«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (մաս 2-րդ)

 

Օրեր առաջ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում հրապարակեցինք ականավոր գիտնական, լեզվաբան, գրականագետ, մատենագետ Ռաֆայել Իշխանյանի՝ դեռևս 1989-ին գրած «Երրորդ ուժի բացառման օրենքը...» ծավալուն հոդվածի 1-ին մասը:

Այս հոդվածը, այսօրվա լեզվով ասած՝ ոչ միայն սկանդալային էր այն ժամանակ, այլև այդպիսին կարող է դիտարկվել նաև այսօր: Եվ խնդիրը ոչ միայն փաստական լրջագույն հիմքով պատմական բազմաթիվ իրողությունների քողազերծումն է, միֆականացված, լեգենդ դարձած գաղափարների ու անհատների քողազերծումը, այլև հենց բուն գաղափարախոսությունը, որն այսօր էլ յուրացված չէ:

Սիրված գիտնականի այս հոդվածը ժամանակին սրերով ընդունվեց: Զարմանալի չէ, որ սրերով է ընդունվում նաև այսօր, քանզի հայ քաղաքական օրակարգում գրեթե նույն խնդիրներն են ու նույն իրավիճակները: Նույնն է նաև քաղաքական դաշտը՝ մտածողությամբ, շահերով, մարդկանցով ու մոտեցումներով:

Այսօր, երբ հրապարակում ենք հոդվածի 2-րդ մասը, շարունակում ենք հուսալ, որ հայ քաղաքական միտքը երբևէ կունենա սեփական շահերից վեր կանգնելու և պետության, հայության շահով առաջնորդվելու կարողություն: Իսկ հասարակությունը, որ առավել, քան կարևոր է, կջանա խորքով ըմբռնել իրավիճակն այսօր և համարժեք գործողությունների գնալ:

Հոդվածի 2-րդ մասը նույնպես ծավալուն է, բայց, իսկապես, կարդացվում է մեկ շնչով և չեք ունենում երկար նյութ կարդալու տպավորություն:

Բարի ընթերցում... 

«Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։

Երկրորդ կարևոր հաղթանակը 1920-21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ առանց որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։

Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։

Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։

Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։

Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։

Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը։

Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։

Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել և խոսել պանիսլամիզմի և պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։

Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաև հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։

Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊-ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։

1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։

Չէ՞ որ քաղաքական դեպքերր կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։

Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։

Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։

Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։

Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։

Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել երրորդ ուժը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։

Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։

Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Մարուխյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ Նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ-ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։

Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.

- Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։

- Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։

- Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։

- Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։

- Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։

- Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։

- Ուրիշ հովանավոր կգտնենք։

- Ո՞ւմ։ Պատասխան չկա։

- Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։

- Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։

- Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։

Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։

Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։

…Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստանին են ապավինում նաև մեր ռամկավարներն ու հնչակյանները։ Սրանք էլ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50-60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա։

Երրորդ ուժին են ապավինում նաև մեր երևանյան անկախականները՝ Ինքնորոշում միավորումը և նրանից անջատվածը. նրանց ղեկավար, ինձ համար շատ սիրելի Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անկախացման կապակցությամբ ՄԱԿ-ի զորքեր հրավիրելը Հայաստան։ Ինքնորոշում միավորումը Երևանում ցույցեր է անում ՄԱԿ-ի դրոշով։ ՄԱԿ-ի ուժեր, Եվրախորհրդարան, ահա Ինքնորոշում միավորման ապավեն երրորդ ուժերը։

Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։

Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի՜ նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։

Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։

Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։

Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։

Պետք է արդար լինել. այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։

Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։

«Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,- այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։

Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով:

Մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։

Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։

Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։

Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։

Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց՝ թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։

Անիմաստ է նաև Ռուսաստանի հետ թշնամանալը։

Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։

Շատ հայեր էլ նեղացել են Մ. Գորբաչովից, որ նա Արցախը Հայաստանին չի տալիս։

Բայց այ սիրելի հայեր, նրա նախորդներից ո՞վ է մեզ Արցախ տվել՝ Լենի՞նը, Ստալի՞նը, Մալենկո՞վը, Խրուշչո՞վը, Բրեժնևը՞… ո՞վ։ Ոչ մեկը։

Նշանակում է Արցախը Ադրբեջանից հանելը և Հայաստանին միացնելը Ռուսաստանի շահերին դեմ է, ինչո՞ւ եք հատկապես Գորբաչովից նեղանում, նա դեռ թույլ տվեց ազատ Արցախ պահանջել, «Արցախ» կոմիտե կազմել, նրա նախորդները դա էլ չէին թույլ տալիս։ Ռուսաստանի որևէ ղեկավար չի կարող հակառակ գնալ իր պետության շահերին, հասկանանք վերջապես։

Եվրախորհրդարանը։ Այդ ժողովարանը որոշում ընդունեց, որ եղել է հայկական ցեղասպանությունը։ Եվ շատ հայեր ցնծության մեջ էին՝ Եվրախորհուրդը ճանաչել է, որ թուրքերը մեզ բռնաբարել են, մորթել, քերթել, ողջ-ողջ թաղել... Իսկ Եվրախորհուրդը պարզ հաշիվ ուներ և հայերի հարցը դարձյալ (այս էլ որերորդ անգամ) որպես մանր դրամ օգտագործեց։

Արևմտաեվրոպական ընդհանուր շուկայի անդամները չեն ուզում, որ հետամնաց Թուրքիան դառնա իրենց միավորման անդամը և մեջ են գցում հայերի ցեղասպանության հարցը, թե թուրքեր, դուք հայերին կոտորել եք, ընդհանուր շուկայում ձեզ համար տեղ չկա։ Մեր մեծագույն դժբախտությունը չարաշահում են, իսկ մենք թեթևսոլիկաբար ցնծում ենք։

Առհասարակ աննպատակ է հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր պետություններից ու ՄԱԿ-ից պահանջելը։ Ասենք՝ բոլոր պետությունները և ՄԱԿ-ը ճանաչեցին, որ մեզ մորթոտել են, հետո՞։ Մեր միամիտ հայերն ասում են. «Հետո մեր հողերը կտան»։ Այ սիրելիներ, ի՞նչ կապ ունի ցեղասպանության ճանաչումը հողերի հետ։ Օրինակ, Ամերիկայի կարմրամորթների ցեղասպանությունը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, բա ինչո՞ւ սպիտակամորթները չեն հեռանում Ամերիկայից և հողերը կարմրամորթներին չեն տալիս։ Մինչև ե՞րբ պետք է այսքան միամիտ մնանք։

Հետո մտածե՞լ եք՝ ո՞ւմ պետք է տան հայոց հողերը։ Ռուսաստանի՞ն (ԽՍՀՄ-ի՞ն)։ Քիչ հող ունի՞ Ռուսաստանը։ Հետո Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) պաշտոնապես հայտարարել է, որ ինքը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Եվ վերջապես, եթե Ռուսաստանը Թուրքիայից հայոց հողերը վերցնի, ինչո՞ւ եք կարծում, որ Հայկ. ԽՍՀ-ին կտա։ Եթե տվող լիներ, իր գրպանում գտնվող Նախիջևանն ու Արցախը կտար։

Բայց ես շեղվեցի մեր անկախականների հարցից:

Նրանք երևի կարծում են՝ անկախություն, անկախություն գոռալով, վանկարկելով, Հայաստանը անկախ կդարձնեն։ Նրանցից շատերին երևի թվում է, թե անկախություն բառն էլ, դրա գաղափարն էլ իրենք են հնարել։ Կարծես մեր Արամ Նահապետից ու նրանից էլ առաջ մինչև Արամ Մանուկյան ու նրանից էլ հետո հայ լուրջ քաղաքական գործիչները ազգային անկախության չեն ձգտել։

Ան-կա-խու-թյուն գոռալով ու գրելով իրենց թերթերում՝ իրենք իրենց համար Հայաստանի վարչապետ են նշանակում ու ժամանակավոր կառավարություն։ Ինչպես որ երեխաները տուն-տուն են խաղում, այնպես էլ մեր անկախականները անկախություն են խաղում։ Այդ ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի իրական անկախության հետ։

Ախր, սիրելի անկախականներ, անկախությունը, այդ բառն անվերջ գրելով ու վանկարկելով չէ, որ գալիս է։ Մեր անկախությունը 1918-ին ինչպե՞ս եկավ։ Այդպես էլ կգա առաջիկայում։ Անկախությանը պետք է պատրաստվել, որ 18 թվի նման հանկարծակի չգանք։

Նախ պետք է ազգը հոգեպես, իր մտածելակերպով, բարոյապես ինքնուրույն ու անկախ դարձնել։ Դրա համար էլ պետք է մեր ժողովրդի մտքից հանել երրորդ ուժին ապավինելու մտայնությունը և հարաբերություններ հաստատել, երկխոսություն սկսել մեր հինգ հարևանների հետ։

Անհրաժեշտ է Հայ ժողովրդին վստահեցնել, որ ինքը կարող է ինքնուրույն գոյատևել առանց երրորդ ուժի ապավինելու։ Պետք է նաև այսօրվա համար ամենակարևորը՝ ռուսացող Հայաստանը վերահայացնել, իսկ անկախականներից շատերը նույնիսկ հայերեն ստորագրել չգիտեն, ոմանք առհասարակ հայերեն չեն գրում, ռուսագիր են և անկախություն են գոռում։

Նրանք Մաշտոցյան Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի արձանի առաջ հավաքվում են ու գոռում՝ «Սխալ է հայախոսության, հայագրության ու հայկական կրթության մասին խոսելը, մեզ պետք է անկախություն, եթե անկախություն լինի, մեր բոլոր հարցերը կլուծվեն»։

Շատ լավ, պարոններ, իսկ եթե այդ անկախությունը 10 տարով կամ 50 տարով, գուցե 60 տարով էլ ուշանա, ի՞նչ, անկախություն գոռալով սպասենք, որ Հայաստանը լրիվ ռուսանա՞։

Մի անկախականի ասացի ինչո՞ւ չես հայերեն ստորագրում։ Պատասխանեց. «Դա ինչ կարևոր է, կարևորը անկախությունն է, անկախություն լինի հայերեն կստորագրեմ»։

«Ուրեմն, մինչև անկախություն հայերս ստորագրենք ռուսերե՞ն»։ «Ինչ կա որ»։ Ահա մեր որոշ «անկախականների» խելքի չափը։ Հարցնում եմ՝ «Հարևանիս երեխան այս տարի դպրոց է գնալու, ի՞նչ դպրոց գնա՝ հայկակա՞ ն, թե՝ ռուսական»։ Ասում է՝ «Դա ինչ նշանակություն ունի, կարևորը անկախությունն է»։

Այսպիսիների գլուխը չի մտնում, որ հայոց անկախությունը սկսվում է հայերեն գրելուց և խոսելուց, հայ երեխաներին միայն հայկական կրթության տալուց։ Սիրելիս, դու ի՞նչ անկախական ես, որ չես ազատվել օտարագրությունից։ Քո պահանջած անկախությունը երեխաներին օտարամտած դարձնե՞լն է, հայերի օտար լեզվով գրելն ու խոսե՞լն Է։ Դա սուտ անկախություն է, պետք չէ մեզ։

…Մեր ամենաիսկական, ամենամեծ անկախականը եղել Է Մեսրոպ Մաշտոցը, որը մեր պետականության անկման պահին մեզ գիր ու գրականություն, հայկական դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղաքական անկախությունը կորցրած, բարոյապես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր։

Իսկ մեր այսօրվա անկախականները Մաշտոցի արձանի դիմաց կանգնած Մաշտոց են մերժում, քանի որ հայագրության ու հայկական դպրոցի դեմ նույնիսկ անկախության անունից խոսելը նշանակում է կռվել Մաշտոցի ու նրա մեծագույն գործի դեմ։

Վերջապես, դեպի ինքնուրույն ու անկախ ազգ մեր ճանապարհը խափան ու խոպան կլինի, եթե մենք չդառնանք մեր քրիստոնեական հավատին, որից ազգի մեծագույն մասը այսօր զրկված Է։ Եթե մենք ամեն ինչ ջանանք անել առանց մեր Արարիչին ապավինելու, կձախողվենք։ Մեր ազգը պահել է և կպահի Աստված, եթե մենք ապավինենք նրան։ Նա երբեք երես չի դարձնում մեզնից, մենք ենք նրանից երես դարձնում և այդպես փորձանքների մեջ ընկնում։ Մեզ օդի պես անհրաժեշտ է դարձ դեպի քրիստոնեություն։ Ապավինենք ոչ թե որևէ երրորդ ուժի, այլ մեր Արարիչին ու մեր ունեցած և ունենալիք ազգային ուժերին։

… «Արցախ» կոմիտեն նույնպես երրորդ ուժին ապավինելով սկսեց իր գործը։

Նա Արցախի ու Հայկ. ԽՍՀ-ի վերամիավորումը ումի՞ց էր խնդրում, պահանջում։ Մոսկվայից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբեջանցիների վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվարին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվանիները՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալայան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմիտեից և այլն։ Բոլորը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերակառուցման առիթով Արցախը մեզ է տալու։

Ես ասացի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպիսի հիմք չեմ տեսնում»։

Ես մենակ մնացի երրորդ ուժին ապավինող ընդհանուր երգչախմբի մեջ։ Դրանից հետո Էլ երկար ժամանակ «Արցախ» կոմիտեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմիտեին առաջարկել եմ Արցախի հարցով անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,- ասում եմ,- չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցելը գոնե կմեղմի հայ- ադրբեջանական այս սոսկալի թշնամությունը և գուցե Արցախի հայության համար ավելի տանելի ազգային պայմաններ ստեղծվեն…

1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստորագրություններ, պատմական փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջելով, խնդրելով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցախի միացումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթային այդ հեղեղը երևի մի ամբողջ բեռնատար գնացքում կլինի տեղավորել, և ոչինչ չստացանք, այսօր միացումը գուցե ավելի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը կա ու կա։

«Արցախ» կոմիտեի հռչակած «Մենք մշտական թշնամի ու մշտական բարեկամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապավինելուց հրաժարվելը, քաղաքական հասունացման որոշ նշան։ Այդպիսի նշան է նաև կոմիտեի հայտարարությունը պանթուրքիզմի վերաբերյալ (Գերագույն խորհրդի նստաշրջանում կարդացած)։ Բայց առայժմ այդ կոմիտեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկական ինքնուրույնացումը։

Կոմիտեն էլ գրեթե անտարբեր է մեր լեզվի ու դպրոցի հարցերի և Հայաստանի վերահայացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկական կազմակերպության գծի ճշտությունը և գործի օգտակարությունը չափվում է նրանով, թե որքան է նախանձախնդիր Հայաստանի վերահայացման գործին։

Այս առիթով չմոռանամ ավելացնել, որ լեզվա-դպրոցական հարցից հետո հրատապ է նաև Հայաստանի բնությունը ապականությունից փրկելը։

1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսական բանակում հայ կամավորական ջոկատներ ստեղծելուն, բայց հետո ինքն սկսեց կազմակերպել այդպիսի ջոկատներ։ Արդյոք, եթե նման իրողություն ստեղծվի, «Արցախ» կոմիտեն և մյուսները նույնը չեն անի ամբոխի տարերքին ենթարկվելով։

Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։

Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։

Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։

Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրը երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլին), նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։

Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք՝ հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։

Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։

300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։

Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։

Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։

Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը»։

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ