«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Թերությունները չհաշված՝ ՎԱՏ ՉԷՐ»:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի ԱՐՁԱԳԱՆՔ խորագիրը, ինչպես և սպասում էինք, մեր ընթերցողների անձնական պահոցներից լույս աշխարհ է բերում լուսանկարներ, պատմություններ, հիշողություններ, որոնք ոմանց համար բացահայտում են նոր, հետաքրքիր մարդկանց, նոր աշխարհներ, ոմանց համար էլ նորովի են բացահայտում իրենց ճանաչած հանրահայտ մարդկանց:

Եթե ԱՐՁԱԳԱՆՔ խորագրի առիթ հանդիսացած՝ մեծանուն գիտնական Լևոն Հախվերդյանին նվիրված՝  «Լևոն Հախվերդյանն ասաց. Այ տղա, ժողովրդի կեսը...».  նյութին արձագանքել էր գիտնակաինի հարսը՝ Նանա Մինասյանը, տրամադրելով շատ հետաքրքիր մի լուսանկար և փոքրիկ մի  վերհուշ, ապա «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի մյուս՝ «Հետաքրքիր եք դատում, բայց բավականին տափակ». ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ»,  հրապարակմանն արձագանքել է հեռուստատեսային գործիչ, ռեժիսոր, լուսանկարիչ Էդուարդ Տեր-Սաակովը՝ մեզ տրամադրելով սքանչելի մի լուսանկար վեհապանծ Լուիզա Սամվելյանից և փոքրիկ մի դիպված, որում նաև «ընդգրկված» է Յուրի Ամիրյան-Ժենյա Ավետիսյան անկրկնելի զույգը, որոնց լուսանկարները ևս Էդուարդ Տեր-Սաակովը տրամադրել է «ՀԱՅԵՐ»-ին:

 

«1965-ին էր: Ես սովորում էի Երևանի թատերական ինստիտուտում: Արդեն ավարտական չորրորդ կուրսում էի: Այդ օրը ինստիտուտի բեմում խաղում էինք Մալյուգինի «Հին ընկերներ»-ը: Խաղընկերս Հայկուհի Խուդավերդյանն էր, որը հետո հանդես եկավ Երևանի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում:

Մենք  ինստիտուտից դուրս եկանք մեր դասախոսի՝ Լուիզա Սամվելյանի հետ:

Նա վեհասքանչորեն ճեմում էր, նույնիսկ երևանյան շոգին իրեն անդավաճան իր ազնվական հագ ու կապով անգամ գերելով երևանյան անցորդներին: 

Շտապում էի հարցնել մեր խաղացած ներկայացումից։

Նա քայլում էր տիրակալի, տիրուհու նման:

Երբ, այնուամենայնիվ համարձակվեցի հարցս տալ, (նկարում՝ ձախից ես եմ, իմ հարցն եմ տալիս Լուիզա Օնիկովնային) նա մի փոքր քմծիծաղ տվեց ու առանց կանգնելու, շարունակելով իր վեհասքանչ քայլքը, ասաց. «Թերությունները չհաշված, մնացածը վատ չէր»:

Մեզ համար նրա այդպիսի գնահատականը մեծ, շատ մեծ գնահատական էր:

Մենք գիտեինք նրա գնահատականի, նրա խոսքի արժեքը, ինքը՝ նույնպես: 

Ճանապարհս շարունակեցի դեպի «Կարապի լիճ», որտեղ հանդիպեցի Յուրի Ամիրյանին ու Ժենյա Ավետիսյանին:

«Օ՛, «մոշչնի» ջան, «կակրազ» քեզ էինք սպասում, մեզ մի հատ անմահացրու»,- ասաց Յուրան։

Ինստիտուտում ինձ ածական անուն էին դրել՝ «Мощный»...: Յուրաի ածականն էլ «Князь» էր, նրա կուրսի ղեկավարն էր դրել՝ Արմեն Գուլակյանը...

Ես սիրով լուսանկարեցի Յուրային և Ժենյային ու լուսանկարներում մնացին ոչ միայն հրաշալի այդ երկու արտիստները, նաև երևանյան «Կարապի լիճը», մեր սիրելի վայրը, որը թաղված էր այգիների մեջ: Լուսանկարում անգամ այդ խիտ այգիները երևում են:

Լուիզա Սամվելյանն իր հմայքով տարավ դեպի հիշողությունների գիրկը:

           

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ