«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Ճանապարհ, որ տանում է․․․ՏԱՃԱՐ․ համաշխարհային օպերան՝ հայաստանյան բեմում․․․»
Երբ հինգ տարի առաջ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում տասնամյա խուլ լռությունից հետո կայացավ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» նորարար օպերայի հայաստանյան շքեղ պրեմիերան՝ ակնհայտ էր, որ ի դեմս համաշխարհային օպերային արվեստի հայկական խորհրդանիշերից Հասմիկ Պապյանի, օպերային ստուդիան սկսում է իր նոր էպոխան։
Բայց, ցավոք, այդ էպոխան սկսվում էր բացառապես Հասմիկ Պապյանի՝ անիրականանալին իրականություն դարձնելու համառության, համախոհների ամիսների անձնվիրումի, անպատկերացնելի ջանքի ու տքնանքի շնորհիվ, և ոչ այն գիտակցության, որ օպերային ստուդիան այն ճանապարհն է, որով մեր տաղանդավոր ուսանողները պետք է անցնեն փորձառության դպրոց, պետք է քայլեն դեպի համաշխարհային բեմեր, և այդ ճանապարհին պետք է լինի Հայաստան պետության ամուր, հզոր, աջակից ձեռքը։
Եթե Գլյուկն իր օպերան հանրությանը ներկայացրեց այն օրերին, երբ Ավստրիան յոթնամյա դաժան ու հոգեմաշ պատերազմի մեջ էր, ապա «Օրփեոս»-ի հայաստանյան պրեմիերան կայացավ այն օրերին, երբ թվում էր, թե զուգահեռ իրականությունների մեր ժամանակում կյանքի, ապրելու իրականությունը կարծես հաղթում է մահվան, հանձնվելու, անորոշությունների իրականությանը:
«Օրփեոս»-ի փառահեղ բեմադրությունից հետո, որն, իրապես, ճանապարհ դարձավ բազում ուսանող արտիստների համար, օպերային ստուդիայում իրականություն դարձան նաև Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնե»-ն, Մոցարտի ««Դոն Ժուան»․ հատվածներ օպերայից»-ը, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, Թերենս Մըքնելիի «Վարպետության դաս»-ը, բազում համերգային նախագծեր, վարպետության դասեր և այլք, սակայն՝ կրկին Հասմիկ Պապյանի՝ անիրականանալին իրականություն դարձնելու համառության, համախոհների ամիսների անձնվիրումի, անպատկերացնելի ջանքի ու տքնանքի շնորհիվ և ոչ Հայաստան պետության այն հզոր ձեռքի, որը կարող էր բոլորովին այլ ուղի հարթել օպերային արվեստի մեր երիտասարդ ձայների, երիտասարդ տաղանդների համար, որոնք կարող էին համաշխարհային արվեստում «խոսել» հայկական օպերային արվեստի անունից, և բազմապատկել մեր օպերային տերություն լինելու բարեբախտության առավելությունները։
Եվ ահա չփոփոխվող այս իրավիճակում օպերային ստուդիայի բեմում հայտնվում է օպերային արվեստի մեկ այլ գլուխգործոց՝ «Հենզել ու Գրետել» մանկական անկրկնելի օպերան։

Արդեն գրել եմ, որ երեխաներն ինձ համար ցուցիչ են, ամեն ինչի լավագույն ցուցիչը և ահա ութ տարեկան երեխան դասերից հետո, այլ պարապմունքներից հետո երեկոյացող օրվա մեջ շուրջ երկու ժամ անհոգնել վայելում է «Հենզել ու Գրետել»-ի թե երաժշտությունը, որն իր բարդության մեջ, ուղղակի, տաղանդավոր է, հանճարեղ է, աննկարագրելի է, սիրուն է անպատմելիորեն, թե բեմադրությունը, որն, ուղղակի, նման է հեքիաթի, նորարար է, նոր մեդիաներով, նոր մտածողությամբ, խորքայնորեն օպերային արվեստի ներսում և օպերային արվեստից դուրս միաժամանակ, թե օպերային արտիստներին, որոնք լինելով Կոմիտասի անվան մեր երաժշտանոցի ուսանողներ, ուղղակի գերում են իրենց վարպետությամբ, կատարողական արվեստով, իրենց ջանքով՝ լինել լավագույնը։

Երիտասարդ երգչուհիներն իրենց դերերգերը կատարում են կատարյալ գերմաներենով, այնքան կատարյալ, որ երեխային թվում է, թե գերմանացիներ են երգիչները։
Երիտասարդ արտիստները, որ դեռ չեն յուրացրել օպերային արվեստի բոլոր նրբությունները, բեմում կատարելության հասնող վարպետությամբ ցուցանում են նոր ժամանակների օպերային արվեստի ատրիբուտներ և սա խոսում է արդեն իսկ մեկ քայլ առաջ լինելու մասին։
Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը»՝ հայտնի հեքիաթն այն ստեղծագործություններից է, որն այսօր, այսօրվա ժամանակակից աշխարհի իրողությունների, այսօրվա թվային ժամանակների իրողությունների համատեքստում այլևս այն ընկալումը չունի, ինչ տասնյակ տարիներ առաջ, այսօրվա ընկալումներով կարող է խաթարել երեխայի մանկությունը, խաթարել մանկության հեքիաթները, ձևախեղել այն տիեզերական աշխարհը, որ երեխայի աշխարհն է, դառնացնել այն ու տխուր մտորումների տեղիք տալ։

Փոխվել է աշխարհը, փոխվել են ընկալումներն ու կյանքի մատուցումները երեխային, բայց ինչպե՞ս է հաջողվել Հասմիկ Պապյանին, բեմադրության ռեժիսոր, տաղանդավոր երիտասարդ բեմադրիչ Նորայր Հերգնյանին, բեմադրող նկարիչ Եկատերինա Ջագարովային, զգեստների հեղինակ Անի Չոփուրյանին՝ ստեղծել այնպիսի մի «Հենզել ու Գրետել», ուր կա լույս, շա՜տ լույս, կա մանկության մի մոլորակ, կա տիեզերական մի աշխարհ, կա ջերմություն ու սեր, որը երեխային հեռու ու զերծ է պահում հոգեկան ցնցումներից, տխուր պատկերներից, տխուր մտորումներից...

Հակառակը՝ երաժշտության թևով, թատրոնի թևով, թատերայնության թևով, գույների աշխարհով ու պատկերների աշխարհով, վիզուալիզացիայի շքեղ ազդեցիկությամբ ու սքանչելի երգով, երգեցողությամբ նրան տանում է դեպի իր երազային աշխարհի ամենա-ամենալուսավոր շերտերը։
Բարդ, շատ բարդ երաժշտական ստեղծագործություն է Էնգելբերտ Հումպերդինգի «Հենզել ու Գրետել» օպերան, և այն առաջին անգամ Հայաստանում բեմադրելը, Հայաստանը համաշխարհային օպերային արվեստի ավանդույթներին մոտեցնելը հեշտ չէ, առավել ևս՝ այսպիսի բեմադրությամբ մոտեցնելը, այսպիսի մոտեցմամբ մոտեցնելը, այսպիսի նորովիությամբ այն մատուցելը, ու մանավանդ այն միջոցներով՝ ավելի ճիշտ՝ միջոցների բացակայությամբ, որով բեմադրվել է։

Այն առաջին անգամ բեմադրել են Վայմարի Արքունական թատրոնում, երիտասարդ ու հանճարեղ Շտրաուսի ղեկավարությամբ, որովհետև հասկացել են արքունական պատվի արժանացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը սերունդների համար։
Այնքան սքանչելի ստեղծագործություն էր Հումպերդինգի «Հենզել ու Գրետել»-ը, որ առաջին իսկ տարում այն բեմադրվեց Եվրոպական հիսունից ավելի թատրոններում, այն ղեկավարեց Գուստավ Մալերը Համբուրգում և այլն, և եվրոպական հեռուներից հասավ մինչև նյու Յորք, մինչև աշխարհի այլ անկյուններ՝ մտնելով օպերային արվեստի լավագույնների հերթագայություն։

Այսօր էլ Հումպերդինգի «Հենզել ու Գրետել»-ը ժամանակակից աշխարհի օպերային բեմերում է՝ ժամանակակից մեկնաբանություններով, ժամանակակից մեդիաների լայն կիրառմամբ, և մեծագույն պատիվ է, որ այսուհետ համաշխարհային օպերային մատենագրություններում հայաստանյան պրեմիերայի վայր է նշվելու նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան, և հայաստանյան պրեմիերայի հիմնադիրներն են լինելու հենց ստուդիայի սաները՝ Հասմիկ Պապյանի առաջնորդությամբ, քանզի Հասմիկ Պապյանի անունն էլ վաղուց համաշխարհային օպերային արվեստի մատենագրություններում է։

Ջանասիրության ու նվրումի ի՜նչ ճանապարհ են անցել օպերային ստուդիայի երիտասարդները՝ այդքան վարպետորեն իրագործելու իրենց առաքելությունը։
Ի՜նչ ճանապարհ են անցել ներկայացման բոլոր մասնակիցները՝ ստեղծելու համար այդպիսի վառ, այդպիսի թատերայնորեն գունեղ բեմադրություն։
Ի՜նչ ճանապարհ է անցել Խորվաթիայից ժամանած դիրիժոր Իվան Շչեպանովիչը՝ կատարողական արվեստով առանձնացող ու ներդաշնակ նվագախմբի ներկայության համար։
Ի՜նչ ճանապարհ են անցել երիտասարդ ու տաղանդավոր արտիստները՝ Սիրանուշ Օվսիյանը, Ալվարդ Ազատյանը (Հենզել), Տատյանա Հմայակյանը, Լիանա Սիմոնյանը, (Գրետել), Արտակ Այվազյանը, Հայկ Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Էլեոնորա Հարությունյանը, Աննա Տեր-Հովհաննիսյանը, Արփինե Գրիգորյանը, Մարգարիտա Օքրոյանը, Աննա Կարագյոզյանը, բոլորը։

Դեռ չսկսված ներկայացումը, դեռ չբացված վարագույրն արդեն իսկ գերում են, որովհետև բեմադրիչն ու ստեղծագործական կազմն ամեն ինչ արել են լավագույն թատերական միջավայր ստանալու համար, ամեն ինչ արել են ստեղծելու այն մթնոլորտը, որը հանդիսատեսին տանելու է դեպի երազային աշխարհներ, ու, երբ բացվում է վարագույրը և երաժշտախումբը սկսում է նախանվագը, արդեն իսկ ընկղմված ես լինում օպերային հեքիաթի աշխարհում և այլևս չես կարողանում կտրվել։
Գերում են «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի սաների երգչախմբի փոքրիկները, որոնք այնքա՜ն ներդաշնակորեն են ձուլված բեմադրության ոգուն, բեմադրության հեքիաթին, բեմադրության եթերայնությանը, որ թվում է, թե նրանք բեմ են եկել հեքիաթի անտառից, հեքիաթի սիրուց և ոչ չարությունից։

Ընդհանրապես՝ շատ սեր կա ներկայացման մեջ և բեմադրությունը կառուցված է սիրո ընկալումների վրա, որոնք էլ չեզոքացնում են բուն ստեղծագործության այլ աղերսները։
Սա Հասմիկ Պապյանի՝ այս պահին վերջին սխրանքն է և սա ճանապարհ է, ճանապարհ, որը շատ տաղանդների տանելու է իրենց երազանքների հետևից, տանելու է մեծ բեմեր, շա՜տ մեծ բեմեր, որոնք հենց հայաստանյան օպերային մշակույթի բեմերն են լինելու։
Չկա այլ ճանապարհ։
Էլի հիշեմ Հրանտ Մաթևոսյանին՝ «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել ... մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա...»։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy