«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Սկսվում էր նոր՝ 1989 թվականը...«Ականատեսի հուշեր»». ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Փետրվարի 20-ը Հայաստանի նոր ժամանակի սկիզբն է՝ մեր ազգայի զարթոնքի սկիզբը, որի շարունակությունը եղան Հայաստանի անկախ Հանրապետությունն ու ազատ Արցախը, ազատագրված հող հայրենին ու ազատ սերունդը, հայկական բանակն ու հայոց պետականությունը, Հայաստանի քաղաքացին ու արժանապատիվ հայ մարդը...

Շաբաթներ առաջ հրապարակել էինք  «Սկիզբ և հունիսի 15. «Ականատեսի հուշեր»» շարքի առաջին նյութը՝ նպատակ ունենալով հիշել ու հիշեցնել հայ ժողովրդի պայքարի, միասնության, ոգու, կամքի ու համառության այդ փառահեղ օրերը, ականատեսի վկայություններով վերականգնել այդ հերոսական օրերի պատկերը:

Այսօր հրապարակում ենք շարքի երկրորդ նյութը՝ «Սկսվում էր նոր՝ 1989 թվականը...«Ականատեսի հուշեր»». ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Հունիսյան ոգևորությունը փոխվեց տարակուսանքով՝ Ադրբեջանն արդեն ընդունել էր հակառակ որոշում, իսկ Կենտրոնը դեռ պատասխան չէր տալիս: Երևանում շարունակվում էին միտինգներն ու ցույցերը, իսկ հուլիսի 4-ից սկսվեցին գործադուլներ, որոնք տևեցին մինչև ամսի 14-ը:

Հուլիսի 5-ին լուր ստացանք. «Զվարթնոց» օդանավակայանում Ներքին գործերի նախարարության զինվորների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ կանանց և երեխաների, գազանային ծեծի մասին: Դժվար էր պատկերացնել ցասման և անզորության այն խառը զգացումը, որը պատել էր մեզ՝ այդ լուրը լսելուց հետո:

Հեռուստացույցով անընդհատ ելույթ էին ունենում զինվորական կոմիսարը, ով նախազգուշացնում էր զինվորական համազգեստով անձանց դեմ բռնության ակտեր կատարելուց, տարբեր գործիչներ: Ելույթ ունեցավ նաև Վազգեն Առաջինը: Այս կամ այն չափով գործադուլներին մասնակցել է նաև Ստեփանավանի աշխատավորությունը, տեղի ունեցան նաև միտինգներ:

Զվարթնոցի դեպքերի ժամանակ թափվեց շարժման առաջին նահատակ՝ Խաչիկ Զաքարյանի արյունը, բանտարկվեցին Ալբրիկ Գևոյանը և Արթուր Պողոսյանը:

Հուլիսի 6-ին և 7-ին հանրապետությունում կայացավ ավտոմոբիլային ցույց: Վառած լույսերով, միացված ձայնային ազդանշաններով մեքենաների շարասյուններն անցնում էին ճանապարհներով՝ որպես բողոքի նշան Կենտրոնի քար անտարբերության և զինվորների վայրագությունների դեմ:

Հուլիսի 8-ին Ազատության հրապարակում կայացավ մեծ միտինգ: Ի տարբերություն մյուսների՝ այն անց կացվեց ցերեկը և նվիրված էր օդանավակայանի դեպքերի պարզաբանմանը: Ելույթ ունեցավ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ անօգուտ է դիմել զինվորական հրամանատարությանը, կոչ արեց շարունակել գործադուլը:

Ընդհանրապես, ելույթների տոնը շատ ավելի սուր էր, քան հունիսին: Միտինգի մասնակիցների շարքերում կային հենակներով և ձեռքերը վիրակապած պատանիներ, ովքեր կրում էին «Արցախ» մակագրությամբ գլխակապեր: Նրանք չէին թաքցնում, որ վիրավորվել են օդանավակայանում՝ զինվորների հետ ընդհարման ժամանակ: Ինչպես պատմեցին տղաները, «Զվարթնոցում» զոհերը շատ ավելի կլինեին, եթե անմիջապես Երևանից և շրջակա գյուղերից շատ երիտասարդներ չհասնեին օդանավակայանի շրջակայք՝ զինված երկաթե կտորտանքով: Նրանց ներկայությունը զինվորներին ստիպել էր դադարեցնել ժողովրդի հետապնդումը:

Զվարթնոցի դեպքերը ցույց տվեցին բնակչության՝ միասին լինելու անհրաժեշտությունը: Պատահական չէր, որ այդ օրը՝ հուլիսի 8-ին, երբ Ստեփանավան էինք վերադառնում, բոլոր մեքենաներն իրար ողջունում էին լույսերով և ձայնային ազդանշաններով: Այդ միասնության ցույց էր:

Վերջապես, հուլիսի 18-ին նշանակվեց ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստը, որտեղ պետք է որոշվեր Ղարաբաղի հարցը: Նիստը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ: Նշված ժամին փողոցներում գրեթե մարդ չկար: Իհարկե, այն գորբաչովյան երեսպաշտության և ճարպկության խառնուրդ-ներկայացում էր, սակայն՝ բարձրահումոր ներկայացում, և այն արժեր դիտել: Նախ, փայլեց ինքը՝ Գլխավոր քարտուղարը: Նա թույլ էր տվել մի քանի իմաստազուրկ արտահայտություն, օրինակ՝ «небритые бородачи»: Ուժեղ էր նաև Նախագահության անդամ Գիտալովը, ով պահանջեց անհապաղ խաղաղություն հաստատել երկու հակամարտ ազգերի՝ երևանցիների և ադրբեջանցիների  միջև, որպեսզի չտուժի երրորդ ազգը՝ լեռնային ղարաբաղցիները:

Միաժամանակ նա Նախագահության մի այլ անդամի՝ բանվորի, ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ գյուղացիները (Գիտալովը մեխանիզատոր էր) գործադուլ չեն անում, և այն բացատրեց բանվոր դասակարգի անբավարար գիտակցությամբ:

Այդ ֆոնին շատ լավ էին ընդունվում ադրբեջանցիների մուղամանման կենածաոճային ելույթները:

Հայ պատվիրակներից անթերի էին Հենրիկ Պողոսյանի և Սերգեյ Համբարձումյանի ելույթները, որոնք ցնցում էին իրենց խորաթափանցությամբ և կանխատեսման ուժով:

Ընդունված որոշումը, իհարկե, հայանպաստ չէր: Բայց, միևնույն ժամանակ, այն ընդունեց, որ գոյություն ունի ղարաբաղյան պրոբլեմը, և լուծման համար անհրաժեշտ է Կենտրոնի միջամտությունը: Չնայած դրան՝ որոշումը խիստ բացասաբար ընդունվեց Հայաստանում: Այն խստորեն քննադատվեց Մատենադարանի մոտ կայացած միտինգում (Ազատության հրապարակում միտինգները նորից արգելված էին): Ժողովրդի գնահատականները նույնպես արտակարգ բացասական էին:

Գործադուլը շարունակվեց մինչև հունիսի 22-ը, իսկ միտինգները տեղի էին ունենում Մատենադարանի, երկու անգամ՝ Փոստատան, առջև:

Գործադուլներ, միտինգներ եղան նաև Ստեփանավանում: Այստեղ գործադուլները համատարած բնույթ չէին կրում և ավելի շատ կազմակերպվում էին մայրքաղաքային իրադարձություններից ետ չմնալու համար: Միտինգներին արտասանում էին, երգում: Այսինքն, դրանք հիշեցնում էին համաժողովրդական տոնախմբությունների մի տարբերակ: Շրջանային կազմակերպությունները բավականին հանդուրժող էին թե՛ միտինգների, թե՛ գործադուլների նկատմամբ: Որոշ չափով նրանց վերաբերմունքը կախված էր կենտրոնական թերթերում հուլիսի վերջին տպագրված հակակոմունիստական հոդվածներից:

Հենց այդ ժամանակ Ստեփանավանում՝ Արմեն Բեջանյանի հետ, ստեղծեցինք «Միտք» մտավորական ակումբը, որը, ավաղ, միայն մեկ նիստի կյանք ունեցավ:

Կուսակցական Շրջանային կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Սովետական Հայաստան» թերթում տպագրվեց կոչ սումգայիթցիներին՝ Ստեփանավան գալու և ապրելու համար՝ իմ, գիշերօթիկ դպրոցի, ԲՀԵՍ գործարանի տնօրենների ստորագրությամբ:

Ստեփանավանում որոշ արտադրական հիմնարկներ մի քանի օր չաշխատեցին: Ղեկավարներից ոմանք ՝ աշխատողների շարասյան գլուխ անցած, գալիս էին հրապարակ, բայց ոմանք նույնիսկ ծեծում էին գործադուլի կոչ անողներին:

Սեպտեմբերին վերսկսվեցին միտինգները Ազատության հրապարակում: Միաժամանակ տեղի ունեցան մասնակի գործադուլներ, ցույցեր, նստացույցեր, սովադուլներ:

Սեպտեմբերի 17-ի միտինգին ներկա էինք: Այստեղ առաջին անգամ հնչեց. «Եթե այս պահանջները չբավարարվեն, Կոմիտեն հանդես կգա անկախության պահանջով»:

Միտինգները շարունակվեցին նաև հոկտեմբերին: Վրա հասավ 1988 թ. նոյեմբերը:

Նոյեմբերյան օրեր

Նոյեմբերի 20-22-ին Ազատության հրապարակում շարունակվում էին միտինգները: Նոյեմբերի 21-ի միտինգում սկսեցին լուրեր գալ Ադրբեջանում հայերին հետապնդելու և տեղահանելու մասին, լուրեր կային նաև սպանությունների և բռնությունների մասին: Մարդկանց զայրույթն աննկարագրելի էր: Այն արտահայտվեց Կոմիտեի անդամներից մեկի ելույթում. «Իսկ մենք մինչև ե՞րբ պետք է երաշխավորենք Հայաստանի թուրքերի անվտանգությունը»: Ելույթ ունեցավ Սպիտակի ինքնապաշտպանության ջոկատի ներկայացուցիչը: Նա խոսեց թուրքերի սանձարձակ վարքի մասին:

Հունիսի հետ համեմատած՝ միանգամայն այլ տեսք էր ներկայացնում Ազատության հրապարակը: Մակագրություններն ու պաստառներն արդեն հակակառավարական բնույթի էին, կային ԽՍՀՄ ղեկավարին և նրա տիկնոջը վերաբերվող ծաղրանկարները, ստորագրություններ էին հավաքում Ալբրիկ Գևոյանին և Արթուր Պողոսյանին, ինչպես նաև բանակում թուրքերից տուժած և բանտ նետված այլ երիտասարդներին ազատելու համար:

Հունիսի 15-ի մաքուր, խանդավառ մթնոլորտը փոխվել էր վատ կանխազգացումներով լեցուն նոյեմբերյան կապարյա ամպերի ծանրությամբ:

Նոյեմբերի 22-ին բացվեց և ընդհատվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանը: Նստաշրջանին, Արցախի հարցից բացի, ներկայացված էր նաև «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման և ատոմակայանի փակման հարցը: Ժողովուրդը հավաքված էր Ազատության հրապարակում, դրված էին բարձրախոսներ, որոնց միջոցով կատարվում էր նստաշրջանի տրանսլյացիան:

Ոտքով Հոկտեմբերյանից Ազատության հրապարակ էր եկել երիտասարդների մի խումբ: Նրանք բռնել էին մի պաստառ. «Ատոմակայանը կարող է պայթել մինչև նստաշրջանի ավարտը»: Մի քանի այլ երիտասարդներ հագել էին վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր. «Նաիրիտը եղեռն է»:

Երեկոյան կողմ՝ ժամը 17:00-18:00-ին, Կոմիտեի կոչով ժողովուրդն Ազատության հրապարակից բարձրացավ դեպի Շահումյանի պալատ, որտեղ տեղի էր ունենում նստաշրջանը: Իհարկե, ժողովրդի քանակը շատ ավելի քիչ էր, քան հունիսի 15-ին: Այժմ պալատի առջև նստաշրջանին ժողովրդական աջակցության ապահովումը իրականացնում էր հազիվ 2-3 հազար մարդ:

Հանկարծ նստաշրջանի տրանսլյացիան ընդհատվեց, կարծես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, ով, ի դեպ, գովեց այն ժամանակ հանրապետության Մինիստրների սովետի նախագահ Ֆ. Տ. Սարգսյանին՝ Ղարաբաղին օգնություն ցույց տալու և օգնության բեռներով ավտոշարասյունը Գորիս-Լաչին-Ստեփանակերտ Կոմիտեի տղաների հետ ուղեկցելու համար:

Մոտավորապես 1 ժամ կանգնելուց հետո իմացանք նստաշրջանն ընդհատելու պատճառը՝ Ղարաբաղում Կենտրոնի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին ասել է, որ սկսվել են ազգամիջյան ընդհարումներ, այսինքն՝ հայերի դեմ բռնություններ Ադրբեջանում, և խնդրել բոլոր պատգամավորներին շտապ մեկնել իրենց բնակավայրերը՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու համար: Ըստ երևույթին, նրա ասածը բավականին ազդեցիկ էր, որովհետև մեր կողքով, ի թիվս այլ պատգամավորների, արագ անցավ Ստեփանավանի քաղխորհրդի նախագահ Արամ Ալեքսանդրի Բաբաջանյանը՝ մտախոհ և լարված դեմքի արտահայտությամբ: Նա այդ ժամանակ պատգամավոր չէր, բայց ի պաշտոնե մասնակցում էր նստաշրջանին:

Իջանք դեպի Ազատության հրապարակ: Ուշ գիշերով այնտեղ կայացավ միտինգ, որտեղ ժողովրդին կոչ արվեց ապահովել նստաշրջանի շարունակությունը: Վոլսկու քայլը որակվել էր որպես կանխամտածված՝ նստաշրջանը դադարեցնելու համար:

Խոսեց մի էստոնացի: Նրա ելույթից իմացանք, որ ապրում ենք կայսրությունում և այն անհրաժեշտ է արագորեն քայքայել, որ հայ և էստոնացի ժողովուրդների շահերը համընկնում են, և այլ հայտնություններ:

Հաջորդ միտինգը նշանակվեց մյուս օրը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 10:00-ին:

Միտինգը սկսվեց նշանակած ժամին և վերջացավ ժամը 12:30-ին, ավելի ճիշտ՝ ընդմիջում հայտարարվեց մինչև ժամը 14:00-ը: Սակայն ժամը 14:00-ին միտինգը հետաձգվեց մինչև ժամը 18:00-ն: Ժամը 18:00-ին Կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և մեկ այլ այր գնացին բանակցությունների ՀԿԿ ԿԿ-ի շենքը: Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարի չափ մարդ սպասում էր նրանց վերադարձին: Երբ նրանք ուշացան, ժամը 20:00-ին, Վանո Սիրադեղյանի կոչով, մարդիկ շարժվեցին դեպի ՀԿԿ Կենտկոմի շենքը: Այստեղ դեռ շարունակվում էին բանակցությունները, որոնք տևեցին մինչև նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 04:00-ն: Ամբողջ այդ ընթացքում, այսինքն՝ նոյեմբերի 23-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 04:00-ը, ժողովուրդը կանգնած էր Կենտկոմի շենքի առջև: Մարդկանց թիվը, ժամ առ ժամ, նվազում էր, և վերջում Կենտկոմի շենքի առջև, Բարեկամության փողոցում, մնաց ոչ ավելի քան 10 հազար մարդ: Բազմությունը վանկարկում էր. «Հայե՛ր, միաց՛եք»: Ցուրտ էր. մարդիկ խարույկներ վառեցին՝ օգտագործելով մոտակա շենքերի բակերից բերած փայտի կտորտանքը և հին անվադողերը: Օդի ջերմաստիճանը -2, -4 էր: Մի քանի մեքենա փայտ բերեցին: Մեքենաներով՝ «բուդկա մոսկվիչներով» և «երազներով», բերում էին տաք հաց և բաժանում ժողովրդին: Հացը փոխանցում էին շարքից շարք, և այն, փաստորեն, հասավ բոլորին, և մնաց նաև կտորտանք, որը խնամքով հավաքեցին:

Բնական է, Կենտկոմի շենքի առջև կանգնածների միջև տեղի էին ունենում բազմաթիվ զրույցներ:

- Այ, դու ասում ես՝ գործադուլ, - ասաց մի միջին տարիքի մարդ մյուսին, - բայց դու կոոպերատիվ ունես, իսկ ես գործարանի տված աշխատավարձով եմ տունս պահում:

Նորից վանկարկում էին. «Սե-սիա՛», իսկ այնուհետև. «Է-շե՛ր»:

Մի խումբ աղջիկներ երգում էին.

«Արդյոք ովքե՞ր են, Հայոց քաջերն են, Մամուլը վկա՝ Էքստրեմիստներ են»:

Գիշերվա ժամը 00:00-ին Կենտկոմի շենքից, վահանները փայլեցնելով, դուրս վազեցին սաղավարտակիր և մահակավոր զինվորները՝ մոտավորապես մի վաշտի չափ: Նրանց, ըստ երևույթին, Կենտկոմի շենք էին բերել ետնամուտքից՝ Դեմիրճյան փողոցից: Գուցե և նրանք առավոտվանից էին Կենտկոմի շենքում: Համենայն դեպս, Երևանի Ներքին գործերի մի սպա ինձ պատմեց, որ իրենք այդ ամբողջ գիշերը գտնվում էին Կենտկոմի շենքում: Այսինքն, զինվորներից բացի, շենք էին բերվել նաև ՆԳ մինիստրության և ՊԱԿ-ի սպաներ:

Զինվորները վազեցին մինչև վանդակավոր ցանկապատ և կանգնեցին նրա ներսի կողմից: Ժողովրդի համար սրանք արդեն հին ծանոթներ էին: Ցույցի մասնակիցները մասնագիտորեն սկսեցի բնութագրել զինվորներին.

- Կանաչ սաղավարտավորները, սովորաբար, կանգնած են մնում, ժողովրդի վրա հարձակվում են սպիտակ սաղավարտավորները,- ասաց 17-18 տարեկան մի պատանի:

- «Զվարթնոցում» եմ տեսել, երբ ցրում էին մեր պիկետը, կոճս մինչև հիմա ցավում է մահակի հարվածից,- լրացրեց միջին տարիքի մի մարդ:

- Օդանավակայանում մեզ հանկարծակիի բերեցին, առանց նախազգուշացնելու են հարձակվել:

- Տասը հոգով մի զինվոր չե՞նք կարող տապալել:

- Իսկ ինչու՞ տասը: Հիմա հո խարույկներ կան վառվող, եթե մեր վրա հարձակվեն, դրանք պետք կգան:

Հպարտության ջերմ զգացում է պատում հոգիդ, երբ տեսնում ես դիմադրության պատրաստ ժողովրդին, նրա անընկճելի ազատասիրությունը և չհպատակվելու ձգտումը:

Երիտասարդները գնացին մոտակա շենքերի բակերը և սկսեցին վերադառնալ՝ ձեռքերին փայտյա մահակներ, խողովակի կտորներ: Այնպես որ, եթե զինվորները փորձեին կրկնել «Զվարթնոցը», նրանցից ոմանց հենց այդ օդանավակայանից տուն կտանեին…

Ժողովրդից անբաժան շեփորահարը նվագեց «Սուսերով պարը»: Վանո Սիրադեղյանը և Ռաֆայել Ղազարյանը կոչ արեցին զուսպ լինել և զինվորներին պրովոկացիաների առիթ չտալ, այսինքն՝ ընդհանրապես չխոսել նրանց հետ: 

Այո՛, «Զվարթնոցը» շատ բան փոխեց մեզանում: Հունիսի 15-ին ոչ մի վիրավորական ակնարկ չարվեց զինվորների հասցեին, ավելին, նրանց մոտենում էին որպես դաշնակիցների, եղբայրների, առիթը բաց չէինք թողնում հետները խոսելու:

«Զվարթնոցից» հետո ամեն ինչ փոխվեց:            

Այդ օրը զինվորների հետ ընդհարում չեղավ:

Ժամը 04:00-ին շենքից դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը և հայտարարեց, որ Հայաստանի ԿԿ Կենտկոմի բյուրոյի նիստը որոշեց Գերագույն խորհրդի նիստ չվերսկսել մոտ ապագայում: Ռաֆայել Ղազարյանը կոչ արեց համընդհանուր գործադուլի:

Մարդիկ սկսեցին ցրվել տներով: Ներկաների մի մասը երթ ձեռնարկեց Լենինի պողոտայով՝ «Գործա-դու՛լ» վանկարկելով, իսկ հարյուրի չափ մարդ իջանք Ազատության հրապարակ:

Նոյեմբերի 25-ին Ստեփանավանում իմացան Օպերայի շենքում ընդհատված նստաշրջանի անցկացման մասին, ԳԽ Նախահագության կողմից այն անօրինական ճանաչելու և Երևանում պարետային ժամ մտցնելու մասին:

Նոյեմբերի 26-ին Ստեփանավանում կայացավ միտինգ, որը ստացավ ամենօրյա բնույթ և շարունակվեց մինչև նոյեմբերի 30-ը: Նոյեմբերի 30-ին հաջորդ միտինգը նշանակվեց դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին: Միտինգը նախաձեռնել էին Ստեփանավանի «Ղարաբաղ» կոմիտեն (նախագահ՝ Հովիկ Պառավյան, անդամներ՝ Գագիկ Օլքինյան, Սարգիս Մարիկյան, Վեհար Առաքելյան և այլն): Հենց նոյեմբերի 26-ի միտինգում հայտարարվեց գործադուլ, որի պահանջները հետևյալն էին.

Երևանում պարետային ժամի վերացում, նոյեմբերի 24-ին կայացած ՀՍՍՀ ԳԽ նստաշրջանի օրինականության ճանաչում, Ադրբեջանում հայկական բնանկչության անվտանգության ապահովում:

Մեզ անընդհատ լուրեր էին հասնում Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարվող բռնությունների մասին: Ժողովրդին առավել բորբոքում էին տեղացի թուրքերի սադրիչ արարքները: Այսպես, նախկին ավտոտեսուչ Նարիման Մամեդովը կոչ էր անում թուրքերին հրդեհել իրենց տները՝ մեղքը գցելով հայերի վրա: Հենց այդ թուրքերն էին այդ կոչի մասին հայտնել միլիցիա: Նարիմանը ձերբակալվեց, սակայն նրան երկու օր միայն կալանքի տակ պահելուց հետո ազատեցին, և նա անմիջապես մեկնեց Ադրբեջան: Այնտեղ նա և կինը՝ ուսուցչուհի Մալաք Մամեդովան, սադրիչ ելույթներ էին ունենում հեռուստացույցով:

Նոյեմբերի 27-ին Ստեփանավանի շրջանի տարածքում երևացին Բաքվից գաղթած հայերի առաջին խմբերը, որոնք այստեղ հասել էին Ղազախ-Իջևան-Դիլիջան երթուղով: Նրանց պատմածները սարսափազդու էին, մարդկանց մարմինները փշաքաղվում էին, նորից հիշողության մեջ վերականգնվում էին Եղեռնի մասին կիսամոռացված պատմությունները:

Սումգայիթից հետո ստեփանավանաբնակ շատ թուրքեր մեկնեցին Ադրբեջան՝ իրենց բնակարանները փոխանակելով բաքվաբնակ կամ սումգայիթաբնակ հայերի հետ: Թուրքերից շատերը պատրաստվում էին մեկնել, բնակարանները փոխանակելուց հետո, 1988 թ. վերջին կամ 1989 թ. սկզբին:

Պետք է ասել, որ բացառությամբ անասունների, որոնք թուրքերը, մեկնելիս, ծախեցին էժան գներով, նրանց մնացած ողջ ունեցվածքն անձեռնմխելի մնաց, և երբ 1989 թ. գարնան-ամռան ամիսներին թուրքերին վերադառնալու հնարավորություն տրվեց, նրանք կարողացան տանել այն ամենը, ինչ ունեցել են: Ոչ ոք չի դիպել նրանց գույքին:

Միայն հայկական ազգային բնավորության բնածին բարությամբ և քաղաքակրթվածությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ թուրքերի և նրանց ունեցվածքի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չկատարվեց: Շատերը նույնիսկ խղճում էին մեկնող թուրքերին: Չնայած դրան՝ բոլորը հասկանում էին, թե ժողովրդագրական առումով ինչքան կարևոր էր Ստեփանավանի շրջանի միատարրության ապահովումը:

Ամեն ինչ այնքան կազմակերպված էր, որ կատարվեց օրերի ընթացքում:

Ինչևիցե, նոյեմբերի 30-ին Ստեփանավան քաղաքում ևՍտեփանավանի շրջանում թուրք այլևս չկար:

Դեկտեմբերի առաջին օրերին բնակչության մեջ լուրեր էին տարածվում, թե նոյեմբերի 30-ին գնացած թուրքերի մի մասը թաքնվում է քաղաքամերձ անտառներում և պատրաստվում է հարձակվել հայերի վրա: Նույնիսկ շրջկոմի առաջին քարտուղարը պրոպագանդիստների սեմինարում կոչ էր արել զգոն լինել, երեկոյան ժամը 7-8-ից հետո փողոց դուրս չգալ, չերթևեկել անտառաշատ վայրերում՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:

Ընդհանրապես, հոգեբանական մթնոլորտը թանձր էր, մարդիկ կորցնում էին հստակ կողմնորոշումը: Խոսում էին այն մասին, որ շուտով պարետային ժամ է մտցվելու Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ամասիայում, Գուգարքում, Ստեփանավանում և Սպիտակում:

Դեկտեմբերի 4-ին տեղական ռադիոյով հաղորդել և պատերին հայտարարություններ են փակցրել այն մասին, որ դեկտեմբերի 5-ից Ստեփանավան քաղաքում մտցվում է պարետային ժամ: Միաժամանակ, պարետային ժամ էր մտցվում ևս 15 շրջաններում, հիմնականում՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան:

Նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, թերթերում հաղորդագրություն էր հրապարակվել «Նովայա Զեմլյա» արխիպելագում կատարված ստորգետնյա միջուկային փորձարկման մասին:  Իհարկե, ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այդ հաղորդագրությանը:

Դեկտեմբերի 5-ին Ստեփանավանում երթևեկում էին ԲՄՊ զրահահամեքենաները, իսկ դրանցից մեկը կանգնած էր հենց հիվանդանոցի դիմաց: Այդ զրահամեքենան դարձել էր մեր բժշկների կատակների առարկան: Կատակները բավականին միօրինակ էին:

Այսպես, հարցնում էին միմյանց.

- Ինչո՞վ եկար գործի:

- Տանկով,- տրվում էր պատասխանը: 

Սանիտարուհուն հիվանդանոցից մոտ 1,5 կմ. հեռու գտնվող արյան փոխներարկման կայան ուղարկելիս՝ ասում էին. «Գնա՛, խնդրի՛ր տանկի վարորդին, նա կտանի»:

Սակայն ասել, որ այդ զրահամեքենան միայն ծիծաղ էր առաջացնում, ճիշտ չէր լինի: Մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրերը ահ ու սարսափի մեջ էին այդ մռայլ ու քաղաքի փողոցներին այդքան անհարազատ մարդասպան մեքենաների տեսքից:

Դեկտեմբերի 5-ը և 6-ը խաղաղ անցան:

Դեկտեմբերի 7-ի առավոտյան քաղաքի պարետ՝ փոխգնդապետ Լոպուխովսկին, անցաթղթեր էր տվել հիվանդանոցի բաժանմունքների վարիչներին:

Ժամը 11:30 էր: Թերապևտիկ բաժանմունքի բժշկների սենյակում հավաքված՝ խոսում էինք այդ անցաթղթերը պահպանելու մասին՝ հետագայում թոռներին ցույց տալու նպատակով: Հենց նոր ավարտվել էր այդպես կոչված «Մեծ թռուցքաժողովը»՝ օրը չորեքշաբթի էր: Ուզում էին վերցնել հեռախոսի խոսափողը: Հանկարծ պահարանիկը, որի վրա դրված էր հեռախոսը, ետ ու առաջ գնաց, հատակը ճոճվեց ոտքերի տակ, առաստաղից սկսվեց թափվել ծեփը, և դղրդյուն լսվեց:

Երկրաշարժ էր…

Դեկտեմբերի 11-ին իմացանք «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ձերբակալության և Երևանում ցույցը մահակներով ցրելու մասին: Ռեակցիան միանշանակ չէր. մեր բժշկներից մեկն արտասվեց՝ ասելով. «Խեղճ ժողովուրդ, հիմա քեզ արդեն մահակներով են ծեծում», իսկ մյուսն ասաց. «Բա հիմա Ղարաբաղ ուզելու ժամանակն ա՞»: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ձերբակալությունից մնաց մեկ անեկդոտ.

«Հարցաքննության ժամանակ հարցնում են.

- Ովքե՞ր են ձեզ ոգեշնչել:

Տղաները պատասխանում են.

- Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը և Անդրանիկ Օզանյանը:

- Տվե՛ք նրանց հասցեները:

- Մեսրոպ Մաշտոցն ամբողջ օրն անցկացնում է Մատենադարանի մոտ, Վարդան Մամիկոնյանը ապրում է Կինոյի տան մոտ, իսկ Անդրանիկ Օզանյանը՝ Ուջան գյուղում:

Շուտով հանձնարարական է գալիս ՀԽՍՀ դատախազություն՝ գտնել և պատժել «ոգեշնչողներին»...

Դեկտեմբերի 14-ից կանանց և երեխաներին տանում էին առողջարաններ: Քաղաքի կենտրոնում կանգնած էին ավտոբուսներ, մեջը՝ լիքը կին և երեխա: Ճնշող տեսարան էր: Շատերն իրենք էին մեկնում այլ քաղաքներում և գյուղերում բնակվող իրենց հարազատների մոտ: Ավտոբուսները գնում էին Կիրովական, այնտեղից մարդիկ՝ գնացքով, հասցվում էին մինչև Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի առողջարանները:

Բավական թվով երեխաներ մնացել էին քաղաքում: Դեկտեմբերին նրանք դպրոց չեն գնացել: Դասերը վերսկսվեցին հունվարի 11-ին՝ վրաններում և տնակներում: Երաժշտական դպրոցում պարապմունքները վերսկսվեցին ապրիլի 1-ին:

Շրջանային «Փարոս» թերթի առաջին համարը լույս տեսավ դեկտեմբերի 14-ին՝ Կիրովականում:

Մոտավորապես դեկտեմբերի 15-ին Ստեվանավան է այցելել ԽՍՀՄ վարչապետ Ռիժկովը՝ Սուրեն Հարությունյանի հետ:

Ավելի շուտ՝ դեկտեմբերի 9-ին, ուղղաթիռով եկել էին Զորի Բալայանը և Սոս Սարգսյանը: Զորի Բալայանը հանգիստ էր, հավասարակշռված, ընդհանուր առմամբ խելացի մարդու  տպավորություն թողեց: Նա ապացուցեց թուրքական օգնությունը մերժելու անհրաժեշտությունը:

Նույն օրերին շատ թղթակիցներ էին գալիս: Հատկապես հիշվեց «Մոսկովսկիե նովոստի» թերթի թղթակիցը, ով մի արտակարգ համբերությամբ լսում էր բորբոքված մարդկանց մենախոսությունները:

...Սկսվում էր նոր՝ 1989 թվականը: Առաջին անգամ հայերը, գոնե Լոռվա աշխարհում և Շիրակում, ցնցությամբ չէին դիմավորում Նոր տարին: Կաթողիկոսի խորհրդի համաձայն՝ ամեն մի մարդ այդ գիշերը վառեց մի մոմ և խմեց մի բաժակ գինի:

Երկրաշարժը մեկ անգամ ևս հիշեցրեց. ամեն վայրկյան հնարավոր է մեր կեցության ամենաանսպասելի փոխակերպությունը: Հենց այդ եմ ես համարում տվյալ սարսափելի արհավիրքի հիմնական դասը:

 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ