«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ինչպես արդեն գրել ենք, 1988-ի ազգային զարթոնքի, Արցախյան շարժման ու դրան հետևած ժամանակներում՝ մինչև իր առեղծվածային մահը, գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը հրապարակեց հոդվածների, խոհերի ու մտորումների շարքեր, ունեցավ հրապարակային ելույթներ, որոնք ժամանակին ցնցեցին հանրության ամենատարբեր շերտերին, գրեթե բոլորի խոսակցության նյութն էին, սակայն այսօչ քիչ հայտնի են ժամանակակից ընթերցողին:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակը՝ գրողի ընտանիքի՝  Վարդգես Պետրոսյանի այրու՝ Էմմա Մակարյանի ու նրա դստեր՝ Արմինե Պետրոսյանի համաձայնությամբ շարունակում է իր ժամանակն ալեկոծած վարդգեսպետրոսյանական սքանչելի հրապարակախոսության հրապարակումը՝ որոշ կրճատումներով, որն արդիական է նաև այսօր: Ու ցավոք, շատ արդիական:

 

«Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ժողովո՜ւրդ... Սիրելի և անծանոթ, հազարադեմ ու դիմազուրկ, սրբազան խաչ ու պղնձե մանրադրամ...

Ոչ ոք չի տեսել ժողովրդին՝ իր հավաքականության մեջ և ոչ ոք չի լսել նրա հավաքական ձայնը:

- Բայց մի՞թե դա խանգարում է, որ վկայակոչենք նրան, խոսենք, մեր միտքը հավաստենք, ընդդիմախոսենք, երբեմն նաև սպառնանք՝ նորին գերազանցություն ժողովրդի անունով. «Պետք է լսել ժողովրդի կարծիքը, իսկ նա մտածում է ահա այսպե՛ս», « ժողովուրդը ճիշտ չի հասկանա», «ժողովրդի գերագույն շահն է այս պահանջում...»:

Ժողովրդի անունից խոսում են նվիրյալները՝ հազվադեպ, վերապահ, կցկտուր: Եվ ոգու առևտրականներն են խոսում- պատեհ-անպատեհ, վստահ, միանշանակ:

… Ժողովո՜ւրդ... Հազար անհայտով հավասարում: Չավելացնենք եղած անհայտների թիվը: Աշխարհը չի ճանաչել մեզ, միայն ինքներս ենք գիտակցել մեր ժողովրդի վեհությունը, այդ գիտակցումը դարձնելով ինքնապաշտպանության վահան, և այդ այնքան ենք կրկնել, որ մեզ թվացել է, թե աշխարհն է գիտակցել մեր գինը:

Ավա՜ղ... Չխաբենք ինքներս մեզ, նոր փափուկ բարձեր չդնենք ժողովուրդ կոչվածի հավաքական գլխի տակ, հակառակը, որոշ փափուկ բարձեր փորձենք հանել:

Ինքներս մեզ չքնեցնենք քաղցր, բայց հուսահատ «օրորոցայինով». «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Ճիշտ է, այդ բառերի ներսի քաղցր թույնը կռահելով, մեծ բանաստեղծը հաջորդ իսկ տողում հաստատում է, թե «մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում», բայց ընդունենք առանց երեսպաշտության, որ, մանավանդ, պարզ ժողովուրդը նախ առաջին տողին է զնգուն արձագանքում:

Քիչ լինելը տխրելու պատճառ չի, բայց արժանիք էլ չդարձնենք:

Քի՛չ ենք, ուրեմն շատանանք: Ամրապնդվենք մեր հայրենիքից իրապես մեզ մնացած հողակտորին: Նաև ամենուր, որտեղ ապրում ենք, կանք: Եվ, եթե չենք էլ շատանում, ապա մեր ինտելեկտով, գործով, մշակույթով, ազգային միասնականությամբ աշխարհին պարտադրենք մեր ներկայությունը:

Մեզ չշոյենք, չփայփայենք նաև «ինչու սեղմեցիք, որ մենք ստիպված ադամանդ դառնանք» բանաստեղծական, բայց դժբախտ բառախաղով:

Ինչ մեղքս թաքցնեմ - «ադամանդ ազգի» ինքնախաբեությանը ես կնախընտրեի «քարածուխ ազգի» գոյավիճակը: Քարածուխն ավելի կայուն է ու տարածական, քարածուխը պետք է ամենքին և մեզ ավելի դաշնակից կբերեր, իսկ ադամանդը շատ-շատ թանկարժեք ակ կարող է ծառայել, այն էլ, մեծ մասամբ, ուրիշի պետության թագուհու մատանուն կամ ապարանջանին:

Եվ հանկարծ լրջորեն չհավատանք, մանավանդ, «մենք համաշխարհային ժողովուրդ ենք» ինքնահնար բանաձևին՝ ծնված այս անգամ ոչ թե բանաստեղծի, այլ մերօրյա պետական գործչի երևակայության մեջ:

Գոնե ասեինք, թե մենք էլ երևի ոչ քիչ հիմքեր ունենք համաշխարհային ժողովուրդ լինելու, թե մենք էլ պիտի ձգտենք դեպի այդ «համաշխարհայինը», դրա համար զորակոչելով մեր մտքի ու մկանների ուժը, մեր հողի և ինտելեկտի թաքնված գանձերը: Եվ դրա փոխարեն...

Այդ ո՞ր հաշվարկով ենք «համաշխարհային», որովհետև հայության երկու երրորդն ապրում է հայրենիքից դուրս՝ ցաքուցրիվ՝ ողջ աշխարհում (այդ տրամաբանությամբ՝ ինչո՛ւ «համաշխարհային ժողովուրդ» չեն նաև սիրելի, ռոմանտիկ գնչուները): Կրկնում եմ՝ նոր, փափուկ բարձեր չդնենք մեր հավաքական գլխի տակ, այլ հները փորձենք հանել, թույլ չտանք, որ երանության թմբիրին մատնվի մեր մկանների ու մտքի զգաստությունը:

Եվ, ի վերջո: Մեր ազգի հավիտենականության վավերական մանդատ չհամարենք անգամ Վիլիամ Սարոյանի լացի չափ հուզիչ բառերը: Հիշո՞ւմ եք «Հայը և հայը» պատմվածքի վերջին տողերը. «Փորձեցեք կործանել այս ցեղը... Կործանեցեք Հայաստանը, տեսեք կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցեք անապատ... կրակի տակ տվեք իրենց ու իրենց Աստծո տները: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայր լեզվով»:

Փորձել են և կործանել են: Եղել է, այդ ամենն էլ ցավոք, եղել է. Կրակի են տվել մեր և մեր Աստծո տները, քշել են մեր հազարամյա բնօրրաններից, և այդ եղել է ոչ միայն երեկ, 1896-ին, 1915-ին, 1920-ին, այլև այսօր՝ 1988-ին, 1989-ին, 1990-ին, 1991... Եվ մեզ արդեն մնացել է մեր հողի վերջին, ամենավերջին պատառը:

Բայց մեկ է՝ ցեղը չի՛ կործանվել... Փառք Աստծո: Բայց կարող էինք, չէ՞, զորեղ գոյություն լինել, հող ու պետություն: Եվ ժողովուրդ, որով աշխարհը կհետաքրքրվեր ոչ միայն եղեռնի, երկրաշարժի կամ բռնագաղթի առիթներով, այլ համաշխարհային քաղաքակրթության մեր իրական, մեր ինքնադրոշմ ոտնահետքերով:

Ես գիտեմ, որ իմ այս ցավատանջ մտորումները ևս ժողովուրդը գուցե «ճիշտ չհասկանա», կարող է, մանավանդ, կրակի տակ առնվել մեջբերածս կարգախոսների իմ մեկնաբանությունը: Թող ներեն ինձ Պ. Սևակը, Վ. Սարոյանը, Գ. Էմինը, թող ների ինձ վարչապետը. ես մազաչափ իսկ կասկած չունեմ նրանց գրգիռների անկեղծությանը: Պարզապես պիտի մտածենք, թե իրականում ինչ արձագանք կարող է ունենալ մեր խոսքը ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Կընկալվի ա՞յն, որ մենք ենք դնում այդ բառերի ենթատեքստում, թե՛ ճշմարտության միայն առաջին, տեսանելի կամ ձեռնտու շերտը: Չգիտեմ: Ամեն դեպքում՝ զգույշ վարվենք բառերի ու կարգախոսների հետ: Հիշենք ռուս բանաստեղծի ազնիվ խոստովանությունը.

Нам не дано предугадать,

Как слово наше отзовется...

… Եվ ի՞նչ... Ես հիմա ինչպե՞ս որոշեմ ժողովրդի «ոսկե միջինը», ո՞ւմ կարծիքը համարեմ ժողովրդի կարծիք: Օ՜, եթե հնարավոր լիներ անհնարինը՝ իրար գումարել բոլորին-ազնիվ ու անազնիվ, չար ու բարի, խելոք ու պարզունակ, հետո կարողանայինք բաժանել այդ «գումարը» առեղծվածային մի թվի վրա և քանորդում ստանայինք այդ «ոսկե միջինը»: Չկա, չի կարող լինել նման «միջին», որովհետև երեկ էլ, այսօր էլ «Մենք» ենք, թեպետ այսօր, երբ ավելի դժվար ու բախտորոշ օրեր են, թվում է, ավելի պիտի սիրենք ու խնայենք իրար: Չբաժանենք, չհակադրենք իրար մեր ժողովրդի տարբեր գույները:

… «Մահ կամ ազատություն»-ը վսեմ կարգախոս է, այո, բայց միայն մի հերոսի կամ քաջերի մի խմբի համար-այդ կարգախոսով ապրել են երեկվա ու նաև այսօրվա մեր ճշմարիտ ֆիդայիները: Բայց երբ ուզում ենք, որ այդ կարգախոսը որդեգրի ողջ ժողովուրդը, դա, կներեք, «համազգային ինքնասպանության» հրավեր չէ՞...

Կյանք և ազատություն-ապրող ժողովուրդը միայն այս կարգախոսը պիտի որոշ դարձնի, որովհետև ազատ և անկախ լինելու համար նախ և առաջ պիտի լինել:

Մենք պիտի՛ լինենք:

Որևէ ժողովրդի հասարակական-քաղաքական միտքը, բնականաբար, նույն այդ ժողովրդի դիմագիծն ու բնավորությունն ունի: Ավելի ճշգրիտ՝ հասարակական միտքը խտացնում, ավելի սևեռուն ու տեսանելի է դարձնում ժողովրդի դիմագիծն ու բնավորությունը:

Եվ եթե համարյա ամեն հայ անհատ վստահ է, թե ճշմարտության բանալին հենց իր ձեռքին է և ինքը «միանշանակ» կարող է «գրել» ազգային փրկության ծրագրի «դեղատոմսը», ապա էլ ի՞նչ ասել քաղաքական որևէ հոսանքի կամ ձևավորված կուսակցության մասին, որ իր մեջ միավորում է տասը, հարյուր կամ հազար հայ մարդու, որոնք, օ՜, հրաշք, համաձայն են իրար հետ...

Մեր կուսակցությունները, իբրև կանոն, իրար հետ համարյա չեն խոսել: Խոսել են միաժամանակ: Իրար չեն լսել, որովհետև... ի՞նչ լսել, երբ ինքն արդեն ամեն բան գիտի: Բայց, իբրև կանոն, ամեն կուսակցություն խոսել է ողջ ժողովրդի անունից, իբրև նրա ազգային իդեալների արտակարգ ու լիազոր դեսպան:

Մեր ազգային կուսակցությունները կազմավորվեցին անցյալ դարի վերջին տասնամյակում՝ ամենից առաջ խնդիր ունենալով գլխավորել Արևմտահայաստանում ժողովրդական դիմադրության տարերքը: Եվ շատ բան կարողացան անել: 1918-1920 թվականներին, երբ վերականգնվեց հայոց պետականությունը, նրանք հնարավորություն պիտի ստանային գործել արդեն իբրև պառլամենտական կուսակցություններ, սակայն, ցավոք, այդ ընթացքն ընդհատվեց, և նրանք չկարողացան արմատավորվել հայրենի հողի վրա:

Ոչ ուղիղ զուգահեռի միտումով, բայց չգիտեմ ինչու, մեջս արթնանում է Անդրանիկ զորավարը, 1918-ի փետրվարին, Էրզրումում: Զորավարը, որ գնացել էր Էրզրում՝ բռունցք դարձնելու հայության բոլոր ուժերը վճռական կռվի համար, այստեղ գտավ քաղաքական տասնյակ խմբավորումներ, յոթանասունի չափ զինված ջոկատներ՝ ամեն մեկը սեփական խմբապետով: Անդրանիկը չկարողացավ միավորել այդ ուժերը, և, թերևս նաև այդ պատճառով, մենք ծանր պարտություն կրեցինք: Հետո, առանց մի կրակոցի, հանձնեցինք Կարսը, թուրքերը գրավեցին նաև Ղարաքիլիսան, Ալեքսանդրապոլը... Պահպանվել է զորավարի այդ օրերի ողբերգական զրույցը իր քարտուղարի՝ գրող Վահան Թոթովենցի հետ:

«Ուրիշ ի՞նչ ժամանակներ էր, Վահան, ուրիշ ե՞րբ է եղել հայոց պատմության մեջ, երբ թշնամին մայրաքաղաք կմտներ, իսկ հայերը վեճի մեջ բռնված էին իրար հետ»:

«Որոշ ժամանակ մը չկա, զորավար, ամեն ժամանակ է թշնամին եղել մեր դռանը, և մենք վեճի ու զզվելի պայքարի մեջ ենք եղել»:

… Չեմ ուզում խորանալ քաղաքագիտության մեջ, մանավանդ, ես գրող եմ, և դա իմ աշխարհը չէ, բայց միամտորեն շարունակում եմ մտածել, որ քաղաքական հակամարտությունը, մանավանդ անհատ քաղաքագետների առճակատումը, այո, երջանիկ ժողովուրդների վայելքն է: Նրանց պարագայում այդ հակամարտությունները ժողովրդի բուն կյանքի համար կենսական նշանակություն չունեն: Իսկ մեզ դեռ հարկավոր է ստեղծել բուն այդ կյանքը, գոյացնել պետություն, որ հարգի իր քաղաքացիների իրավունքները, և քաղաքացիներ, որ պետությունն ու օրենքը հարգեն:

Հետո նաև թող լինի քաղաքական առճակատում, նաև անհատների վեճ՝ մամուլում, ակումբներում, հրապարակներում: Այսօր մեզանում թող վիճեն ծրագրերը: Հայոց անկախ պետականությունը վերստեղծելու ազգային ծրագրի տարբերակները: Ընդ որում, այդ ծրագրերը թող վիճեն ոչ թե ճակատ ճակատի, այլ՝ կողք կողքի: Թող նրանք ժխտեն կամ լրացնեն իրար: Թող վիճեն ծրագրերը, իսկ նրանց հեղինակ քաղաքագետները, նաև կուսակցությունները՝ բարեկամ և դաշնակից մնան, որովհետև... Որովհետև էականում՝ ազգային գերագույն իդեալի հարցում, նրանք վեճ չունեն: Չպիտի՛ ունենան:

Եվ ապա: Այդ ինչ տխուր «օրինաչափություն» է դարձել՝ անցած ճանապարհի մոլեգին ժխտումը, մեր պատմությունը պարբերաբար զրոյից սկսելու հոգեբանությունը: Իշխանության գլուխն անցնելով, հայ բոլշևիկները մի օրում ծալեցին-դեն դրին մեր հազարամյա պատմությունը և քիչ էր մնացել, որ 1920-ի նոյեմբերի 29-ը պաշտոնապես հռչակեին... հայ ժողովրդի ծննդյան տարեթիվ:

Մինչև այդ սահմանագիծը, ըստ մեր «խանդավառ մոլորվածների», եղել է միայն խավար ու տգիտություն, սով ու համաճարակ: Այս տրամաբանությամբ էլ ցեխարձակվեցին հայոց պատմության և մշակույթի մեծերը՝ Տիգրան Երկրորդ և Ներսես Աշտարակեցի, Խորենացի, Նարեկացի, Կոմիտաս և Րաֆֆի, համարյա բոլորը- որովհետև, եթե չէր եղել հայոց պատմություն, ո՞ր ժամանակի և տարածության մեջ էին գործել այդ մեծերը:

Ժողովրդից խլվեց նույնիսկ 1915-ի իր ողբերգությունը, ամեն ապրիլի 24-ին տխրելու մեր իրավունքը: Եվ ի՛նչ ցավագին ճիգերի, ի՜նչ տառապանքի, հաճախ նաև զոհերի գնով էր, որ մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, կարողացավ քայլ առ քայլ ետ նվաճել իրենից խլված պատմությունը, տեր կանգնելով իր թռիչքներին ու անկումներին, իր հաղթանակներին և ողբերգությանը: Ամեն բան չէր, որ կարողացանք ետ վերադարձնել, այո, բայց վերադարձվեց հիմնականը, գլխավորը, հող նախապատրաստելով այսօրվա բերքի համար:

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հուլիս-օգոստոս 1991 թ,

Աշտարակ-Երևան

Լուսանկարը՝ Էդուարդ Տեր-Սահակյանի

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ