ԱՂԱՍԻՆ...

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

«Մայիսի 26-ին, ժամը 4-ին Երևանում հասնում Է թութը...»։

Եվ քանի որ այսօր մայիսի 26-ն է, այս պնդման հեղինակն էլ մեծանուն հայ գրող Աղասի Այվազյանն է, այս անգամ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի արխիվից ներկայացնում ենք Աղասի Այվազյանին պատկերող բացառիկ շարքը և մայիսի 26-ի ու թթի մասին Աղասի Այվազյանի «Թթի ամիսը» սքանչելի կարճ պատմվածքը:

Տարիներ առաջ Վարպետն իր տանը հյուրընկալել էր Հակոբ Բերբերյանին, ուր հյուր էր եղել նաև մեկ այլ նշանավոր հայ գրող՝ Ռուբեն Հովսեփյանը, ու բնականաբար, Հակոբի ֆոտոխցիկը չէր կարող հանգիստ «նստել»: 

Եվ արդյունքում ունենք այս հրաշալի փրկված հիշողությունը...

«Թթի ամիսը»

Մայիսի 26-ին, ժամը 4-ին Երևանում հասնում Է թութը։

Այս ճշգրտությունը վերաբերում է քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող մի ծառի միայն։ Նա է սկսում թթի ամիսը...

Պրկում է իր երակները, տարածում թևերը, բացում սաղարթը, շարժում արյունը, արտաբերում իր տարփաբույր շունչը և ձեռնարձակ հանձնվում աշխարհին։ Օդավորում է իր կիրքը, առանց ընտրության, առանց ափսոսանքի տրվում է աջ ու ձախ, հանդուգն ու շռայլ, հասարակ ու բարի...

Ու կարծես ներշնչվում են մնացած ծառերը նրանից, կենսանում են, վերցնում աշխարհի քաղցրությունր վերից ու վարից, երկնքից ու գետնից, անձրևից ու արևից, կարոտից ու սպասումից, ճիշտ խոսքից ու գթասրտությունից...

Եվ հարձակվում են քաղաքի վրա՝ իջնում գլուխներին, գետնանում, փռվում ոտքի տակ, առաջարկում իրենց քաղցր մարմինը... Պաշարում են ամեն ինչ, ճչում տարրական իրողության մասին, թթի ամիս է հիմա, խենթ թափ անցումի, հայտնատեսության և ճշմարտության ամիս...

Իսկապես սիրո ամիս է հիմա, որ վայրապարի մեջ, պատեպատ ընկած, հորդեռանդ ու մրրկահույզ, շռայլ ու պայծառադեմ ցնծում, պտտվում է Երևանի վրա։

Ներարկվում է մարմինների մեջ, քանդում է կծկությունն ու ձևավորված պայմանականությունը, ստի ու ճշմարտության համագործակցությունը, կազմալուծում է նեռի դաստիարակությունը... Հասնում է առավելագույնի՝ իր գիժ անկեղծության մեջ թափում է ունեցած-չունեցածը ամենի առջև. սա՛ է կյանքը, սա՛ է աշխարհը, սա՛ է սերը, սա՛ է ժամանակը, սա՛ է երջանկությունը, սա՛ է առեղծվածը, սա՛ է թթի ամիսը...

Շատերը խուսափում են նրա կպչունությունից, փախչում նրանից, ավլում գետնից նրան, լվանում-հանում հագուստի վրա նրա թողած անամոթ լաքաները, քերում մեքենաների ապակիների և կտուրների վրայից նրա անձնատուր շիրան... Դժգոհում են կեղտոտ թթից, խուժան թթից, փողոցային թթից ու զզվում նրա քաղցրությունից առատության ու մատչելիության պատճառով...

Հայրապետն է, որ պաշտում է թութը ու անմնացորդ հանձնվում թթի ամսին, և ամեն տարի մայիսի 26-ի ժամը 4-ից միաձուլվում է թթենուն՝ մինչև նրա հոգեվարքային տնքոցը...

Ամիսն ամբողջ ծառերի վրա է անցկացնում իր կյանքը Հայրապետը։ Նրա աչքերի միջից հեռանում են 80 տարվա հավաքած կծուն ու լեղին, կոշտնուկոպիտը, ծանրն ու խորդուբորդը... Աչքանոթների ծայրերը գնում միանում են ծառերի արմատներին, արմատները՝ ավելի խոր՝ հողի ենթագիտակցությանը...

Եվ շողշողում են Հայրապետի աչքերը առավոտվա լույսերի խուրձի միջից, կայծկլտում են երեկոյան աղջամուղջոտ սաղարթների արանքից...

Բայց չի կարելի թթի ամսին Հայրապետին ծառից ցած իջեցնել։ Որովհետև երբ իջնում է ու ոտքը դնում գետնին, կատարվում է զարմանահրաշ մի բան։ Փողոցում մոտենում է առաջին պատահած մարդուն և, աջը պարզելով, ասում.

- Բարև՛, Հակոբ...

Դիմացինը, դեռ շվարած, ձեռքը անվստահ մեկնում է ու ակնապիշ սպասում։

- Ինչպե՞ս ես, Հակոբ...- շարունակում է Հայրապետը իր պլպլան աչքերով.— Հայրդ այստե՞ղ է... Ես նրան վաղուց չեմ տեսել...

Դիմացինը, երկար ու տքնաջան զննելուց հետո, ոչ մի ծանոթ բան չգտնելով Հայրապետի խոսքի, հայացքի, մտքի, վերջապես, նկարագրի մեջ (բացի հայկականությունից), ձեռքը անհարմար ազատում է.

- Ներողություն, սխալվել եք, ես Հակոբը չեմ...

- Ինչպես թե՝ Հակոբը չես... Կատակում ես, Հակոբ...— համառում է Հայրապետը և այնքան հաստատակամ է, այնքան խանդավառ, որ դիմացինը քիչ-քիչ համոզվում է, որ ինքը Հակոբն է, նրա մեջ մի հնամյա ջերմություն է գլուխ բարձրացնում, մի հնամյա ընտանություն է վերևանվում, ու նա արդեն «հակոբացած»՝ մտերմիկ նայում է Հայրապետին, լսում նրա բոլոր բացաձայնումները և, ջերմանալով նրա գրկի մեջ, վերջապես, ցտեսություն ասելով, այլևս Հակոբը բաժանվում է։

- Բարև՛, Ցոլակ...- նոր մարդ է տեսնում մյուս մայթին Հայրապետը ու, ոտուձեռ ընկած անցնելով փողոցը, վազում «Ցոլակի» մոտ։

- Ցոլակ ջան... Որքան ժամանակ է չեմ տեսել քեզ... Ո՞ւր էիր, անաստված...

Մի անգամ, արդեն թթի ամսվա վերջերին, ծառի կատարից, հերթական թութը ճաշակելով, Հայրապետը դարձավ ինձ.

- Հետաքրքիր բան է կատարվում... Ես ամբողջ գիշեր մտաբերում էի իմ ծանոթներին և եկա այն եզրակացության, որ բոլոր իմ ծանոթներն անծանոթներ են։ Հասկանում ես՝ փողոցում մոտենում եմ մարդկանց, և այդ պահին թվում է՝ շատ մոտ մարդիկ են, սիրտս թպրտում է կարոտից, ճչում է, ուրախանում եմ, որ վերջապես հանդիպեցի...

Հիմա, շատ ուշ մտածում եմ, մտածում և գլխի եմ ընկնում, որ նրանք ինձ չեն ճանաչում... Ի՞նչ է... հը՞...

Իսկ ուշ աշնանը, երբ թութը իսպառ հանգել էր քաղաքում, ու Հայրապետը վերջին չորացած պտուղն էր տանում բերանը, տխուր ասաց.

- Գիտե՞ս, այլևս ծանոթների չեմ հանդիպում... Ամբողջ Երևանում ոչ մի ծանոթ չունեմ... Ո՞ւր կորան...

Հետո ձմեռը Հայրապետն՝ ասես ամբողջ մարմնով տեղավորված իր խոշոր գլխի մեջ, քրթմնջաց.

- Գիտե՞ս... Հարևանս՝ հաշվապահ Օնիկն ասաց, որ այդ թութն է անում, դրա համար էլ գիժ թութ են ասում։

Հայրապետը գնաց թթի ամսին։ Գնաց անվերադարձ, բայց գնաց մաս-մաս։

- Ոտքիս մատները մեռնում են...- ասաց նա։- Բարձրանում է, բարձրանում... հասավ մինչև ծունկս...- և թեթև ժպիտ եկավ նրա դեմքին։- Ոտքս արդեն մեռած է։ Հիմա մյուս ոտքս է մեռնում... Կամաց-կամաց վեր է շարժվում... Մեռավ, էս ոտքս էլ մեռավ...

Հետո Հայրապետի հայացքը սահեց իր մարմնի վրայով։

- Հիմա ձախ ձեռքս է մեռնում... Մատներիցս եկավ մինչև ուսս... Մեռավ։- Եվ ժպտաց ինձ։- Հիմա աջ ձեռքս է մեռնում...- ու նայեց աջ ձեռքին խոր կարեկցանքով։- Հիմա փորս է մեռնում,- շարունակեց նա։ Հետո լուռ էր, վեր էր նայում ու ասաց.- Հիմա էս մի աչքս է մեռնում...

Եվ ես ցնցվեցի, նրա մի աչքը իսկապես տարօրինակ սևեռվեց ու դարձավ անկյանք։

Մինչև այդ պահը ինձ թվում էր, որ կատակում է Հայրապետը, խաղ է սարքում, ի՞նչ չի անի գիժ թթի ամիսը, ու հիմա տեսնելով նրա աչքը, ես կորցրի ինձ, ուզում էի դուրս վազել օգնության համար, նա փսփսաց.

- Պետք չի... Արի մոտիկ՝ բան ասեմ, քանի լեզուս չի մեռել...

Ականջս մոտեցրի նրան։

- Հայկ...— շշնջաց նա ինձ։

- Ի՞նչ...— տարակուսանքով հարցրեցի ես՝ կարծելով, թե ինչ-որ բան է ուզում ասել ոմն Հայկի մասին, բայց սա նորեն կրկնեց.

- Հայկ ջան, քեզ եմ ասում...

Ես հասկացա, որ դա ինձ է վերաբերում, ուզում էի առարկել՝ ինձ ոչ թե Հայկ են անվանում, այլ՝ Աղասի, բայց, տեսնելով նրա արդեն հեռվում գտնվող դեմքը, պապանձվեցի, իսկ նա հասցրեց որպես «մնաս բարով» շշնջալ միայն «Հաաա՜յկ...»։

Եվ հիմա ես երբեմն զգում եմ, որ ես Հայկն եմ։ Ի վերջո, միայն վաթսուն տարի առաջ, շատ գործնական, շատ սթափ, շատ հայեցողաբար, ծնողներս ինձ անվանել են Աղասի, ու գուցե Հայրապետը ավելի լավ գիտեր, որ իմ անունը ի սկզբանե Հայկ է։ Եվ իզուր հո չէ թթի ամիսը:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ