«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Կատարում եմ Օհան Դուրյանի ցանկությունը...». ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

 

«Կունենա՞ Հայաստանը մի օր, մի ժամանակ իր հազարամյակների պատմությունում, որ կգնահատի իր հանճարներին: Կունենա՞ Հայաստանը մի քաղաքականություն, որ իր հանճարների դռները կդարձնի ուխտագնացությունների ճամփաներ ու կապրի իր հանճարներով նրանցից հետո հարյուրամյակներ: Թե՞ այդ հանճարների դռները միշտ պետք է մնան առկայծող կրակներ եզակի նվիրյալների համար...». այս խոհերը Ալիս Դուրյանի հետ՝ thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝  «Օհանը հարյուր տարի կապրեր, եթե անմարդկային վերաբերմունքի չարժանանար Հայաստանում...» վերնագրված հարցազրույցից են, որ հրապարակվել է  2019-ի հոկտեմբերին:

Եվ ահա այսօր՝ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան օրը, Ալիս Դուրյանը հրապարակել է «Կատարում եմ Օհան Դուրյանի ցանկությունը. ուզում եմ պատմել Վահանի մասին...» վերտառությամբ գրությունը, որն այդ եզակի նվիրյալներից մեկի մասին է, և որը սիրով հրապարակում ենք՝ այս կերպ անդրադառնալով նաև անկրկնելի ու անփոխարինելի ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան օրվան:

«Այս գրությամբ, ճիշտ իր ծննդյան օրը` սեպտեմբերի 8-ին, կատարում եմ սիրելի ամուսնուս՝ Օհան Դուրյանի խնդրանքն ու ցանկությունը՝ մեր հոգու և սրտի խոսքը, զգացումները հրապարակավ հայտնել նվիրյալ ու պաշտելի անձնավորության` Վահան Վարդապետյանի մասին:

Ամեն անգամ, երբ մաեստրոն ցանկանում էր խոսել Վահանի բացառիկ նվիրվածության ու զոհողությունների մասին, նա խուսափում էր և խնդրում չբարձրաձայնել: Սակայն ծանր հիվանդության օրերին, ուժերի գերլարումով Օհանն իր սրտի խոսքը, օրհնությունն ու մաղթանքները գրեց, ինչպես ինքն էր ասում, իր «հոգու զավակ», անփոխարինելի Վահան Վարդապետյանին:

Վահանի նման նվիրյալ երկրպագու ունենալը ամենամեծ երջանկությունն է արվեստագետի համար: Նա Աստծո պարգևն էր մաեստրոյի համար` իր հանճարի, երաժշտությանն իր անմնացորդ նվիրումի դիմաց: Այն, որ Վահան Վարդապետյանը հրաշալի բժիշկ, փայլուն հրապարակախոս, խիզախ ու սկզբունքային մտավորական է, հայտնի է բոլորին: Քանի՜ արժանավոր մտավորականի-արվեստագետի է ձեռք մեկնել ու օժանդակել, հոգեպես աջակցել, իսկ այն ամենը, ինչ արել է մաեստրոյի արվեստի համար, աննկարագրելի ու աներևակայելի է` չխնայելով ոչինչ` ոչ իր ժամանակը, ոչ իր առողջությունը, ոչ իր կարողությունը:

Հայրենիքում մեր ամենաթանկագին ձեռքբերումը համարել ենք ժողովրդի սերը, և առաջին հերթին Վահանի պես ազնվագույն, արվեստապաշտ անհատականության հետ մեր բարեկամությունը: Ամենանեղ օրերին, հուսահատության պահերին, վշտացած ժամանակ, միշտ ու միշտ, նա եղել է մաեստրոյի կողքին:

Ժողովրդի ու նաև Վահանի հանդեպ սերն է մեզ պահել հայրենիքում` հաղթահարելով ամեն դժվարություն, վիրավորանք և անգամ իշխանության ոճրագործ արարքները: Իր խելացի, նրբանկատ խորհուրդներով նա եղել է մաեստրոյի խորհրդատուն, մաեստրոյի անձի ու արվեստի անմնացորդ ու խիզախ պաշտպանը մշակույթի տհաս ու անճաշակ ղեկավարներից:

Ի պաշտպանություն Օհան Դուրյանի արվեստի, Վահանը ամենասկզբունքային ու բարձրարժեք հոդվածների հեղինակն է: Մաեստրոյի մոսկովյան համերգների նախաձեռնողն ու կազմակերպիչներից մեկը դարձյալ Վահան Վարդապետյանն էր, բոլոր համերգների, փորձերի, հյուրախաղերի ժամանակ մշտական հոգատար ուղեկցողը...

Որքան դաժան ու անարդարացի վերաբերմունքի արժանացավ մաեստրոն, ինչ տառապանքներ ու վիրավորանքներ կրեցինք, անգամ հիշելը շատ ծանր է: Միայն Վահանին էր հաջողվում հոգեպես աջակցել մաեստրոյին, ցրել ու փարատել ծանր ապրումներից, ուժ տալ և ուրախացնել:

Մաեստրոն և ես անվերապահորեն վստահել, հավատացել ու հաշվի ենք նստել Վահանի հետ, քանզի նրա անշահախնդիր նվիրումը, անկեղծությունն ու խիզախությունը միշտ հիացրել են մեզ: Ինձ և մաեստրոյի համար անփոխարինելի անձ է նա: Մաեստրոյի համար Վահանը ամենահաս ու ամենակարող մեկն էր, ամեն ինչ խնդրում ու պահանջում էր իրենից, իսկ Վահանը անում էր, այն էլ սրբությամբ, մաեստրոյի բոլոր ցանկություններն ու պահանջները, անգամ ամենադժվար ու անհնարին: Չեմ կարող նկարագրել, թե մաեստրոն որքան սեր, նվիրում, պաշտամունք և խնամք է վայելել Վահանի կողմից:

Մինչև Օհանի կյանքի վերջին վայրկյանը նա ծառայեց իր սիրելի մաեստրոյին: Վերջին տարիներին Օհանը ուղղակի դողում էր Վահանի վրա և դուրս գալիս խաչակնքում ու աղոթում` «Աստված քեզ պահապան», «Վահանին պես մարդիկ են պետք Հայաստանը վեր հանելու»,- միշտ ասում էր մաեստրոն: Ոճրագործ իշխանությունը զրկեց մաեստրոյին հայրենիքում աշխատելուց, երաժշտությունից կտրվելն ու չաշխատելը մահ էր Օհան Դուրյան արվեստագետի համար: Վահան Վարդապետյանի հսկայական ջանքերի շնորհիվ կազմակերպվեցին Օհանի մոսկովյան համերգները, որոնք ուղղակի ցնցեցին ռուսական երաժշտական աշխարհը:

Ու քանի տասնյակ անգամ Վահանը մեկնեց Մոսկվա... Մաեստրոն փափագում էր իր երաժշտական արխիվը ստեղծել, որի համար բավականին մեծ գումար էր անհրաժեշտ: Վահանն իր կարողությունը չխնայեց, և իր շնորհիվ Օհանի երաժշտական ժառանգությունը մնաց սերունդներին, ինչը պարտավոր էր անել կառավարությունը:

Վահան Վարդապետյանի շնորհիվ մաեստրոն որևէ ֆինանսական ու կենցաղային դժվարություն չունեցավ: Օհանի ծանր հիվանդության ժամանակ որքան անքուն գիշերներ անցկացրինք Վահանի հետ: Վահանը նաև ինձ ուժ տվեց` նվիրվելու մաեստրոյի բուժմանն ու խնամքին: Ես ողջ կյանքում պարտական եմ Վահանին:

Հիվանդանոցային բուժման ու ապաքինման հսկայական ծախսերը տրվեցին Վահան Վարդապետյանի օգնությամբ, ինչը պարտավոր էր կառավարությունն անել: Վահան Վարդապետյանն իր կողմից արված հսկայական ծախսերը փոխհատուցելուց հրաժարվեց, ինչը մեզ հնարավորություն տվեց իրականացնել Օհանի ցանկությունը: Եվ մեծ սիրով ու պարտավորված` ես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն ունենա իր սիրելի մեծ արվեստագետ Օհան Դուրյանի տուն-թանգարանը:

Վահան Վարդապետյանի վեհանձնությունը, նվիրվածությունը արվեստի և մեծերի հանդեպ թող օրինակ ծառայի:

Սիրելի Վահան, մաեստրոյի պաշտելի Վահան, թող Օհանի սուրբ օրհնությունը միշտ վրադ լինի»:

ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

Երևան. 08.09.2021թ.

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ