«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Մշակույթի նախարար որոնելիս, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կամ՝ ով ի՞նչ է ուզում մշակույթի նախարարությունից...
Այս հրապարակումը կարելի էր վերնագրել նաև այսպես, կամ գուցե՝ հենց այսպես: Ինչո՞ւ: Որովհետև, քանի դեռ, գոնե հավաքականորեն, չենք արձանագրել, թե ի՞նչ ենք ուզում մշակույթի նախարարությունից և համերաշխ չենք այդ արձանագրումի հետ, մշակույթի նախարարի որոնումն ինքնանպատակ զբաղմունք է կամ՝ լավագույն դեպքում, նախարար նշանակողի ճաշակի լյուստրացիա:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանը, եթե չեմ սխալվում, ունեցել է մշակույթի ութ նախարար. մտածող, տաղանդավոր, խորքային, կամ՝ ոչ այնքան, քաղաքական, կամ՝ ապաքաղաքական, ճկուն, ճարպիկ, կողմնորոշվող, կամ՝ անմշակույթ, անմեղսունակ, պահպանողական, հարմարվող, քիչ ժպտացող, կամ՝ թվայնացված ու միշտ ժպիտով, բայց մշակույթի գործիչները (ասենք այսպես, որպեսզի չասենք մտավորականությունը), մեծ հաշվով, չեն գոհացել ոչ մեկի գործունեությամբ:
Առավել ևս՝ ոչինչ հիմնովին չի փոխվել ազգային մշակութային քաղաքականության մեջ:
Հասկանալու համար, թե ինչո՞ւ, պետք է փորձենք ազնվորեն գնահատել մի քանի իրողություն:
Առաջին
Հայաստանը՝ լինելով մի երկիր, որն անգնահատելի քաղաքակրթական ներդրում ունի համաշխարհային մշակույթում, վերագտնելով իր անկախ պետականությունը և հռչակելով իրեն անկախ պետություն, չհռչակեց իրեն որպես մշակութային, քաղաքակրթական պետություն՝ դրանից բխող բոլոր դրսևորումներով ու զարգացումներով, և չունեցավ գիտակցություն՝ ազգային մշակույթը դիտարկելու որպես պետության և հասարակության զարգացման առաջնահերթային գրավական:
Ճիշտ հակառակը՝ ազգային մշակույթին շնորհելով որբի, աղքատ ազգականի նսեմացուցիչ կարգավիճակ, այն դիրքավորեց ստորադաս մի հարթությունում՝ ենթարկելով այլևայլ «մշակույթների» կապիտուլացնող ինտերվենցիային:
Երկրորդ
Հայաստանը լինելով մի երկիր, որն ունի դարերի խորքը գնացող ազգային՝ ասել է թե համամարդկային հզոր մշակույթ և այդ մշակույթով ձևավորված առանձնացող արժեքային համակարգ, ժամանակի ընթացքում քայլ առ քայլ, հետո՝ սրընթաց քայլերով պետականորեն մշակութազրկեց երկիրը, պետությունը, հասարակությունը, իրականացրեց օտար, սարսափազդու, գարշանք առաջացնող արժեքային համակարգերի վրա խարսխված «մշակութային քաղաքականություն»՝ այն տարածելով զանգվածային լրատվության ամենաազդեցիկ միջոցներով, մանիպուլյատիվ հնարքների կիրառմամբ, միջոցառումային «մշակույթի» հիպնոսով, պրիմիտիվ «մշակույթի» աստվածացմամբ և այլն:
Երրորդ
Հայաստանը չիրականացրեց մշակույթի ոլորտի այնպիսի համակարգային և բովանդակային փոփոխություններ, որպեսզի մշակութային գործիչ քաղաքացին կարողանա ապավինել իր պետության արդար, մրցակցային, չմիջնորդավորված, չանձնավորված, համակարգի վրա խարսխված աջակցությանը՝ ստեղծելու համար ազգային մշակույթի իրական արժեքներ:
Ճիշտ հակառակը՝ քսանյոթ տարի խարխափեց մի համակարգի մեջ, որի հիմքերն ամբողջատիրական էին, պրոպագանդիստական և տանում էին դեպի այն երկիրը, որը սպանել էր մշակութային շերտեր ու հզորագույն անհատների:
Պետության արդար, մրցակցային, չմիջնորդավորված, չանձնավորված, համակարգի վրա հենվող աջակցությունը ազգային մշակույթին, ազգային մշակույթի ռազմավարական զարգացման քաղաքականությունը, ազգային մշակութային արժեքային համակարգի վրա հիմնված ծրագրային գործունեությունը (որն ունեն Հայաստանի նման շատ փոքր երկրներ), մնացին երազանք, տենչանք, անիրականանալի, եթերային:
Ես կարող եմ բերել բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ և օբյեկտիվ, արդարացնելու համար տեղի ունեցածը, բայց մենք՝ լինելով մշակութային, քաղաքակրթական մեծ ներդրումով երկիր, ոչ մի օբյեկտիվ պատճառաբանությամբ անգամ իրավունք չունեինք այդ անելու:
Եվ մենք ունեցանք պարտությունների շարաններ. ազգային մշակույթի պարտության, մարդու պարտության, անհատի պարտության, երկրի պարտության, հասարակության պարտության...
Եթե հասկանայինք, ըմբռնեինք Հրանտ Մաթևոսյան Մեծին, որ «...Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո...»։
Արդյունքում
Մշակույթի նախարարությունը մնաց մշակույթի սովետական նախարարության մետաստազներով պատված, սովետական մշակութային քաղաքականության չարիքային մասը մինչև վերջին հյուլեն հանրապետականորեն կատարելագործած, «հաց և թամաշա»-ի, «բաժանիր, որ տիրես»-ի և նման մաքիավելիական գաղափարախոսությունների համոզված կրող և իրականացնող:
Մի քանի ոլորտային օրինակ
Ա. Քսանյոթ տարում հնարավոր չեղավ ընդունել Կինոյի մասին օրենք, որը մեխանիզմային ճշգրտությամբ մինչև վերջին պտուտակը կկարգավորեր ազգային կինոյի զարգացման համար պետության կողմից տրամադրվող գումարների արդար, մրցակցային, չմիջնորդավորված, չանձնավորված, կինոյի զարգացմանը միտված բաշխումը:
Հնարավոր է՞ր: Այո: Օրինակներ՝ որքան ուզեք. Վրաստան, Շվեդիա, Լեհաստան և այլն:
Հնարավոր չեղավ ունենալ ազգային կինոյի զարգացման քաղաքականություն, ռազմավարություն:
Հնարավոր չեղավ ունենալ ազգային կինոկրթության զարգացման քաղաքականություն, ռազմավարություն:
Այն դեպքում, երբ միջազգային հեղինակավոր կառույցները միշտ պատրաստ են եղել աջակցելու: Այն դեպքում, երբ հարևան երկրում՝ Վրաստանում, սկզբնական փուլում ունենալով գրեթե նույնքան բյուջետային ֆինանսավորում, հնարավոր եղավ զարգացնել կինոն, հայտնվել աշխարհի լավագույն կինոհարթակներում:
Հնարավոր չեղավ ունենալ շա՜տ բան:
Ինչո՞ւ: Ի՞նչն էր խանգարում:
Հայաստանում կան համաշխարհային կինոօրենսդրությանը տիրապետող, միջազգային փորձին տիրապետող, աշխարհի լավագույն բուհերում կինո, կինոիրավական, կինոկառավարչական, իրավաբանական, պրոդյուսերական կրթություն ստացած բազում փայլուն անհատներ: Տասնյակ փայլուն երիտասարդներ այս պահին աշխարհի լավագույն բուհերում շարունակում են ստանալ կրթություն, տասնյակներն աշխատում են օսկարակիր կինոպրոդյուսերների աշխատանոցներում, տասնյակներն ընդգրկված են համաշխարհային կինոինդուստրիայի գործընթացներում և պատրաստ են աջակցել Հայաստանում կինոյի զարգացմանը:
Ոչ: Նրանք հարկավոր չեն:
Ավելին՝ տարեց տարի կինոոլորտում կատարելագործվեցին կոռուպցիոն մեխանիզմները, դրանք գրեթե ինստիտուցիոնալացվեցին, փոշիացվեցին կինոյի զարգացմանն ուղղված պետական ֆինանսները, կինոժառանգությունը տրոհվեց մասերի, հայտնվեց իսպառ վերանալու սահմանագծին, ոչնչացվեց Հայաստանի հարյուրամյա կինոանցյալը և այլն:
Այս ամենի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ, ահազանգեր, անդրադարձներ, տրվեցին անուններ, բայց՝ ապարդյուն:
Ազնիվ լինելու համար ասեմ, որ վերջին տարում ազգային կինոկենտրոնում իրականացված կադրային փոփոխության արդյունքում կոռուպցիոն անիվը կանգնեց, բայց ընդամենն այդքանը: Մշակույթի նախարարությունը՝ ի դեմս երկրորդ էշելոնային պաշտոնյաների ընդդիմության, կասեցրեց Կինոյի մասին հնարավոր լավագույն օրենքի ընդունումը, բյուջետային ֆինանսավորումը կարգավորող լավագույն մեխանիզմի ընդունումը, ստեղծեց քաոսային իրավիճակ և այլ:
Բ. Քսանյոթ տարում հնարավոր չեղավ ընդունել Թատրոնի մասին օրենքը: Հետևողականորեն, անձնական որոշումների մակարդակով, անձնական ճաշակի, իմացության, կարողությունների մակարդակով տնօրինվեց հայ թատրոնի ճակատագիրը:
Ինչո՞ւ: Ինչո՞ւ հնարավոր չէր օրենսդրորեն հայ թատրոն ներմուծել ժամանակակից թատրոնի կառավարման համակարգեր, ժամանակակից թատրոնի ֆինանսավորման համակարգեր, բացել հայ բեմը ժամանակակից թատերական աշխարհի մոդելների առջև, թվային աշխարհի հնարավորությունների կիրառմամբ թեթևացնել թատրոնի կառավարչական խնդիրը, հայ թատերական ժառանգությունը փրկել կործանումից, հայ թատերագիտական միտքը վերադարձնել թատրոն, մտածել ժամանակակից թատերական կրթական համակարգի մասին, մշակել հյուրախաղային քաղաքականության սկզբունքներ, մոտեցումներ, որոնք միտված կլինեն հայ թատրոնի դուրս բերմանը ժամանակակից աշխարհի բեմեր, համաշխարհային թատերական տրենդների ներս բերմանը երկիր:
Տարիներ շարունակ թատրոնի աշխարհի մարդիկ, ղեկավարները խոսում են թատրոնն ու մթերային խանութը միմյանց հետ շփոթող օրենսդրությունից, գնումների մասին օրենքից, սուբսիդիաների մասին օրենքից, այլ օրենքներից, որոնք արգելակում են ոլորտի զարգացումը, բնականոն կյանքի ռիթմը, անում են առաջարկներ, տալիս են մոտեցումներ, լուծումներ:
Ոչ: Հարկավոր չեն:
Ավելին: Տարեցտարի ոլորտը թողնվել է տուրբուլենս գոտում, սովետական կառավարման համակարգի ախտերը ոչնչացրել են թատրոնի մարմինը, փթախտը հասել է վտանգավոր սահմանագծին: Եվ միայն թատերական աշխարհի ներկայացուցիչների «ինքնահրկիզման» շնորհիվ է, որ չենք ազդարարում թատրոնի մահվան մասին:
Գ. Քսանյոթ տարում հնարավոր չեղավ օպերային արվեստը դուրս դնել խարդավանքների, մանիպուլյացիաների, ուրվականների որոնման դաշտից:
Հնարավոր չեղավ գիտակցել օպերային արվեստ ունենալու որևէ երկրի առանձնաշնորհյալ լինելը համաշխարհային քաղաքակրթական միջավայրում, Հայաստանի՝ որպես օպերային տերության առանձնաշնորհյալ կարգավիճակը: Եվ մեկ քառակուսի մետրի վրա ունենալով օպերային համաշխարհային աստղերի, դեմքերի, անհատների այնպիսի խտություն, որ ունենք, շնորհել նրանց դրսի բեմերին և հպարտանալ, երջանկանալ որևէ օպերային նախկին դիվայի հայաստանյան հյուրախաղերով:
Արդյոք շա՞տ են այն երկրները, որոնք ունեն հարյուրամյա օպերային կենսագրություն և դուրս են համաշխարհային օպերային մշակույթից որպես պետություն, երկիր ազգ:
Այս հարցի պատասխանի գիտակցությունը չունեցանք:
Դ. Քսանյոթ տարում հնարավոր չեղավ ստեղծել գրահրատարակչության այն մոդելը, որը կմաքրեր ոլորտը կոռուպցիոն սխեմաներից, հովանավորչությունից, կամայականություններից, այնինչ հայ գրահրատարակիչներն այս տարիների ընթացքում արել են բազմաթիվ, բազմաթիվ առաջարկներ, մատուցել են ժամանակակից աշխարհում գրահրատարակչության կառավարման մրցունակ մոդելներ, տվել են թափանցիկ մեխանիզմներ:
Նաև՝ գործելով ոչ մրցակցային դաշտում, օրենսդրորեն ոչ լավագույն պայմաններում, խտրական քաղաքականության ու կոռուպցիոն սխեմաների որոգայթում, ապացուցել են, որ կարող են քայլել համաշխարհային գրահրատարակչության մրցունակ շուկայում, կարող են մրցել ստեղծականությամբ և այլն:
Ե. Քսանյոթ տարին բավարար չեղավ հասկանալու, որ մշակութային ժառանգությունը միայն հուշարձանային ժառանգությունը չէ:
Այո, տարբեր «ռազմավարություններում» ու «քաղաքականություններում» մշակութային ժառանգությունը դիվերսիֆիկացված է՝ ի տես այն աչքերի, որոնք դա պահանջում են, բայց մշակութային իրական քաղաքականության մեջ այն հիմնականում դիտարկվել է որպես հուշարձանների պահպանություն:
Ինչո՞ւ: Որովհետև երանության աստիճան ոգևորիչ է հուշարձանների «վերականգնումը»՝ նույնիսկ մեկ դարի մեկ քարը մեկ դրամ հարաբերակցությամբ՝ բաժանած հարյուրամյակների օրերի, ժամերի ու վայրկյանների վրա, գումարած դրանք կառուցած թագավորների ու թագուհիների տոհմական, կուսակցական պատկանելությունը: Քանի՜ քար ու քանի՜ դար է անցել հայաստանյան հուշարձաններով, քանի՜ թագավոր ու թագուհի:
Զ. Ժամանակակից արվեստում ունենալով հզոր, պահանջված անհատականություններ ու ժառանգություն, անցած փայլուն ճանապարհ, ներկա ու զարգացումներ, ստեղծական միտք ու երիտասարդություն, կոնցեպտուալ քաղաքականություն, քսանյոթ տարին բավարար չեղավ մշակութային քաղաքականության շնորհիվ այդ արվեստը պետականորեն գոնե դուրս բերել հայաստանյան միջավայրերից՝ Հայաստան պետության անվանն ու հեղինակությանն ավելացնելով ժամանակակից մշակութային պետության հավելումը՝ դրա բոլոր, նաև տնտեսական արդյունքներով:
Իսկ ներմշակութային կյանքում այդ արվեստի արժևորումն ու համակարգայնացումը առավել խորքային, մշակութային հիմնավոր «կրթության» խնդիրներ կարող է լուծել:
Այս թվարկումը կարելի շարունակել անվերջ:
Կարելի է նշել, թե ի՞նչ չարվեց թանգարանային համակարգում, ինչպե՞ս թանգարանային համակարգը չբերվեց ժամանակակից կառավարման: Ի՞նչ չարվեց գրադարանային համակարգում, ինչպե՞ս համակարգը չբերվեց ժամանակակից կառավարման: Ի՞նչ չարվեց երաժշտական արվեստում, համերգային գործունեության բնագավառում, ցուցահանդեսային գործունեության բնագավառում և այլուր:
Ի՞նչ չարվեց գրաքննադատական, արվեստաբանական, մշակութաբանական, թատերագիտական, կինոքննադատական և այլ վերլուծական, մտածողական միտքը ազատ գործունեության համակարգում խրախուսելու համար:
Ինչպե՞ս համակարգայնորեն թույլ չտրվեց ազատագրվել:
Ազատագրվել մշակույթի կառավարման սովետական կապանքներից, սովետականի՝ հանրապետականացված մոդիֆիկացիաներից:
Ինչպե՞ս թույլ չտրվեց ազատագրել արվեստագետին, մշակույթի մարդուն, մշակութային գործչին: Ազատագրել նույնիսկ իր կամքին հակառակ՝ ազատ, մրցակցային միջավայր ստեղծելով, ազատ, մրցակցային համակարգի մեջ տեղադրելով, օրենքի, մեխանիզմի, պաշտպանվածության ժամանակակից համակարգերի մեջ տեղադրելով, այլ շարունակվեց մշակույթի մարդու մեդալապատումը, շքանշանապատումը, մշակույթի մարդուց հավատարմության երդման կորզումը, այնպիսի ցանցային, փշալարային կախվածության ստեղծումը, որից կա ընդամենը երկու ճանապարհ. սիրել ցանցը, փշալարը և նրա հետ լինել ամուսնացած, համերաշխ, ընդունել նրա խաղի կանոնը, կամ՝ հայտնվել ազատ անկման մեջ: Ազատություն, որն իրական ազատության հետ ոչ մի աղերս չունի:
Մշակույթի նախարարությունը՝ մշակույթի նախարարով Հայաստանում մնաց պետական փող բաժանող, մեդալ բաժանող, կոչում բաժանող, գերեզմանատեղ բաժանող, հուղարկավորություն, հոգեհաց կազմակերպող, թատրոնի տոմս վաճառող, ըստ ճաշակի, կամ՝ պարտադրանքի՝ համերգներում երգիչների հերթականություն որոշող, ցուցահանդեսում կտավի տեղ որոշող, գործուղման ուղարկող, կամ՝ չուղարկող, փառատոնի ուղարկող, կամ՝ չուղարկող, ցուցադրության բացող, կամ՝ փակող, գրադարանի համար գիրք գնող, կամ՝ չգնող, ռեժիսորին ֆիլմ տվող, կամ՝ չտվող ու այսպես շարունակ…
Խտացված ե՞ն գույները: Այո: Բայց գունափոխված չէ իրականությունը:
Յուրաքանչյուրը՝ անցած բոլոր նախարարներից, այս կամ այն կերպ ընդվզել է, կամ՝ հարմարվել, մերժել է, կամ՝ ընդունել, փոխել է մի բան, կամ՝ չի փոխել, ստեղծել է մի բան, կամ՝ քանդել, բայց, ընդհանուր առմամբ, մնացել է համակարգի մեջ, համակարգի կանոններով, համակարգի դրվածքով:
Մնացել է ՀԱՄԱԿԱՐԳԸ:
Արդյունքում՝ բոլոր խորքային գործընթացները մնացել են ընդերքում, կուտակումներ են տվել: Ժայթքելու հավանականությունը մեծացել է:
Արդյունքում՝ մշակութային բոլոր հիվանդությունները դարձել են քրոնիկ բնույթի:
Արդյունքում՝ տեղի է ունեցել նաև մշակութային արտագաղթ:
Արդյունքում՝ երիտասարդ սերունդը կորցրել է հավատն անգամ իր ազատության, իր ստեղծականության նկատմամբ ու դրանց դրսևորման ուղիներ է որոնել՝ նվազ հասարակական արդյունքով:
Անշուշտ, կա նաև մեդալի երկրորդ կողմը՝ ինչպես միշտ:
Արդյոք մշակութային գործիչների հավաքականությունը ցանկացե՞լ է փոխել իրավիճակը: Ցանկացե՞լ է չկորցնել արվեստագետի բնածին առաքելությունը՝ ստեղծագործական անհնազանդությունը: Ցանկացե՞լ է ազատ, մրցակցային համակարգեր: Ցանկացե՞լ է հրաժարվել մշակույթի կառավարման սովետական մոդելներից, թե՞ մշակույթի այս կամ այն նախարարից պոկած փողը, ֆիլմը, կտավը, ներկայացումը, ցուցահանդեսը, համերգը, դերը, գործուղումը բավարարել է նրա մշակութային պահանջմունքը, կոծկել է նրա «անհանգստությունը» առ մշակութային քայքայիչ քաղաքականությունը, խորքային մշակութային զարգացումների բացակայությունը, համակարգային մշակութային փոփոխությունների հրամայականը, ազգային մշակույթի առանձնաշնորհյալության բացակայությունը և այլն:
Բազմաթիվ են օրինակները, թե ինչպե՞ս են կենաց մահու կռիվներ մղվել մեդալների ու կոչումների համար, ինչպե՞ս են կենաց մահու կռիվներ մղվել պատերին դրվող գերեզմանաքարերի համար, ինչպե՞ս են կենաց մահու կռվներ մղվել նախարարի կամ առաջին տիկնոջ (ներողություն՝ առաջին տիկնոջ կամ նախարարի) արևի տակ տեղ ունենալու համար, ինչպե՞ս են կենաց մահու կռիվներ մղվել նախագահի բարձր հովանու համար, կամ երջանկացել, որ նրանք կան և այլն՝ մոռանալով, որ այդ կենաց մահու կռիվներում կորցրել են ազգային մշակույթը:
Այս պարագայում էլ գործ ունենք, իհարկե, նվազագույնը երեք սերնդի հետ:
Եթե ավագագույն սերնդի ու ավագների ճնշող մեծամասնությունը, միջին սերնդի ճնշող մեծամասնությունը միշտ գերադասել է երկակի ստանդարտի նսեմացուցիչ քաղաքականությունը, ապա երիտասարդությունն իր ճնշող մեծամասնությամբ մերժել է այդ քաղաքականությունը, բայց «քայլ անելու» փոխարեն կամ իրեն դուրս է դրել գործընթացներից, կամ ընտրել է մեկուսացման ուղին, կամ որոնել է այլ ճանապարհներ՝ այդ թվում և արտագաղթելու, ու ամայացրել է առանց այդ էլ ամայացած դաշտը:
Նկատի չունեմ, անշուշտ, իրական մշակույթի հետ կապ չունեցող ֆայմով երիտասարդ տղերքին, որոնք միշտ եղել են ու, ցավոք, լինելու են անխուսափելիորեն:
Վերադառնանք մշակույթի նախարարի որոնումներին:
Եթե ազնվորեն, առանց երկակի ստանդարտների չենք որոնելու բարձրացված ու չբարձրացված հարցերի պատասխանները, չենք գալու համերաշխորեն արձանագրված մի համաձայնության՝ ՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ուրեմն մշակույթի նոր նախարարը գուցե մի քիչ ավելի լավ հաց տվող կլինի (այդ թվում՝ և հոգեհաց), կամ՝ ոչ, մի քիչ ավելի շատ միջոցառում անող կլինի, կամ՝ ոչ, մի քիչ ավելի շատ «լայվ» կմտնի օպերայից, կամ՝ ոչ, մի քիչ ավելի շատ տոմս կվաճառի, կամ՝ ոչ, մի քիչ ավելի շատ խոստում կտա, կամ՝ ոչ…(կարող եք շարունակել), դրանից չի փոխվի ՈՉԻՆՉ:
Արժե՞ նախարար որոնել հանուն ՈՉՆՉԻ, եթե չենք ըմբռնելու պետականորեն, որ «…Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք…»:
Հ.Գ. Ի դեպ, այս հարցադրումները նաև Հայաստանի նոր իշխանության համար են: Գուցե, ավելի շատ, հենց նոր իշխանության համար: Եթե չտանք պատասխանները, մոռանալու ենք ազգային մշակույթի մասին երկա՜ր, երկա՜ր տարիներ:
Բայց այս հարցադրումները նաև մշակույթի գործիչների համար են. Պատրաստ ե՞ն փոխվել, փոխել, հրաժարվել, մրցակցել, ստեղծել, «քայլ անել», ի վերջո:
Արայիկ Մանուկյան