«Բարի՛ եկաք… Փրկեալ Ձեռագործք Հայոց». ՆԱՐԵԿ ՎԱՆ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ
Պետք է պատկերացնել, թե ի՜նչ բերկրանք կարող է ապրել արժեհամակարգային որոշակի միջավայրում մեծացած երիտասարդ մարդը, երբ տանը հայտնաբերում է հինավուրց հայկական ձեռագործի մի քանի պատառիկ, որոնք պապից մնացած անփոխարինելի մասունքներ են: Դա պապի և թոռան երկխոսության բերկրանքն է՝ երկխոսություն նախնիների լեզվով, նախնիների իմացական շերտերում, նախնիների հոգևոր կապով:
Այդպես պատահում է մասնագիտությամբ աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ, երբ տանը հայտնաբերում է իր նշանավոր պապից՝ նկարիչ, ժողովրդական արվեստի ժառանգության պահպանման նվիրյալ գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանից, որպես մասունք մնացած ասեղնագործ բացառիկ նմուշներ, որոնք նրան տանում են մեկ այլ աշխարհ: Աշխարհ, որտեղ միահյուսվում են մշակութային, տարածական, ավանդույթային, իմացաբանական, գոյաբանական բազում զուգահեռներ:
Եվ գուցե հենց այդ զուգահեռների բախումն է Նարեկ Վան Աշուղաթոյանին ստիպում նվիրյալ երկյուղածությամբ տրվել ասեղնագործ բացառիկ նմուշների հավաքչական գործունեությանը: Ճիշտ այնպես, ինչպես իր նշանավոր պապը տարիներ շարունակ նույն նվիրյալ երկյուղածությամբ տրվեց հայկական ժողովրդական արվեստի բացառիկ նմուշների «հայրենադարձությանը»՝ այդ վեհացնող գործին նվիրելով ողջ ապրած տարիները: Տրվեց՝ ազգային մշակույթի ու հիշողության բացառիկ նմուշներ իր ժողովրդին վերադարձնելով, վերականգնելով իր ու մեր նախնիների մշակութային կերպը, դեմքը, դիմագիծը:
Այսօր հենց Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին ենք պարտական՝ ունենալու Դիլիջանի վերականգնված այն հին փողոցը, որով հպարտանում ենք տիրոջ զգացողությամբ, բայց որին Վարպետը նվիրել է մի ամբողջ իմացական կյանք: Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին ենք պարտական՝ ունենալու ժողովրդական արվեստի և փայտարվեստի թանգարանները Երևանում, Կիրառական արվեստի թանգարանը Դիլիջանում, նկարչական կենտրոններ ու ստուդիաներ, մշակութային օջախներ, որտեղ ամբարված են մեր հիշողությունն ու մեր խաչը՝ ստեղծել, ստեղծել, ստեղծել…
Տարիներ հետո սերունդները գուցե նույն կերպ են խոսելու նաև Նարեկ Վան Աշուղաթոյանի գործի մասին, որն իր կյանքի մի մասն արդեն իսկ նվիրել է հայկական ինքնության մի աննկարագրելի շերտի փրկությանը ու դեռ նվիրելու է, քանզի չկա հրաժարում մի գործից, որը փոխանցվել է արյամբ ու գենի անտեսանելի հանգույցով:
Եվ այսօր, երբ Երևանի ազգային պատկերասրահում բացված է Նարեկ Վան Աշուղաթոյանի գործի տարիների ձեռքբերումը հավաստող ցուցադրությունը, կարող ես հպարտորեն անցնել հայկական ասեղնագործության հայտնի գրեթե բոլոր դպրոցներից արժեքավոր նմուշներ պարունակող ցուցանմուշների կողքով, որոնցում առկա են, թե գավառական պարզ և թե հայաշատ մեծ քաղաքներին բնորոշ ստեղծագործություններ, և որոնց ստեղծման ժամանակը սկսվում է 1650 թվականներից ու գալիս մինչև 915 թվականը՝ պարունակելով Վանի, Ուրֆայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործովող այլ կարի տեսակներ:
Կարող ես հպարտորեն անցնել, վեհանալ քո ինքնության խորքերով ու խոսել քո նախնիների հետ, հայտնվել նրանց կենցաղում, դառնալ նրանց առօրյայի մասն ու խորհել, թե ի՜նչ կյանքով ու կենցաղով են ապրել նախնիներդ, մշակութաբանական ի՜նչ միջավայրում են արարել, գոյաբանական ի՜նչ պայքար են մղել, ինչպե՜ս են նայել ապագային, ընտանիքին, ժառանգականությանն ու սերնդի շարունակականությանը, որ կարողացել են պահպանել բացառիկ, անսակարկելի արժեքները՝ ազգային հոգևոր, մշակութային, մարդաբանական, գոյաբանական արժեքները:
«Նարեկի վանեցի նախահայրը` Շարան Բեյ Շարանյանը, 1840-ական թվականներին Վան (ներկայիս Թուրքիայի Հանրապետությունում) քաղաքում հիմնել է մի քանի հայկական դպրոցներ և հոգացել դրանց պահպանությունը: Այդ դպրոցներում բացի հիմնական դասավանդվող առարկաններից, ուսուցանում էին նաև հայկական ավանդական արհեստներ: Եվ ո՞վ գիտե, թե այսօր ո՞ւմ հեղինակած և ո՞ր հաստատությունում ստեղծված հայկական նմուշներն են մեկտեղվել այս ցուցասրահում…»,- գրված է ցուցահանդեսի համադրության «Բարի՛ եկար» խորագրված տեքստում:
«Հիշում եմ, թե մանկությանս օրերին ի~նչ ոգևորությամբ էի հայտարարում, թե ես խարբերդցի ծնողների զավակ եմ, թե հայրական, թե մայրական կողմից: Սակայն գիտեի միայն այդքանը: Ժամանակի ընթացքում ներքին մղումով ցանկացա պեղել այն ամենը, ինչն ինձ համար մնացել էր հարցական…: Հայրական կողմից Մեծ Մեծ մայրս՝ Աղավնին շա՜տ գեղեցիկ և նուրբ ասեղնագործում էր, ժանեկագործությամբ էր զբաղվում և նրա մահից քառասուն տարի անց, ես փորձում եմ շարունակել իր կիսատ թողած գործերը, ամբողջացնել ու ավարտին հասցնել…». այսպես «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին պատմում էր Հալեպից Ազարիգյաններ տոհմի ներկայացուցիչը, և Նարեկ վան Աշուղաթոյանի հավաքագրած ժառանգությանը նայելիս նախ տեսնում ես այս ժառանգական կապը, անծանոթ հայերի այս ժառանգական միությունը, նրանց կորուսյալ հայրենիքն ու այդ հայրենիքում տրված պայքարը հանուն ինքնության, ու տեսնում ես բազում աղավնիների, բազում հայ կանանց, որոնք շարունակել են իրենց մեծ մայրերի ու նրանց մեծ մայրերի առաքելությունը:
Ի՜նչ կենցաղով է ապրել ու արարել հայ կինը իր հայրենիքում, իր տանը, իր օջախում, որ կարողացել է այդքան ժամանակ ու ջանք ներդնել՝ ասեղնագործելու, ստեղծելու իր կենցաղի պարագան՝ իր սրբիչը, ծածկոցը և այսպես շարունակ և ի՜նչ ավանդույթային կապ է եղել հայ մոր ու իր դստեր, հայ մամիկի ու իր թոռան միջև, որ սերնդեսերունդ փոխանցվել է մի գործ, որին նայելիս տեսնում ես հային ու միայն հային, որովհետև դա ճանաչելի ձեռագիր է:
Եվ ի՜նչ կենցաղ ու կենցաղավարություն է ապահովել հայ տղամարդն իր ընտանիքի կնոջ՝ մոր, տատի, մեծ տատի համար, որ ընտանիքը պահպանելու, սերունդը պահպանելու, ժառանգականությունը պահպանելու ճանապարհին հայ կինը ժամանակ է ունեցել չկորցնել իր ինքնության մի մասնիկը, շրջապատել իրեն ազնվազարմություն ու վայելչություն տվող կենցաղային իրերով, այդ իրերում անգամ զգալ ու տեսնել իր կապը իր նախնյաց հետ ու այդ իրերով անգամ լուռ զրույցի լինել, հոգևոր լուռ զրույցի:
«Բարի՛ եկաք» ասելով բոլոր նրանց, ովքեր այդ զրույցում ընկղմվելու հավակնություն ունեն, ցուցադրության համադրության տեքստը հուշում է. «…Այս ցուցահանդեսին ներկայացված մասունքների մեծ մասը Նարեկը գնել է տարբեր աճուրդներից և մասնավոր սրահներից։ Այդ նմուշներից մի քանիսը Ցեղասպանության տարիներին փրկության ճամփա էին անցել ձեռամբ գաղթականաց: Դժվար թե դրանք այսօր մեզ հասած լինեին, եթե գաղթականները մեծ կամք ու ցանկություն չունենային այդ աշխատանքներն ամեն գնով փրկելու և դուրս հանելու թալանից ու կործանումից: Իսկապես բացառիկ հետաքրքրություն ունի` ինչո՞ւ օրհասական պահերին սեփական տներից քշվող մարդիկ իրենց հետ վերցրին ձեռագործի այդպիսի մասնիկներ…
Այս հարցադրմանը մի փոքր խորությամբ մոտենալիս ապշելու եզրահանգումներ կարող ենք ունենալ։ Մարդիկ այս ձեռագործները դուրս են բերել, որովհետև արհեստը, հիշողությունը, ի վերջո՝ տեսակը շարունակելու մի ներքին մղում ունեին։ Գուցե դա արել են անգիտակցաբար, զգայական դրդումներով, բայց արե՛լ են, և դա այն դեպքում, երբ այդ պատառիկներով ո՛չ տաքանալու էին, ո՛չ վաճառելու: Եվ սրանք եզակի փաստեր չեն։ Իրարից հարյուրավոր մղոն հեռավորութեան վրա գտնվող տարբեր բնակավայրերից հայրենազրկվող հայեր նույն կերպ են վարվել իրենց բաժին հասած մշակութային և հոգևոր արժեքների հետ: Բազում փրկյալ ձեռագրաց ճակատագրեր լավագույն վկաներն են ասվածի:
Հայ կանայք Ճառընտիր էին փրկում Եղեռնից, որը, իհարկե, առաջին անհրաժեշտության առարկա չէր իրենց կենցաղում, բայց դա անում էին, որովհետև ավելի մեծ հարց կար լուծելու, այն է` տեսակի շարունակականության ապահովում: Եվ դրա համար ներկա սերունդն այսօր Ցեղասպանությունը որակում է իբրեւ նպատակին չհասած ծրագիր…»:
Ահա այսպես, ահա այսպիսի լուռ նվիրումով է փրկվում հիշողությունը: Ահա այսպես, այսպիսի անխոս նվիրումով է փոխանցվում ժառանգությունը և հիշողությունը: Ժառանգություն ու հիշողություն, որոնք ազգի շարունակականության ու ապագայի գրավականներ են:
Հ.Գ. Ամիսներ առաջ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուն ամփոփվեց «Փրկեալ Ձեռագործք Հայոց» խորագրյալ գրքում և ահա նույն խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում է՝ շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյան (ԱՄՆ), Արման Ծատուրյան, Հրազդան Թոքմաջյան, Սաթենիկ Չուգասզյան, Մարիամ Մալխասյան անհատների ջանքի ու նվիրումի: Ու որքան էլ գիրքը՝ որպես մնայուն արժեք ինքնին խոսուն է, առավել խոսուն է ցուցահանդեսը, ուր յուրաքանչյուր ցուցանմուշ մի պատմություն է՝ մի գերդաստանի, մի անհատի, մի ընտանիքի պատմություն, որից փոխանցվում են կենդանի շունչ ու ոգի:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ