Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«Արևելքից մոգեր եկան...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Մենք հպարտանում ենք այն փաստով, որ առաջին ազգն ենք, որն ընդունել է քրիստոնեությունը իբրև պետական կրոն 301 թ. Ք.հ.: Եվ իրավունք ունենք հպարտանալու, եթե այդ հպարտությունն, իհարկե, զուտ զգացմունքներով չսահմանափակվի:

Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհի սպասելիքները հայերից շատ ավելին են, քան մենք տալիս ենք:

Անգամ Հռոմի Պապի՝ Հայաստան այցից հետո, երբ թվում էր, թե աշխարհը մեծագույն փոփոխությունների եզրին է, և հայերս վերջապես կասենք այն, ինչին կարոտ է մարդկությունը, սակայն ոչինչ էլ չեղավ… Վատիկանում տեղադրվեց Նարեկացու արձանը, և վերջ… Ու պարզվեց, որ մենք աշխարհին ասելիք, այնուամենայնիվ, չունենք: Շատ ցավալի է…

Սակայն մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ նկատառում էլ կա` մենք ասելիք ունենք և ասում ենք, բայց լսող չկա:

Քրիստոսի ուսմունքն առաջինն ընդունած, Տիեզերական բոլոր ժողովներում ամենաակտիվ մասնակցությունն ունեցած ազգը և պետությունը միայն չորս տեղ և այն էլ անուղղակիորեն է հիշատակվում Ս. Գրքում: Սա ի՞նչ դավադրություն է:

Հետո մի տեղ կարդացի Հենրիխ Շլիմանի հանրահայտ խոսքը՝ «Եվրոպական քաղաքակրթությունը դատապարտված է, քանի որ ի սկզբանե հենվել էր սխալ արժեքների՝ անտիկ հունական մշակույթի վրա, մինչդեռ պետք էր հենվել հայկականի վրա»:

Երկար փնտրեցի մեծ հնագետի այլ խոսքեր Հայաստանի և հայ մշակույթի մասին, բայց ապարդյուն: Վերը նշված միտքն էլ միայն որպես մեջբերում է հանդիպում:

Մեզնից անմիջապես հետո Հռոմն է ընդունել քրիստոնեությունը: Քայլեք Հռոմով, ողջ Իտալիայով, անցեք Հունաստան և այլ երկրներ:

Քրիստոնեության ընդունումից հետո Հայոց աշխարհում ավերվեցին բոլոր նախաքրիստոնեական հուշարձանները, մինչդեռ Հռոմում և Հունաստանում դրանք մնացին: Ինչու՞: Խաչիկ Չալիկյանի կարծիքով հիմնական պատճառն այն էր, որ հզոր քաղաքակիրթ աշխարհը փորձեց մաքրել այն հետքերը, որոնք շատ ավելի մեծ արժեք ունեին:

Այսօր կփորձենք մեկ այլ դավադրության հետքերով գնալ և կփորձենք ազատվել այդ ապատեղեկությունից կամ, նվազագույնը, սխալ մեկնաբանությունից:

Միասին կարդանք Նոր Կտակարանից մի հատված (Մատթեոս Բ, 2-12)՝ «Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր (որոշ աղբյուրներում՝ իմաստուններ՝ wise men – Դ.Խ.) եկան Երուսաղեմ և ասացին՝ «Ո՞վ է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»:

Եվ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ՝ և Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը: Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե ու՞ր պիտի ծնվի Քրիստոսը: Եվ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. Քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին»:

Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը: Եվ նրանց Բեթղեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին և երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:

Եվ նրանք, երբ թագավորից լսեցին այս, գնացին: Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր: Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան: Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը»:

Ուրեմն՝ «Արևելքից մոգեր եկան…»:

Փորձեք թեկուզ համացանցի օգնությամբ փնտրել-գտնել այս թեմայով բոլոր նկարները: Եվ ա՜յ քեզ զարմանք՝ ի՜նչ ազգ ասես չկա այդ նկարներում… Էլ սևամորթներ, էլ հնդիկներ, անգամ չինացիներ (շեղաչք ռասայի ներկայացուցիչներ)… Որքան մեզ հայտնի է՝ Պաղեստինից արևելք ընկած տարածքում սևականներ անգամ այսօր չկան: Երկու հազար տարի առաջ օդանավեր չկային: Չինացին և հնդիկը Երուսաղեմ հասնելու համար ամիսներ, եթե ոչ տարիներ, պիտի ծախսեին՝ հարյուր անգամ կողոպտվելով, քանի որ իրենց հետ մեծ գանձեր էին տանում: Եվ ի՞նչ կապ կարող էին ունենալ նորածին Փրիկիչի հետ նեգրոիդը, մոնղոլոիդը և հնդիկը…

Եկեք մի կողմ թողնենք այս մտացածին և սուտ մոգերին ու հայացք նետենք պատմական անցքերին և քարտեզներին:

Հայաստանում բարդ ժամանակներ են: Թագավորում է Աբգար Ե թագավորը, որը փորձում է ամեն կերպ փրկել հայոց պետականությունը՝ Հռոմի և Պարթևեների հետ դժվարին դիվանագիտական խաղեր տալով և հարկ եղած դեպքում իր զորքն օգտագործելով:

Ուրեմն, 1 թիվն է՝ Տիգրան Մեծից ընդամենը մի քանի տասնամյակ անց:

Պատկերացնու՞մ եք, թե դեռևս ինչ կապեր կային Հայաստանի և Պաղեստին կոչվող այս երկրամասի միջև՝ քաղաքական, զինվորական, առևտրային, մշակութային, մարդկային, միգուցե՝ անգամ ազգակցական, և այլն: Եվ ոչ մի բառ հայերի մասին: Ովքե՞ր են պարականոնիկ Նոր Կտակարանը կազմողները և ի՞նչ նպատակ են հետապնդել: Էլ ինչու՞ ենք զարմանում, երբ Կողքիսը Կոլխիդա է դառնում, Աղվանքը՝ Ալբանիա, իսկ Եդեմի չորս գետերից մեկը՝ Փասիսը (Ճորոխ), Հայկական բարձրավանդակից տեղափոխվում է Վրաստանի մի ճահճավայր և դառնում Ռիոնի, իսկ  Եփրատն ու Տիգրիսը հանկարծ նույնանում են Ինդոսի ու Գանգեսի հետ, իսկ Հայաստանի մի հատվածը՝ Օսրոենե թագավորություն՝ Եդեսիա մայրաքաղաքով…

Դե ի՞նչ, եթե այսպես կոչված «կանոնիկ» գիտությունը մեր դեմ է գործում, ապա փորձենք դիմել «պարականոնիկ» աղբյուրներին և մեր առողջ տրամաբանությանը:

Կանոնիկ աղբյուրները ոչինչ չեն ասում, թե որտեղ է գտնվել Հիսուսը 12-29 տարեկանում: Մեկ այլ աղբյուրից (Н.Нотович, “Тайная жизнь Иисуса Христа”, С.Петербург, 1910) տեղեկանում ենք, որ այդ ընթացքում Հիսուսը ճամփորդել, ուսանել, կատարելագործվել և անգամ քարոզել է Հնդկաստանում և Տիբեթում: Պաղեստինից Տիբեթ ճանապարհը պիտի անցներ Հայաստանով (հիշենք, որ դա 12 թ.ից հետո էր), Պարսկաստանով, Մարաստանով, Քուշանների երկրով և այլն:

Ուրեմն՝ Հիսուսը հաստատ պիտի իմանար Հայաստանի և հայերի մասին: Եվ, բնականաբար, հայերն էլ պիտի իմանային նրա մասին, հատկապես, երբ Հիսուսն արդեն վերադառնում էր Պաղեստին, որպեսզի կատարի իր առաքելությունը, այսինքն՝ մոտավորապես 29 թ.-ին:

Հաջորդ աղբյուրը մեր սիրելի և հարազատ Խորենացին է (Գիրք Բ, ԻԶ-ԼԴ), որին չհավատալու որևէ հիմք գոնե մենք՝ հայերս չունենք:

Տիգրան Մեծն ամեն կերպ փորձում էր ամրապնդել իր իշխանությունը դեպի Միջերկրական ծով: Դրա համար էլ կառուցեց իր մայրաքաղաք Տիգրանակերտը Տիգրիսի ափին: Եդեսիա (սկզբնապես՝ Օրրոն կամ միգուցե՝ Օրրան, Այնուհետև՝ Էդեսսա, օսմանների տիրապետությունից հետո՝ Ուռհա, ապա Ուրֆա) քաղաքի հիմնումն էլ է վերագրվում Տիգրանին, թեև հիշատակվում է նաև Աբգարի անունը, որը Մծբինից իր արքունիքն ու բոլոր կուռքերը տեղափոխում է այստեղ:

Հիշենք, որ աշխարհագրական այս վայրում էր Հայոց գունդը պահպանում Եփրատի անցքը Կասսիոսի դեմ, իսկ Հայաստանի և Հռոմի սահմանն (ըստ ն.Ք. 66 թ. Արտաշատի պայմանագրի) անցնում էր հենց Եփրատով: Հերովդեսի դեմ արշավելու փոխարեն Աբգարն իր զորքով ուղևորվում է Պարսկաստան և այնտեղ գահին է նստեցնում Արտաշեսին, կարգավորում է բոլոր միջտոհմական և արքունի հարաբերությունները և վերադառնում Եդեսիա՝ ինչպես Խորենացին է գրում՝ «չարաչար ցավերով ախտացած»:

Ամենայն հավանականությամբ Աբգարը վարակվել էր բորոտությամբ՝ անբուժելի ու ծանր հիվանդությամբ: Այնուհետև Աբգարն իր երեք հավատարիմ մարդկանց ուղարկում է Պաղեստինի Բեթքուբրին (Բեթղեհե՞մ) քաղաք՝ հատուկ առաքելությամբ: Վերադարձին Աբգարի դեսպանները հատուկ մտնում են Երուսաղեմ, որպեսզի տեսնեն Հիսուսին, «որի սքանչելագործությունների համբավը լսել էին, և իրենք էլ ականատես դառնալով (վերադարձան և) պատմեցին Աբգարին»:

Աբգարը խիստ ազդվում է և ասում. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծու, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Դրանից հետո Աբգարը թուղթ է ուղարկում Փրկչին՝ հրավիրելով Եդեսիա իր հետ միասին բնակվելու և իր հիվանդությունը բուժելու (Խորենացի, Գիրք Բ, ԼԱ): Քանի որ Եդեսիայից մինչև Երուսաղեմ շատ հեռու չէ, Աբգարի մարդիկ Հիսուսին և նրա աշակերտներին հանդիպեցին դարձյալ Երուսաղեմում և հանձնեցին Աբգարի թուղթը:

Հիսուսն իր աշակերտ Թովմաս առաքյալին հանձնարարում է պատասխանել Աբգարին՝ խոստանալով իր փոխարեն ուղարկել իր աշակերտներից մեկին, որ բուժի և կյանք շնորհի իրեն հավատացողներին: Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակն ու պալատական նկարիչը՝ Անանը, և թղթի հետ միասին նաև Հիսուսի կենդանագիր պատկերը, որը երկար ժամանակ պահվում էր Եդեսիա քաղաքում: Համենայն դեպս՝ Խորենացու ժամանակ դեռ այնտեղ էր: Ի դեպ, հետագայում այս կենդանի պատկերը (Άγιον Μανδήλιον = բրդե թիկնոց, մանդիլյոն) երկար ժամանակ համարվում էր կորած, մինչև որ ի վերջո հայտնաբերվեց Իտալիայի Ճենովա քաղաքի Ս.Բարդուղիմեոս հայկական կաթոլիկ եկեղեցում:

Թեև սա առանձին պատմության նյութ է, սակայն ցույց է տալիս Եդեսիա քաղաքի և ընդհանրապես հայերի մերձավոր առնչությունը Հիսուսի ուսմուքին՝ հենց վերջինիս ծննդյան և գործունեության օրերից սկսած:

Հետագա պատմությունը քիչ թե շատ գիտենք՝ գալիս են Թադեոս (Թադե) և Բարդուղիմեոս առաքյալները և քարոզում Հիսուսի ուսմունքը Հայաստան աշխարհում, և ապա նահատակվում: Աբգարն անգամ նամակ է ուղարկում Տիբերիոս կայսրին՝ բացատրելով իրավիճակը և խնդրելով արդարացի և խելամիտ որոշում կայացնել Քրիստոսի և քրիստոնյաների հարցում: Տիբերիոսը խոստանում է հենց այդպես էլ վարվել:

Այս ֆոնի վրա կրկին անդրադառնանք այն հարցին, թե ովքե՞ր էին արևելքից եկած մոգերը կամ իմաստունները: Ովքե՞ր կարող էին գալ Պաղեստինի արևելյան կողմերից, որոնք տեսած կլինեին Հիսուսի աստղը և կշտապեին երկրպագել նրան և ապա նրա լույսը տանել իրենց հետ:

Վերևում արդեն բացատրեցինք, որ որևէ այլ տեղից, քան բուն Հայստանից, մոգերը գալ չէին կարող: Իր զարգացման գագաթնակետում գտնվող Հայաստանը՝ որպես բոլոր ազգերին լույս և գիտություն սփռող հյուսիս-արևելյան երկիր, որը զարգացման հելլենիստական ուղղությունն էր բռնել: Եթե Ս.Գրքում նշվեր ոչ թե արևելքից, այլ արևմուտքից, ապա կարելի էր մտածել Հռոմի որևէ պրովինցիայի (Հունաստան) մասին, սակայն սկզբնաղբյուրն ասում է՝ արևելքից, իսկ մեր խորին համոզմամբ  հյուսիս-արևելքից՝ Մոկքից (Մոկս) կամ Աղձնիքից կամ էլ հենց Եդեսիայից, որը կապող հանգույց էր արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև:

Միայն Հայաստանի իմաստուն գիտական միտքը կարող էր հետևել Հիսուսի աստղին և դրանից հետևություններ անել:

Այստեղ շատ կարևոր է թարգմանության հարցը: Հայտնի է, որ Ս.Գիրքը հայերեն թարգմանվել է հիմնականում հունարեն բնագրերից: Սակայն Ս.Գիրքը սկզբնապես գրվել է արամեերեն (Արամի լեզվո՞վ): Սա էլ առանձին և խոր ուսումնասիրության առարկա է, և մենք շատ երախտապարտ կլինեինք, եթե որևէ մասնագետ լույս սփռեր այն հարցի վրա, թե ինչ է գրված եղել նախնական տարբերակում: Եվ ի՞նչն է դուրս մնացել կանոնիկ գրքերից:

Հաջորդը դրույթը, որում միակարծիք են քրիստոնեական բոլոր եկեղեցիները, երեք մոգերի անուններն են՝ Մելքոն, Գասպար և Բաղդասար, որն ինքնին խոսուն փաստարկ է մեր վարկածի օգտին: Այս երեք իմաստունների ոսկորները պահվում են Գերմանիայի Քյոլն քաղաքի մայր տաճարում, ուր փոխադրվել են 1162 թ. Միլան քաղաքից: Ովքեր միայն գիտական փաստարկներին են հավատում,  առաջարկում եմ այդ մասունքներից ԴՆԹ վերլուծություն անել և համեմատել հայերի գեների հետ:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս երեք իմաստուն մարդիկ Երուսաղեմից վերադառնում են Մոկս և օթևանում Աստիճանց ձորակում (Աստղաճանչ կամ միգուցե  Աստղաճաճանչ՝ կապեք դեպի նորածին Հիսուսը ճանապարհ ցույց տվող աստղի հետ - Դ.Խ.): Գասպարի մոտ էին Մարիամ Աստվածամոր կողմից՝ մանկահասակ Հիսուսի (կամ միգուցե հենց իր) գլխից սանրած մազերը:

Արդեն տուն՝ Մոկս կամ Մոկք հասնելուց հետո Գասպարը գնում է լեռները զբոսնելու կամ որսի և քամին նրա ձեռքից թռցնում է մազերը: Տեսիլքը երեք իմաստուններին պատգամում է մազերի ընկած վայրում եկեղեցի կառուցել, որը հետագայում դառնում է Ս. Ամենափրկիչ վանքային համալիրը: Իսկ հանկարծամահ Գասպարին թաղում են հենց եկեղեցու հիմքի մեջ (Տես՝ Է. Խեմչյանի հոդվածը: Հղումը՝ Ազգագրական Հանդես, XXVI գիրք, Թիֆլիս, 1917, էջ 208):

Մոգերի տված ընծաներին խորհրդավոր նշանակություն է տրվում, որովհետև ոսկին (արքայական նշան) ընծայված է իբրև թագավորի, կնդրուկը (անուշ խունկ) ընծայված է իբրև Աստծո, և զմուռսը (դառնահամ խեժ) ընծայված է իբրև Փրկչի: Ուստի մոգերի ընծայաբերումը եղել է կատարյալ մի դավանության արտահայտություն՝ ճանաչելով Քրիստոս մանկանն իբրև թագավորի, աստծո և փրկչի միաժամանակ: Նման խորիմաստ ընծաներ կարող էին մատուցել հիրավի շատ իմաստուն, հարուստ և հավատով ապրող մարդիկ:

Ի դեպ, ըստ վերը բերված ավանդության՝ իմաստուններն իրենց տարած նվերների դիմաց նաև նվերներ էին ստացել Մարիամից՝ նշխարք, Հիսուսի կամ իր մազերից և իր կրծքի կաթից:

Մի բան էլ հիշենք մեր պատմությունից:

Հիսուս Քրիստոսի մահից ընդամենը 30 տարի անց Արշակունյաց հարստության հիմնադիր Տրդատ Ա-ն Ներոնի հրավերով իր երեք հազարանոց շքախմբով մեկնում է Հռոմ: Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց, ընդ որում Հռոմից բավականին հեռու` Նեապոլիս քաղաքում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով (triumphus) որպես հաղթող, որն իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու Հռոմին ստիպեց հաշտվել արևելյան հզորագույն տերության գոյության փաստի հետ: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում (Տես, մասնավորապես, Սվետոնիոս, «12 Կեսարների կյանքը», Երևան, 1986):

Ասում են, թե Ներոնն օրական 800.000 արծաթ սեստերցիում էր ծախսում Տրդատի համար:

Ներոնը Տրդատին հայոց գահը հանձնեց Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակվեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»: Մինչդեռ Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որն այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:

Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, նրան 100 միլիոն սեստերցիում է նվիրում, ինչպես նաև մեծ թվով արհեստավորներ է ուղարկում Հայաստան: Այս միջոցներով Արշակունյաց հարստության հիմնադիր Տրդատ Ա-ն, մասնավորապես, վերանորոգում է Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը և վերակառուցում Գառնիի տաճարը:

Այսինքն՝ Տիգրան Բ-ից հետո և Տրդատի ժամանակներում Հայաստանն առանց չափազանցության աշխարհի առաջին երեք հզորների շարքում էր՝ Հռոմ, Պարսկաստան, Հայաստան: Եվ ահա այս երկրի մասին, որը ոչ միայն հզորագույն ռազմական և աշխարհաքաղաքական ուժ էր, այլև գիտական, շինարարական, ճարտարապետական, մշակութային լուրջ միավոր, այդ օրերին գրվող Նոր Կտակարանում ոչ մի բառ չկա…

Ոչ մի բառ մի երկրի մասին, որը պատրաստ էր հենց Հիսուսի կենդանության օրոք ընդունել նրա ուսմունքը որպես խղճի արտահայտման բովանդակ մի ձև և որպես պետական կրոն:

Որեմն, եկեք պահենք մեր արժանապատվությունն ու փորձենք լույս սփռել պատմական անցքերի վրա: Եվ այսպես, հյուսիս-արևելքից եկած, նորածին Հիսուսին այցելած և նրան նվերներ մատուցած իմաստունները ժամանել են այդ ժամանակների մոտակա արևելքի ամենաառաջադեմ երկրից՝ Հայաստանից՝ միգուցե Մոկքից, միգուցե Աղձնիքից կամ Մծբինից կամ անգամ Արտաշատից…

Դա էական չէ: Էական է այն, որ այդ իմաստունները կարողացել են տեսնել աստղերի դիրքն ու շարժումը ու դրանից հետևություններ անել: Եվ եկեք ոչ մեկին թույլ չտանք մեզ հիմարի տեղ դնել և մեր սուրբ երկիրը Արևելյան Անատոլիա (հունարեն՝ Արևելյան Արևելք) անվանել կամ փորձել արհամարհանով վերաբերվել մեր վսեմ անցյալին:

Սիրելի դեսպաններ, զբոսավարներ, մշակույթի գործիչներ, մտածող մարդիկ, ՀԱՅԵ՛Ր,  Հայոց պատմությունը հպարտությամբ ներկայացնենք աշխարհին: Ոչ ոք մեզ չի ազատել այս վսեմ բեռից, որը մենք պետք է միասին տանենք: Իսկ եթե կասկածամիտ ինչ-որ մեկը ձեզնից ապացույցներ կպահանջի, խնդրեք նրան, որ հենց ինքն ապացուցի հակառակը:

Կամ էլ առաջարկեք հայերեն սովորել և կարդալ այս փոքրիկ հոդվածը:

Ամեն ինչ սկսում է ինքնաճանաչումից և ավարտվում է ինքնաճանաչմամբ: Եկեք մեր նախնի մոգերի պես իմաստուն լինենք, ճանաչենք մեզ և իմանանք, թե ում և ինչի համար ենք տալիս մեր ընծաները:

Հ.Գ.

Այս հոդվածը պետք է դիտարկել Դավիթ Խաչիյանի վերջին հոդվածաշար համատեքստում:

Ահա շարքի մյուս հրապարակումները.

«12, թե՞ 7. Հայոց մայրաքաղաքները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

«Յասոնը եղել է Հայաստանում». պնդում է ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆԸ

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ