Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ այդ ավելորդ մշակույթը…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի ունենալու մշակույթի նախարարություն:

Հայաստանը, որի անքննելի այցեքարտը, «բրենդը»՝ եթե կուզեք, և մրցակցային «բրենդը»՝ եթե կուզեք, և միակ մրցակցայինը՝ եթե կուզեք, հարյուրամյակներ շարունակ եղել է ազգային մշակույթը, այլևս չի ունենալու մշակույթի նախարարություն:

Եվ որևէ բացատրություն, որը կտրվի (կամ՝ չի տրվի), թե ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը կցվում որևէ այլ կառույցի՝ նույնիսկ կրթության նախարարությանը (սպորտը թողնենք մեծահոգաբար), ի՞նչ հեղափոխական կամ հետհեղափոխական «ռազմավարություն» կամ «մարտավարություն» է անթեղված այդ որոշման հիմքում՝ անիմաստ է:

Փաստն այն է, որ համաշխարհային մշակույթում ներդրում ունեցող, համաշխարհային քաղաքակրթական տիրույթում ներդրում ունեցող մշակութային երկիրը հրաժարվում է մշակույթի նախարարությունից՝ որպես ինքնուրույն ազգային-պետական ենթակառուցվածքի, այն դեպքում, երբ համաշխարհային քաղաքակրթության մասին լսած պետություններից մինչև դրա ակունքներում կանգնած Ֆրանսիա՝ այսօր ազգային-մշակութային որոնումներում են:

Տասնամյակներ շարունակ մշակութային քաղաքականություն չունենալու և մշակույթի բազում ապաշնորհ նախարարներ ունենալու արդյունքում՝ ավելի ճիշտ՝ հետևանքում, հասարակության մեջ ձևավորվեց այն թյուր տեսակետը, թե մշակույթի նախարարությունն ավելորդ օղակ է, կույրաղիք և այլն:

Անշուշտ, եթե մշակույթի նախարարները հանրահայտ Բորոդինի անվան լարային քառյակից Բորոդինին առանձին լյուքս հյուրանոցային համարով ապահովելու, Կանդինսկուն մոսկվովյան գործուղումից հետ կանչելու, մեդալների ու կոչումների ինտրիգները կառավարելու, «պաշտոնական» մեռելների հոգեհացի ճաշացանկը կազմելու, պետական բյուջեի «ստեղծագործական» փողերը աննպատակ մեջ-մեջ անելու, փողոցային դաշնամուրներ շաղ տալու համար են՝ մշակույթի նախարարության անհրաժեշտություն չկա վստահաբար ու աներկբայորեն:

Բայց անուղղելի «հիմարների» մի տեսակ կա, որ համոզված պնդում է, թե մշակույթի նախարարությունը ազգային-մշակութային քաղաքականություն մշակելու, վարելու, ազգային-մշակութային ռազմավարություն նախագծելու, մարտավարություն ուրվագծելու, դրանում ազգային-մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանելու և հասարակություն կերտելուն ծառայեցնելու, ազգային-մշակութային քաղաքականությունը պետության արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության հիմքերում դնելու և արդյունքում՝ այն պետության զարգացմանն ուղղելու, հասարակության առումով՝ «մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք», փիլիսոփայությանը տանելու և նմանատիպ այլ առաքելություններ ունի:

Եթե շարունակելու ենք մշակույթ ասվածը հասկանալ պատկերասրահի «ամենաթանկ կտավը» (մտքի այս գիգանտության հեղինակային իրավունքն ընդգծելու համար են «»-ները) դպրոց առ դպրոց տանելը, «հայտնիների» հետ սելֆիանալը և պրիմիտիվիզմի նոր ուղղության նման դրսևորումները, ուրեմն, երիցս ճիշտ է նախարարությունը որևէ կառույցի կցելը: Նույնիսկ՝  «սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային»:

Երևի այդպես էլ հասկանում ենք, որովհետև մշակույթի նախարարը մասնակցում է ինչ-որ գրաբուսի բացմանը (գրաբուս բացե՞լս որն է), բայց չի մասնակցում Սիրավ մեծանուն երևույթի, 20-րդ դարի ակնառու երևույթի հոբելյանական աննախադեպ ցուցահանդեսի բացմանը, որովհետև գիգանտ երևույթ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կայացման տապալումը չի անհանգստացնում մշակույթի նախարարությանը և այլն (Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի խնդրին դեռ անդրադառնալու ենք), չնայած, որ սրանք՝ գոնե առերևույթ, աննշան խնդիրներ են այն անգիտակցության հետ համեմատ, որ առկա է ազգային-մշակութային քաղաքականություն երևույթի ընկալման հարցում:

Պետության զարգացման ու հասարակության կառուցման առումով ազգային-մշակութային քաղաքականության հարցում նախորդ տասնամյակներին գումարվեցին նոր Հայաստանի կորուսյալ յոթ ամիսներ ևս:

Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ անհետաձգելի խնդիրներ կան կուտակված մշակութային ժառանգության պահպանման հարցում՝ նյութական և ոչ նյութական: Ի՜նչ խառնիճաղանչ ու հանցավոր խնդիրներ կան ազգային կինոյի, ազգային կինոժառանգության պահպանման, մշակութային մի մե՜ծ, հսկայական ժառանգություն անվերադարձ չկորցնելու հարցում: Ի՞նչ քաղաքականությամբ է հնարավոր ռուսաստանյան տարածքներից ետ բերելու ազգային կինոյի մի հսկայական հարստություն, որը երբևէ դառնալու է աղբանոցի բաժին:

Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ «դարավոր» խնդիրներ են կուտակված ազգային թատրոնի կառավարման հարցում: Այսօր թատերական տարբեր օջախներում պայթում են այն ականները, որոնք թատրոնի կառավարման ժամանակակից մոդելների բացակայության հետևանք են: Իսկ պայթյունները դեռ շատանալու են:

Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ խնդիրներ են կուտակված գրադարանային համակարգում, մշակութային կրթության համակարգում, կերպարվեստի ոլորտում, ժամանակակից արվեստի ոլորտում, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների և մշակութային քաղաքականության համադրության ոլորտում, գրահրատարակչությունում, մեդիայի և մշակութային քաղաքականության հարաբերությունների ոլորտում:

Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ խնդիրներ են կուտակված միջազգային հանրության, Եվրոպական միության հետ Հայաստանի մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում, ի՜նչ անվերականգնելի ժամանակ կորցրեցինք Եվրոպական միության՝ Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հարցում և այլն:

Ես այս խնդիրներին այստեղ խորապես չեմ անդրադառնալու, քանզի դրա բազում փորձեր արել եմ և դրանք մնացել են ձայն բարբառո հանապատի: Ահա դրանցից մի քանիսը՝ ստորև.

«Մշակույթի նախարար որոնելիս, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՊԱՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՆԵԼ մշակույթը

Խանգարե՞լ, թե՝ «ՉԽԱՆԳԱՐԵԼ» գրահրատարակչությանը

«Կինոն բիզնես չէ, մշակույթի մաս է, մենթալ կապիտալ է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Այստեղ միայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի մշակույթի նախարարության հեղափոխական վերակերտման (իսկ որ այն պետք է վերափոխվի, դրանում կասկած չունեմ) միակ ճիշտ ճանապարհը կլիներ՝ չվնասելով, ինչպես վերը նշեցի՝ համաշխարհային մշակույթում ներդրում ունեցող, համաշխարհային քաղաքակրթական տիրույթում ներդրում ունեցող մշակութային երկրի վարկը՝ սահմանել Հայաստանի մշակույթի նախարարության վերափոխման ճանապարհային քարտեզը՝ դրան հատկացնելով 1-2 տարի՝ այդ ընթացքում իրականացնելով մի շարք համակարգային փոփոխությունների նախապատրաստություններ:

Մասնավորապես, որպես սկիզբ.

- Խելացիորեն օպտիմալացնելով նախարարության ներկայիս աշխատակազմը, գնալ ոլորտային համակարգային փոփոխությունների գլոբալ ուսումնասիրության, առաջարկների փաթեթների ստեղծման և հանրային քննարկման՝ ոլորտների համայնքների հետ և վերջնական, համաձայնեցված առաջարկությունների կազմման, արդյունքում՝ Հայաստանի ազգային-մշակութային քաղաքականության նոր ռազմավարության և մարտավարության մշակման:

- Ամենայն մանրակրկտությամբ և համակողմանիորեն ուսումնասիրել նախարարության ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի գործունեությունը՝ արդյունքում պատրաստելով համապատասխան զեկույցներ և փոփոխությունների նախադրյալներ՝ առաջարկելով փոխհատուցման ու սոցիալական փաթեթների մեխանիզմներ:

- Մշակել այն հսկայական օրենսդրական բազան, որը պետք է ապահովի համակարգային փոփոխությունը մշակույթի կառավարման և ազգային-մշակութային քաղաքականության իրացման ոլորտում: Նաև՝ Եվրոպական հանրության հետ համագործակցության գլոբալ քաղաքականության մերձեցման և դրա արդյունքում ներհայաստանյան մշակութային կյանքը այլ հուն տեղափոխելու առումով: 

- Քննարկել և մշակել ազգային-մշակութային կրթության և մշակութային կրթօջախների հետագա զարգացման հայեցակարգային դրույթները:

- Մշակել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կառավարման ու տնօրինման ազգային հայեցակարգը և այլն:  

Այդ ճանապարհային քարտեզը կլիներ պատշաճ այն մոտեցումը, որը Հայաստան երկրի համար կապահովեր մշակույթի կառավարման համակարգի անցնցում վերափոխում, աստիճանական անցում դեպի կառավարման ժամանակակից մոդելների՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի՝ որպես մշակութային-քաղաքակրթական երկրի, հարգի դիրքավորումը ժամանակակից աշխարհում:

Այդ ճանապարհային քարտեզը Հայաստանը կտաներ դեպի պետական կառավարման համակարգում մշակույթի կառավարման մի մոդելի, որը փոքրաթիվ աշխատակազմով 1-2 տարի անց կկարողանար մշակույթի ոլորտում քաղաքականությունների իրացման համակարգման միջոցով նպաստել մշակույթի, տուրիզմի, արտաքին հարաբերությունների, տնտեսության, ներդրումային քաղաքականության զարգացմանը՝ ի վերջո գնալով դեպի մշակութային, կայացած հասարակություն:

Այն ինչ արվում է այսօր և ենթադրվում է, որ պետք է արվի, միմիայն խորացնելու է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են համակարգում՝ այն բերելով անբուժելի մի հիվանդության, որից մահանում են՝ չփրկվելով, և տարիներ շարունակ անօդ տարածությունում, վերջին 7 ամսում՝ նաև տիեզերական անօդության մեջ թևածող ազգային մշակույթից մնալու են միայն դաշնամուրներ, որոնք փտում են  ձմեռային Երևանի սառը հողին հենված...

«Հիմա, առավել քան երբևէ, հասկանալի է, որ հենց մշակույթն է մնում, երբ ամեն բան անցնում է մոռացության գիրկը»:

Ես չեմ ասում, որ արհամարվի: Փնտրեք Ժան-Կլոդ Կարիեր-Ումբերտո Էկո համաշխարհային երևույթների «Հույս չունենաք, թե կազատվեք գրքից» անմահությունում, որպեսզի հույս չունենաք, թե կազատվեք...մշակույթից:

      

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ