«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

 

1989 թվականին, երբ Հայաստանը քաղաքական խմորումների բարդ, հակասական ու միաժամանակ շատ հետաքրքիր շրջան էր ապրում, ականավոր գիտնական, լեզվաբան, գրականագետ, մատենագետ Ռաֆայել Իշխանյանը՝ օգտվելով բացախոսության ընձեռած հնարավորությունից, «Մաշտոց» պարբերականում հրապարակեց այդ ժամանակի համար խիստ սկանդալային՝ իր «Երրորդ ուժի բացառման օրենքը...» ծավալուն հոդվածը: (Հետագայում՝ 1990 թվականին, այն վերահրապարակվեց Աշոտ Բլեյանի կազմած՝ «Որն է մեր ճանապարհը» գրքույկում՝ հրատարակված «Արևիկ» հրատարակչության կողմից):

Այդ հոդվածում փաստային լրջագույն հակահարվածներ տրվեցին թե սովետական կեղծ պատմագրությանը, թե առաջին անգամ խոսվեց ճշմարտության լեզվով, թե պատմական իրողությունների համադրությամբ քողազերծվեցին միֆականացված, լեգենդ դարձած գաղափարներ ու անհատներ: Սիրված գիտնականի այդ հոդվածը սրերով ընդունվեց թե սադրանքներով հեռացող կոմունիստների, թե «անկախական ըլլալով, անկախությանը դեմ» դաշնակցականների կողմից, թեպետ հստակ ուրվագծում էր մի ճանապարհ, «երրորդ ուժի բացառման» ճանապարհը, որը ուղենշային էր քաղաքական խմորումներ ապրող Հայաստանի ու նրա քաղաքական ուժերի համար:

Այսօր, երբ իր՝ դարձ ի շրջանս յուր սովորույթին հավատարիմ, Հայաստանը կրկին քաղաքական փորձություններ է ապրում, կրկին իրարամերժ գաղափարախոսություններ են շրջանառվում, իրար մերժած անհատներ, իրար ատող քաղաքական ուժեր կրկին կեղծ  օրակարգեր են բերում քաղաքականություն, կրկին խաղ է արվում հանրության տարբեր շերտերի հետ, մենք որոշեցինք աննշան կրճատումներով ևս մեկ անգամ վերահրապարակել Ռաֆայել Իշխանյանի այս հոդվածը:

Գուցե հայ քաղաքական միտքը երբևէ կունենա սեփական շահերից վեր կանգնելու և պետության շահով առաջնորդվելու կարողություն:

Հոդվածը ծավալուն է: Մենք այն կհրապարակենք երկու մասով: Բայց լեզուն այնպիսին է, որ այն կարդացվում է մեկ շնչով և չեք ունենում երկար նյութ կարդալու տպավորություն:

Բարի ընթերցում... 

«…Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը՝ «պրիմիտիվ ազգ»։

Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։

Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։

Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։

Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց. «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն:

Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։

Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բոլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը… Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը - Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։

Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։

Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում՝ 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։

Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։

Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում՝ հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։

Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659-1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։

Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։

Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս գալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։

Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։

…Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք՝ հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։

Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը։ Իհարկե, Արևմտյան Եվրոպան, առհասարակ Արևմուտքը հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը։ Այն աստիճան, որ հայ լրագրության արքան՝ Գրիգոր Արծրունին հայտարարեց. «Մենք՝ հայերս քաղաքականապես ռուս ենք»։

Օրիի ժամանակներում էր Դավիթ-Բեկը։ Սա մեզ ներկայանում է որպես այն ժամանակի համար հասուն քաղաքական գործիչ, նա դաշնակցեց Վրաստանի և Պարսկաստանի հետ, բայց չապավինեց նրանց որպես երրորդ ուժի։ Դավիթ Բեկի գործունեությունը առհասարակ բացառիկ է և ավելի մեծ ուշադրության արժանի։

18-րդ դարի 70֊ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը։ Բայց սա ակնթարթային պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռուսաստանին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստանի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությանը Հարավային Կովկաս մտնող ռուսական զորքի առաջապահիկն էր, նույն դերը 1827- 28 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կատարում էր Ներսես Աշտարակեցին։

Այդ ժամանակ էլ սկսեցին հայ կամավորական ջոկատներ կազմակերպել ռուսական բանակի համար և դրանից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստանը կռվի մեջ էր մտնում մահմեդական պետությունների դեմ, հայ կամավորական խմբեր էին կազմվում և կցվում ռուսական բանակին։ Ներսեսը սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց։ Տեսնելով, որ Ռուսաստանը հայոց պետականության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտարակեցին սկսեց քծնել ռուսներին և դարձավ կաթողիկոս։ Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին։

Խ. Աբովյանը օրհնեց «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։

1878 թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հողվածը նախատեսում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիայի գործերին, իբր հանուն հայերի։ Նման մի բան էր Բեռլինի վեհաժողովի սահմանած 61-րդ հոդվածը։ Այդպես սկիզբ առավ Հայկական հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիայի գործերին իբր հանուն հայերի և որի վախճանը եղավ Արևմտահայաստանի լիակատար հայազրկումը։

Հայ հեղափոխական կուսակցություններն էլ իրենց հույսը, ապավենը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստանի և Եվրոպայի վրա։ Անգամ իրենց անունները նրանք ռուսերենից էին ընդօրինակում։ Հնչակը Գերցենի ռուսերեն «Կոլոկոլ» թերթի անվան հայերեն թարգմանությունն է, Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ռուսական «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիոներով» կազմակերպության բառացի թարգմանությունն է։

Այս կուսակցությունների գործունեության գլխավոր նպատակը Թուրքիայում հայկական զինված շարժումներ կազմակերպելն էր հայերի կոտորածներով՝ Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնելու նպատակով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրավիրումն էր։

Մեզանում երրորդ ուժին ապավինելու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղայամիտ ծրագրերով։ Գրավում են Թուրքիայի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիայի սուլթանին սպանեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրավիրել հայերի վրա։

Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապավինելով, Թուրքիայի դեմ գործողություններ կատարելը հայերի համար կործանարար էին համարում։ Օրինակ, Մ. Օրմանյանը, որի միրուքը փետեցին երրորդ ուժի սիրահար հեղափոխականները։ Ավ. Իսահակյանն իր հուշերում գրում է, որ երրորդ ուժին ապավինած հայ հեղափոխական շարժմանը դեմ է եղել նաև Ղ․ Ալիշանը. «Պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհամարհում էր ամբոխը որպես թուրքասերների։

Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որևէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում և հայոց հարցը օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա։ Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում։ նույնիսկ Բուլղարիային էլ ենք ապավինել իբրև երրորդ ուժի։

Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914 թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց՝ ռուս-թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք։ Բայց բավական էր, որ ռուս-թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն դաշնակցությունը հոգով և մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին։

1914 թ. երկրորդ կեսին հայությունը ցնծում էր, ասում էին. «Ռուսաստանը արագ կհաղթի մահամերձ Թուրքիային՝ մեր դարավոր թշնամուն և հայոց հարցը կլուծվի»։ Այդ երգչախմբին մասնակցում էին գրեթե բոլոր հայ մտավորականները, նույնիսկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն։

Այդ ժամանակ էլ կային լուրջ գործիչներ, որոնք կտրականապես դեմ էին ռուսական բանակի կազմում հայ կամավորական խմբեր կազմելու գաղափարին։ Դրանցից էր Արամ Մանուկյանը և առհասարակ դաշնակցության Վանի խումբը։ Բայց նրանց խոսքն էլ մնաց անապատում հնչող ձայն։ Հ. Քաջազնունին Վանից վերադառնալով Թիֆլիս, դաշնակցական բյուրոյում հայտնեց, որ Վանի խումբը դեմ է կամավորական շարժմանը, ինքն էլ կտրականապես դեմ էր արտահայտվում, որ հայերը Ռուսաստանի կողմից հատուկ ջոկատներով կռվեն Թուրքիայի դեմ։ Նա ընդհարվեց բժիշկ Զավրիևի հետ, որը երրորդ ուժին ոտով-գլխով ապավինելու մեծագույն ասպետն էր։ Բայց հետո ինքը՝ Քաջազնունին էլ դարձավ կամավորական խմբերի եռանդուն կազմակերպիչներից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ ուժին մեր ապավինելը իր գագաթնակետին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնակետին հասան, մոտեցանք լիովին բնաջնջվելու եզրին։

Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռատեսորեն բացառում էր երրորդ ուժին ապավինելը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։

Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյանի մասին է։

Այսօր, երբ անդրադառնում ենք այն օրերի դեպքերին, նկատում ենք, որ դեռ 1915 թվից, գուցե ավելի առաջ հայոց քաղաքական կյանքում գծագրվում էին երկու հարկադիր ուղղություններ. մեկը երրորդ ուժին, գլխավորապես Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն էր՝ Թուրքիան մշտական թշնամի ճանաչելով. սա կարելի է կոչել զավրիևյան կամ անդրանիկյան գիծ (հիշենք, որ Անդրանիկը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստանի ստեղծված Հայաստանի հանրապետությունը), մյուսը երրորդ ուժը բացառող և սեփական ուժերը հաշվի առնելով հարևանների հետ երկխոսության մեջ մտնելու մտայնությունն էր, սա էլ գուցե կարելի է անվանել արամյան գիծ։

Իհարկե, այս վերջին գիծը չէր մերժում արտաքին որևէ օգնություն, եթե լիներ այդպիսին։ Արամը նույնիսկ բոլշևիկյան Մոսկվայից որևէ օգնություն ստանալու դեմ չէր, բայց չէր ապավինում որևէ արտաքին ուժի, իր ծրագրերը կազմում էր միայն հայոց ազգային ուժը նկատի ունենալով՝ «ինչ որ է, սա է» սկզբունքով։ Հիշեցնեմ երրորդ ուժին չապավինելու մասին Արամի հայտնի ասույթներից մեկը. «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով։ Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»։

Հայերիս մեջ այն ժամանակ էլ, հիմա էլ բացարձակորեն գերիշխողը եղել է զավրիևա-անդրանիկյան գիծը։ 1918 թ. մայիսին Թուրքիան Կովկասյան երեք ազգերից պահանջում էր անջատում Ռուսաստանից և անկախ պետությունների հռչակում։ Վրացիներն ու ադրբեջանցիները համաձայն էին, հայերը (նաև դաշնակցությունը) կտրականապես դեմ էին՝ սեյմում հակառակ վրացիների և ադրբեջանցիների քվեարկեցին Ռուսաստանից անջատվելու և անկախ դառնալու դեմ։ Սա հայտնի փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերն իրենց չէին պատկերացնում երրորդ ուժից, տվյալ դեպքում Ռուսաստանից անջատ։

Հայոց արյան մեջ էր մտել երրորդ ուժին ապավինելու բնազդը։ Այդպիսին էին և դաշնակցական Թիֆլիսի բյուրոն, և նույն քաղաքում նստած Հայոց ազգային խորհուրդը։ Նրանք անգամ իրենց նստավայրը Հայաստանը չէին ընտրել՝ այն աստիճան չէին վստահում հայոց ազգային ուժին։ Դրա մի ներկայացուցիչն էլ զորավար Թ. Նազարբեկովն էր, որ ռուսական բանակում եղած ժամանակ միշտ հարձակման հրամաններ էր տալիս, հայկակական բանակի հրամանատար դառնալով՝ անընդհատ նահանջի հրամաններ էր տալիս։ Եթե Թիֆլիսի ազգային խորհրդին և Անդրանիկի ու Նազարբեկովի նմաններին մնար, թուրքերը Երևանն էլ կգրավեին և Հայաստանն առհասարակ կջնջվեր երկրի երեսից։

Բայց Երևանում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ։

Նա էլ հակառակ ազգային խորհրդի ու Նազարբեկովի շտաբի որոշման՝ միայն հայկական ուժերով Սարդարապատում և Ապարանում հանճարեղորեն կազմակերպեց արդեն գոյություն ունեցող հայոց նոր պետության պաշտպանությունը և ապա բանակցությունների մեջ մտավ թուրքերի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայերը վերջապես հաղթեցին։ Առաջին անգամ հայերի առաջ նահանջեց թուրքական զորքը (բայց հայերը մոռացել են մեր այդ առաջին ու բախտորոշ հաղթանակը կազմակերպողին, մեծարում են պարտվածներին)։ Այսպես, հայերի այս մեծագույն հաղթանակը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։

Երբ Վրաստանն ու Ադրբեջանը մայիսի 26-ին ու 27-ին Թիֆլիսում ու Բաքվում անկախություն հռչակեցին, Հայոց ազգային խորհուրդն էլ ուղղակի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստանից) ու թեկուզ Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Դա մայիսի 28֊ն էր։ Դաշնակցականները (երևի ոչ բոլոր) հետո հասկացան այդ օրվա ճակատագրականորեն կարևոր լինելը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երևանում հայոց պետություն կար, բայց մայիսի 28-ը դա վավերացրեց, մանավանդ այդ օրը հայ ղեկավարները վերջապես ազատվեցին երրորդ ուժին ապավինելու հայկական բնազդից, իրենց մենակ զգացին մեր հարևանների, հատկապես Թուրքիայի դեմ հանդիման։

Ս. Վրացյանն իր հուշերում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվարին՝ հեղափոխության ժամանակ հայերը անկախության պատրաստ չէին։ Վրացիները լիովին պատրաստ էին, ադրբեջանցիները պատրաստ էին մասամբ, հայերը՝ բոլորովին։ Մենք անկախության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18-ի սկզբներին, երբ ռուսական բանակը լքում էր թուրքական ռազմաճակատը, հեռանում Հայաստանից։ Կովկասի ռուսական փոխարքա Վորոնցով-Դաշկովի պնակները լիզած և հայոց կամավորական շարժումը կազմակերպած պարոնները, բժիշկ Զավրիևի գլխավորությամբ շշմել էին՝ ռուսները գնում են, ի՞նչ պիտի անենք։

Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ-երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին։

Ո՞ւր էիր, բժիշկ Զավրիև, ցարի պնակալեզ, հայ կամավորության հեղինակ, թուրքերի դեմ հոխորտացող, թուրքերի գրգռիչ։ Ռուսախոս դաշնակցականների մեջ երրորդ ուժին ոտով-գլխով նվիրվելու խոշորագույն դեմքն այդ Զավրիևն էր, որի նմանները հիմա էլ կան մեր մեջ։

1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ աժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սևրի դաշնագրի ժամանակները։

1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։ Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։

Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր։

Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազատագրական շարժումը պարտվեց, դա իմ բարեկամներին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի գալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվեցինք։

19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային-ազատագրական շարժման նպատակն էր ազատագրել Արևմտահայաստանը, ավելի ստույգ Թուրքիայի հայաշատ վեց վիլայեթներում բարեփոխումներ անել, հաստատել հայկական ինքնավարություն։ Այս նպատակը չկատարվեց։ Ավելին, Արևմտահայաստանը կամ հայաշատ վեց վիլայեթները լիովին զրկվեցին հայությունից, Կիլիկիան, Փոքր Հայքը և Թուրքիայի իշխանության տակ գտնվող հայկական այլ վայրերն էլ հայազրկվեցին, Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Սուրմալուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիային և նույնպես հայազրկվեցին։

Սա պարտություն է, այն էլ խայտառակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։

Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի...»։

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

(Շարունակելի)

ՄԱՍ 2-ՐԴ

https://thearmenians.am/hy/blog/errord-uji-bacarman-orenqy-rafayel-ishkhanyan-mas-2-rd

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ