Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Հոգեբուժարան բաց երկնքի տակ կամ 100 տարվա խենթություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
2017-ին «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը սկսեց հրապարակել ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի հոգեբուժական էսսեների բացառիկ շարքը: Այն դեռևս գրվում է հատուկ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար: Վստահ ենք, որ շարքը հետագայում կհրատարակվի առանձին գրքով:
Յուրահատուկ այս ժանրի էսսեները հրատարակվում են «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին)» ընդհանուր խորագրի ներքո և անչափ հետաքրքիր խնդիրներ են արծարծում:
Նախորդ հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
«Անժառանգ առաքյալը...», «Ինչո՞ւ էր ծանակվում հոգեբուժությունը...», ««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...», «Ինչո՞ւ խորհրդային հոգեբույժներին վտարեցին միջազգային հարթակից»:
Շարունակելով նշանավոր մարդկանց հոգեախտաբանության վերաբերյալ Լոմբրոզոյի ( 19-րդ դար), Կրոնֆելդի ( 20-րդ դար ) և այլ հոգեբույժների հետազոտական ավանդույթը, նոր հարյուրամյակի սկզբին թափ ստացան հատկապես ամերիկյան հեղինակների ջանքերը, նորովի բացահայտելու, մասնավորապես, քաղաքական լիդերների և հոգեկան հիվանդությունների աղերսը:
Ի դեպ, նույն թեմայով (սակայն գիտա-հանրամատչելի ժանրով) գրքեր են տպագրվում նաև Ռուսաստանում (А. Спринц, Исторические личности сквозь призму психиатрии, С-П., 2016, վերահրատարակվել է - П. Ковалевский, Откровение или бред? Магомет, Орлеанская дева, Навуходоносор, М. 2016):
Թավթսի համալսարանի պրոֆեսոր, տրամադրության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Նասիր Ղայեմին վերջերս մեծածավալ մենագրություն է լույս ընծայել, որտեղ մանրամասն անդրադառնում է Չերչիլի, Հիտլերի, Լինքոլնի, Քենեդու և ուրիշ լիդերների հոգեկան առողջության հարցերին ( N. Ghaemi, A First-Rate Madness ( Uncovering The Links Between Leadership and Mental Illness, ,,Penguin Books,, , 2011):
Չնայած, որ բերվում է ահռելի քանակությամբ կենսագրական-կլինիկական նյութ, և կատարվում օրիգինալ հետևություններ, այնուամենայնիվ, ես չկարողացա գտնել ինձ հուզող հարցերի պատասխանը: Օրինակ, դոկտոր Ղայեմին շատ հետաքրքիր տեսակետ է հայտնում, թե ծայրահեղ, ճգնաժամային կամ շրջադարձային իրավիճակներում «հոգեպես անառողջ» լիդերներն ավելի հաջողակ են դուրս գալիս, քան միջին նորմայում գտնվող անհատները (բերում է Չեմբերլենի և Չերչիլի օրինակը). ( N. Ghaemi, նշված աշխատությունը, էջ 57-68 ): Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ այնքան «խելահեղ հերոսի» երևույթը, որքան պատմական-հասարակական այն միջավայրը իր հոգեախտաբանական ռադիկալներով ու բնութագրերով, որտեղ ծնվում և բարձրանում են այդ անհատները:
Իսկ դրա ամենադասական (ուսուցողական ) օրինակը տոտալիտար-գաղափարախոսականացված հասարակարգի օրինակն է, որի հոգեբանական էությունը մանրամասն վերլուծել է Էրիխ Ֆրոմը իր «Փախուստ ազատությունից» գրքում ( 1941): Հոգեբանական, բայց ոչ հոգեբուժական-հոգեախտաբանական:
Գրականության մասնագետները սիրում են կրկնել՝ երբ թնդանոթները կրակում են, պոետները լռում են: Մեր ասպարեզի վերաբերյալ կարելի է ասել. երբ տոտալիտարիզմը հաղթում է, հոգեբույժները համրանում են: Այսինքն, ճշմարիտ, անաչառ հոգեբուժական միտքը դառնում է տոտալիտար հասարակարգի թիվ 1 թշնամին: Այդպես պատահեց 20-րդ դարի խոշոր հոգեախտաբան Կարլ Յասպերսի (1883-1969), նշանավոր պրոֆեսոր Կարլ Բոնհոֆերի (1868-1948), հոգեթերապևտ Վիկտոր Ֆրանկլի (1905-1997) և ուրիշ շատ երևելիների հետ:
Նացիստական իշխանությունները ոմանց զրկեցին մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից, ոմանց՝ մեկուսացրին, ոմանց էլ քշեցին համակենտրոնացման ճամբարներ: Գերմանիայում համընդհանուր սարսափի, կասկածամտության, շանտաժի, զանգվածային խաբկանքի ու նաև հոգեկան էյֆորիայի մթնոլորտը տիրեց շուրջ 12 տարի: Կարելի է ասել, որ, այնուամենայնիվ, այդ համազգային փսիխոզը կարճ տևեց՝ ունենալով սուր սկիզբ և կոլապսային ավարտ: Մինչդեռ, խորհրդային տոտալիտարիզմն ունեցավ ենթասուր սկիզբ, խրոնիկական ընթացք, ժամանակ առ ժամանակ ունեցավ սրացումներ (բռնկումներ), ձգվեց ավելի քան 7 տասնամյակ և ավարտվեց հասարակական գիտակցության և բարոյականության կոռոզիայով, բարքերի դեգրադացիայով և դեֆեկտով:
70 և ավելի տարիները փոքր տևողություն չէ սերունդների գիտակցությունը մթագնելու, հիվանդացնելու և նրա զարգացումը ախտաբանական ուղղությամբ տանելու համար: Այն պահից սկսած (1920-ականների վերջ-30-ականների սկիզբ), երբ խորհրդային մասնագետները (համաշխարհային մեծության գիտնականներ)՝ Լ. Վիգոտսկին, Ա. Լուրիան, Վ. Գիլյարովսկին, Ա. Մեհրաբյանը, մյուսները սկսեցին իրենց ազատ-գիտական դատողությունները փաթեթավորել մարքսիզմ-լենինիզմի դոգմաներով, կուսակցական պլենումների ժապավեններով, արդեն ակնհայտ դարձավ, թե բարոյա-հոգեբանական ինչ ահռելի ճնշման պայմաններում էին նրանք աշխատում և ստեղծագործում:
Երբ վերընթերցում ես նրանց գիտական հրապարակումները, ամենուրեք հանդիպում ես «դիալեկտիկական մատերիալիզմի ոգով», «խիստ մատերիալիստական հիմքի վրա», «մարքսիստական մեթոդաբանությանը հարազատ», այսօրինակ բազմաթիվ արտահայտություններ, զգեստապահարանի շորերի արանքներում այստեղ-այնտեղ դրված նաֆթալինի փոքրիկ տոպրակների նման:
Հիմա փորձենք հասկանալ, բացատրել խորհրդային հասարակության էությունը, նրա հոգեբուժական նկարագիրը: Վ. Բուկովսկին կարծիք է հայտնում (2008), որ ապագայի պատմաբանները Ռուսաստանի խորհրդային շրջանի պատմությունը կնքելու են «սուբկլինիկական» անվանումով, այսինքն՝ փսիխոտիկ կամ խելացնոր վիճակներին բնորոշ հատկանիշներով: Մարդիկ մտածում էին մի բան, ասում՝ ուրիշ բան, անում՝ բոլորովին այլ բան: Այս գաղափարը շարունակելով, կարելի է գալ եզրահանգման, որ, ընդհանրապես, տոտալիտար հասարակարգը «շիզոֆրենացնող» հասարակարգ է :
Այսինքն, հասարակություն (մարդկանց համակեցություն), որը շատ նմանություններ ունի շիզոֆրենիա հիվանդության կլինիկական պատկերի և ընթացքի (նաև ելքի) հետ: Առաջին հատկանիշը՝ որ մարդկանց ստիպում է ապրել, մտածել և գործել «երկակի կողմնորոշման» պայմաններում: Այսինքն, որոշակի իմաստով երկատված կամ «ճեղքված» գիտակցության մեջ: Մի կողմնորոշման դաշտը (կամ գիտակցության ակտիվության աղբյուրը) այն է, որը բռնի կամ ռեպրեսիվ կերպով պարտադրվում է վերևից (իշխող քաղաքական մեքենայի կողմից): Մյուսը՝ ոչ պաշտոնական, առօրյա, մարդկային աշխարհընկալումը:
Սրանք հակամետ են, միմյանց ոչնչացնելու հակում ունեն, բայց և երկուսն էլ իրական են հավասարապես: Մոլոտովը գիտակցում էր, որ իր աքսորված կինը Պոլինան, «լրտես» չէ, «դավաճան» չէ, բայց մյուս կողմից էլ գիտակցում-հասկանում էր նրան առաջադրված պետական մեղադրանքի (Ստալինի կամքի ) սոսկալի մասշտաբները:
Եկատերինա Ֆուրցևան գիտակցում էր, որ գլխավոր կոմսոմոլ Ա. Կոսարևը «ժողովրդի թշնամի» չէ, ավելին, իր սիրեկանն է, մյուս կողմից էլ ամբիոնից բոցաշունչ ճառ էր ասում՝ կոչ անելով նրան պատժել օրենքի ողջ խստությամբ: (Եվ լալիս էր և ուրախությունից արցունքները սրբում):
Նման հոգեվիճակները հոգեբուժության պրակտիկայում Ա. Մեհրաբյանը բնութագրում էր հետևյալ կերպ. «...Գիտակցությունը խանգարված է մտքի գործունեության մակարդակում՝ «երկակի կողմնորոշվածության» ձևով»: (А. Меграбян, Общая психопатология, М., 1972, էջ 150):
Ժամանակի ընթացքում այդ «երկակի կողմնորոշվածությունը» գլխավորապես թեքվում է ախտաբանական (տվյալ դեպքում՝ ռեպրեսիվ-հարկադրող) ակտիվության կողմը, և անհատը վերածվում է տոտալիտար մեքենայի կամազուրկ կամակատարի՝ հոմո սովետիկուսի կամ «հոմոսոսի», ինչպես նրան անվանել է վտարանդի փիլիսոփա Ալեքսանդր Զինովևը (А. Зиновьев, Иди на Голгофу, М, 2006, էջ 321-545):
«Շիզոֆրենացնող» հասարակության երկրորդ կարևոր հատկանիշը մարդկանց տոտալ պարանոյայի մեջ պահելն է: Համատարած անվստահություն միմյանց հանդեպ, կասկածամտություն, վերաբերման, հետապնդման, մատնության վերաբերյալ զգացմունքներ և մտքեր, արտաքին և ներքին թշնամիներով շարունակ շրջապատված լինելու համոզմունքի ներշնչում, տոտալ տագնապի մթնոլորտ:
Բնակավայրերը հեղեղված էին «լռիր», «թշնամիդ կողքիդ է», «թշնամին չի ննջում» և այսօրինակ խենթացնող, խելագարացնող ցուցանակներով ու աֆիշներով:
Ուրեմն, մի կողմից «երկաթի վարագույրով» հասարակությանը մեկուսացնել արտաքին աշխարհից, մյուս կողմից էլ մարդկանց ուղեղը շարունակ «լվանալ» ներքին թշնամիների, մարդասպանների, ճիվաղների գաղափարներով ու կերպարներով:
Խորհրդային մարդու այդ կասկածամիտ-տագնապալի վիճակը դիպուկ է ներկայացված Լ. Գայդայի «Ադամանդե ձեռքը» կինոնկարում, երբ տնային կառավարիչ տիկինը սևեռվում է բնակիչներից մեկի անմեղ խոսքի վրա. ,,...И эта странная фраза - собака друг человека!,, ( «Եվ այդ տարօրինակ ֆրազը՝ շունը մարդու բարեկամն է»):
«Ստրինդբերգ և Վան Գոգ» մենագրության մեջ ներկայացնելով գրող Ա. Ստրինդբերգի հիվանդագին ապրումները, Կ. Յասպերսը գրում է. «Բավական է ոստիկան տեսներ, իսկույն իրեն մեղավոր էր զգում» (К. Ясперс, Стриндберг и Ван Гог, С.П., 1999, էջ 22):
Երկար ու ձիգ տասնամյակներ շարունակ հոմո սովետիկուսը համազգեստով մարդ տեսնելիս, ակամա տագնապի մեջ էր ընկնում, իրեն կարծես զգալով անմեղ-մեղավոր ... ՈՒրեմն, երբ Խորհրդային Միությունը անվանում են «չարի կայսրություն», դա դեռ արտաքին (տեսանելի ) բնութագիրն է: Այն առաջին հերթին հիվանդ հանրություն էր, խելագարության և աբսուրդի հասցված հոգիների կայսրություն: Եվ Խորհրդայինը օրիգինալ չէ այս հարցում: Այդպիսին է ցանկացած տոտալիտար հասարակություն:
(Շարունակելի)
Վարդգես Դավթյան