Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ՄԵՐԺԻ՛Ր Հրանտ Մաթևոսյանին...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ճիշտ մեկ տարի առաջ, Հրանտ Մաթևոսյան Մեծի ծննդյան օրը, Վարպետի բնակարանում, աշխատասենյակում զրուցում էի նրա այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ: Այդ զրույցը երկար, շա՜տ երկար տևեց. մենք «անցանք» նրանց գրեթե ամբողջ կյանքով՝ սերերով, երիտասարդությամբ, կյանքի ոդիսականներով, ապրածի հաղթանակներով ու պարտություններով:

Հրանտն իր առաջին իսկ տողերով կանգնեց հանճարների ու միջակությունների՝ հիմնականում «ստեղծագործող» միջակությունների, որոնք նաև չինովնիկ միջակություններ էին համատեղությամբ, հակազդման կենտրոնում, ու միջակությունները ՄԵՐԺԵՑԻՆ Հրանտ Մաթևոսյանին, ու միակ փրկությունը Հրանտի «փախուստը» եղավ Մոսկվա, որի անունից էլ գործում էին միջակությունները՝ երդվելով իրենց, միայն իրենց իմանալի «սրբերով»:

Ճիշտ այնպես, ինչպես հանճարների ու միջակությունների հարատև հակազդման կենտրոնում երբևէ կանգնել էին Թումանյանը, Չարենցը, Տերյանը, կանգնեցին Քոչարը, Փարաջանովը, Օհան Դուրյանը...:

Հայ ժողովուրդը մի մեծ «մեղք» ունի՝ նրա հանճարները բազում են մեկ քառակուսի մետր ժամանակի ու տարածության մեջ, ու այդ «մեղքը» չի ներվում հայ ժողովրդին, չի ներվում հայ մշակույթին:

Ու երբ մեր զրույցի ընթացքում Վերժինե Մովսիսյանին՝ Հրանտի Վերժուկին, հարցրեցի Վարպետի կյանքի վերջին վայրկյանների մասին, զարմանալիորեն ասաց.        

«...Սկսեց ինչ-որ մարդկանց հրել, պայքարել ինչ-որ մարդկանց դեմ, որ իրեն չքաշեն, չտանեն: Ի՜նչ կերպ էր պայքարում: Հասկացա, որ հոգևարք էր ապրում: Մի երկու բառ էլ ասաց ու հանգչեց...»:

Հետո ես անընդհատ մտածում էի այդ տարօրինակ հոգևարքի մասին: Ի՜նչ պայքար պիտի լինի մարդու, հանճարեղ մարդու կյանքը, կյանքը՝ ստեղծելու, արարելու, արվեստ ստեղծելու, ժառանգություն թողնելու համար՝ նաև այն երևույթներին թողնելու այդ արվեստն ու ժառանգությունը, այդ արարումը, որոնք միայն մսխում են, որովհետև գենետիկորեն մսխման են կոչվել:

Ու ի՜նչ օրինաչափություն տեսա, երբ վերջերս Օհան Դուրյանի այրին՝ տիկին Ալիս Դուրյանն ինձ պատմում էր Մեծ Մաեստրո Դուրյանի կյանքի, պայքարի, տառապանքի ու մահվան պատմությունը:

Հրանտ Մաթևոսյանի տանը համարձակություն ունեցա Վերժինե Մովսիսյանին հարցնելու նաև, թե ի՞նչ երազանք ունի, ու Վերժինե Մովսիսյանն ասաց.  

«...Մարդ, երբ ծերանում է, երևի երազանք չի ունենում այլևս: Հրանտի թանգարանն եմ երազում, որ կառուցվի, ավարտվի, կահավորվի... ոչ-ոք չի պատկերացնում, թե ի՜նչ ժառանգություն ունի Հրանտը...»:

Սա «Հին Հայաստան»-ում էր ու սրանից կարճ ժամանակ անց ազդարարվեց, որ «Հին Հայաստանն» այլևս ոչ ևս է, ու եկավ «Նոր Հայաստանը»՝ «...Հանուր կյանքի արշալույսը վառ հագած...» ու ենթադրվում էր, որ Հրանտ Մաթևոսյանին այլևս երբեք չեն ՄԵՐԺԻ...:

Այստեղ պիտի ավարտվեր պատմությունը: Պիտի ավարտվեր ըստ ողջամտության, ըստ ողջամիտ տրամաբանության, ըստ արժեհամակարգայնության, կարծես թե, բայց...  

Բայց «Նոր Հայաստան»-ը նույնպես ՄԵՐԺԵՑ Հրանտ Մաթևոսյանին:

Հրանտի թանգարանը, ըստ էության կառուցված-պրծած թանգարանը, մեկ միլիոն դոլար պետության փողով արված-դրված թանգարանը խրվեց անորոշության, անէության մեջ՝ անտեր-անտիրական մնալով թամանյանական Երևանի վերջին ոլորանի՝ «Պլանի գլխի» հոշոտված պուրակում:

«Նոր Հայաստան»-ի հպարտ չինովնիկական անտեղյակությունը չիմացավ նաև Հրանտ Մաթևոսյանի տեղը:

Ամոթի պատի հետևում երկար «թաքնվելուց» հետո Վարպետի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, գրեթե վեց-յոթ ամիս անց «Նոր Հայաստան»-ի ծնունդից, որպես ճիչ արձանագրեց. «...Չլոցու «ուստեքը» վերտառությամբ գրությունը.

«...Կամա կամ ակամա՝ սա կառավարության աշխատանքի սաբոտաժ է, պաշտոնական անգործություն:

Առնվազն մեկական միավոր (նախկին) նախարար և կոմիտեի նախագահ, իրենց պատկան տեղակալներով, զբաղված են միմյանց ամիսներով գրություն տշտշելով, և սարսափում են վարչապետին զեկուցել ռեալ իրավիճակը: Անգամ, երբ գրության պատրաստի, պրոֆեսիոնալ նախագիծ է դրվում իրենց սեղաններին:

...ԸՆԹԱՑՔ չեն տալիս գործին: Սա սաբոտաժ չէ, ի՞նչ է, մեկդ գնահատական տվեք:

Շատ ափսոսում եմ, սա իմ անձնական մեծ հիասթափությունն է: Մենք, մերոնք, էդ իրավունքը չունենք...»:

Սա ամիսներ առաջ էր ու սրան հաջորդեց ոչ թե ընթացք տալը, այլ...խորը լռությունը:

«....Չեն պատկերացնում, թե ինչ է թանգարանը: Ճարտարապետներն էլ չեն պատկերացնում, թե ինչ է թանգարանի հարմարավետությունը: Գիտեմ, մեկ-երկու աշխատող են հատկացնելու, ասելու են փող չունենք: Մեկ-երկու մարդով ի՞նչ կարող են անել, Հրանտի ժառանգությունն ինչպե՞ս կարող են ուսումնասիրել, ներկայացնել: Չգիտեմ: Մտածում են, թե թանգարանը մի քանի սենյակ է, նկարները կփակցնեն ու՝ վերջ: Չեն գիտակցում, որ Մարդը պետք է լինի թանգարանում: Բայց դե այսպիսի անկում, որ եղավ գրականության հետ, կինոյի հետ, թատրոնի հետ: Ի՞նչ ասեմ: Հայերենն արդեն 200 բառից է բաղկացած: Գոնե այդքանն եմ երազում, որ թանգարանի բացումը տեսնեմ: Մնացածը՝ երազելու չի: Մնացածը կյանքը կանի...».

Այս մեջբերումը կրկին իմ ու Վերժինե Մովսիսյանի զրույցից է: Ի՜նչ միամիտ երազանք ուներ Հրանտ Մաթևոսյանի այրին՝ «...Գիտեմ, մեկ-երկու աշխատող են հատկացնելու, ասելու են փող չունենք...»:

Չէ, չգիտեր Վերժինե Մովսիսյանը: Մեկ-երկու աշխատող էլ չեն հատկացնելու, ասելու են փող չունենք, ասելու են բյուջեն ծրագրային է ու այդպիսի «գիտական» հիմնավորումներ ու ՄԵՐԺԵԼՈՒ են...Մերժելու են ու վերջ...

Փող չունենք, «զահլա» չունենք, չենք աշխատում, գործունյա չենք, թամբալ ենք, «անգյալ» ենք, զմայլված ենք, մշակույթ ասվածը չենք պատկերացնում, մշակույթի քաղաքականությունը չենք պատկերացնում, մշակույթը մենք ենք, մեր մեջ է, քաղաքում դեռ «խորհրդանշորեն անկազմակերպ ենք ու անտրամաբանական քաշքշուկների»-ի մեջ և այլն...

Եթե «Նոր Հայաստանը» մշակույթի կառավարիչներ ունենար, քաղաքի կառավարիչներ ունենար, մշակույթի նախարարը, քաղաքաշինության նախարարը, գլխավոր ու անգլխավոր ճարտարապետը, այլ պետերը որպես իրենց փոքրությունը Հրանտ Մաթևոսյան Մեծության առաջ վեհանձն գիտակցողներ, պիտի վերցնեին չինովնիկական թղթերն ու պիտի վազվզեին դռնե-դուռ, գրասենյակ առ գրասենյակ, որ Հրանտ Մաթևոսյանի ժառանգության տունը իր հասակով  հանրությանն ու աշխարհին տված լինեին:

Ու հիմա այն պուրակում, ուր կիսատ-պռատ, դատարկ, անշունչ ու գլխավորը՝ ԱՆՏԵՐ կանգնած է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը, ավտոմեքենաների փնթի կայանատեղի է, ավելորդի, ՄԵՐԺՎԱԾԻ փնթի միջավայր, փոխարենն արդեն ծառատունկի պատրաստությունն էր պետք տեսնել, մաթևոսյանական Ահնիձորի՝ Ծմակուտ աշխարհի նախապատկերն էր պետք մոդելավորել, Նանա Իշխանուհու կամուրջն էր պետք գցել, հրավերներն էր պետք ուղարկել աշխարհով մեկ՝ թե եկեք, Հրանտ Մաթևոսյան կենտրոնում ապրեք, աշխատեք, գրեք, Հայաստան տեսեք, հայ մշակույթ, հայ գիր ու հայոց լեզու տեսեք, լուսավոր հայ մանուկների խմբեր էր պետք նախապատրաստել դեպի Հրանտ Մաթևոսյանը գնալու.....:

Երևի ճիշտ այնպես, ինչպես ավելորդ ու ՄԵՐԺՎԱԾ Է ազգային մշակույթը...

«...Քաջություն ու քո և քո ժամանակի առջև պատասխանատվություն է պետք, այո, որպեսզի այսօրվա մեջ քեզ Մովսես Խորենացի, քո ժամանակակիցներին Արշակ կամ Վարդան Մամիկոնյան տեսնես, այլ ոչ թե քեզնից ու քո ժամանակից խուսափելով՝ դեգերես անժամանակ ժամանակներում ու անտարածք տարածություններում...». Հրանտ Մաթևոսյանն էր ասում:

«Քաջություն ու քո և քո ժամանակի առջև պատասխանատվություն» զգացողների պակաս կա, իսկ իրենց Մովսես Խորենացի զգացողների՝ երբեք: Բայց առանց քաջության ու պատասխանատվության Մովսես Խորենացի չի լինում ...

«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». ինձ ասաց Վերժինե Մովսիսյանը...

«Նոր Հայաստանն» էլ չփրկեց, որ կուլ գնալը չլինի ախտորոշում:

Կուլ գնացողների ու կուլ տվողների պայքար է կյանքը, պարզվեց... Ու ընդամնն այդքանը:

Հ.Գ. Ես չգրեցի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի ամբողջ ոդիասականի մանրամասները, քանզի այդ մասին շատ է գրվել. դա տարօրինակ, զավեշտալի, տխուր մի պատմություն է «Նոր Հայաստան»-ի կառավարչական կյանքից:

Ու հիմա ինչ էլ ասվի, ինչ արդարացում ու մեկնաբանություն էլ տրվի, կա փաստ՝ Հրանտ Մաթևոսյան կենտրոնը կա ու...չկա:

Ու նրա վաղվա օրը չի երևում, ցավոք:  

Եվ, այնուամենայնիվ, լսենք երկու մեծերի մեծ զրույցը: Նրանք մարդկային մտածողության իրավիճակ են փոխում...  

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ