ տալ, բայց հյուրը, նրան ընդհատելով, շարունակում էր . «Էդ մասին էլ ունեմ գրած ... բացառիկ տողեր են...»:

Խալափյանը, որ զուսպ ու բարեկիրթ մարդ էր, ճարը կտրած, ասաց. «Տղա ջան, կյանքում այդ բաները պիտի անել, ոչ թե այդ մասին գրել»: Պոետի դեմքը միանգամից մետաղական երանգ առավ (հոգեբույժ Չիժը 19-րդ դարում այն անվանել է արճճային հայացք): Թղթերը հավաքեց, քայլեց դռան կողմը, ապա հանդիսավորությամբ հայտարարեց. «Իմ մասին դուք դեռ կլսեք»: Ու գնաց: Հիմա, որ հայոց գրական դաշտը լցված է «քեռի խեչանների» որդիներով, այդ մեկի անունը ես դեռ չեմ լսել:

Դուք լսել ե՞ք…

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ