«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Լեզուն էլ ունի իր վարպետները...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

thearmenians.am «Հայեր» մեդիահարթակը շարունակում է հրապարակել այն բացառիկ արխիվային գտածոն, որ պեղվել է տաղանդավոր արձակագիր, դրամատուրգ վաղամեռիկ Զորայր Խալափյանի գրական արխիվի անտիպ նյութերից:

Հիշեցնենք, որ, այն լեզվի մասին գրողի շատ կենդանի, մատչելի, հետաքրքիր, բազում օրինակներով համադրված, համարձակ եզրահանգումներով ու եզրակացություններով ազատ մտքի շարադրանք հանդիսացող դասախոսության աշխատանքային սեղմագիրն է, որը «կարդացվել» է Երևանի Մենեջմենթի համալսարանի ուսանողների համար, 1998-1999 թվականներին:

Այսօր հրապարակում ենք դասախոսության երկրորդ մասը, իսկ առաջին մասին, որ վերնագրված էր «Խոսել՝ նշանակում է մտածել...», կարող եք ծանոթանալ այս հղումով.

 

... Ենթատեքստը կարևոր տարր է, թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքի համար, բայց ամեն ինչ պետք է չափավոր լինի, չի կարելի անընդհատ խոսել կամ գրել ենթատեքստով: Երբեմն էլ ենթատեքստը կարող է կոպիտ կամ անհարկի սուր բնույթ ունենալ, որով կարող են վիրավորել ընթերցողին կամ ունկնդրին:

Ենթատեքստի բնության արտահայտությունն է նաև ժողովրդական այն ասույթը, թե՝ լրիվ խոսքը հիմարին կասեն:

Կամ, ասվում է նաև՝ ամեն ինչ ասել, նշանակում է ձանձրալի լինել և այլն:

Այսինքն, գրավոր ու բանավոր խոսքում հարկ է տեղ թողնել ընթերցողի կամ ունկնդրի համար՝ ինքնուրույն եզրակացություն անելու: Այդ դեպքում չի բացառվում, որ մեր խոսքը կարող է տարբեր ձևով մեկնաբանվել ու հասկացվել: Երբեմն դա լավ է, երբեմն՝ հակառակը: Սակայն լեզվի արվեստին տիրապետողի պարագայում ենթատեքստի տարամետ մեկնաբանության, հակադիր իմաստի կամ ընկալման համար քիչ տեղ է մնում, նա կարողանում է ճիշտ հաշվեկշռել ուղիղ խոսքն ու չասված, բայց ենթադրվող մտքերը:

Ենթատեքստային բնույթի արտահատությունները ավելի հաճախ հանդիպում են երկխոսությունների մեջ, օրինակ՝ թատերգություններում:

Համաշխարհային դրամտուրգիայում այս իմաստով առանձնանում են չեխովյան թատերգությունները: Չեխովյան պիեսներում ասես հերոսները խոսում են կրկնակի լեզվով, մեկը՝ ուղիղ, այն, որ լսվում է բեմից, մյուսը՝ չասվածը, որի մասին նրանք լռում են, բայց հասկանալի է լինում դիտողին, ունկնդրին:

Գեղեցիկ լեզուն գրական, մշակված, պատկերավոր լեզուն է՝ արձակ և չափածո: Բայց չափածոն նաև բանաստեղծական է: Կարելի է սակայն բանաստեղծական լինել թե՛ արձակում և թե՛ բանավոր խոսքում, իհարկե, չափի ճիշտ պահպանման դեպքում: Շատ բանաստեղծական խոսես՝ կարող ես անգամ ծիծաղելի լինել։ Բանաստեղծական կարող է լինել նաև գիտության լեզուն: Բայց գիտական շարադրանքը, եթե կատարված է մեծ հմտությամբ, անգամ եթե խոսքը վերաբերում է ֆիզիկային կամ մաթեմատիկային, այդպեսի բարձրարվեստ տեքստերում երբեմն ուրվագծվում է ինչ-որ պատրանքային, թվացյալ բանաստեղծական ոգու ներկայությունը, անշուշտ, տվյալ շարադրանքը լավ հասկացողի համար:

Երբեմն գիտնականները միմյանց գովաբանում են նաև գեղեցիկ լեզվի գործածության համար:

Լեզուն մշակվում է տարիներով, դարերով: Լեզվի զարգացումն է դա: Այդ զարգացման ընթացքը դիտարկելու համար բավական է ընթերցել անցյալի դասականների գրվածքները։ Երբեմն նկատում ենք, որ տվյալ դարձվածքը այլևս գործածական չէ ժամանակակից լեզվում, դրան փոխարինելու է եկել մեկ ուրիշը, բայց մեծ մասամբ մենք սովորելու շատ բան ենք ունենում ընտիր գրական լեզվով գրված այդ ստեղծագործություններից: Խորհուրդ կտայի հաճախակի վերընթերցել Րաֆֆի, Թումանյան, Բակունց, Չարենց, հատկապես՝ գրական լեզվի դասական արտահայտությամբ առանձնացող Տերյան:

Ճշգրիտ լեզվին բնորոշ է տրամաբանությունը, այսինքն բառերի ճշգրիտ ընտրությունն՝ առանց անհարկի ավելորդաբանության:

Այդպիսի լեզու ունեն, ինչպես ասվեց, աֆորիզմները, թևավոր խոսքը, առակները, ասույթները և այլն: Լեզուն էլ ունի իր վարպետները, որոշ գրողների մեծարելով, ասում ենք՝ գեղարվեստական խոսքի վարպետ: Իսկ ամեն վարպետություն կարիք ունի տևական մշակման, ուսումնառության, փորձառության:

Բառապաշարի հարցը:

Աղքատ բառապաշարով խորը միտք չես արտահայտի, և հակառակը, անհարկի բառակուտակումներով միայն աղճատվում է միտքը: Բառապաշարից օգտվելու հմտություն պետք է ունենալ: Բառապաշարը հարստացվում է շատ կարդալով, այլոց լսելով, նոր բառերը մտապահելով, ապա և գործածության մեջ դնելով:

Հայոց լեզուն աշխարհի հարուստ լեզուներից մեկն է, և չմոռանանք, որ մեր արդի լեզուն զարգանում է ոչ միայն գրաբարից, բարբառներից փոխառություններով ու օտար լեզուներից յուրացումների շնորհիվ, այլ նաև, եթե հետևելու լինենք ընթացիկ գրականությանը, թերթերին, ռադիո և հեռուստահաղորդումներին, ապա կնկատեք, որ համարյա ամեն տարի նորագյուտ բառեր են հայտնվում հայերենում, երբեմն՝ հաջող, երբեմն՝ անհաջող:

Հաջողները մնում են, անհաջողները մոռացության են տրվում: Ժամանակին, իմ սերնդի օրոք, գործածության դրվեցին զբոսաշրջիկ, ոստնակ, ծանրաձող և այլն բառեր, սկզբնական շրջանում առարկություններով, ապա հետզհետե այդ բառերը հաստատվեցին և այսօր շատ սովորական են ամենքի համար:

Սրա մասին մենք դեռ կխոսենք:

Պատկերավորության համար բառապաշարից ընտրվում է հոմանիշներից ամենատեղինը:

Օրինակ, Թումանյանից. «Ներս է մտնում մի զըռ չոբան ...»: Այդ ստեղծագործությունները հորինված են ժողովրդական լեզվով, և տեղին չէր լինի հովիվ բառը, սակայն նույն հեղինակի մեկ այլ ստեղծագործության մեջ. «Սուս, ականջ արա, հովիվն է երգում...», որը մի տող է «Անուշ» պոեմից, բոլորովին անտեղի կլիներ ասել՝ «չոբանն է երգում»:

Մեկ հանգամանք ևս այս առնչությամբ: Չոբան բառը օտար է, այժմ նվազ կիրառելի, մեծ մասամբ ծաղրական իմաստով, բայց ընդհանրապես կոպիտ է, մերժված. սա ևս մի օրինակ է լեզվի զարգացման պատմական ընթացքը հասկանալու համար: Թումանյանը չէր խորշում չոբան բառից, արդի բանաստեղծներից հազիվ թե մեկը դիմեր այդ օտարաբանությանը: Հետևապես, լեզուն զարգանում է և մաքրազարդվում է նաև օտարամուտ տարրերից։ Միտումն այն է, որ մեր լեզվում առհասարակ չլինեն մեր լեզվական հոգեբանությանն անհարիր օտար բառեր, բայց շատ դեպքերում օտար բառերն այնպես են արմատացել մեր բառապաշարում, որ շատերն անգամ չգիտեն, թե դրանք փոխառություններ են:

Արդի կենդանի հայերենն ունի երկու ճյուղ ՝ արևելյան, այն որով մենք խոսում ենք, և արևմտյան, որով խոսում են սփյուռքի հայերը: Այդ երկու լեզուները զարգանում են նույն օրենքով, փոխազդվելով ու հարստանալով: Մի օրինակ Կանադայից. դիտողություն և նկատողություն: Սրա մասին մենք դեռ կխոսենք ավելի հանգամանալի:

Մեր լեզվի այս երկու ճյուղերի մասին վեճերը շարունակվում են, հատկապես վերջերս քննարկվող՝ հին և նոր ուղղագրության առումով: Օրինակ, հոնորար բառը: Այս բառը մեծ հրճվանք է պատճառում հոնորար ստացողին, և որքան շատ, այնքան լավ:

Մինչդեռ շատերը չգիտեն, որ դա փոխառություն է, ռուսերեն ասում են նույնը՝ гонорар, մյուս օրինակը՝ զիգզագ: Ես արդեն ասել եմ, որ շուկա, մանգաղ, աղբյուր, շղթա բառերը հայերեն չեն, այլ փոխառություն ասորենից: Բառը կարծես ներքին մի ոգի ունի, համահո՞ւնչ է մեր լեզվին՝ կմնա, կարմատանա, կդառնա հայ բառ, ինչպես վերևում մեջբերվածները: Մինչդեռ որոշ համանման բառեր մեր բառապաշարում ապրում են հյուրի նման, սպասելով իբրև տիրոջ հայտնվելուն, որպեսզի տեղը զիջեն նրան:

Օրինակ, ասում ենք՝ պարկետ, գործածում, գրում, բայց զգում ենք, որ, այսպես ասած, այդ բառը հայերենի շուրջպարում մեկ այլ պար է պարում ինքնին իր համար, չի մերվում մեր լեզվի ռիթմին: Պարկետի փոխարինող ունենք մանրահատակ  նորագյուտ բառը, որն ասես դժվարությամբ մերվում է մեր լեզվահնչողությանը, բայց ոչ լրիվ, երևի թե պետք է հաճախակի գործածվի, որպեսզի ընտելանանք:

Ցեղակից լեզուների ամբողջականությունը կազմում է մեկ լեզվախումբ: Գոյություն  ունեն մի քանի լեզվախմբեր. հնդեվրոպական, սեմական, ուգրոֆիննական և այլն:

Հայերենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ:

Տվյալ լեզվախմբին  առանձնահատուկ է այն, որ ունեն շատ ընդհանուր բառարմատներ: Հնդեվրոպական լեզվախմբի անդամներ են կամ այդ լեզվախմբի մեջ մտնում են հնդկերենը, պարսկերենը  ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և այլն:

Բերենք մի քանի բառարմատներ, որոնք ընդհանուր են այդ լեզվախմբում, օրինակ՝ կով, դուռ, սիրտ, լուսին:

Լեզուներին առանձնահատուկ են  փոխառությունները, մանավանդ պատմականորեն միմյանց հետ հաճախակի շփում ունեցող, հարևան ժողովուրդների լեզուներում: Մենք պարսկերենից ունենք հազարից ավելի փոխառություններ. պարսկերեն է թարգմանություն բառը՝ թարջուման, ասպարեզը, ժամը՝ զաման և այլն:

Սեմական լեզվաընտանիքի անդամներ են ասորերենը, շումերների այժմ մեռյալ լեզուն, արաբերենը, հրեերենը և այլն: Ապրելով այլ ժողովուրդների հարևանությամբ, հայերը փոխառություններ ուներ նաև այդ լեզվախմբերի լեզուներից: Կրկին դառնանք մեր պատմությանը՝ լեզվի առումով: Առաջին բառերը, որ գրվել են հայերեն լեզվով, սրանք են. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Մատենադարանի մոտ Մ. Մաշտոցի հուշարձան-համալիրի քարե տախտակին հենց այս բառերն են փորագրված, որպես մեր առաջին ուսուցչի առաջին պատգամը գիր ու բան սովորող մեր բոլոր աշակերտներին:

Այս խոսքերն առնված են Աստվածաշնչից:

Ասվեց, որ Աստվածաշունչը թարգմանվել է հինգերորդ դարում: Բացի Սուրբ գրքերից, թարգմանվել են նաև  այլևայլ  բնույթի գրքեր նույնպես: Դրանից շատերը կորել, չքացել են  ժամանակի ընթացքում, որոշ գրքեր էլ պահպանվել են մինչև օրս, որոշները պահպանվել են Մատենադարանում: Ո՞վ է ձեզնից եղել Մատենադարանում: (2.04.1998թ.)

Մենք խոսել ենք նաև այն մասին, որ ժամանակի ընթացքում խզում է առաջանում գրական լեզվի և կենդանի խոսակցական լեզվի միջև: Թե ինչպես է դա կատարվում, դրա մասին նույնպես խոսվել է և բերվել է դասական գրականության օրինակը: Սակայն շատ հաճախ, պարզվում է, դասականները ժամանակին դեմ են եղել գրականություն մուտք գործող նորագյուտ բառերին։

Օրինակ, Տերյանը մի հոդվածում առարկում է այդպիսի մի քանի բառերի գործածությանը, համարելով շինծու, օրինակ, այսպիսի բառերից մեկը՝ վերարկու:

- Ինչու շինել հնարովի մի բառ,- ասում է նա,- երբ արդեն գործածական է պալտոն: Վառարան բառի փոխարեն՝ դարձյալ ռուսերեն պեչ բառն է պաշտպանում: Նա դեմ է եղել հեծանիվ, ծառանալ և այլ բառերի, որոնք սակայն մուտք են գործել մեր լեզվի մեջ ու ամրացել մեր բառապաշարում:

Լեզուն ունի զարգացման իր օրենքները, և շատ բառեր էլ, գործածական լինելով տևական ժամանակ, անխուսափելի դուրս են մղվել հետագայում, և այդ բառերի փոխարեն ամրացել են հայերենին ավելի համահունչ բառեր...:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ