Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ «Վերադարձը»». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Այս նախադասությունն, անշուշտ, որևէ կերպ այն մասին չէ, որ Արմեն Խանդիկյան բեմադրիչը հեռացել էր թատրոնից և Արմեն Խանդիկյան բեմադրիչը վերադառնում է թատրոն:

Այս նախադասությունն այն մասին է, որ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում այսուհետ լինելու է մի ներկայացում, որը թատրոն, այդ թվում՝ և դրամատիկական թատրոն է վերադարձնում Արմեն Խանդիկյան բեմադրիչի թատերական մտածողությունը, թատերական փիլիսոփայությունը, թատերական կեցվածքը, որը մշատապես եղել է քաղաքացիական կեցվածք, թատերական արտահայտչամիջոցը, որն առավելապես հարել է դեպի դասական թատրոնը, բայց խանդիկյանական վերաձևումներով, խանդիկյանական վերացարկումներով, խանդիկյանական երևակայության տրոհումներով:

 

 

Այսօր, երբ քաղաքականությունն առավել, քան երբևէ կլանել է մարդկային կյանքը, երբ մարդկային կյանքի իմաստը, մարդու երջանկությունը, մարդկային հարաբերությունները ստորադասվել են քաղաքականության բնազդներին, հիմնականում՝ նենգ բնազդներին, երբ ատելությունը փոխարինել է սիրուն, երբ ոչնչացնելու մոլուցքը փոխարինել է կյանք տալու աստվածային նախախնամությանը, երբ խարդավանքը, դավադրությունը, դավաճանությունը դարձել են առօրեականության բաղադրիչներ, Արմեն Խանդիկյանը դրամատիկական թատրոնի բեմ է հանում Ալֆրեդ Դը Մյուսեի «Լորենցաչչո» դրամայի իր մեկնաբանությունը՝ իր բեմադրությամբ և բեմական տարբերակով՝ որպես իրոնիկ տրագեդիա:

 

 

Առաջին հայացքից «Իրոնիա» և «Տրագեդիա» հասկացությունները թերևս չեն խաչվում որևէ կերպ և ոչ թատերական լեզվով էլ հեգնական ողբերգությունը գուցեև նոնսենս է, բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, ուր ամենաարդիականը «այդքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան տխուր, այդքան ողբերգական չլիներ» կենսաձևն է դոմինանտը, իշխողը, տիրակալողը, և Արմեն Խանդիկյանի իրոնիկ տրագեդիան գալիս է երևակելու մեր ժամանակը, մեր ժամանակի հերոսին, մեր ժամանակի հավատամքը:          

Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» սքանչելի ֆիլմում փառահեղ մի մենախոսություն կա, որը միայն իրեն հատուկ կերպով հնչեցնում է փառահեղ Լևոն Ներսիսյանը. «Ես չեմ ուզում ծառայել ոչ սևերին, ոչ կարմիրներին, ոչ սպիտակներին, և ոչ մեկին: Ես չեմ հավատում ձեր ժողովրդական իշխանությանը: Եվ չեմ հավատում ձեր ժողովրդական ֆիլանտրոպիային: Ֆիլանտրոպիային վերջ կտաք շատ շուտով: Կմնա լոկ իշխանությունը, իսկ իշխանությունը անողոք է: Սարսափ: Ահա, թե ինչն է եղել հասարակական անվտանգության գրավականը վերջին 30.000 տարում»:

 

 

Առաջին զուգահեռը, որ ակամա ունեցա այս ներկայացման փակ դիտման ավարտին՝ այս մենախոսության հետ էր:

Արմեն Խանդիկյանը Ալֆրեդ Դը Մյուսեի դրամայի իր մեկնությամբ չի ծառայում «ոչ սևերին, ոչ կարմիրներին, ոչ սպիտակներին», չի հավատում որևէ իշխանության, առավել ևս քաղաքականության «ֆիլանտրոպիային», այլ սթափորեն նայելով կյանքին, ժամանակին, իրողություններին, ծառայում է մարդուն՝ փորձելով նրա մեջ փոխել հենց մարդուն: Թերևս այն մարդուն, որը հաճախ տարալուծվում է ամբոխի մեջ, դառնում ամբոխի մասը, կորցնում ամբոխից դուրս լինելու, ժողովուրդ լինելու իրեն տրված պատեհությունը, և կորցնելով «ես»-ը, կորցնելով իրականության զգացողությունը, փոխում է իրականությունը՝ շատ հաճախ հենց իրեն դնելով իր փոխած իրականության հարվածների տակ:

 

 

«Բաց, արդար և օրինական ընտրություններ», որոնք ծնում են բռնապետներ, բարոյականության որոնումներ բռնապետների իշխանությունում, շրջապատում, բռնապետությունների միջավայրում, «Դուքսը մեռել է, կեցցե նոր դուքսը» փիլիսոփայության անվերջ վերադարձ, «տապալել, սպանել հանուն ազատության, անկախության» ամբոխահաճությունների դարերով ձգվող իրողություն, որը ծնում է այն սարսափը, որն էլ մնում է «հասարակական անվտանգության գրավականը» ինչպես ֆիլմի հերոսն է ասում՝ «վերջին 30.000 տարում»:

Ուղերձները, որ հղում են բեմից, կարծես հանապազօրյա նշանակության են. «Ատելությունը չի կառուցում: Ատելությունը քանդում է, քանդում», «Հիմա գողությունը ներում են գողերին, սրիկայությունը՝ սրիկաներին, իսկ ազնիվ մարդուն հերիք է միայն զրպարտել՝ որ բնաջնջեն», «Նախկինում ազնվությունը համարվում էր առաքինություն, իսկ այժմ, ցավոք, այն համարվում է ավանակություն», «Եթե ազնիվ մարդիկ ունենային սրիկաների ակտիվության գոնե կեսը, կլինեն անպարտելի», «Փրկենք չափանիշները, որ չափանիշները փրկեն մեզ»…

 

 

Թեպետ Արմեն Խանդիկյանը կարծում է, որ «Ներկայացումը դիտելիս հանդիսատեսը կմտահոգվի, կժպտա, կմտածի, կծիծաղի…», սակայն հիմնական զգացողությունը տագնապի զգացողությունն էր գոնե ինձ համար. արդյոք չի՞ փոխվելու մարդկության ընթացքը, արդյոք «թշվառ ազգերը շարունակելու են ծնել մեծ մարդիկ» ու մնալու են թշվառ՝ չանսալով այդ մեծ մարդկանց մտքին, արդյոք «Հայրենասիրությունը շարունակելո՞ւ է մնալ վտանգավոր», որովհետև հայրենասիրության ընկալումն է փոխված, արդյոք շարունակելո՞ւ ենք չընկալել, թե «ինչ է ազատությունը, անկախությունը, Հանրապետությունը, պետության շահը, մարդու երջանկությունը», արդյոք հասկանալո՞ւ ենք, որ «իշխանությունը չի կարող ուժեղ և ամուր լինել, եթե շրջապատված չլինի ժողովրդի խորը հարգանքով», արդյոք ըմբռնելո՞ւ ենք, որ եթե Դուքսը երեխա է, նա ուզենալու է «չիշիկ» անել և որևէ կերպ չի վարանելու այդ մասին ասել իշխանության գալու նրա երդումն ընդունող Կարդինալին: Նա երեխա է և ուզում է «չիշիկ» անել:

 

 

Նույնիսկ «Ամենաբարի նպատակներ ունեցող մարդը, երբ քիթը խոթում է իր չհասկացած ասպարեզի մեջ, դառնում է հանցագործ». եզրակացնում է ներկայացման հերոսներից մեկը՝ մեդիչիների ժամանակներից մինչև մեր օրեր պրոյեկտելով անվիճելի ճշմարտությունը, որի անտեսումը դառնում է պատուհաս, և «եթե չկա ազգային անկախ պետություն, ուրեմն ես հայրենիք չունեմ». հայտարարում է մյուսը՝ թողնելով խոհը ազգային անկախ պետություն եզրույթի մասին, պետություն և հայրենիք հասկացությունների մասին, ազգայինի ընկալման մասին:

 

 

«Այս գործում չկան միանշանակ կերպարներ՝ չար կամ բարի, նրանք բոլորը մարդիկ են, իրենց ճշմարտությամբ ու մտքերով»,-ասում է Արմեն Խանդիկյանը:

Իրականում՝ այո: Սակայն գալով Մեդիչիի ժամանակներից, Արմեն Խանդիկյանը չի մատնանշում որևէ ժամանակաշրջան, որևէ ժամանակ, որևէ անհատի, որևէ կերպարի՝ թողնելով հանդիսատեսին իր մտածումների, իր մտքերի, իր վերացարկումների հետ:   

Արմեն Խանդիկյանի բեմադրությունը լինելով դասական թատրոնի մտածողության մեջ, չէր կարող անմասն մնալ խանդիկյանական ձեռագրից՝ նորարարական մոտեցումը միաձուլել ավանդականին, դասականին և ստանալ բոլորովին նոր, բոլորովին այլ միջավայր, որը միայն քոնն է:

Ներկայացման մոնոխրոմ, միատոն միջավայրը մի կողմից կարծես ընդգծում է այն գորշությունը, որը հատուկ է ավտորիտար ռեժիմներին, բռնապետություններին, սակայն այդ գորշության ուրվապատկերին ժամանակ առ ժամանակ հայտնվում են կարմիրն ու սպիտակը, կարմիրն ու սպիտակը ներդաշնակորեն ընդգրկված են ձևավորման մեջ և հանդիսանում են որպես իրականությունը գորշությունից պոկող միջոց: Նույնիսկ՝ վառ միջոց, և հույս են արթնացնում, որ իրավիճակը կարող է փոխվել:

Երբևէ սևի հետ այսքան ներդաշնակ ու միաձույլ չէր սևը և երբևէ սպիտակն ու կարմիրը այսքան գունեղություն չէին հաղորդել սևին:

Խանդիկյանական են նաև երբեմն անսպասելի դերասանական մուտքերը, երբեմն շատ ուղղակիորեն գործողության հետ չկապվող բեմավիճակները, լույսի, ձայների համադրումները: Ժամանակակից թատրոնի բոլոր կանոններով գերմինիմալիստական է նաև խանդիկյանական բեմը և խոսքի գերակշռությունը խաղայինին:

Արմեն Խանդիկյանի «Լորենցաչչո» իրոնիկ տրագեդիան կարելի է համարել թատերական վառ, գունեղ հրապարակախոսություն, քաղաքական հրապարակախոսություն՝ ուղղակի տեքստով, որը շատ հարազատ է Արմեն խանդիկյան բեմադրիչին:

Մի առիթով գրել եմ, երբ Արմեն Խանդիկյանը խորհրդային ռեժիմի տարիներին բեմադրում էր «Մոռանալ Հերոստրատին», «Համլետ», «Արտույտը», «Ավտոբուս», «Անվերջ վերադարձ», «Հուլիոս կեսար», «Մակբեթ», «Չեզոք գոտի» և այլն, Արմեն Խանդիկյանը հանդիսատեսի հետ խոսում էր թատերական հրապարակախոսության, քաղաքական հրապարակախոսության դիրքերից՝ ունենալով հստակ քաղաքացիական դիրքորոշումներ, որոնք շատ հաճախ և հիմնականում դառնում էին բեմադրությունները ջախջախելու առիթներ նոմենկլատուրային հավատաքննիչների համար:

 

 

Ալֆրեդ Դը Մյուսեի այս ստեղծագործությունը, որն ընդունված է համարել ֆրանսիական «Համլետ», Արմեն Խանդիկյանը նվիրել է եղբորը՝ Տիգրան Լևոնյան-Խանդիկյանին և նրանում հնչեցրել է նաև Տիգրան Լևոնյան-Խանդիկյանի որոշ ասույթներ և սա խոսում է Արմեն խանդիկյան մարդու արժեքային համակարգի մասին, բայց «անձնականության» տեսակետից ինձ համար ամենահուզիչը մեդիչիների ժամանակի հերոսներից մեկի շուրթերից հնչած «ամոթ է տղաս» արտահայտությունն էր, քանզի այն ուղղակիորեն կապված է Արմեն Խանդիկյանի և նրա մոր հետ:

Սրանով բեմադրիչն ասում էր թերևս իր ամենակարևոր ուղերձը՝ ԱՄՈԹ Է:

 

 

Հ.Գ. Արմեն Խանդիկյանի այս բեմադրության մեջ ուղղակի փայլում էին դրամատիկականի նոր սերնդի ներկայացուցիչները՝ Արտաշես Մխիթարյանը, Գագիկ Մկրտչյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Էմմա Մանուկյանը, Դիանա Մալենկոն, Լիդյա Գրիգորյանը և այլոք:

Ուղղակի գտնված համադրությամբ էր դրամատիկականի ավագ սերնդի ու երիտասարդների գործակցությունը:

Խորքային էր Գոհար Իգիթյանի կերպարը ու խորքային ընկալմամբ էլ մատուցվեց բեմական մեծ փորձառությամբ դերասանուհու կողմից:

Արթուր Ութմազյանի, Արմեն Բարսեղյանի, Էդուարդ Գասպարյանի կերպարները նույնպես ներդաշնակորեն միաձուլված էին բեմադրության համատեքստում, իսկ Աշոտ Փափազյանի երաժշտական և Կարեն Գրիգորյանի նկարչական ձևավորումները, Լուսային էֆեկտները (Մհեր Միսակյան) աննկատելիորեն ուղեկցում էին ամբողջ բեմադրական պրոցեսի ընթացքում՝ աննկատելիորեն նաև ներազդելով հանդիսատեսի գիտակցական ընկալումների վրա:  

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ