«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Որքա՜ն մեծ է լեզվի դերը մարդու կյանքում...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Այսօր thearmenians.am՝ «Հայեր» մեդիահարթակում , շարունակում ենք հրապարակել ևս մի շատ հետաքրքիր, անչափ հետաքրքիր նյութ հայոց լեզվի մասին, այն բացառիկ արխիվային գտածոից, որ պեղվել է տաղանդավոր արձակագիր, դրամատուրգ վաղամեռիկ Զորայր Խալափյանի գրական արխիվի անտիպ նյութերից:

Կրկին հիշեցնենք, որ, այն հայոց լեզվի մասին գրողի շատ կենդանի, մատչելի, հետաքրքիր, բազում օրինակներով համադրված, համարձակ եզրահանգումներով ու եզրակացություններով ազատ մտքի շարադրանք հանդիսացող դասախոսության աշխատանքային սեղմագիրն է, որը «կարդացվել» է Երևանի Մենեջմենթի համալսարանի ուսանողների համար, 1998-1999 թվականներին:

Այսօր հրապարակում ենք երրորդ մասը:

Առաջին մասը հրապարակվել է «Խոսել՝ նշանակում է մտածել...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ , իսկ երկրորդ մասը՝ «Լեզուն էլ ունի իր վարպետները...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

վերտառություններով:

 

«...Մեր գրական լեզուն սնվում է ոչ միայն օտար լեզուներից փոխառությունների միջոցով, այլ նաև՝ բարբառներից: Բարբառները մեծ շտեմարան են այդ իմաստով:

Մեր դասական գրականության մեջ հաճախ են գործածվել բարբառային բառերը, մի մասը մնացել ու գործածական են առայսօր, մյուսները դադարել են գրական լեզվի գործուն տարր լինելուց: Վերցնենք ջան բառը, որն ի վերջո բարբառային բառ է՝ փոխառված օտար լեզվից: Բայց ջան բառը շարունակվում է ապրել մեր թե՛ գրավոր և թե՛ բանավոր լեզվում: Մենք կարող ենք դրա հայերեն հոմանիշը դնել տեղում, բայց դա ոչ միշտ կլինի ի հարկի: Ջան, նշանակում է սիրելի, հոգյակ, հարազատ, անուշիկ և այլն: Կարող ենք ասել՝ Սիրելի Հասմիկ, բայց ասում ենք՝ Հասմիկ ջան: Կարող ենք ասել՝ Կարո, հարազատս կամ անուշիկ տղաս և այլն, բայց ասում ենք՝ Կարո ջան: (3.4.1998թ.)

Բարբառները գրական լեզվում գործածվում են մասամբ տվյալ երկրամասի բնակիչների կերպարը ստեղծելիս: Սակայն բարբառները չարաշահել՝ կնշանակի գրական երկն անհասկանալի դարձնել ընթերցողների որոշ շրջանակի համար, օրինակ, Թումանյանի որոշ պատմվածքներում ու հեքիաթներում գործածված բարբառային բառեր այդ երկերը դժվարահաս են դարձնում հատկապես դպրոցական հասակի աշակերտներին: Կարելի՞ է լրիվ հրաժարվել բարբառային բառերից: Պարզվում է, որ կարելի է: Չնայած Բակունցը գրում էր իր որոշ պատմվածքները գորիսեցիների մասին, բայց շատ հաճախ բարբառային բառեր ու դարձվածքներ չէր գործածում: Դա հատկապես ակնհայտ է այն պատմվածքների համար, ուր գրեթե բացակայում են երկխոսությունները:

Ասում են՝ բարբառները ենթակա են վերացման՝ շնորհիվ դպրոցներում գրական լեզվի ուսուցման և մարդկային գնալով ավելի խորացող փոխհարաբերության (խոսքը տարբեր գավառների մասին է): Բայց բարբառները իսպառ վերանալ չեն կարող, բարբառներն ավելի երկարակյաց են, քան թվում է:

Բարբառները հարստացնում են գրական լեզուն, ավելացնում տվյալ բառի հոմանիշների քանակը: Բարբառներն են այն շտեմարանը, որի շնորհիվ հարստանում է մեր գրական լեզուն:

Այս առումով մի քանի խոսք էս ու էն, էսպես ու էնպես բառերի գործածության մասին։

Բանավոր խոսքում դրանք փոխարինում են այս ու այն, այսպես ու այնպես բառերին:

Գրավորին անցնելիս մենք չենք գրում էս ու էն, էսպես - էնպես, այլ՝ այս ու այն, այսպես ու այնպես: Սակայն գեղարվեստական երկերում կամ հուզական երանգ  պահանջող խոսքում գործածելի են նաև առաջինները, որոնք ավելի հասարակ են, կենցաղային խոսակցականին ավելի հարազատ, մինչդեռ դրանց գրական հոմանիշները ընդունված է համարել կիրթ, բարեհունչ, այլ կերպ ասած՝ գրական: Դրանցից ամեն մեկն ունի գործածության իր ձևը, տեղը՝ կախված գործածողի ճաշակից, լեզվամտածողությունից, ում հետ խոսելու պարագայից և այլն:

Սրանից մի քանի տարի առաջ պարսիկ լեզվաբանները ցանկացան իրենց բառապաշարում արմատացած շատ արաբերեն բառեր փոխարինել պարսկերենին հարազատ բառերով, և դիմեցին հայերենին, քանի որ դարերով չգործածելով՝ պարսկերեն շատ բառեր մոռացության էին տրվել, բայց պահպանվել էին հայերենի լեզվական ֆոնդում: Խոսքը բառարմատների մասին է: Այս գործում շատ օգտակար եղավ Աճառյանի «Արմատական բառարանը»: (Պատմել ինչպես է եղել, որ իսլամի և Ղուրանի միջոցով պարսկերենում մուտք են գործել այդքան շատ արաբական բառեր: Խոսել ուգրոֆենիա լեզվախմբերի մասին… (այստեղ ձեռագրի որոշ հատվածներ անընթեռնելի են):

Մեջբերված բառերի գործածությունը այժմ ևս շատ հրատապ լեզվային հարց է, քանի որ դրանք զուգահեռաբար շարունակում են գործածվել արդի թե բանավոր և թե գրավոր լեզվում: Ուստի դարձյալ խոսենք դրանց մասին:

Նկատած կլինենք, որ անձնական զրույցներում ավելի հաճախ է գործածվում  էսպես-էնպեսը, էստեղ-էնտեղը: Սակայն ելույթ ունենալիս կամ գրելիս, կամ էլ պաշտոնական  խոսակցություններում ավելի հարկի են այսպես-այնպեսը և այստեղ-այնտեղը: Պաշտոնական գրություններում նույն բառերի գրական ձևերը պարզապես պարտադիր են:

Նման բառերը կամ բարբառային բառերն առհասարակ մարդու լեզվի մեջ հայտնվում են հատկապես հուզական պահերին, ինչպես օտար լեզվով խոսելիս է երբեմն լինում՝ հուզական պահերին մարդն ակամա անցնում է մայրենի լեզվին: Այստեղ շատ կարևոր է ենթագիտակցության գործոնը, ուր շաղախվում ու ձևավորվում է մեր գիտակցությունը՝ մտածողության վերածվելով: Սակայն սա բարդ երևույթ է և դուրս է մեր առարկայից:

Հուզական պահերին խոսակցության ժամանակ ոչ գրական կամ բարբառային բառերի հայտնությունը լեզվի ծայրին արդյունք է այն բանի, որ մարդ ժամանակ չի ունենում դրանք հղկելու, այդ պահին թուլացած է նրա ինքնատիրապետումը և այլն: Այդպիսի պահերին լեզվի ծայրին են հայտնվում հաճախ նաև անհարկի բառեր, անգամ հայհոյանքի բնույթի: Դա արդյունքն է նրա, որ մարդ չի հասցնում իր ներքին խոսքը, նախքան արտաբերելը, այսպես ասած, խմբագրել, մաքրել: Նման դեպքերում երբեմն ասելուց հետո խոսողը ստիպվսծ է լինում ներողություն խնդրել, շփոթվում է, ամոթի զգացում է ունենում և այլն:

Այս ամենի պատճառն այն է, որ մեր բանավոր խոսքը շատ ամուր շաղկապված է մեր հուզական աշխարհի հետ, ոչ այնքան սառը դատողության, որքան՝ հոգեբանության հետ:

Հովհաննես Թումանյանը, որի երկերում թերևս ավելի հաճախ է գործածվում էս-էնը, էսպես-էնպեսը, էստեղ-էնտեղը, բացատրում է, թե ինչու է նախապատվությունը տալիս ժարգոնային այդ բառերին, ասելով, թե դա հոգեբանական մի նուրբ պատճառ ունի: Դա այն է, ասում է նա, որ ժողովրդականը շատ ավելի հարազատ լեզու է ինձ համար, անկեղծ է ու սրտին մոտ: Նա այլ պատճառներ ևս բերում է, բայց կարևորում է հոգեբանական կողմը:

Որքան էլ նշված բառերի ջատագով, այնուամենայնիվ, Թումանյանը չի մերժում այդ բառերի զուտ գրական ձևերը, որ մենք անվանում ենք մաքուր գրական լեզու: Նա գործածել է նաև այդ ձևերը, նայած գրական նյութի բնույթի, նայած ինչ լսարանի հետ է գործ ունեցել կամ ում է ուղղված եղել իր խոսքը: Օրինակ, մեկ մեջբերում. «Այդպես է եղել հնում այդ գավառը և այդպես է այսօր»: Մեկ այլ հանգամանքով նա կգործածեր՝ էսօր, բայց մեջբերման մեջ մենք տեսնում ենք այդ բառի գրական ձևը: Ի դեպ, սույն մեջբերումն արված է ոչ թե գրական երկից, այլ հրապարակախոսական մի ելույթից կամ հոդվածից: Սա ևս հաստատում է, թե որքան կարևոր է, թե խոսողը կամ գրողն ինչ լսարան կամ ընթերցող նկատի ունի:

Թումանյանը կարևոր է համարել պահպանել երկու ձևն էլ, քանի որ ամեն մեկն ունի իր գործածության տեղը, և ամեն մի ձև պիտանի է ու գեղեցիկ՝ ճիշտ ու տեղին գործածության ժամանակ: Թումանյանը լեզվի մեծագույն վարպետ է, ուստի մենք պետք է լսենք ու հետևենք նրա խորհուրդներին, բայց, այնուամենայնիվ, լեզուն ունի զարգացման իր անկախ օրենքը՝ անգամ մեծ վարպետներից անկախ:

Կարելի՞ է այսօր գրել Թումանյանի  լեզվով: Բայց հարցը պարզենք՝ ո՞ր  լեզվով: Չէ՞ որ, ինչպես ասվեց, նա տարբեր հանգամանքներում գործածում  է բառի մեկ գրական, մեկ բարբառային ձևը, մեկ էլ դրանց փոխարինող հոմանիշները՝ այս կերպ հարստացնելով  իր գրական լեզուն: Իհարկե, այսօր չի կարելի գործածել շատ բարբառային բառեր, որոնք գործածել է Թումանյանը: Դրանք ժամանակաշրջանի արգասիքն են և տեղին էին այն և ոչ տեղին՝մեր օրերում: Անցյալ դարի վերջերին «Շունն ու կատուն» գրվել է այս լեզվով. «ժամանակին կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ: Բայց գիտեմ ոչ որդիանց որդի, ճանկել էր մի գառան մորթի» և այլն: Այսօր «գիտեմ ոչ»-ը գործածական է միայն Լոռիում, գործածական չդառավ և չէր կարող դառնալ գրական լեզվում, քանի որ կա՝ «չգիտեմ» գրական ձևը:

Այս բանաստեղծությունը գրվել է, երբ հեղինակը տասնյոթ տարեկան էր: Զարմացնում է հեղինակի ժողովրդական լեզվի զգացողությունը:

Չի կարելի գրել նաև նրա որոշ հեքիաթների լեզվով, օրինակ. «Մի կերի տարի ես ու մեր Ավագը Սասրեքում խոզ էինք պահում: Հիմի աշունքվա գիշեր բերել ենք խոզն իր նիստը ու դափի դռանը մի կրակ արել, որ Աստծո ոտքերն է այրում»: Կերի տարի՝ նշանակում է՝ առատ է անտառի հաճարն ու կաղինը, որ խոզի սիրելի ուտելիքն է: Այսօր սա դժվար հասկանալի դարձվածք է: Նիստ անել՝ նշանակում է խոզերին բերել գիշերելու վայրը: Դափը հյուղակն է, և այլն: Այս բառերն ու արտահայտությունները ոչ թե հնացել, այսօր էլ գործածական են մասամբ հեղինակի հայրենիքում, բայց գրական լեզվի մշակույթի իմաստով անգործածելի են, հնաբույր են, դարաշրջանի խիստ որոշակի կնիքն են կրում:

Անշուշտ, սա անցյալ դարն է, այսօր մենք այլ լեզվով ենք խոսում ու գրում, բայց Թումանյանը սրանով չի վերջանում, Թումանյանն ունի այնքան մշակուն, ճոխ լեզու իր այլ երկերում, որ գրական լեզվի մաքրության տիպար կարելի է համարել: Օրինակ

                        Հայոց վիշտն անհուն մի ծով,

                        Խավար մի ծով ահագին,

                        Էն սև ծովում տառապելով,

                        Լող է տալիս իմ հոգին:

Ազնիվ, ընտիր, հղկուն ու անգերազանց արտահայտիչ թումանյանական լեզվի վրա էր, որ ծնվեց Տերյանի մաքրամաքուր պոեզիայի լեզուն: Մի լեզու, որ գրեթե անխառն է գրական անաղարտության իմաստով:

Եվ դարձյալ Թումանյանի լեզվի մասին: Բերենք մի օրինակ. «Հե՜յ պարոններ, ականջ արեք ...» և այլն: Այստեղ չկան կամ գրեթե չկան բարբառային բառեր, բայց ոգին ժողովրդական է, խոսում է աշուղը, այնքան տիպականացված մի լեզու է սա, որ մեկ այլ օրինակ է տալիս ժողովրդական լեզվի բնույթի մասին, այսինք թե՝ ժողովրդականը բարբառային դարձվածքների ու բառերի մեջ չէ, ոչ էլ ժարգոնի, այլ խոսքի ոգու կամ ներքին խոսքի հոգեբանության մեջ:

Աշուղը նույնպես գեղջուկ մի մարդ է, բայց կիրթ ու գրագետ գեղջուկ է, բանաստեղծ, հորինող, նույնպես խոսքի վարպետ: Ուստի աշուղի լեզուն, ժողովրդական լինելով հանդերձ, տարբերվում է Թումանյանի ժողովրդական այլ հերոսների լեզվից, հերոսներ, որոնց բերանով հաճախակի ներկայացվում է բուն պատմությունը: Այսպես Թումանյանն իր ընթերցողի հետ խոսում է իր հերոսի միջից:

Իսկ հոդվածներում, հրապարակային նյութերում խոսողը հենց Թումանյանն ինքն է, այստեղ նրա լեզուն զուտ գրական է, ու եթե այս նյութերում հանդիպում ենք ժողովրդական բնույթի արտահայտությունների, սա էլ վկայում է, որ հեղինակն այնուամենայնիվ Թումանյանն է, ժողովրդական լեզվագիտակցության մեծ գիտակը ու ճշտիվ գործածողը: Այդ կարգի արտահայտությունները անհրաժեշտ համեմունքի նման միայն ավելի արտահայտիչ են դարձնում նրա լեզուն, նոր երանգ հաղորդում՝ ջարդելով գրական սառնության ապակին:

                                                «Տեսեք խոսքս ուր է գնում՝

Քաջ որսկանի գյուլլի պես»:

Գյուլլան  օտար բառ է, իր ժամանակին շատ գործածական, այժմ մոռացված: Հեղինակը կարող է ասել՝ քաջ որսկանի գնդակի պես: Բայց գնդակը պակաս գործածական էր, իսկ ժողովուրդը հավանաբար չէր էլ գործածում։ Գնդակ բառը տվյալ բնագրում կլիներ ավելի օտար, քան օտար գյուլլա բառը։

Նորաբանություն կոչվում են նորագյուտ բառերը, ոճերն ու դարձվածքները: Սույն բառը կազմված է հունարեն նեոլոգիզմ բառի նմանությամբ, նեո–նոր, և՝ լոգո- բան կամ բառ, այսինքն նորբառ:

Նորաբանություններն առաջանում են կյանքի թելադրանքով, երբ ժամանակի ընթացքում հայտնվում են նոր երևույթներ, առարկաներ, հասկացողություներ, և սա, բնականաբար, իր արտահայտությունն է գտնում նաև լեզվի մեջ: Այսպես են ստեղծվում նորագյուտ կամ նորաբան բառերը, որն անվանեցինք նորաբանություն, որոնք մնում են լեզվում կամ չքանում, կախված նրանից՝ նոր առարկաները, երևույթները, հասկացողությունները մնում են կյանքում, թե՞ անհետանում են:

Այսպես է լեզուն արտահայտում կյանքի հարափոփոխ ընթացքը: Շատ նորաբանություններ ժամանակին դառնում են հնաբանություններ և, ինչպես ասվեց, չքանում՝ իրենց դերը կատարած լինելով տվյալ ժամանակահատվածում:

Քսանական թվականներին գործածական էին՝ բանֆակ, լիկկայան, խրճիթ - ընթերցարան: Հազիվ թե նոր սերունդը հասկանա դրանց իմաստը: Այդ նորաբանություններն արտահայտում են իրենց ծագման ժամանակաշրջանի սոցիալական, քաղաքական, կենցաղային առանձնահատկությունները: Լիկկայան – լիկվիդացիոն կայան, ուր հավաքում էին տարեց մարդկանց և լեզու ուսուցանելով՝ լիկվիդացնում, վերացնում անգրագիտությունը: Կայան բառը հասկանալի՝ մի տեղ, ուր հավաքում էին: Չկա այժմ այդ կայանների անհրաժեշտությունը, չքացավ կամ վերացավ նաև այդ բառի անհրաժեշտությունը, հետևապես նաև գործածությունը:

Բանֆակ՝ նշանակում է հատուկ բանվորների համար ստեղծված ուսումնական հաստատություն, խրճիթ-ընթերցարան՝ խրճիթ, ուր ընթերցում էին, տվյալ ժամանակաշրջանում գրքի պակասության կամ թերթերի պակասության հետևանքով ստեղծած խրճիթներ: Այժմ՝ ինստիտուտների, համալսարանների, դպրոցների, գրադարանների դարում, այդ բառերը որևէ գործածություն ունենալ չեն կարող և շատ շատերի համար անհասկանալի են, դարձել են հնաբանություն:

Բառերն էլ մարդկանց պես են, ամեն մեկն իր ճակատագիրն ունի:

Մեր օրերում ստեղծվեց տիեզերագնաց բառը, և վստահաբար կարելի է ասել, որ այդ նորաբանությունը հնաբանություն չի դառնա, քանի որ տիեզեքի նվաճումը նոր-նոր է սկսվում, և այդ բառն ապագա ունի:

Նորաբանությունների առաջացումը սերտորեն կապված է գիտության և տեխնիկայի զարգացման հետ: Հեռուստատեսության հայտնագործության հետ լեզվի մեջ մտան հեռուստացույց, հեռուստադիտող, հեռուստալրագրող և այլ բառեր: Սակայն վստահ չենք կարող ասել, թե այդ բառերը երկար կմնան գործածության մեջ, քանի որ հեռուստացույցին, շատ հավանական է, փոխարինելու գա մեկ այլ տեխնիկական գյուտ՝  նույն դերով, բայց այլ անվանումով:

Բոլոր նորագյուտ բառերը չեն, որ կարող են նորաբանություն լինել: Հայտնվում են բառեր, որոնք ունեն մասնավոր բնույթ, ստեղծված որևէ պատեհ առիթով, և կարող են գործածվել մասնակիորեն, առանց բառապաշար մտնելու, անգամ՝ ժամանակավորապես:

Դրանք կոչվում են դիպվածաբանություն, դիպվածով ստեղծված, այդպիսի բառերը ծագում են պատահաբար, որևէ առիթով; Օրինակ, իմ Տիգրան որդին, երկու կամ երեք տարեկանում, փոս փորելուն ասում էր՝ փոսել, բացիչին ՝ բացելուկ, նկարչական ապարատին՝ նկարելուկ: Դիպվածով ստեղծված այդ բառերը միայն մեր ընտանիքում էին հականալի:

Մի քանի խոսք ժարգոնի մասին:

Ժարգոնը սոցիալական որևէ խմբի ինքնահնար մի լեզու է՝ հասկանալի յուրայիններին, կազմված դիպվածաբանական բնույթի բառերից և արտահայտություններից:

 Լինելով լոկալ, տեղայնային լեզու, երբեմն ժարգոնային բառերն ու արտահայտությունները թափանցում են ընդհանուր խոսակցական լեզվի մեջ, գործածվում գեղարվեստական շարադրանքում, հատկապես սոցիալական որևէ խմբի ներկայացուցիչների դիմանկարը ստեղծելու համար: Բերենք ժարգոնային մեկ արտահայտության օրինակ՝ «փափախ անել»: Դա ժարգոն է, հասկանալի է իմաստը առայսօր, չնայած ստեղծվել է քսանական թվականներին, նշանակում է՝ հավելյալ շահ ստանալ: Այս արտահայտությունն իր հերթին խոսակցական լեզվի մեջ է մտել շոֆերական ժարգոնից: Ի դեպ, «շոֆերային ժարգոնը» նույնպես ժարգոնային արտահայտություն է: (Բացատրել ինչպես է առաջացել«փափախ անելը»):

Ժարգոն է գողական լեզուն, սակայն արիստոկրատները նույնպես ունեն իրենց ժարգոնը: Սալոնային ժարգոն, բորսական ժարգոն, որով խոսում են բորսաներում, ռազմական, ծովային, երկաթուղային որևէ արհեստով միմյանց հետ կապված մարդկանց առանձնահատուկ լեզուն: Այդ պատճառով ժարգոնները հարուստ են մասնագիտական բառերով, երբեմն դրանց տեխնիկական բուն անվանումը՝ աղավաղված:

Լոնդոնի նավահանգստային բանվորների՝ դոկերների նշանավոր ժարգոնը հարուստ է ծովագնացության հետ շաղկապված շատ մասնագիտական բառերից, մեծ մասամբ անհեթեթության աստիճանի աղավաղված, և ամեն լոնդոնցի չէ, որ կարող է հասկանալ դոկերների լեզուն: Այնուամենայնիվ, գրքեր են գրվում, պիեսներ բեմադրվում այդ ժարգոնով: Դրանք, անշուշտ, շատ կոլորիտային գրքեր և ներկայացումներ են, բայց քչերին միայն մատչելի: Այսինքն, այնքան համով- հոտով, ինքնատիպ մի լեզու է դոկերների ժարգոնը, որ արժանացել է այդ պատվին:

 Ժարգոնի բառերը ծնվում են, այսպես ասած ապօրինի ծնողներից, փողոցում, ոչ հայր ունեն, ոչ մայր: Այսպիսի բառերը նաև արգո են կոչվում, այսինքն շատերին անմատչելի:

Ժարգոնը երբեմն գործածվում է գաղտնախոսության համար, երկուսն իրար հետ խոսում են մայրենի լեզվին մոտ ինչ-որ լեզվով, իսկ կողքին կանգնած «հարիֆը» ոչինչ չի հասկանում։ Ես դիտմամբ դիմեցի այդ օտար բառին, որը նույնպես ժարգոնային է և մեզանից շատերն են գործածում առօրյայում, սակայն ես խորհուրդ չէի տա, այդ բառը ցածր մակարդակի մարդուն բնորոշ բառ է:

Ժարգոնով խոսում են ոչ միայն սոցիալական խմբավորումներում, այլև դպրոցներում, որը կոչվում է դպրոցական ժարգոն, կա նաև ուսանողական ժարգոն: Մի ասացվածք կա. «Շորով ընդունում են, շնորքով ճանապարհում»: Շնորք ասելով, հասկանում ենք վարվելակերպը, պահելու ձևը, կոնկրետացնելով ըստ մեր նյութի, կարող ենք ասել նաև՝ խոսելու ձևը, ինչ ասելու, ինչ բառեր գործածելու, ինչպես պատասխանելու մեջ է նաև շնորհը:

Մարդ կարող է շատ նորաձև ու շքեղ հագուստ կրել, բայց ասելու-խոսելու, պահվածքի շնորհ չունենալ: Այդպիսի մարդը բավական է բերանը բացի, որ իսկույն ճանաչելի լինի նրա բուն էությունը: Այս իմաստով ասում են նաև «արտաքինը խաբուսիկ է»:

Այս ամենը մեկ խոսքով կարելի է անվանել՝ դաստիարակություն: Մարդն իր դաստիարակությունը ստանում է ընտանիքում, դպրոցում, համալսարանում, ընկերական շրջապատում և այլն: Շատերը չգիտեն, թե ինչպես կարող են իրենք իրենց սիրելի ու դուրեկան դարձնել, կամ հակառակը՝ ատելի ու անտանելի՝ ըստ իրենց ստացած դաստիարակության, ըստ խոսելու ձևի, գործածած բառերի և այլն։

Երբեմն աննշան արտաքին ունեցող մեկը հենց սկսում է խոսել, աստիճանաբար ասես սկսում է փոխվել աչքիդ, գեղեցկանում է, տեսքը դառնում է համակրելի, վերանում է առաջին տպավորությունը, մարդուն սկսում ես հարգել, նրա հետ առնչվելը դառնում է հաճելի: Այս հանգամանքներում ծանոթությունը հետագայում կարող է վերածվել ընկերության ու բարեկամության:

Լինում է նաև հակառակը, արտաքնապես գրավիչ մեկը, անծանոթ մի մարդ, երբ սկսում է խոսել ու գործածել անհաճո բառեր ու արտահայտություններ, առաջին տպավորությունը փոխվում է ՝ ի վնաս իրեն, և տրամադրություն չի մնում երկար նրա հետ լինելու ու լսելու:

Ի՜նչ զարմանք բան է խոսքը, որքան մեծ է լեզվի դերը մարդու կյանքում: Զուր չէ, որ ասում են. «Ոճը մարդն ինքն է »:

Ասում են նաև, թե մարդու բնավորությունը կարելի է կռահել նրա դեմքից, աչքերի արտահայտությունից: Իհարկե, ոչ միշտ, բայց հիրավի մարդու դեմքին շատ բան է ինքնաբերաբար փոխվում ու ամրանում՝ կապված նրա ներաշխարհի հետ:

Անհամ ու անդեմ խոսքը, որքան էլ քերականորեն ճիշտ լինի, վանող է: Այդպես է լինում, երբ մարդ խոսում է ոչ թե իր սեփական լեզվով, նա սեփական լեզու չունի էլ, այլ գործածում է լեզվական շտամպներ, որոնք էլ խոսքը դարձնում են ասես արդեն բազմիցս լսած, ծեծված, անհամ:

Լեզվական շտամպի մի քանի օրինակներ. «Անհապաղ ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ», «Այսօրվա դրությամբ տվյալները հետևյալն են», «Առկա պայմաններում հնարավոր չէ իրագործել ձեր  առաջարկությունը», «Ձեր ասածը դուրս է իրական դաշտից»: Եվ այլն: Այդպիսի լեզուն անվանվում է գրասենյակային, այսինքն չոր ու ցամաք, անարտահայտիչ, խոսողի անհատականությունը չարտահայտող ու նրա լեզվական ինքնատիպության դրոշմը չկրող:

Այսպես մենք կրկին հանգեցինք լեզվի ու բնավորության սերտ առնչությանը, և նորից կրկնելով, թե ոճը հենց մարդն ինքն է, կարելի է ավելացնել, թե անդեմ մարդը ոճ չունի, այսինքն՝ սեփական խոսելաձև, գրելաձև, պահվածքի ձև:

Լեզվական շտամպները հաճախակի են հատկապես դպրոցական շարադրություններում: Չգիտեմ ինչպես ձեր դպրոցում, իմ ժամանակ շարադրություններ կային, որ ձեռքից ձեռք անցնելով արտագրում էինք թաքուն, իսկ ով է գրել, ով է հեղինակը՝ անհայտ էր: Մտածելու, ստեղծագործելու, սեփական բառերով շարադրելու փոխարեն, որը նաև վտանգավոր էր, կարող էիր տառասխալներ անել, դիմում էինք փորձված միջոցին, արտագրում անսխալ ու անդեմ լեզվով գրված շարադրությունը: Ցավոք, հենց տառասխալով էլ գնահատվում էր շարադրությունը, իմաստին, լեզվին ուշադրություն դարձնող չկար: Այսպես, հենց դպրոցից մեզ սովորեցնում էին լեզվական շտամպներին...»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ