Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Ինչո՞ւ խորհրդային հոգեբույժներին վտարեցին միջազգային հարթակից». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը շարունակում է ներկայացնել ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի  հոգեբուժական էսսեների բացառիկ շարքի չորրորդ նյութը: Հիշեցնենք, որ այն գրվում է հատուկ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար: 

Այս յուրահատուկ ժանրի նախորդ երեք հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

«Անժառանգ առաքյալը...»«Ինչո՞ւ էր ծանակվում հոգեբուժությունը...»««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...»

 

Մեր սերնդի մասնագետների մուտքը հոգեբուժության ասպարեզ համընկավ մի ամոթալի իրադարձության հետ:

1983 թվականին Վիեննայում, հոգեբույժների միջազգային կոնգրեսում խորհրդային հոգեբուժությունը պաշտոնապես հռչակվեց «քաղաքական կամակատար», «ռեպրեսիվ-տոտալիտար համակարգի կցորդ», «պատժիչ հոգեբուժություն» և հեռացվեց համաշխարհային հոգեբուժական ընկերակցությունից: Դա պահի կամ իմպուլսիվ որոշում չէր: Դրան նախորդել էին մոտ մեկ տասնամյակ տևած ուսումնասիրությունններ և քննարկումներ, այն բանից հետո, երբ այլախոհ Վլադիմիր Բիկովսկին (մասնագիտությամբ նյարդաֆիզիոլոգ) արևմտյան հանրության ուշադրությանն էր ներկայացրել Խորհրդային Միությունում հոգեբուժությունը քաղաքական նպատակների ծառայեցնելու մի շարք օրինակներ:

Գեներալ Գրիգորենկո, Նատալյա Գորբանևսկայա, Ալեքսանդր Եսենին-Վոլպին, Լեոնիդ Պլյուշչ, Վալերիա Նովոդվորսկայա, Տատյանա Օսիպովա, ինքը՝ Վլադիմիր Բիկովսկին, ուրիշներ:

Ի՞նչ էին արել այս մարդիկ:

Ոմանց բռնել էին թռուցիկներ տարածելիս, որով պահանջում էին «հարգել սեփական երկրի սահմանադրությունը և օրենքները», ոմանց՝ 1968 թ. Պրահայի գարունը տանկերով ճնշելու դեմ հանդես գալու համար, մյուսներին՝ հակակուսակցական ոտանավորներ գրելու կամ տանը «արգելված գրականություն» պահելու մեղադրանքով. հենվելով դատա-հոգեբուժական փորձագետների տրամադրած դիագնոզի վրա, դատարանները նրանց ճանաչել էին անմեղսունակ և ուղարկել հարկադիր բուժման հատուկ տիպի հոգեբուժական հաստատություններում:

Պերեստրոյկայի դարաշրջանում այս մարդիկ ազատ արձակվեցին, ռեաբիլիտացվեցին, շատերն աչքի ընկան մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հասարակական ակտիվությամբ: Եվ բոլորը զարմացած մնացին. թե ո՞ւր անհայտացավ նրանց «շիզոֆրենիան»՝ այն ծանր հոգեբուժական դիագնոզը, որով նրանց պիտակավորել էին Մոսկվայի Սերբսկու անվան ընդհանուր և դատական հոգեբուժության ինստիտուտի պրոֆեսորները:

Շիզոֆրենիա անվանումը գիտության մեջ ներմուծել է շվեյցարական խոշոր հոգեբույժ Օյգեն Բլոյլերը (1911թ.), բնութագրելու համար հոգեկան հիվանդությունների մի համախումբ, որոնց ժամանակ դիտվում են անձի ինքնամփոփություն, դատողությունների և զգացմունքային աշխարհի արտառոց, երկբևեռ դրսևորումներ (շիզիս՝ նշանակում է ճեղքում), սոցիալական կապերի աղավաղում, հուզական թորշոմածություն, ցնորքների, զառանցանքների առկայություն և ի վերջո , անձի դեֆեկտի առաջացում:

Անցյալ դարի 50-ականներից (երբ ֆրանսիական գիտնականները առաջին անգամ սինթեզեցին հոգեմետ դեղորայքի նախատիպերը) շիզոֆրենիան իր «դեմքը փոխեց», դարձավ ավելի բարորակ, կառավարելի հիվանդություն, և դրա հետ մեկտեղ հնարավոր դարձավ արդյունավետ բուժումը կազմակերպել հիվանդանոցի պատերից դուրս:

Այս ամենն, իհարկե դեմոկրատական կառուցվածք ունեցող հասարակություններում:

Տոտալիտար-գաղափարախոսականացված հասարակարգերում, որտեղ տեսանելի և անտես բոլոր թելերով հսկողություն է սահմանվում մարդկային հոգիների վրա, հանրային գործունեության բոլոր ասպարեզների նկատմամբ (գիտություն, մշակույթ , բարոյականություն, խղճի ազատություն, իրավունք և այլն), հոգեբուժական դիագնոզը դարձավ լրացուցիչ լծակ, իրավական մտրակ մարդկանց հնազանդ պահելու համար:

Փիլիսոփայությունը, ֆիզիոլոգիան, գյուղատնտեսությունը, կենսաբանությունը իր սև սքեմի տակ առնելուց հետո, կոմունիստական ինկվիզիցիան 50-ականների վերջին մոտեցավ հոգեբուժությանը : 20-րդ դարի խոշոր հոգեբույժներից մեկը՝ Վ. Գիլյարովսկին (1876-1959 թթ.) գրել է, որ «հոգեբուժությունը առավել, քան բժշկության որևէ այլ բնագավառ, կապված է կյանքի ընդհանուր դրվածքի հետ, և կարելի է ասել, որ ամեն դարաշրջան ունի իր հոգեբուժությունը» (1932 թ.):

Ստալինյան մսաղացի դարաշրջանում հոգեբուժությանը հանգիստ էին թողել, որովհետև գնդակահարություններն ու գուլագները լիուլի բավարար էին բոլշևիկյան գաղափարախոսության դեմ հանդես եկող (կամ այդ մասին մտքով իսկ անցկացնել փորձող) անձանց ահուդողի մեջ պահելու համար: Միակ բացառությունը թերևս նախկին ձախ էսեռուհի Մարիա Սպիրիդոնովան էր, որին մի արանքում փակել էին հոգեբուժական հիվանդանոցում: Խրուշչովյան «քաղաքական ձնհալի» շրջանում արդեն չէին կարող այլախոհներին զանգվածաբար կյանքից զրկել և արդեն փնտրեցին ռեպրեսիայի ավելի «նուրբ ու ճշմարտանման» մեթոդներ, կանգ առնելով հոգեբուժության վրա:

«Միայն աննորմալը կարող է քննադատել խորհրդային իշխանությանը»,- սկսեց հաճախակի կրկնել Նիկիտա Խրուշչովը, որն, ըստ էության, կուսակցական հրահանգ էր՝ իջեցված հոգեբուժության մասնագետներին:

Շիզոֆրենիա դիագնոզը սկսեցին չարաշահել, մանավանդ մոսկովյան դպրոցի հոգեբույժները: Այլախոհները համարվեցին շիզոֆրենիկներ: Ուշագրավ է, որ նույնիսկ մեր օրերում այդ փաստը ընդունում են ռուսաստանյան մասնագետներից քչերը: Ահա նրանցից մեկի կարծիքը . «Բլոյլերը գտնում էր՝ միշտ չէ, որ շիզոֆրենիան ավարտվում է թուլամտությամբ: Ցավոք, նրա գաղափարները մեղմ ընթացող շիզոֆրենիայի ձևերի մասին, ունեցան քաղաքական տխուր շարունակություն: Հնարավորություն ներկայացավ պրակտիկ առողջ մարդկանց մոտ ախտորոշել «թորշոմած ընթացքով շիզոֆրենիա»: Այդ դիագնոզը հաճախակի կիրառվեց հենց քաղաքական նպատակներով» ( Е. В. Косилова, Психиатрия: Опыт философского анализа, М. 2016, էջ 129):

Արդեն նշեցի, որ հոգեմետ դեղաբանության հաջողությունների շնորհիվ քաղաքակիրթ աշխարհում կրճատվեցին հոգեբուժական ստացիոնարների ծավալները:

Օրինակ ԱՄՆ-ում 1955-71 թթ. ընթացքում ստացիոնարներում բուժվող հիվանդների թիվը 558.900-ից ինջեցվեց մինչև 307.900-ի: Մինչդեռ, Խորհրդային Միությունում, ընդհակառակը, նույն ժամանակահատվածում հիվանդանոցային «բուժման ենթակա» հիվանդների թիվը 106.500-ից դարձավ 312.600 (տվյալները բերվում են հետևյալ գրքից. David Joravsky, Russian Psychology: A critical history, Oxford, 1989, էջ 432 ):

Այդ գործի գլուխ կանգնած խոշոր մասնագետ, ակադեմիկոս Ա.Վ. Սնեժնևսկին մասնավոր զրույցներում ասում էր, թե «հոգեբուժարանում գտնվելն ավելի հարմարավետ է և նվազ վտանգավոր, քան ճամբարում նստելը», սակայն դա, իհարկե, չի կարող արդարացում լինել:

Ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանը տանել չէր կարողանում Սնեժնևսկու «շիզոֆրենային ինտոքսիկացիան» (իր բառերն են): «Դե նա խորտակվել է իր շիզոֆրենիայի ճահճի մեջ»,- ասում էր մեզ:

( Շարունակելի )

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ