Հայկ Սայադյան
Հայկ Սայադյան

18+ «Ներեցե՛ք, խնդրու՛մ եմ, որ ես սպանել եմ Ձեր որդուն և հարսին...». ՀԱՅԿ ՍԱՅԱԴՅԱՆ

 

Հայկ Սայադյանի ««Սերբիա…». (Պարալլելոն)…» պատմվածքի 3-րդ մասով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակն ավարտում է ստեղծագործության հրապարակումը: Այս դրամատիկ և լարված ընթացքով շատ ինքնատիպ աշխատանքը, ինչպես արդեն նշել ենք, տաղանդաշատ արվեստագետ Հայկ Սայադյանը գրել է 19 տարեկանում: 

««Սերբիա…». (Պարալլելոն)…». Մաս 1...»

18+ «Հույս ունեմ առավոտյան ինչ-որ բան կփոխվի...». Մաս 2

 

ՄԱՍ 3

- Լավ մտածիր,- շարունակեց Պերսիֆանիան,- ուրիշ կանայք անընդհատ սպասեցնել են տալիս իրենց սիրեկաններին, մինչև ամուսինները գործուղման կգնան... իսկ ես առաջարկում եմ մարմինս հենց այստեղ` փեսացուիս քթի տակ. նա ոչինչ չի իմանա:

- Լավ մտածիր շարունակեց երիտասարդը,- ուրիշ ամուսիններ գործուղման առաջին իսկ գիշերը տուն են վերադառնում և հենց անկողնում մորթում են իրենց կանանց սիրեկաններին: Իսկ ես ինքս եմ առաջարկում հարսնացուիս մարմինը...

- Չե՛մ ուզում,- ընդհատեցի ես,- միթե ես նման ե՞մ մի հիմարի, որ կհամաձայնվի քնել մի կնոջ հետ՝ վերջինիս ամուսնու ներկայությամբ, որի ձեռքում էլ, ի դեպ, ատրճանակ կա...

Երիտասարդն ատրճանակի փողը պարզեց դեպի ինձ և պնդեց.

- Ուրիշ ելք չունես, դու պե՛տք է քնես նրա հետ...

- Ինչու՞ չէ,- պատասխանեցի ես Պերսիֆանիային և գրկեցի նրա մեջքը,- միթե ես նման ե՞մ մի հիմարի, որը կհրաժարվի մի շիկահեր գեղեցկուհու առաջարկից:

Պերսիֆանիան նորից ձեռքն առավ ատրճանակը ու դեմ արեց քթիս.

- Փոխարենը դու հետո կանես այն, ինչ ավելի ուշ կխնդրեմ քեզանից:

Ճակատիս գամվել էին երկու ատրճանակների սառն ու մահաբույր ձողերը. առաջինը ստիպում էր ինձ քնել իր հարսնացուի հետ, մյուսը՝ քնելուց հետո կատարել իր բոլոր ցանկությունները:

- Ի՞նչ է քեզ պետք,- հարցրեցի ես՝ ցուցամատով ինձանից հեռացնելով ատրճանակի ձողը:

- Երբ մենք վերջացնենք,- ասաց Պերսիֆանիան՝ ատրճանակը ձեռքիս մեջ խոթելով,- դու պետք է սպանես նրան՝ փեսացուիս, բոլորին... այս գնացքում միայն երեք հոգի պետք է կենդանի մնան՝ ես, դու և Լյուսին... մենք երեքով կապրենք, ամեն ինչ հիասքանչ կլինի...

- Երբ դուք վերջացնեք,- ասաց երիտասարդը,- պետք է սպանես նրան՝ Պերսիֆանիային, հենց քո գրկում, անկողնում, հետո կսպանես մնացածին. այս գնացքում միայն երեք հոգի պետք է կենդանի մնան՝ ես, քույրս և դու... ես կամուսնացնեմ քեզ քրոջս հետ և կապրեմ ձեզ հետ, ձեր տանը՝ որպես ծառա:

- Իսկ մա՞յրդ,- հարցրի երիտասարդին,- նրա՞ն էլ սպանեմ:

- Ֆրաու Լիզա՞ն,- հարցրեց Պերսիֆանիան,- դու նրան մեծ լավություն արած կլինես:

Արդեն կեսօր էր, երբ վերադարձա իմ սենյակը. թողեցի երկու ատրճանակները և երկուսի գայթակղիչ առաջարկները:

Հրաժարվեցի սիրո պտուղներից, որոնցով ծանրաբեռնված ճյուղերը կոտրվում էին գլխիս... հրաժարվեցի այդ նվերից, սակայն, սենյակ վերադարձա այլ նվերներով, որոնք սիրով ընդունել էի. սեղանին կողք-կողքի շարեցի երկու ատրճանակները, նստեցի մահճակալին և երանությամբ զննեցի դրանք...

Սև, երկարափող և փոքրիկ, բրոնզագույն ատրճանակներ, գուցե իրագործեմ այն, ինչի համար ինձ այդպիսի գին էր առաջարկվում՝ մի գիշեր Պերսիֆանիայի հետ... Գուցե իրագործեմ ձեր իղձը՝ առանց ապրելու այդ երանելի գիշերը:

Գուցե դատարկեմ ձեր ծանրաբեռնված ստամոքսները, և դուք փսխեք ձեր փամփուշտները ուրիշների ստամոքսների մեջ...

Սպանե՞լ, սպանե՞լ բոլորին և այս գնացքի վարորդի՞ն... կանգնեցնե՞լ գնացքն այս եղևնիների ու լեռների մեջ... այն իմ տունը կդառնա, տուն՝ երկաթգծի վրա, տուն, որտեղ կատարվել է նախճիր: Տուն, որի լեշահոտ պատերի մեջ մինչև խոր ծերություն կապրենք ես, Լյուսին և Պերսիֆանիան, գուցե՝ ես, Լյուսին և Լուկա՞սը:

Տուն եղևնիների խավար լաբիրինթոսում, երկաթգծի վրա, տուն, որն այլևս առաջ չի գնա, կայարան՝ ներկված տասնյակների արյամբ...

Իսկ այնտեղ՝ այլանդակությունների ու դավերի սարդոստայնում, վերջին կայարանում իր գնացքին է սպասում Լյուսիի հայրը: Կարոտաբաղձ ծերունին հոգնատանջ կքված է խորանի առաջ և սպասում է այն երանելի ակնթարթին, երբ կօրհնի իր նորապսակ զավակներին՝ Լուկաս և Պերսիֆանիա Լյուցիֆերներին:

Արժե՞ սպասեցնել խեղճ հորը... իսկ Լյուսին. խեղճին հայրը երևի ավելի կարոտով է սպասում, քան որդուն և հարսին...

Ի՞նչ անել, ինչպե՞ս անել... գինի է պետք, գրո՛ղը տանի, գինի՛, գինի՛ և խաղաթուղթ:

Ուզում եմ ագահորեն կուլ տալ Քրիստոսի արյունը և խառնել խաղաթղթերը. գուցե ինչ-որ մեկը տանու՞լ կտա խաղը և կպարտավորվի վերցնել այդ անիծյալ ատրճանակներն՝ իրենց իղձերով ու հրամաններով... գինի՛, գինի՛... ես հագնում եմ վերարկուս, վառում սիգարը, հետևիցս շրխկացնում սենյակիս դուռը և սուրում դեպի ճաշարան-վագոն:

* * *

Մշուշ, մեղմ քամի և մանկության անմեղ մեղեդիներ, որ պարուրել են չորս մանկան:

Ինձ միշտ թվում էր՝ որ վերադարձս դեպի մանկություն ուղեկցվում է անբացատրելի վախով ու անհասկանալի ուրվականներով:

Սակայն վախը չքացել էր, ուրվականներն էլ չորսն էին. չորս օրորոցներ, որ մեղմ ճռռում էին լքված հողմաղացների պես...

Չորս օրորորց՝ շարված դեմ առ դեմ, չորս զույգ մանկան աչքեր... ես և իմ կարմիր օրորոցը, Վոլֆգանգը՝ շիկահեր ուղեկցորդը, և իր դեղին օրորոցը, Լյուսին և իր կապույտ օրորոցը, Բենիամինը և իր մանուշակագույն օրորոցը, և մեր առջև ճաշարան-վագոնի սպիտակ սեղանիկը՝ գինու կանաչ շշերով: Գրո՛ղը տանի, միթե ես չե՞մ անցել այս ամենի միջով, մի՞թե նորից նորածին ենք, գուցե մեռա՞ծ ենք...

- Ինչ-որ բան կցանկանայի՞ք,- կարմիր վերնաշապիկով և սպիտակ ժիլետով մատուցողը նայում է չորսիս՝ ոչինչ չասող դեմքերին և շվարած հեռանում է...

Գուցե՝ էլի՞ գինի պատվիրեինք. մենք ալարում ենք խոսել, նույնիսկ՝ հորանջել: Վոլֆգանգի ծանր ծնոտները թմրել են, և սիգարն ընկնում է հատակին. մենք չորսս նայում ենք սիգարի կողմը և թույլ ժպտում...

Domini, ուժ տուր Վոլֆգանգին՝ կռանալու և վերցնելու սիգարը...

Բայց Domini-ն նույնպես հարբած է, նա էլ ալարում է օգնել մեզ…

Գրո՛ղը տանի, ի՞նչ է անում այս ծանր ծնոտներով շիկահերը, որն ինձ վախեցնում էր իր գայլահաչերով և ատում էր ինձ նույնքան, որքան ես իրեն: Նա իմ կողքին է նստած. ե՞րբ եկավ, ինչու՞ եմ նոր նկատում... ինչու՞ է թվում, որ նրան մանկուց ճանաչում եմ, ինչու՞ եմ համոզված, որ նրա մանկական օրորոցը դեղին գույն ուներ... ինչու՞ է այդպես հարազատաբար նայում ինձ... այդ ի՞նչ ընկավ, գրո՜ղը տանի՝ իմ սիգարն էլ ընկավ հատակին. նրանք հռհռում են՝ Վոլֆգանգը, Բենը և Լյուսին... մի՛ ծիծաղեք, սատանա՛ն ձեզ տանի, վերցրեք սիգարը, օգնե՛ք հարբածիս... նրանք նորից հռհռում են... զկռտում եմ, զկռտում եմ, զկռտում եմ, գրո՜ղը տանի, մի՛ ծիծաղեք... ու՞ր են այն չորս օրորոցները, որ հենց նոր այստեղ էին... նորից զկռտում եմ... մատուցո՜ղ, գինի՛ բեր, մինչև լուսաբաց պիտի խմենք ու զկռտանք...

Լյուսի՞, դու է՞լ այստեղ ես, ու՞ր է քո կապույտ օրորոցը... ինչու՞ ժամանակից շուտ լքեցիր օրորոցդ... այնտեղ ամեն ինչ հրաշալի է, բարեկամներս, գրո՛ղը ձեզ տանի, մի լքեք ձեր օրորոցները... նորից զկռտում եմ... այս ի՞նչ է... աղոտ տարորոշում եմ մատուցողի բութ հայացքը, որն ինձ զայրացնում է. նա մեկ շիշ գինի է ավելացնում մեր սեղանին... սատանա՜ն տանի... գոռում եմ... ո՞վ պատվիրեց, ո՞վ է գինի պատվիրել, ինչու՞ ես ինքնագլուխ բաներ անում... և ապտակում եմ մատուցողի բթամիտ երեսին, որն ինձ շարունակում է զայրացնել... նա քթի տակ մրթմրթում է և հեռանում... այս ի՞նչ է, գինի՞, և՞ս մեկ շիշ, հիանալի՜ է, այդ ո՞վ կռահեց, որ ես էլի խմել եմ ուզում... ի՜նչ լավ է ձեզ նման կռահող ընկերներ ունենալը... լցրե՛ք, բարեկամներս, լցրեք գինին, սա սուրբ խմիչք է, օ՜յ... ես նորից զկռտում եմ...

- Բե՞ն,- ես կկոցում եմ աչքերս և նայում առջևս նստած տղամարդուն,- Բենիամին Մի՞լլեր...

Նա ժպտում է և, նրա սիգարն էլ ընկնում է ժպտացող բերանից:

- Բե՛ն, դու չե՞ս մեռել...

Վոլֆգանգն ու Լյուսին հռհռում են:

- Բե՛ն, ներո՛ղ եղիր, բայց ինձ թվաց՝ ճաշկերույթի սեղանը զարդարում էին քո մսով պատրաստված խորտիկները...

... Երկու վայրկյան էլ չի անցել, և ես մոռանում եմ՝ ինչի մասին էի խոսում... թմրածությունն ու գինին հոշոտում են մարմինս... փառք Աստծո՝ հատակը փայտից չէ, ներքևից բարձրանում է երեք այրվող սիգարների ծուխը, և մշուշի մեջ հազիվ տարորոշում ենք իրար. ասենք՝ դրա կարիքն էլ չկա, կարևորն այն է՝ գիտենք, որ չորսս ենք, որ միասին ենք, թեկուզ՝ մեզանից մեկը մեռած է... իսկ ես սիրեցի Վոլֆգանգին, չգիտես ինչու՞, այդ շիկահեր ծառայողին ես մի ժամանակ ատում էի... սիրում եմ նրան, ով այսօր խմում է ինձ հետ, իսկ վաղը, նույնիսկ, անունս չի հիշում... հետո՞ ինչ, որ նա հաչում է գայլի պես, գուցե այդ ամենը նա տա՞նն է սովորել, գուցե ծնողները որսորդնե՞ր են եղել, գուցե կինն անընդհատ բառաչու՞մ էր ոչխարի պես, և նա մի օր չդիմացավ ու կերա՞վ կնոջը... խեղճ Վոլֆգանգ: Ու՞ր է քո դեղին օրորոցը, ու՞ր են քո խաղալիքները... Լյուսի՞, ինչու՞ ես աչքերդ չռել ինձ վրա, այդ ի՞նչ ես փնտրում, Լյուսի, գրո՛ղը քեզ տանի...

- Սա ի՞նչ է...

- Եղբորդ ատրճանակն է, Լյուսի՛:

- Իսկ ինչու՞ է քո ծոցագրպանում. թռցրե՞լ ես:

- Նվեր եմ ստացել:

- Ի՞նչ պիտի անես...

- Չգիտեմ, գուցե սպանեմ...

- Ու՞մ:

- Նրան, ում սիրում եմ, խղճում եմ, չեմ ուզում, որ նա շարունակի իր գոյությունն ու տեսնի վերջը...

- Իսկ ինձ... սիրու՞մ ես:

- Չէ՛, Լյուսի՛, չէ. միթե չգիտեիր այդ մասին:

- Ուրեմն՝ ինձ չես սպանի...

Ես բացասաբար տարուբերում եմ գլուխս. այնտեղ ամեն ինչ իրար է խառնվում՝ ինչպես սուզվող նավի մեջ... գլուխս ծանրացել է, ծանրացել են ձեռքերս ու ոտքերս, ծանրացել են ծնոտներս, և ալարում եմ խոսել... առանց որևէ պատճառի, առանց որևէ բանի ուշադրություն դարձնելու՝ լիցքավորում եմ ատրճանակը և... և սիրում եմ ձեզ, բարեկամնե՛րս՝ Վոլֆգանգ և Բեն, այս գնացքում ես սիրում եմ ձեզ առավել, քան որևէ մեկին:

Ընդամենը երկու լարում, մկանների երկու ջղաձգում, ընդամենը երկու կրակոց, երկուսն էլ դիպուկ և առանց ցավի... զգացի՞ք՝ ինչքա՜ն կարճ ու հեշտ անցավ ամեն ինչ:

Հիմա ձեր արյունաքամ դիակները փռված են հատակին, և դուք այլևս ոչ-մի մտատանջող հարց չունեք... դուք մեռած եք, բարեկամնե՛րս, դուք այլևս չեք տեսնի դժողքը... իսկ Լյուսին, ահա, ոչինչ չհասկացող աչքերը հառել է ձեր դիակներին:

Նա հարբած է, նա չհասցրեց կռահել, թե ինչ կատարվեց, նա ժպտում է, գրո՛ղը տանի, Բե՛ն, Վո՛լֆգանգ, նա ժպտում է, նա հիանում է ձեզանով...

Կրակոցների աղմուկից, ահա, բոլորը սթափվել են և, իրար հրելով, ներս են մտնում. նրանք սարսափա՞ծ, թե՞ շվարած ինձ են նայում... ձերբակալե՛ք ինձ, գրո՛ղը ձեզ տանի, դե՛ն նետեք ինձ այս գնացքից, այլապես դու՛ք եք հաջորդները... նրանք չեն համարձակվում որևէ բան անել: Վերջապես՝ ամենահամարձակները մոտենում են և ճաշարան-վագոնից դուրս են հանում երկու դիակները:

Լյուսին ինձ թևանցուկ է անում, և երկու հարբած հանցագործ անցնում են մարդկանց ապշահար հայացքների միջով... չգիտեմ՝ Լյուսին է ինձ գրկե՞լ, թե՞ ես նրան, բայց որքա՛ն ծանր է այս բրոնզագույն օրիորդը...

- Այդ դու՞ զկռտացիր, Լյուսի՛...

-... չէ, դու էիր, քեզ մոտ բարձրաձայն է ստացվում:

- Համոզված եմ՝ դու էիր. բոլորը քեզ նայեցին:

- Ինձ նայեցին, որովհետև ես ավելի գեղեցիկ եմ...

* * *

Մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ սպանեցի Վոլֆգանգին և Բենիամին Միլլերին... մեկ շաբաթում էլի մի քանիսի հետ խմեցի, զգացի, որ սիրում եմ նրանց, խղճացի և սպանեցի... որքա՜ն հեշտ էր արվում այդ ամենը... իսկ Լյուսիին ոչ-մի կերպ չկարողացա սիրել. բոլորից շատ, թերևս, նրան էի ուզում սպանել, չնայած՝ թե՛ Լուկասի, թե՛ Պերսիֆանիայի ծրարգրերում չկար այդ կետը... իսկ նրանք ճառագում էին գոհունակությունից. Լուկասն անհամբեր սպասում էր Պերսիֆանիայի սպանությանը. Պերսիֆանիան՝ Լուկասի սպանությանը:

Մի պահ ես անտանելի վիճակի մեջ էի՝ չգիտեի՝ նորապսակներից ո՞ր մեկի ծրագիրն իրագործեմ... սպանել բոլորին և Պերսիֆա՞նիային, թե՞ բոլորին և Լուկասին:

Եկավ մի պահ, երբ որոշեցի սպանել Լյուսիին և ցած ցատկել սուրացող գնացքից... սակայն՝ ո՛չ. այժմ արդեն ամեն ինչ որոշել եմ... ոչինչ կանգ չի առել, ամեն ինչ ընթացքի մեջ է, գնացքը շարունակում է սուրալ, ես՝ գործել...

* * *

Սիրելի և հարգարժան տիկին Դե Մետրա՝ սրտաբուխ ողջույններս եմ հղում Ձեզ և համբույրներս՝ Ձեր ամուսնու նախկին սիրուհիներին, որոնց Դուք սիրով ապաստան տվեցիք Ձեր հարկի տակ և ապահովեցիք աշխատանքով:

Ահա նստած եմ այս գնացքում և մտովի պատկերացնում եմ Ձեր շքեղ առանձնատունը, Ձեր վարձու կանանց և Ձեր բուրավետ խոհանոցը, որոնց մասին այնքան պատկերավոր պատմում էր Ձեր հանգուցյալ դուստրը՝ Պերսիֆանիան:

Ներեցե՛ք. նամակի սկզբում մոռացա նշել, որ ես սպանել եմ նրան: Կարծում եմ՝ ես որևէ հանցանք կամ մեղք չեմ գործել, զի Պերսիֆանիային այդ պահին մահն անհրաժեշտ էր ավելի, քան որևէ այլ բան...

Հույս ունեմ՝ մի օր կրկին անգամ բախտ կվիճակվի լինել Կրակովում. այնժամ ես անպայման կթակեմ Ձեր տան դռները:

Մինչ հանդիպում...

* * *

Սիրելի և պատվարժան պարոն Լուցիֆեր՝ հոգեբուխ ողջույններս եմ հղում Ձեզ և համբույրներս՝ Ձեր ընտանիքի բոլոր կանանց և սպասուհիներին, որոնք սպասումի և կարոտի քաղցր ու զզվելի պահեր են ապրում հիմա և հարդարում են Ձեր հանգուցյալ որդու՝ Լուկասի ամուսնական առագաստը:

Ներեցե՛ք, խնդրու՛մ եմ. նամակի սկզբում մոռացա նշել, որ ես սպանել եմ Ձեր որդուն և հարսին՝ Պերսիֆանիային:

Նրանց այդ պահին մահն անհրաժեշտ էր ավելի, քան որևէ այլ բան...

Ցավում եմ, որ զրկել եմ Ձեզ հարսանյաց առաջին գիշերը Ձեր որդու հարսնացուին տիրելու հաճույքից...

Կարծում եմ՝ պետք չէ տխրել և հավաքել հարսանյաց խնջույքի սեղանները, զի հույս ունեմ շուտով թակել Ձեր տան դռները...

Մինչ հանդիպում...

* * *

Սիրելի և պատվարժան հայր՝ թույլ տվեք արդեն այսպես Ձեզ դիմել, պարո՛ն Լուցիֆեր:

Որդիական ողջույններս եմ հղում Ձեզ և համբույրներս՝ Ձեր ընտանիքի բոլոր կանանց, որոնք դեռ չեն հավաքել հարսանյաց խնջույքի սեղանները և սպասում են իրենց նորապսակ զավակներին...

Եվ ահա դեպի Ձեր գիրկն ենք շտապում՝ ես և իմ հարսնացուն՝ Լյուսին:

Ձեր դուստրը սիրում է ինձ, ես էլ՝ նրան:

Հուսով եմ՝ կընդունեք մեզ Ձեր հայրական հարկի տակ և կտաք Ձեր հայրական օրհնանքը:

Բաց պահեք Ձեր տան դարպասները, զի մեր գնացքը սուրում է անհամբեր ու համառ...

Մինչ հանդիպում...

* * *

Գնացքը սուրում է անհամբեր ու համառ. լուսամուտներից այն կողմ գնացքին համընթաց սուրում են բարձրաբերձ լեռները՝ մինչև գագաթները եղևնու և սոճու անտառներով ծածկված... չէ՛, սրանք նման չեն իմ ծննդավայրի մերկ ժայռերին, որոնք ծնեցին իմ ցեղի երակներում միստիցիզմն ու կամակորությունը:

Սկզբում պատմում էի այս ամենը անցյալ ժամանակով, զի համոզված էի, որ իջնելու եմ հաջորդ կայարանում...

Պատմում էի՝ ինչպես հեքիաթն են պատմում, զի չէի կռահում, որ ճակատագրի բերմամբ պետք է լինեմ դեպքերի կենտրոնում:

Չէի մտածում, որ երբևէ՝ մի հասարակ գնացքի ուղևորության ժամանակ հեքիաթն իրականություն կդառնա, և ես կդառնամ Լուցիֆերների մեծապատիվ ընտանիքի փեսան...

Այժմ, ահա, պատմում եմ այնպես, ինչպես  կա ամենը. իսկ ամենն ընթացքի մեջ է, գնացքը դեռ շարունակում է ջղաձգվել ու հորանջել ժանգոտ երկաթգծի վրա: Լյուսին քնած է իմ անկողնում, կողքիս, և հասմիկների հարազատ և արդեն ձանձրացնող բույրը տիրել է սենյակում...

Մնացած բոլորը սպանված են, բոլոր վագոնները ներկված են լերդացած արյունով, և նրանցից լեշահոտ է փչում... մեքենավարն էլ սպանված է, և չեմ անհանգստանում, զի գնացքը խոնարհաբար սուրում է դեպի վերջին կայարանը՝ Լուցիֆերների գերդաստանի խաղողի ու կակաչի արտերը...

Ամիսներ են անցել, և գնացքը դեռ չի հասել այնտեղ...

- Գուցե ձեր ընտանիքը քոչել է մի ա՞յլ տափաստան,- հարցնում եմ Լյուսիին,- գուցե այդպես էլ չհասնե՞նք Լուցիֆերների տանը, քո ծննդավայրը...

Լյուսին անտարբեր ուսերն է թոթվում և նորից փակում է աչքերն ու քնում:

Ես վառում եմ ճրագը և գրում եմ «Տետրագրամատոնի»՝ իմ մեկ այլ ինքնակենսագրության վերջին տողերը...

Գիշեր է. ուզում եմ քնել... հույս ունեմ վաղն առավոտյան ինչ-որ բան կփոխվի, գուցե վաղը տե՞ղ հասնենք...

Արդեն չորրորդ ամսվա հերթական գիշերն է, ինչ ես և Լյուսին վաղվա օրվա հետ մեծ հույսեր կապելով՝ պառկում ենք քնելու...

Juli 3 1999

 

Post Scryptum

Juli 18 1999

Պատմվածքի հիմքում ընկած է Պերսեֆոնեի և Հադեսի (PLUTON< LUCIFER< SATAN) ամուսնության դիցապատումը: Սակայն դեպքերն այլ շրջադարձ են ունենում, և վիպակի առանցքային կերպարներ են դառնում հեղինակն ու Լյուսին:

Այն, որ ես դարձա Լուցիֆերների ընտանիքի փեսացուն կամ Դժոխքի ընտրյալը, այնքան էլ հեռու չէ իրականությունից: Բոլորովին վերջերս ես համարվում էի քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ապագա փեսացուն: Հիմա ամեն ինչ վերջացել է, չնայած Լուսինեն (Լյուսի) ժամանակ առ ժամանակ սպառնալիքներով լեցուն նամակներով ինձ հիշել է տալիս իր մասին: Ամեն ինչ վերջացել է. այնուամենայնիվ ես մինչև հիմա զարմանում եմ՝ այդ ինչպե՞ս է, որ նրա ընտանիքն առայժմ իմ վերջը չի տալիս: Հավանաբար կա մի գաղտնի ուժ, որն ինձ պաշտպանում է:

Վիպակում էլ կա մի գաղտնի ուժ, մի վերացական գաղափար, որն ինձ ավելի շուտ հետապնդում է, քան պաշտպանում: «Հասմիկների բույրը» մի առաձնահատուկ երանգ է, որը հետապնդում է ինձ`  նաև կյանքում:

«Տետրագրամատոն» վեպի բոլոր չորս հատվածներում այդ գաղափարը մարմնավորված է իմ քրոջ՝ Ժասմինի կերպարում: Ավելի ուշ՝ 1998-ի դեկտեմբերին ես այդ գաղափարին անդրադառնում եմ «Հասմիկ» վիպակում:

Այնուամենայնիվ այդ վիպակում ինձ հաջողվում է գոնե ինձ համար որոշ չափով հասկանալի դարձնել այդ երևույթը: Չնայած այդ «բույրը» հետապնդում է ինձ մինչև հիմա:

Այս վիպակում ինձ ոչինչ դուր չի գալիս, հատկապես՝ գրկախառնումների տափակ ու ռոմանտիկ տեսարանները: Սակայն ես դա պե՛տք է գրի առնեի այնպես, ինչպես դա իրականում է ստացվել. և ինձ չհաջողվեց:

Վիպակում ինձ դուր է գալիս միայն Ֆրաու Լիզայի փոքրիկ ռադիոընդունիչը և իրականում գոյություն չունեցող գրող Մարտին վան Օրգելի՝ իրականում գոյություն չունեցող վեպը:

Այդ պատճառով վիպակն անվանել եմ «Սերբիա»:

 

Հայկ Սայադյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ