Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Է՜, Հանրային, Հանրային...2». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Տարօրինակ զուգադիպությամբ, ճիշտ մեկ ամիս առաջ գրեցի «Է՜, Հանրային, Հանրային...»  խմբագրականը և, անկեղծ ասած, որևէ մտադրություն չունեի մեկ ամիս հետո կրկին անդրադառնալ Հանրայինին, բայց, եթե այսկերպ շարունակվի, վախենամ ամեն ամիս Հանրայինին անդրադառնալը դառնա դիմակ կրելու նման պարտադիր:

Ինչևէ. այսօր կարդացեք «Է՜, Հանրային, Հանրային... 2»-ը...  

 

«Նոր կորոնավիրուս» կամ «COVID-19»-ը համավարակն աշխարհում փոխեց ամեն ինչ՝ կյանքը, հարաբերությունները, ընկալումները, մոտեցումները, աշխատանքը… Փոխեց քննարկվող հարցերը, խնդիրները, անցյալին ու ներկային նայելու դիտակետերը, ապագայի շուրջ մտորումները…

Իսկ գիտե՞ք ինչ չփոխեց համավարակը. Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այս հեռուստատեսության՝ չինական պատի նմանվող եթերացանցը, այս հեռուստատեսությունում համավարակի վերածված անբովանդակությունը…

Թողնենք, այս անգամ թողնենք հեռուստատեսային առումով բոլոր պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտական խնդիրները և խոսենք բացառապես Հանրայինի բովանդակության մասին: Հանրային հեռուստատեսության այսօրվա բովանդակության մասին: Ասել է թե՝ հանրային բովանդակության մասին:

Եվ ուրեմն այսպես. համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու գործողությունների շարքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է 18 հսկայածավալ միջոցառում:

Որևէ մեկը կարող է՞ փաստել, որ ինքը Հանրային հեռուստատեսությունից բավարար տեղեկացված է այդ 18 միջոցառումների բոլոր բովանդակային մանրամասներին:

Ինչո՞ւ Հանրայինում չկան այդ 18 միջոցառումները մանրամասն ներկայացնելուն, պարզաբանելուն, հանրայնացնելուն ուղղված հաղորդաշարեր, հանրության հետ հետադարձ կապի մեջ գտնվող հաղորդումներ:

Չասենք, թե դրանց մասին խոսվում է լուրերի թողարկումներում:

Նախ՝ լուրերի թողարկումների ձևաչափն, ինքնին, թույլ չի տալիս այդ մասին խոսել ամենայն մանրամասնություններով, և երկրորդ՝ եթե որևէ մեկը կփաստի, որ Հանրայինի լուրերի թողարկումները որևէ աղերս ունեն «լուրերի թողարկումներ» ժամանակակից հասկացության հետ ընդհանրապես և այդ երգեցիկ ձայնային ելևէջումներով ակնարկատիպ «ռեպորտաժների» միջոցով հնարավոր է հանրությանը որևէ բանի մասին տեղեկացնել, կարելի է առավել մասնագիտական զրույց սկսել:

Թողնենք նաև այն իրազեկող հոլովակները, որոնք ցուցադրվում են:

Որքան էլ, որ դրանք լավը լինեն, (իսկ դրանք, իրոք, լավն են) որևէ կերպ չեն կարող լուծել հանրության տեղեկացվածության խնդիրը, որովհետև այդտեսակ հոլովակները մի հատկություն ունեն՝ դառնում են սովորական աչքի ու ականջի համար ու… այլևս չեն դիտվում: Եվ երկրորդը՝ չեն ապահովում հետադարձ կապը:

Ինչո՞ւ այն ժամին, երբ աշխարհի գրեթե բոլոր առաջատար, այդ թվում՝ հանրային, հեռուստաընկերությունների եթերային տաղավարներում քննարկում են համավարակի հետ կապված տարատեսակ խնդիրներ, կառավարությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, ամենատարբեր մասնագետներ խոսում են համավարակի ամենատարբեր ասպեկտների մասին, այն հաղթահարելու իրենց երկրների ձեռնարկած քայլերի մասին, մենք դատապարտված ենք դիտելու արդեն մեկ անգամ դիտված հեռուստասերիալը, հետո մյուս անվերջանալի հեռուստասերիալը, հետո մխրճվելու շոուբիզնեսային որևէ «գիգանտի մեծ կենսագրության» բավիղներում ու լսելու նրա «փառավոր կյանքի» մանրամասները՝ հետագա կյանքդ այդ «մեծի» ճամփով անցնելու տարտամ հույսով:

Արդյո՞ք համավարակային երկիր է Հայաստանն այս պահին, թե համավարակից զերծ մի պետություն՝ անդարդ հասարակությամբ, որը, իրավամբ, պետք է իր երեկոյի լավագույն 4-5 ժամը նվիրի անբովանդակ «վայելքներին»:

Ինչո՞ւ ենք զարմանում, որ հանրությունն ամեն կերպ փորձում է տեղեկություններ ստանալ ֆեյսբուքյան «նյուզֆիդերը» քրքրելով, անդիմակ կուտակվում է բանկերի դռներին՝ բանկի աշխատակցից մի մանրամասն ճշտելու հույսով, հարևանների հետ է քննարկում կառավարության որոշումներն ու միջոցառումները՝ յուրովի մեկնաբանելով դրանք, գյուղամիջում է փնտրում իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, հուսահատ զանգահարում է հնարավոր բոլոր թեժ գծերին և այլն…ու չարանում է: Չարանում է իր ընտրած կառավարության դեմ, սկսում է չհավատալ իր ընտրած կառավարությանն ու հեշտորեն տրվում է քաղաքական մանիպուլյացիաների գուրուներին:

Հանրային հեռուստատեսությունից որևէ մեկը դիտել է՞ «Ազատություն» ռադիոկայանի «Լոռվա զրից» հրաշալի շարքը, լսել է՞ հեռավոր Ահնիձորի բնակիչների կորոնավիրուսային զրույցը. (թողնենք, որ այդտեսակ շարքեր ստեղծելը հենց Հանրայինի խնդիրն է): Մարդն ասում է. «…բա հըմի ես որդի՞ գնամ ման գամ էդ օլայնը (օնլայնը էլի) գտնեմ»,- ասում է,- «մեր կըշտին 1-ին դարը նոր ա սկսըմ, դու ասըմ ես՝ 21…»,- ասում է,- «…Էն ա, գոմի խաթըր եմ գնացել դիմել, որ գոմը սարքեմ, չի տալի: Դե անարդար ա, եթե գոմի համար չի տալի, փողը, բա էլ ընչի ա՞ կառավարությունը սաղ օրն ասում գյուղացուն վարկ եմ տալի…»:

Հիմա տեղեկատվական առումով ո՞վ պետք է այս քաղաքացուն բացատրի, թե «որդի՞ գնա ման գա էդ օլայնը», թե ինչպե՞ս վարկ վերցնի, որ գոմ սարքի, որ հողը շենացնի, որ իր տունը պահի, ինչպե՞ս այս համավարակի օրերին օգտվի իր կառավարության ծրագրերից և այլն, (իսկ այդ ծրագրերից որևէ մեկն, անպայման, այդ քաղաքացու համար է), եթե ոչ այդ քաղաքացու առջև պարտավորություն ունեցող Հանրայինը:

Թե՞ կարծում եք, որ անորոշության մեջ խարխափող, «1-ին դարը» նոր թևակոխած գյուղի քաղաքացին, եթե նայի «Ժիրայր Գլենց»-ը, հետո՝ «Տիկին պետքարտուղարը», հետո խորանա, ասենք, Ավետ Բարսեղյանի կյանքի մանրամասներում ու վայելի Սիրուշոյի համերգը, միանգամից կհայտնվի 21-րդ դարում:

Կամ «1-ին դարը» նոր թևակոխած քաղաքացին Հանրայինը միացնում է նրա համա՞ր, որ «Օրվա հերթապահ»-ն իրեն առաջարկի instagram-ում քվեարկել հարցերի օգտին՝ հաճախակի է՞ այցելում թանգարան, թե՝ երբեմն… Իսկ գուցե հարցնեք՝ հաճախակի է՞ այցելում բաղնիք, ունի՞ դրա հնարավարությունը, աթարը բավականացնում է տարվա ընթացքում, թե՞ ոչ:

Թե՞ կարծում եք, որ այդ մարդիկ պարտավոր են բան ու գործ թողնել, դաշտ ու գոմ թողնել ու հետևել կառավարության ու Ազգային ժողովի նիստերի լայվերին ու առավել ևս հասկանալ այդ նիստերի բովանդակությունը:

Ահա, այս է անբովանդակությունը, այս է այն գաղափարաբանական մառազմը, որում հայտնվել է Հանրայինը տասնամյակներ շարունակ ու որից անգամ հեղափոխությամբ դուրս գալու ճիգ չի գործադրում:

Եվ այս է պատճառը, որ Հանրայինին թվում է, թե իր հեռուստադիտողը կապիտալ վերանորոգված խելացի պենտհաուսում սիգարով բազմոցին թիկնած երևույթն է, որն արտակարգ իրավիճակում հայտնված համավարակային Հայաստանում ոչ մի ուրիշ դարդ չունի, բացի արտակարգ համերգներից ու ջազ վայելելուց:

Այս է պատճառը, որ Հանրայինը Հայրենական Մեծ պատերազմում (այո, Հայրենական Մեծ պատերազմում) տարած հաղթանակի 75-ամյակի տարում գոնե տոնին նախորդող մի քանի ամիսների ընթացքում մշտական տեղ չի գտնում իր հաղորդացանցում՝ նվիրելու այն ֆիլմերին ու պատմություններին, որոնք կխոսեն հայ ժողովրդի մեծ սխրանքի մասին, մեր փոքրաքանակ ժողովրդի աննախադեպ նվիրումի մասին, ի վերջո՝ կխոսեն այն թնջուկների մասին, որ այդ պատերազմը բերել էր ու բերելու էր Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում, կխոսեր այն պարտքերի մասին, որը, ինչպես վարչապետը ձևակերպեց, «…մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմներում»:

Իսկ այդպիսի ֆիլմեր կան, գիտե՞ք, այդպիսի պատմություններ՝ նույնպես, Հայրենական մեծ պատերազմի 287 մասնակից է դեռևս ապրում Հայաստանում, որոնց, ի դեպ, կառավարությունը 300.000 դրամ հատկացրեց:

Ինչո՞ւ գոնե մայիսին նախորդող ամիսներին ամենօրյա ռեժիմով չենք խոսում Շուշիի ազատագրության, Բերձորի ազատագրության, արցախյան մեր պատերազմի մասին, մայիսյան եռատոների մասին, առաջին Հանրապետության օրվա մասին, հաղորդումներ, հաղորդաշարեր չենք հրամցնում հանրությանը:

Ինչո՞ւ պապերի ֆլեշմոբը ֆեյսբուքյան հանրությունը հղացավ, ինչո՞ւ պետք է այլ մեդիաներում հանրությունը փնտրի այն բովանդակությունը, որոնցում դրված է միտք, ստեղծարարություն, նորարարություն (շշմելու նյութեր կան այլ հարթակներում), իսկ հանրայինի եթերում պետք է «Ամուսնացածների լիգա»-ներ ու «Կապրենք, կտեսնենք»-ատիպ անհեթեթություններ լինեն, անբովանդակ «Բենեֆիս»-ներ, օտար «Սպասիր ինձ»-եր ու անհոգ «Օրվա հերթապահ»-ներ:         

Համավարակը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել տնտեսության ամենատարբեր ճյուղերի համար՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, կրթություն, մշակույթ և այլն:

Չկա՞ Հանրային հեռուստատեսությամբ այս ոլորտների խնդիրները բաց քննարկելու հրատապ անհրաժեշտություն,  պետք չե՞ն ամենօրյա բանավեճեր, քննարկումներ, ելքերի ու ուղիների հանրային որոնումներ, կարծիքների ու տեսակետների բախումներ… Չէ՜, որևէ կերպ խոսքն այն հարցազրույցների (եթե նույնիսկ դրանք որևէ կերպ հարցազրույց համարենք) մասին չէ, որոնք հեռարձակվում են շատ անհարմար ժամի, ոչ էլ շաբաթը մեկ «Հանրային քննարկում»-ի մասին է (եթե նույնիսկ այն որևէ կերպ հանրային քննարկում համարենք):

Հեռուստատեսությունն այն հոզոր գործիքն է, որով հնարավոր է հատկապես արտակարգ իրավիճակում հայտնված հասարակությանը (և ինչո՞ւ միայն արտակարգ իրավիճակում հայտնված) կողմնորոշել, ուղղորդել, կրթել, ձևավորել, օգնել, ձեռք մեկնել և այլն: Մանավանդ՝ հանրային հեռուստատեսությունը:

Գիտեք դժվար է՞ր արցախյան պատերազմի օրերին համերգներով լցնել հայկական հեռուստատեսության եթերը, այն էլ՝ մի քանի ժամանոց եթերը, այնինչ առաջին տաղավարից ամեն օր մի քանի ուղիղ եթեր էր հեռարձակվում զինկոմների, հացի գործարանների տնօրենների և այլ ոլորտների տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ, որովհետև պատերազմ էր ու հանրության հետ այդ ծանրագույն իրավիճակի մասին խոսելու անհրաժեշտություն կար, պարզաբանելու, ներկայացնելու, տեղեկացնելու անհրաժեշտություն կար: (Ոչինչ, որ այսօր առաջին տաղավարից հնարավոր չէ հեռուստատեսային տրամաբանության մեջ ուղիղ եթեր հեռարձակել, բայց այսօր այս մասին չենք խոսում):  

Ամբողջ աշխարհն այսօր քննարկում է համավարակով պայմանավորված փոփոխված աշխարհի խնդիրը: Նույնիսկ հեռուստատեսային վիզուալիզացիան է այդ ուղղությամբ: Քննարկում է, թե ի՞նչ է լինելու համավարակից հետո, ինչպե՞ս է փոխվում աշխարհը, դեպի ո՞ւր է գնում աշխարհը, ինչպե՞ս է փոխվելու մարդը, մարդկային հարաբերությունը, ինչպե՞ս է փոխվում մարդու ու բնության փոխգործակցությունը, ինչո՞ւ հանկարծ մարդկությունը կանգնեց այս խնդիրների առաջ, ինչպե՞ս է մոդելավորվում մարդու, աշխարհի ապագան:

Չկա՞ն այս մտահոգությունները Հայաստանում, հնարավոր չէ՞ այս բանավեճը Հայաստանում, չունի՞ Հայաստանն այն մտավոր ռեսուրսը, որը կարող է հանրության հետ խոսել այս թեմաների շուրջ, չկա՞ն Հայաստանում ու աշխարհում հայ ազգագրագետներ, հոգեբաններ, մշակութաբաններ, ապագայագետներ, միջազգայնագետներ, թե՞ մենք դատապարտված ենք, որ մեր «կարևորագույն իրադարձությունները» պետք է լինեն մարուքյանական «ռազբորներն» ու դրա հետևանքները, կամ տնայնաբույծ քաղաքագետների ու փորձագետների գյուլնազտատային արդեն երեսնամյա հեքիաթները:

Հասարակության մի մասը չի հավատում համավարակին ու իր «հավատին» էլ համարժեք հասարակական վարք է դրսևորում, մի մասն ուղղակի ճկված է դավադրության տեսությունների բոլոր հնարավոր ուղղությունների տակ՝ Արցախ, պատերազմ, Հայաստանի ապագա, կառավարություն և այլն, մի մասն անուղղակիորեն քաղաքական մանիպուլյացիաների գուրուների ազդեցության գոտում է, որոնք ամեն օր գուժում են Հայաստանի կործանումն ու Արցախի հանձնումը, մի մասն իր փրկությունը տեսնում է ամեն առավոտ մի բաժակ սոդայաջուր խմելու կամ մեղրին կիտրոնի հյութ խառնելու «հրաշքի» մեջ, մի մասը պատրաստվում է դիմել «սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային»՝ հայ ժողովրդին փրկելու սեռական դավադրություններից, մյուս մասն, ակնհայտորեն, տառապում է սեռական հեղափոխության բացակայությունից, մի մասն ուղիներ է փնտրում չիպավորումից ազատվելու, մյուս մասը չիպ է փնտրում՝ վերընշյալներից փրկվելու համար ու…

Ու այս հասարակության հանրային հեռուստատեսությունն աշխարհի ամենաանդարդ հեռուստատեսությունն է. երգով սկսում ենք, երգով ավարտում, արանքներում էլ՝ երգում ենք…Դատապարտվածությունը շա՜տ ծանր զգացողություն է:

Ծանր է, երբ գիտես, որ դատապարտված ես շաբաթ երեկոդ լցնել «Լուրեր», «Զինուժ», «02» դիտելով, իսկ, օրինակ, կիրակի երեկոդ սկսել, ասենք «Երեք հրացանակիրները» նայելով, հետո լուրերով, հետո միակ ու անկրկնելի «Հանրային քննարկում»-ով ու «Երգ երգոցով»: Գիտե՞ք ինչի է նման՝ երբ գիտես, որ ամեն երեկո հնդկաձավարով («գրեչկա») փլավ ես ուտելու ու դա անվերջ է…(ներողություն եմ խնդրում հնդկաձավարի սիրահարներից, բայց վստահ եմ, հիշյալ ռեժիմին չեն դիմանա նույնիսկ նրանք):

Կա՞ այլընտրանք: Իհարկե կա: Կարող ես փոխել ալիքը, կարող ես միանալ youtube-ին, կարող ես այլ հարթակներում փնտրել քեզ հետաքրքրողը: Ի վերջո, ֆեյսբուքը կա ու կա: Ինչպես և կարող ես հրաժարվել հնդկաձավարով փլավից ու պատվիրել ինչ ցանկանում ես… Բայց, ինչպես ընդունված է ասել. «…բա մենք սրա համար էի՞նք հեղափոխություն արել»:     

Հ.Գ.

Երբ գրում էի այս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից անկեղծ մտահոգությամբ ասում էր. «…մեկին խնդրելով, մեկին բացատրելով, մեկին համոզելով, մեկին տուգանելով պիտի հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին…»:

Բա գիտե՞ք, թե բացատրելու, խնդրելու, համոզելու ի՜նչ հզոր գործիք ունեք, պարոն Միրզոյան: Եվ ոչ միայն այս համավարակային իրավիճակը ճիշտ ընկալելու առումով: Այլ՝ ընդհանրապես՝ մեդիագրագիտություն տարածելու, սոդայաջրով քաղցկեղ չբուժելու, Արցախը հանձնելուն չհավատալու, կեղծ լուրերի ծուղակներում չհայտնվելու հասարակություն ձևավորելու ի՜նչ հզոր գործիք, որը, սակայն չի գործում, քանզի տարիներ շարունակ կերտել է հենց այն հասարակությունը, ում այսօր փորձում եք համոզել, խնդրել, բացատրել: Ու, ցավոք՝ շարունակում է կերտել… Ու ցավոք, կարծես շարունակելու է… 

Հ.Գ. 1

Այսօր շվեդ թատերական մենեջեր Anders Öhrn-ը դասախոսություն էր կարդում ու ասաց, որ Շվեդիայի մշակութային քաղաքականության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը. հարկատուները բոլոր բնակավայրերից են, հետևաբար պետությունը պարտավոր է մշակույթը հասցնել բոլորին։

Շվեդիայի մասին Հայաստանում շատ են սիրում խոսել: Բայց միայն խոսել՝ ինչպես մնացած ամեն ինչի մասին: Չէ, մշակույթը թողնենք:

Ի՞նչ անենք հասկանալու համար, որ Հանրայինի հարկատուները բոլոր բնակավայրերից են ու պետությունը պարտավոր է Հանրայինը հասցնել բոլորին:

Թեպետ, սա օրենքով ամրագրված է: Հետո՞ ինչ…

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ