«Արտիստը...». ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Լուսանկարները, որոնք հերթական անգամ դուրս ենք բերում լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի անձնական արխիվից, առաջին անգամ են ներկայանում մեր հանրությանը: Դրանք 17 տարվա պատմություն ունեն: 17 տարի առաջ Հակոբ Բերբերյանը «հայտնվում է» նկարչի արվեստանոցում ու փորձում ժապավենին հանձնել նրա ներաշխարհը, ապրումները, զգացողությունները: Նկարիչը մի քիչ խռովված է լինում ինչ-որ երկրային դիպվածից, բայց անմիջապես «վերադառնում» է դեպի իր տիեզերքը, իր կերպը, իր աշխարհը: Նկարիչը արտիստ է ու անմիջապես կարողանում է վերագտնել իրեն, իր «արտացոլումները» ու «հանձնվել» լուսանկարչին: Եվ նկարիչ-լուսանկարիչ «պայքարից» ծնվում է այս շարքը:   

Այդ նկարիչը, արտիստը Ռոբերտ Էլիբեկյանն էր՝ Վարպետը, նկարիչը ծնունդով, արյան բաղադրությամբ, կյանքով, ապրածով:

Մարդիկ կան, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քաղաքը, հայրենիքը, երկիրը, միջավայրը:

Բայց մարդկությունը կարողանում է իրեն թույլ տալ այն «շռայլությունը», որ քանի դեռ այդ մարդիկ ապրում են ապրողների կողքին, նրանց կարծես թե չեն նկատում:

Ժամանակին մեր քաղաքում էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Վաղարշ Վաղարշանը, Լևոն Ներսիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օհան Դուրյանը, Ավետ Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը ու շատ-շատերը ու մենք նրանց չէինք նկատում:

Հիմա նկատում ենք, որ նրանք մեր քաղաքում, մեր միջավայրում չեն: Մեզ հետ են գուցե, շատերիս հետ, բայց մեր քաղաքում չեն:

Այսօր էլ կան մարդիկ, որոնք քայլում են մեր կողքին, մեզ հետ մտնում են նույն խանութը, համերգասրահը, ցուցասրահը, մեզ հետ նստում են նույն սրճարանում, նույն այգում ու մենք նրանց չենք նկատում:

Այսօրվա մեր քաղաքի այդ մարդկանցից է Ռոբերտ Էլիբեկյան արտիստը:

Նրան հաճախ կտեսնեք մեր քաղաքում, ազնվազարմ տիկնոջ՝ Մարի Հայթայան Էլիբեկյանի հետ:

Այնքա՜ն ներդաշնակ, այնքա՜ն բարի, այնքա՜ն համեստ: Կբարևեն, կհարցնեն որպիսությունդ, կքաջալերեն մի լավ արարքդ, կհետաքրքրվեն ընտանիքովդ և դու չես զգա, որ պատիվ ունես խոսելու մարդկանց հետ, որոնք քո երկրի, քո հայրենիքի մշակույթի մասն են ու դու ուղղակի նրանց կողքին լինելու բարեբախտություն ունես:

Նրա պապը մետաղագործ վարպետ էր, ասել կուզի՝ նկարիչ բնույթով: Նրա հայրը նկարիչ էր՝ գեղարվեստի մեր մեծ վարպետը՝ Վաղարշակ Էլիբեկյանը: Նրա եղբայրը նկարիչ էր՝ կոնցեպտուալ արվեստի վիրտուոզը՝ Հենրի Էլիբեկյանը: Նրա որդին նկարիչ է…

Նրա վրձնին են պատկանում օպերային սքանչելի ձևավորումներ, թատերական էսքիզներ, բեմական զգեստներ: Նրա արվեստը փայլում է ազնվորեն: Ճիշտ այնպես, ինչպես փայլում է յուրաքանչյուր ազնիվ բան: Նրա արվեստը սփռված է աշխարհի թանգարաններով ու ցուցասրահներով, նրա արվեստում կյանքն է, նրա մոտեցումը կյանքին, նրա պահանջը կյանքից, կյանքի նրա մեկնությունը: Նրա արվեստում խտացումներ կան, հույզեր, չարտասանված բառեր, որոնք արտացոլումներ են ունենում, պայծառ արտացոլումներ, որ գալիս են անցածից, շառավիղից, ապրածից, զգացածից ու նրա արվեստից հորդում է այն նո՜ւյն ներդաշնակությունը, որով Էլիբեկյան զույգը քայլում է մեր քաղաքում, մեր երկրում, մեր հայրենիքում ու այն նո՜ւյն պարզությունն ու մտերմությունը, որով հարցնում են որպիսությունդ, բարևում են, ժպտում:

Այսպիսին է Ռոբերտ Էլիբեկյան սքանչելի արտիստի արվեստը: Այսպիսին է Ռոբերտ Էլիբեկյան պարզ, համեստ, նվիրյալ մարդը: Այսպիսին էր այն ժամանակ, երբ Հակոբ Բերբերյանը հավերժացնում էր ապագայի համար: Եվ այսպիսին է լինելու միշտ:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ