ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆ. «Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ՝ օտարին»
Այն օրերին, երբ ստեղծվում էր այս զրույցը, նա իր ընտանիքով Արցախում էր, բայց նրանք պատկանում են հայի այն տեսակին, որոնք անաղմուկ են իրենց գործերում, որոնք մեծարումից խոնարհանում են, փառաբանումից՝ շիկնում, որովհետև հենց իրենք են հայի տեսակը:
Ամիսներ առաջ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում «հիշեցինք» Զաքար Քեշիշյանին, Զաքարի Շուշին, նրա հրաշամանուկներին, նրա գործն ու պայքարը: Իսկ Զաքարի պատումը թերի կլիներ, եթե նրան չմիանար Կամիլան՝ Կամիլա Երկանյան-Քեշիշյանը, ինչպես տարիներ առաջ սեպտեմբերյան այս օրերին միացան նրանց անձական կյանքերը:
Մարդուն հասկանալու համար պետք է գնալ նրա մանկություն, իսկ Լիբանանում, Հայաստանում, Արցախում ապրող Կամիլայի մանկությունն ու մանկական զգացողությունները կապվում են Երևանի, նրա մարդկանց, նրա հայրական ընտանիքի ու այլ հասկացությունների հետ, որոնց մասին հիշողություններով էլ սկսում ենք «ՀԱՅԵՐ»-ի զրույցը Կամիլա Երկանյան-Քեշիշյանի հետ:
-Մանկություն, Երևան, ընտանիք, միջավայր ... ի՞նչ է մնացել Ձեր հիշողություններում: Ի՞նչ են Կամիլա Երկանյան - Քեշիշյանի համար նշանակում այս հասկացությունները:
- Լուսավոր, գունագեղ մանկություն եմ ունեցել, բազմաբովանդակ կշռույթով լի: Տարբեր արվեստագետների, հետաքրքիր ու նշանավոր մարդկանց հետ շփումներս՝ գեղագիտական իմ դաստիարակության մասն են կազմել:
Հատուկ ջերմությամբ եմ սիրում իմ Երևանը, մեր տունը, որտեղ հասակ եմ առել, մեր կանաչազարդ բակը, ուր թաղի երեխաների հետ միասին անցել է իմ մանկությունը: Հագեցած ու բազմաբովանդակ մանկություն եմ ունեցել և մանկությանս «զամբյուղը» լի է տաքուկ հիշողություններով: Այն երջանիկ փոքրիկներից եմ եղել, որոնք մանկուց առնչվել են արվեստի հետ, ճաշակել նրա բազմաշերտ համն ու հոտը: Դրան, բնականաբար, նպաստել են ծնողներս՝ դաշնակահարուհի, երաժշտագետ Թամար Հովհաննիսյանը և դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանը, որոնց հետ ապրած իմ մանկության յուրաքանչյուր օրը հիշարժան էր և ուսանելի:
- Երևի դժվար է ասել, թե ինչ դեր է ունեցել երաժշտությունը Ձեր կյանքում, բայց գուցե փորձե՞ք...
- Ինչպես պատմում էին ծնողներս, երբ ինձ ծննդատնից տուն են բերել, հայրս ինձ դրել է իր կողքին, ռոյալի մոտ ու սկսել է Բախ նվագել: Փաստորեն, դեռ լույս աշխարհ չեկած, հյուլեիս համար երաժշտությունը հարազատ ու ապահով միջավայր է եղել, նաև՝ հետագա իմ ստեղծագործական ճանապարհը կերտելու առաքելության համար: Մանկություն-պատանեկությունս թաթախված է եղել արվեստով, ո'չ միայն երաժշտության, այլև՝ գեղանկարչության ու գրականության անծայրածիր, խորը աշխարհներով հագեցած:
Ես քնում ու արթնանում էի հորս նվագներով: Համաշխարհային - դասական և Հայ ռահվիրանների ստեղծագործությունները ունկնդրելով ու ընթերցելով: Մեծանուն նկարիչների կտավներին իմ առնչությունը՝ հոգևոր սնունդ են եղել ինձ համար դեռ շատ վաղ տարիքից:
Դաշնամուր նվագել, պարապել սկսել եմ հինգ տարեկանից, հետագայում, ավելի հասուն տարիքում ինձ գերեց նաև գրականությունը, գրելը, և իմ մեջ գրելու - ստեղծագործելու սերմեր հայտնաբերեցի՝ այսպիսով ընտրելով այս երկու հզոր արվեստներին ծառայելու իմ առաքելությունը:
- Կներկայացնե՞ք այն ճանապարհը, որ անցել եք որպես երաժիշտ, ստեղծագործող: Ովքե՞ր էին այդ ճանապարհի գլխավորները, որո՞նք էին այդ ճանապարհի խութերը, բարդությունները, ուրախությունները: Ու՞ր տարավ այդ ճանապարհը և ի՞նչ տվեց:
- Գերված լինելով դաշնամուր նվագարանով, նրա հզոր հնչողությամբ, ինչպես նաեւ առհասարակ երաժշտությամբ, ես ընտրեցի դաշնամուրը:
Հատուկ դեր ու նշանակություն ունեն ինձ համար, դեռ այն օրերից մեջս սերմանված ծնողներիս դաշնամուրային երկյակի ելույթները, հայրիկիս արտիստիզմը: Նրա յուրաքանչյուր բեմելն ինձ համար հոգու սպասված տոն էր: Բնականաբար, առաջին ուսուցիչս հայրս էր եւ քանի որ գերված էի իր կատարումներով, դժվար էր չենթարկվել նրա խստապահանջ ու բծախնդիր աշխատելաոճին:
Հետագայում իմ դպրոցական տարիներին՝ սիրով ու հարգանքով եմ հիշում Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհուս՝ Իրինա Գեորգիեվնա Հարությունանին, ինչպես նաև հետագայում Է. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհուս՝ Բրաբիոն Կարպովնա Քեչյանին, որի մանրակրկիտ եւ հոգածու մասնագիտական անտրտունջ աշխատանքի շնորհիվ ևս, 1993թ. դարձա «Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների մրցույթ»-ի դափնեկիր:
Մինչ այդ առաջին բեմելս նշանավորվեց 1988-ին, երգչախմբային ընկերության դահլիճում: Իսկ առաջին մեծ մենահամերգս Հալեպում էր՝ 1994-ին:
Հետագայում ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի դասարան: Եվ սկսվեց ուսանողական ու համերգային բուռն կյանքը: Մենահամերգներ Երևանում, մարզերում, Արցախում: Հետո նաև ձայնասկավառակի ձայնագրություն, Բեթհովենի թիվ 3-րդ դաշնամուրի կոնցերտը:
2004-ին ամուսնուս՝ խմբավար-շվիահար Զաքար Քեշիշյանի հետ ստեղծեցինք «Հայկական խճանկար» երկյակը և մեր բազմաշերտ երաժշտական ու գրական գործունեությունը հարստացավ նաև շվի-դուդուկ-դաշնամուր զուգանվագով: Համերգներ Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում, Եգիպտոսում:
«Հայկական խճանկար» երկյակը միտում ունի պահել-պահպանել, տարածել հայ արվեստի այս տեսակը, նպատակ ունենալով նաև Հայաստանից դուրս տարածել հայ մշակույթը: Դրան նպաստում է նաև տարբեր միջազգային փառատոների մեր մասնակցությունը:
Ինչպես նաև մենք ձայնագրեցինք «Նռնենի» խտասալիկը, որում տեղ են գտել շվիի եւ դաշնամուրի համար գրված հայկական գոհարներ:
2015 -ին, դաշնակահարուհի Արմինե Աբաջյան-Պասմաճյանի հետ ստեղծել ենք «ԿԱՄԱՐ» դաշնամուրային երկյակը: Եվ հենց 2015-ին էլ Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արաիժիի բարձր հովանավորությամբ, ինչպես նաեւ Լիբանանի Համազգային շրջանային վարչության կազմակերպությամբ «ԿԱՄԱՐ»-ն ունեցավ մի մեծ համերգ՝ նվիված ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգներ եղան նաեւ Լիբանանի պետական կոնսերվատորիայի հրավերով եւ կազմակերպությամբ: 2016-ին «ԿԱՄԱՐ»-ը մենահամերգով հանդես եկավ նաև Երևանում՝ «Արամ Խաչատրյան»-ի տուն թանգարանում:
«ԿԱՄԱՐ»-ի ստեղծագործական առաքելությունը՝ համաշխարհային-դասական ստեղծագործությունների կողքին, նաև կատարել և տարածել դաշնամուրային երկյակի համար գրված Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
- Ընդհանրապես ի՞նչ պետք է «վերցնել» ճանապարհին և ի՞նչ թողնել: Կա՞ ճանապարհ անցնելու բանաձև:
- Առհասարակ մարդակերտումի և արվեստի ճանապարհն անցնելը բարդ է ու աշխատատար: Որքա՜ն ուզես խոչընդոտների և դժվարությունների ես հանդիպում, սակայն, երբ արածդ գործը ճշմարիտ է ու ընտրած ճանապարհդ էլ ուղենիշ՝ բարդությունները հաղթահարելի են դառնում:
Ճանապարհն անցնելու իմ բանաձևը՝ հաղթահարել բոլոր հնարավոր խոչնդոտներն ու փշոտ կածանները՝ հասնելու համար Սրբազան Արահետին… Ինձ հետ միշտ վերցնում եմ ճանապարհի ընթացքում ծագած դժվարություններից քաղած դասերն ու փորձառությունները՝ ավելի պինդ եւ ուժեղ լինելու ձգտումով:
- Ի՞նչ տվեց Երկանյան ազգանունը, ի՞նչ վերցրեց:
- Երբեք չեմ «օգտագործել» ազգանունս կամ ճանաչված արվեստագետների զավակ լինելու հանգամանքը: Ճանապարհս անցել եմ ինքնուրույն, աշխատասիրաբար, դժվարությունները հաղթահարել եմ ինքս իմ կամքի ու բծախնդիր աշխատանքի շնորհիվ: Երբեք ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել: Ես ա՛յն եմ, ինչ-որ կամ, այսպիսին եմ եղել անկախ ազգանունից: Սա մարդու տեսակի ի՛մ սեփական կերպարն է:
Կարելի է ծանոթ ֆիլմի հետևությամբ ասել. «ազգանո՞ւնն է՛, որ պիտի գեղեցկացնի կամ տգեղացնի անձը»:
Անշուշտ, ներքին գոհունակություն ունեմ, որ կրում եմ Հայ վրիժառուի, մտավորականի՝ Արամ Երկանյանի ազգանունը, իբրև նրա տոհմի շառավիղներից մեկը:
- Ինչպե՞ս եք հիշում այն երաժշտական, արվեստային միջավայրը, որ կար Հայաստանում և արդյոք շատ ե՞ն տարբերություններն այսօր:
- Համաշխարայնացման այս թոհ ու բոհի մեջ, ցավով պիտի նշեմ, որ Հայաստան աշխարհը նույնպես անմասն չի մնացել տարաբնույթ հոսանքներին կուլ գնալով: Ասում ենք չէ՞, որ ազգը ճանաչում են իր մշակույթով, բայց ես շատ հաճախ ամաչում եմ, երբ եթերներից կամ բեմերից, իրենց հայ երգի դեսպաններ կոչած մարդիկ աղավաղում են բարձրարվեստն ու ազգայինը:
Այս ֆոնին, սակայն, առավել գնահատելի ու մեծարելի են բոլոր նվիրյալներն ու այն ջանքերը, որոնք ի գին մեծ զոհողությունների՝ բարձր են պահում արժեքային համակարգը:
Եթե այսօր զինվորը զենքով է պահում հայրենի սահմանները, ապա՝ արվեստագետն էլ իր արվեստով պարտավոր է անաղարտ պահել Հայ Արվեստի սահմանները, այլապէս իմաստը ո՞րն է Հայրենիքի համար կյանք տված ու արյուն թափած Տղերքի…
- Արդյոք Զաքար Քեշիշյանի հետ Ձեր հանդիպումը փոխե՞ց Ձեր կյանքի ընթացքը: Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր «մի սիրո պատմությունը»:
- Երկար պատասխան է ենթադրում այս հարցը, բայց փորձեմ մի քանի տողով պատասխանել:
Զաքարին ճանաչում եմ դեռ վաղ իննսունականներից, երբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող էր, ինչպես նաև 1992-ին երգում էր հայրիկիս «Խորան» կամերային երգչախմբում: Այդ օրերին ի՞նչ իմանայի, որ տարիներ անց մեր բարեկամությունը վերածվելու է մտերմության եւ սիրո ու մենք կամարվելու ենք եւ մի բույն ենք դառնալու:
Երջանիկ կին եմ նրան ունենալուս համար:
Զաքարը բացառիկ էություն է, տարբերվո՜ղ, խորը իր ներաշխարհով, հայրենասեր ու հայրենանվեր իր առաքելությամբ: Տղամարդու այս տեսակը պակասում է այսօր մեզանում:
- Որպես Լիբանանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ինչպե՞ս կբնութագրեք երաժշտական, մշակութային կյանքը բուն Լիբանանում, լիբանանյան միջավայրում, ի՞նչ համեմատություններ եք տեսնում Հայաստանի երաժշտական կյանքի, մշակույթի հետ: Որո՞նք են խոսում Հայաստանի օգտին, որոնք՝ դեմ:
- Պիտի ասեմ, որ Լիբանանի մշակութային կյանքը բավական աշխույժ է, և դրան նպաստում են նաև Լիբանանում ապրող հայ մասնագետները՝ զարգացնելով Լիբանանի մշակութային կյանքը: Զարգանում է նաև դասական երաժշտարվեստը: Օրինակ, Լիբանանի պետական կոնսերվատորիայի դասախոսների ամենշաբաթյա համերգները, ինչպես նաև Լիբանանի սիմֆոնիկ նվագախումբը, ուր իրենց մասնագիտական բարձր ներդրումը ունեն նաև Լիբանանում ապրող հայ երաժիշտները:
Լիբանանահայությունը նույնպես մեծ ներդրում ունի հայկական մշակույթի պահպանման գործում: «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջը, «Թորոս Ռոսլին» նկարչական դպրոցը, «Գայանե» պարի դպրոցը, տարբեր պարախմբեր, երգչախմբեր, թատերախմբեր: Այս ամենը առիթ են տալիս հայ պատանուն հայեցի կրթություն ստանալ և ճանաչել հայ մշակույթը:
- Երաժշտական կրթության համակարգային ի՞նչ տարբերություններ եք տեսնում: Կա՞ն արդյոք դպրոցների համեմատություններ:
- Նախկին խորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում, երաժշտական կրթությունը բարձրագույն հիմքի վրա է դրված՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ երաժշտական կրթությունը մասնակի ու մասնավոր է: Համակարգային տարբերություններ կան, որոնք գալիս են տվյալ երկրի կրթական ու կենցաղային մտածելակերպից և ուղղությունից: Ձեր հարցը ավելի ծավալուն, մանրակրկիտ և մասնագիտական զրույց է ենթադրում:
- ի՞նչ է նշանակում հայ մարդ Սփյուռքում: Ո՞րն է սփյուռքահայ մարդու ապագան այս փոփոխվող աշխարհում, որոնք ե՞ն մարտահրավերները:
- Սփյուռքում ապրող հայ մարդու առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած: Գերխնդիրներից առաջինը հայապահպանումն է, որի համար հայ համայնքը մեծ ջանքեր է ներդնում թե՛ ուսումնական հաստատություններում, թե՛ մշակութային օջախներում, թե՛ քաղաքական դաշտում: Ի վերջո, հայ մնալը և դիմակայելը տարատեսակ մարտահրավերներին՝ որոշումի և կամքի հարց է: Փափագողները կարող են դիմակայել բոլոր մարտահրավերները և մնալով հայ, ապրեն հայորեն ու հետապնդեն հայ դատը:
- Ձեր կյանքի մի մասը կապված է նաև Արցախի հետ: Որո՞նք են Ձեր կյանքի արցախյան զգացումները ...
- Արցախյան թեման դեռ շարժման առաջին օրերից էր լսելի մեր տանը: Ծնողներս մի շարք այլ արվեստագետների հետ մեկնում էին Արցախ համերգների, ոգեպնդելու համար այդ օրերին հայրենի այդ եզերքներում մարտնչող մեր քույրերին ու եղբայրներին:
Ես առաջին անգամ Արցախ աշխարհ ոտք եմ դրել 1997-ին , երբ կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներով եկաք այստեղ համերգների: Այնուհետև արդեն 15 տարի է, ինչ Զաքարի հետ կիսում եմ իր՝ այսօր արդեն 25-ամյա առաքելությունը, և մի փոքրիկ լումա էլ իմ հերթին ներդնում արցախյան մշակույթի վերածննդի գործում:
Արցախին նվիրվելու եւ նրան անմնացորդ ծառայելու բարձր գիտակցությունը պիտի ուղեցույց լինի յուրաքանչյուր հայորդու համար՝ ամուր և ամբողջական Հայրենիք ունենալու տեսլականով:
- Ի՞նչ եք տեսնում, որ պետք է անպայման անենք Հայաստանի երաժշտական մշակույթում՝ այն իր որակի, տեսակի ու բարձրության մեջ պահելու համար: Ձեր կարծիքով որքա՞ն ենք բաց աշխարհի առաջ ու որքա՞ն ենք փակ:
- Առաջին հերթին պետք է սկսել «մաքրությունից»: Հարկավոր է մաքրել հայ մշակույթը զանազան օտարածին երևույթներից ու վերադարձնել նրան իր անաղարտ ազգային դիմագիծը: Ես դեմ չեմ նորարարություններին, քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերում է նորը, սակայն երբ այդ նորը, իր «մոդայիկ» ձևաբանության մեջ աղավաղում է ողջ հայկական ազգային դիմագիծը, կերպարը և դարձնում է անորակ ու երբեմն նույնիսկ գարշելի՝ դատապարտելի երևույթ է այս մեկը: Մեր մշակույթն իր ինքնությամբ է արժեքավոր ու փնտրված: Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ օտարին:
- Ի՞նչ եք տեսնում այն երիտասարդների մեջ, նաև՝ Ձեր զավակների, որ այսօր ապրում են և վաղն ապրելու են Հայաստանում:
- Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը և ինչպիսին կլինի վաղվա մեր երիտասարդությունն ու քաղաքացին, կախյալ է այն դաստիարակությունից, որը նրանք կստանան այսօր մեզնից: Ի վերջո, ինչ ցանենք, այն էլ հնձելու ենք…
- Ի՞նչ չէիք ուզի տեսնել Հայաստանում:
- Աղբանոցի մեջ քջջող հայ մարդ չէ՛ի ուզենա տեսնել: Անդիմագիծ ու թուլամորթ հայի կերպարն է անընդունելի: Հայրենիքն իր սեփական կարիքները հագալու համար մի քանի գրոշով ծախող հայ չէ՛ի ուզենա տեսնել: Տգետ հայի և առհասարակ տգետ մարդու տեսակը վտանգավոր է դառնում: Ցավով եմ ասում, բայց այսօր այնպիսի գերխնդիրներ են դրված մեր առջև, որ ակամայից հիշում եմ Վիլյամ Սարոյանի խոսքերը «Փորձեք կործանել այս ցեղը, կործանեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք»: Արդյոք այսօր հավաքաբար կանգնա՞ծ ենք մեր բարձունքի վրա: Թե՞…
- Ո՞վ է հայ մարդը Ձեր կարծիքով:
- Բնականաբար, իր դրական ու բացասական կողմերով առեղծվածային մի էություն է հայը, որի ամբողջական բացահայտումը դժվարին խնդիր է: Հետևաբար, սա նու՛յնպես այսօր հայ մարդու առջև ծառացած հարց է, որին պիտի անդրադառնա յուրաքանչյուր հայ:
- Ձեր ամենամեծ երազանքը:
- Տեսնել իմ ժողովրդին իր ազգային արժեքները վերագտած, ի՛ր սեփական արմատներից ամուր կառչած, բա՛ց աշխարհի առջև: Գիտակից ու հավասարակշռված, իր տաղանդով ու գիտությամբ առաջադեմ:
- Ի՞նչ է սերը:
- Այն հզոր ուժն է, որի բացակայության դեպքում չարը բնավորվում է այդ տարածքում և ավերներ է գործում: Այն հզոր ուժը, որը ունակ է բժշկել, դարմանել ամեն ինչ: Եվ վերջապես այն շարժիչ ուժը, որը դարեր շարունակ իր շուրջ պտտում է այս մոլորակը:
- Ձեր խորհուրդը:
- Ինքնամաքրվել:
Հ.Գ. «ՀԱՅԵՐ»-ի համար Կամիլան «օգտագործեց» նաև գրողի իր տաղանդը՝ մեր հարցերին գրավոր պատասխանելով, բայց այնքա՜ն անկեղծ ու անմիջական, որ կարծես զրույցը մեկ գավաթ սուրճի շուրջ էր: Իսկ գրավորի «պատճառը» Շուշին էր, ազատագրված հրաշքի 25-ամյակն ու Զաքարի «Վարանդա» գունեղ երգչախմբի հրաշամանուկների սքանչելի համերգները Շուշիում ու Ստեփանակերտում: Ի դեպ, սեպտեմբերի 15-ին «Վարանդա» հրաշալի երգչախումբը համերգ ունի նաև Երեւանում, Կամերային երաժշտության տանը, իսկ սեպտեմբերի 14-ին «Տաղարան» հանրահայտ համույթի համերգն է, ուր որպես շվիահար-մենակատար ելույթ է ունենալու նաև Զաքար Քեշիշյանը:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ