«Վատ բաներ են կատարվում հանրապետությունում...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Երեկ «Ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ վերտառությամբ հրապարակեցինք ընդարձակ մի հատված 1992-ի օգոստոսյան խառնակ օրերին Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթից՝ ընդգծելու համար, որ այսօր էլ գրեթե նույն իրավիճակում ենք՝ նույն 5-րդ շարասյունով, նույն կուսակցականներով ու կուսակցություններով, նույն շահերով և այլն...
Այսօր հրապարակում ենք այդ ելույթի շարունակությունը: Այս ելույթին հաջորդեց Վազգեն Սարգսյանի հայտնի «Մահապարտների կոչը», որը փոխեց իրավիճակը երկրում:
Շնորհակալ ենք Վազգեն Սարգսյանի զարմուհուն՝ Ծովինար Սարգսյանին, որի ջանասիրությամբ հնարավոր եղավ ունենալ այս ելույթի տեքստը:
«…Կուսակցականությունը խլացնում է ամեն ինչ, կուսակցականությունը սպանում է ամեն ինչ: Ամեն կերպ մենք փորձում ենք կռվող ուժերին հեռու պահել կուսակցականությունից:
Ավաղ, հիմա արդեն չի ստացվում. տղաները խրամատներում թերթեր են կարդում, որտեղ ամեն ինչ, ամեն միտք, չպատճառաբանված ամեն մի վարկած տպագրվում է: Եվ ոչ ոք պատասխան չի տալիս իր առաջադրած վարկածների համար, ոչ ոք պատասխան չի տալիս իր խոսքի համար: Ոչ ոք: Կարելի է ցեխոտել, մրոտել ցանկացած մարդու, հետո ամիսներով չարչարվես, որ էդ ցեխը վրիցդ պոկես: Անհեթեթ բաներ են կատարվում: Վատ բաներ են կատարվում հանրապետությունում: Եթե մենք վերջ չտանք էս ամեն ինչին, եթե պաշտպանության խնդիրներն անվերջ դառնան քաղաքական շահարկման առարկա, մենք կգլորվենք դեպի անդունդ:
Մայիսի 28-ին, ռազմական հաջողություններից հետո, պաշտպանության նախարարությունը փորձեց նաև իր ժողովրդին ցույց տալ այն, ինչ ինքը, բացի ռազմական հաջողություններից, ունեցել է նաև կազմակերպչական աշխանտանքում: Իսկ մենք ստեղծել էինք չորս հրաշալի գունդ՝ մեր բանակի առաջին գնդերը: Ամուր, գեղեցիկ, մարտական պատրաստականությունն անցնող: Եբ երբ հրապարակում այդ գնդերն իրենց երդման արարողությունն արեցին, մեր ամբողջ ժողովուրդը շատ հուզված էր, և նույն քաղաքական գործիչները չափազանց հուզված էին և զարմացած էին, որ մենք կարճ ժամանակահատվածում կարողացանք և բանակի հիմքը ստեղծել, և կարողացանք ռազմական գեղեցիկ հաջողություններ ունենալ:
Հետո կուսակցականները մտան նաև բանակ: Կուսակցական պրոպագանդա է գնում նաև բանակի շարքերում, և այսօր դասալիքների թիվը, անգամ մեր հայկական գնդերում ավելացել է: Երբ այն ժամանակ պրոպագանդա էր գնում, այսպես կոչված, իմպերիական բանակից փախչելու մասին, դա դեռ մի կերպ, մի կերպ հասկանալի էր, չնայած դրա ողբերգական հետևանքներն այսօր քաղում ենք՝ մասնագետներ չունենալով: Հիմա պրոպագանդա է գնում նաև մեր հայկական զորագնդերում:
Հիմա պրոպագանդում են, թե ձեր երեխաներին հավաքել են, որպեսզի տանեն ճակատում կոտորեն: Եվ ծնողները գալիս երեխաներին տանում են, և երեխաները փախչում են: Եվ դարձյալ օրենք չկա՝ դրա դեմ պայքարելու համար: Եվ ոչ մի օրենք չի կարող դրա դեմն առնել, եթե հանրապետությունում չկա նման մթնոլորտ, չկա նման ոգի: Իսկ էդ ոգին ամեն տեղ, ամեն տակ կոտորում են:
Հիմա եկեք բոլորս բոլորիս հարց տանք՝ ի՞նչ ենք տվել մենք պաշտպանությանը, որ ինչ ենք պահանջում նրանից: Քանի՞ ռուբլի կա Հայաստանի պաշտպանության նախարարության ֆոնդում: Ադրբեջանում, ասեմ, 9 միլիարդ ռուբլի կա: Մեկ ամսվա ընթացքում 9 միլիարդ ռուբլի հավաքվեց: 4 միլիոնից չի բարձրացել մեր պաշտպանության ֆոնդում եղած գումարի չափը:
Ո՞ւր են մեր երեխաները հայկական բանակում: Ինչո՞ւ ենք երեխաներին փախցնում բանակից: Ինչո՞ւ ենք արդեն գումարներ տալիս, որպեսզի երեխաներին տանեն, ասենք, ոչ թե Տաուշի շրջան, այլ Կիրովական: Որտե՞ղ են այն զորակոչվածները, որոնք երեք ամսով զորակոչվեցին, որպես մասնագետներ՝ տանկիստներ, հրետանավորներ, այլ մասնագետներ, և որոնք պիտի կռվեին սահմանամերձ շրջաններում, Արցախում: Որտե՞ղ են նրանք: 60 տոկոսը փախած են՝ արդեն հասուն մարդիկ, արդեն գիտակից մարդիկ, որոնք բռունցքներ էին բարձրացնում Հայաստանի պաշտպանության համար, որոնք միտինգների են մասնակցում՝ թե պաշտպանությունը վատ է կազմակերպվում, իսկ իրենց 60 տոկոսը...
Մենք մի ամիս շարունակ մարզեցինք, ծախսեր արեցինք իրենց վրա, իսկ իրենց 60 տոկոսն այժմ չկա՝ փախած են դիրքերից: Եվ էդ փախուստը խրախուսվում է մի շարք քաղաքական ուժերի, գործիչների կողմից: Ի՞նչ ենք մենք տվել պաշտպանությանը, ի՞նչ ենք պահանջում նրանից: Պաշտպանության նախարարի հեռախոսները բաժանված են բոլոր զոհված հրաշալի տղաների ընտանիքներին, մայրերին, քույրերին, ծնողներին, և յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր ժամի, եթե ես միայն էդ հրաշալի տղաների ծնողների, հարազատների հեռախոսազանգերին պատասխանեմ, ուղղակի աշխատելու ժամանակ չենք ունենա:
Եվ ամեն տեղ դարձյալ քաղաքական աշխատանք է տարվում, թե մեղավոր է պաշտպանության նախարարությունը, մեղավոր է պաշտպանության նախարարը, որ ձեր երեխաները զոհվել են: Սա է կռիվը: Կռվի մեջ նաև զոհեր են լինում: Էդ զոհված տղաներին եթե դուք ճանաչում եք ընդամենը լուսանկարներով, նրանք բոլորն իմ ընկերներն են, ես բոլորին ձեռքով բարևում՝ կռիվ էի ուղարկում: Եվ պաշտպանության նախարարության հեռախոսները տալը դարձյալ անբարոյականություն է:
Փառք ու պատիվ բոլոր զոհերին, բայց, ախր, առանց զոհերի չի լինում: Մարտակերտի շրջանում, միայն վերջին մի ամսվա ընթացքում, ես չեմ չափազանցնում, թշնամին հազարից ավելի զոհ է տվել: Այնտեղ եղածները տեսել են, ինքս իմ աչքով եմ տեսել, հազարավոր դիակներ էին փռված: Եվ ես զանգահարեցի Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ պահանջելով փոխել 80 մեր դիակները 800 դիակի հետ, նա ասաց, թե իրենք դիակ չունեն, և որ իրենք դիակները կստանան Ստեփանակերտում:
Կրասնոսելսկի շրջանում, նույն հայտնի մարտերի ժամանակ, թշնամին 300-ի չափ զոհ է տվել: Առաջին օրը տվեց շուրջ 100 զոհ, երկրորդ օրը նույն պատրաստականությամբ, մեկ ժամվա տարբերությամբ, երկու անգամ ևս հարյուրավոր մարդիկ եկան: Նորից զոհվեցին, նորից եկան: Մեր տված զոհերի համար փառք ու պատիվ մեր ծնողներին, փառք ու պատիվ մեր ժողովրդին, տղամարդու պես տարան այս բոլոր դժվարությունները մինչև վերջին ժամանակահատվածը, երբ դարձյալ նույն քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները սկսեցին շահարկել թեմաները:
Ավաղ, ոչ ոք չի ուզում զոհեր տալ. Մի զինվորի կյանքը չափազանց մեծ բան է: Սակայն պատերազմն առանց զոհերի չի լինում: Էդ պատերազմում զոհված տղաների հիշատակը՝ դարձյալ շահարկել՝ ամենամեծ անբարոյականությունն է: Եվ մեր հրամանատարներից շատերն արդեն վախենում են տղաներին կռիվ ուղարկել:
Սրա մասի՞ն ինչ կասեք:
Ինչպիսի՞ն է իրական վիճակն այսօր:
Ես ասել եմ ու նորից պիտի ասեմ՝ սարսափելի ոչինչ չկա, իրականում ոչ մի արտառոց բան չի պատահել: Իրականում ուղղակի մենք փչացրել ենք մեր ժողովրդի հոգեբանությունը: Մեր հերոս ժողովրդին, որը վերջին երեք-չորս տարիների հերոսական պայքարում մե՜ծ հերոսություններ ցույց տվեց, մենք շինում ենք վախկոտներ, մենք շինում ենք սարսափահար անհատներ: Ժողովրդի ոգին է պետք բարձրացնել: Ես ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ՝ Հայաստանի ամբողջ սահմանամերձ շրջանները պաշտպանված են պատշաճ, մենք կարող ենք նաև արժանի հակահարված տալ: Եվ միշտ էլ տվել ենք հակահարված: Ոչ մի սարսափելի բան չի պատահել, ուղղակի հնարավոր է սեփական ուժերի նկատմամբ ունենալ նույն վստահությունը:
Թշնամին նույն թշնամին է, որ երկու ամիս առաջ սարսափահար փախչում էր: Ուղղակի թշնամի պետությունում այսօր կատարվել են ռադիկալ փոփոխություններ, կան օրենքներ պաշտպանության մասին, կան օրենքներ փախստականների մասին, և թշնամի պետությունում թշնամու ղեկավարությունն ունի լիազորություններ:
Ես տասնյակ անգամներ պահանջել եմ, որպեսզի Հանրապետության Նախագահը թերթերում արգելի նման հրապարակումները, որ թերթերում ռազմական գրաքննություն մտցվի: Նախագահն ասել է, որ ինքը դա չի կարող անել, որ դա կդիտվի որպես դեմոկրատիայի սահմանափակում, և ընդդիմադիր կուսակցությունները դրան կնայեն չգիտեմ ինչպես, և Հայաստանի իմիջը, որպես քաղաքակիրթ պետություն, աշխարհում կընկնի: Դա այդպես է, ճիշտ է: Բայց Հանրապետության Նախագահին էդ հնարավորությունն էլ չի տրված: Հանրապետության Նախագահին բազմաթիվ հնարավորություններ չեն տրված:
Տվեք իրավունքներ: Ում ուզում եք, տվեք իրավունքեր, բայց թող պաշտպանությունը պաշտպանություն մնա՝ ուժեղ պետության մեջ: Առանց ուժեղ պետության պաշտպանություն չի լինում…
…Այլապես էս անողնաշար, անոգի մթնոլորտում ոչինչ հնարավոր չի անել:
…Նորից եմ ասում, ոչինչ այնքան վատ չէ, որքան մենք մեր ժողովրդին տրամադրում ենք: Իրականում արտառոց ոչինչ չի պատահել: Ամեն օր մամուլով, հեռուստատեսությամբ հատկապես, տարածում են, թե… այսօր նմանապես եղավ նման հաղորդագրություն. այստեղ գալուց առաջ ինձ Ղարաբաղից զանգահարեցին, թե հայկական հեռուստատեսությամբ հաղորդել են, որ Ղարաբաղում խոշոր ուժերով թշնամին ճեղքել է և մտել է ինչ-որ շրջան: Անհեթեթ բան է: Էդպիսի բան եթե չի եղել, դուք ուզո՞ւմ եք, որ նման բան լինի՝ անընդհատ էդ մասին հաղորդում եք: Մի անգամ Լաչինի այդ միջանցքում փոխադարձ հզոր կրակոցներ եղան, և այդ հզոր կրակոցների արդյունքն այն եղավ, որ հաջորդ օրն իր թերթերում կուսակցական մամուլը դարձյալ գրեց, թե Լաչինի ճանապարհը փակ է:
Իրականում ոչինչ չի եղել, ընդամենը կրակոցներ էին, փոխադարձ հրաձգություն էր՝ փոխհրաձագություն, և կուսակցական մամուլը գրեց. «Լաչինի ճանապարհը փակ է»: Ես չեմ հասկանում, ուզո՞ւմ եք, որ այդպես լինի: Դա է՞լ «էստի համեցեք»: Հաջորդը ո՞րն է, է՞լ որտեղ եք կանչելու: Եվ էսօր դարձյալ նույնը, ամեն օր՝ նույնը: Եվ դա պատահական բան չէ: Վերջին անգամ Ղարաբաղում էինք, Ղարաբաղի ժողովուրդը զարմացած էր, ապշած էր: Ասում էին՝ հայկական ռադիոն հաղորդել է, որ Մարտունու դիմաց կանգնած է 10 հազարանոց ադրբեջանական բանակը՝ հարյուր տանկով: Հայկական ռադիոն հաղորդել է Ղարաբաղում իմ լինելուց ընդամենը մեկ ժամ առաջ: Էս ի՞նչ ենք անում: Ո՞ւմ ենք սարսափեցնում՝ ինքներս մե՞զ, մեր ժողովրդի՞ն: Ինչի՞ համար: Երբ որ այդպիսի բան իրականում չկա, սուտ է, կեղծիք: Եվ եթե կա, դրա դեմ պայքարել է պետք, ոչ թե՝ ժողովրդին սարսափեցնել, ժողովրդին ոտքի հանել է պետք այդ ամեն ինչի դեմ, ոչ թե ժողովրդին խուճապի մատնել և քշել սահմանամերձ գյուղերից, սահմանամերձ տարածքներից:
Այս հանգամանքներում շատ բնական կլիներ իմ հրաժարականը: Շատ բնական: Հատկապես, երբ դա ինձանից պահանջնում: Ավելի սարսափելի վիճակ, քան հիմա պաշտապնության նախարարությանն է, քան պաշտպանության նախարարինն է, ես թշնամուս անգամ չեմ ցանկանում: Եվ կռվում էի ոչ միայն թշնամու դեմ, այլ կռվում էի նաև ներքին ճակատում, և ներքին ճակատում էդ կռիվն ավելի դժվարին է, քան թե թշնամու դեմ: Եվ ներքին ճակատում առճակատումներն էսպես, անընդհատ ոտքերի տակ փորելն ավելի շատ է, քան թշնամու դեմ ճակատում: Եվ մեր ընդհանրապես 90 տոկոսն ավելի շատ վատնում ես ներքին ճակատում, քան թե արտաքին ճակատում՝ ամեն անգամ զրպարտությունը, ամեն անգամ կեղծիքը, ամեն անգամ էդ խոչընդոտները հաղթահարելու համար…:
...Ինքս հրավիրել եմ հրաշալի մասնագետների, գեներալների, ներկայացրել եմ Հանրապետության Նախագահին, պաշտոնատար մյուս անձանց, և մենք այդ հրաշալի գեներալներին առաջարկել ենք ընդունել պաշտպանության նախարարի պոստը և ռազմական գիտելիքների ողջ կարողությունը ներդնել Հայաստանում բանակի ստեղծման, պատերազմը վարելու ուղղությամբ: Եվ երրորդ գեներալն է արդեն, որը, լինելով սահմանամերձ ողջ շրջաններում, լինելով Ղարաբաղում, ասում է, որ ինքը պաշտպանության նախարար կարող է դառնալ առնվազն մեկ-երկու տարի հետո:
Կռվի այսօրվա ձևերը, կռվող այսօրվա ուժերը պահանջում են առայժմ այլ կարգի նախարար: Ես նորից եմ ասում, ամենամեծ հանգստությունը կլիներ զուտ ֆիզիկական առումով, եթե հենց այսօր հեռանայի և նույն իմ արվեստագետ ընկերների ոճով երգիծական պամֆլետներ գրեի կամ երգեր հորինեի այսօրվա իշխողների մասին: Դա շատ հեշտ է ու շատ թեթև: (…, …) վատ չէի գրի…:
Երեկ 24 ուղղաթիռ բարձրացավ օդ՝ մեր սեփական էսկադրիլիայից: Գնդերում զորակոչը գնում է՝ ուզեք, թե չուզեք: Եվ որպեսզի բանակը բանակ դառնա, ժամանակ է պետք: Եվ պետք է էդ մանուկին սիրել, որպեսզի էդ մանուկը մեծանա-մարդ դառնա: Եթե էդ մանուկին օրորոցի միջից սկսում են հարվածել, էդ մանուկից մարդ դուրս չի գա: Իսկ էդ մանուկը ձեր մանուկն է, բոլորիս մանուկն է. նա պաշտպանության նախարարինը, հանրապետության նախագահինը չէ, բոլորինդ է: Եթե մարդ դառավ՝ մերն է լինելու, եթե մարդ չդառավ, մենք ուղղակի քանդվելու ենք պետության հիմքերից: Խոսքս բարոյախոսության նման է, բայց (…) մասին, որ կարծում էի չպիտի ասեմ, բայց պարզվում է, որ նաև պիտի ասվի:
Խոսքս ավարտեմ:
Այն, ինչ այսօր կատարվում է հանրապետությունում, մղումները ես չեմ համարում բարոյական: Կառավարման սիստեմում, իհարկե, կան բազմաթիվ սխալներ: Պաշտպանության սիստեմում, իհարկե, կան բազմաթիվ սխալներ: Ամեն ինչ չէ, որ հարթ է գնում. անհրաժեշտ է շտկել, անհրաժեշտ է քննադատություն, բայց անհրաժեշտ է առողջ քննադատություն, ոչ թե՝ ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն պաշտպանության, ոչ թե ընդդեմ Հայաստանի պաշտպանության: Ավաղ, այս մղումներն առողջ չեն, և էս մղումնների տակ վատ բան կա թաքնված: Էդ ազգային շահերն անգամ ոտնատակ կտան՝ ինչ է, թե հասնեն իշխանության: Իշխանության պարագայում կռիվ , բնազդային կռիվ է իշխանության համար…
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ