«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«...Թող իշխեն ՍԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ...»

 

2021-ի մեր հրապարակումներից առանձնացնում ենք ընդամենը հինգը՝ հավատարիմ միայն որակյալ բովանդակություն ստեղծելու մեր դավանանքին, որպեսզի այս օրերին ևս կրկին կարդաք, շարունակեք լինել մշակույթի մեջ, լինել արվեստի հետ ու ըմբոշխնել արվեստային այն մաքուր օդը, որ բերեցին այս նյութերի հերոսները:

«Եթե հեղափոխել, ուրեմն՝ ԱՐՎԵՍՏԸ…»

«Երբ 1762-ի աշնանը, ավելի ստույգ՝ հոկտեմբերի 5-ին, առաջին անգամ ավստրիական սքանչելի Հոֆբուրգի պալատական թատրոնում երաժշտական կլասիցիզմի մեծագույն ներկայացուցիչ ու օպերային հեղափոխական, գերմանացի բարեփոխիչ Քրիստոֆ Վիլիբադ Ֆոն Գլյուկը նվագախմբի վահանակի մոտ ղեկավարեց իր «Օրփեոս և Էվրիդիկե» նորարար օպերայի համաշխարհային պրեմիերան, Ավստրիան յոթնամյա դաժան ու հոգեմաշ պատերազմի մեջ էր:

Եվ այդ պատերազմի վերջը թեպետ տեսանելի չէր, «Օրփեոս»-ն արձանագրեց մշակութային հեղափոխության փաստ՝ հղելով ուղերձներ, փոխելով ընկալումներ, պատկերացումներ: «Օրփեոս»-ը խոսեց մարդու հետ, երբ իրական ու հանդերձյալ աշխարհների մերձեցումը տխուր իրականություն էր:

Երբ օրեր առաջ համաշխարհային օպերային արվեստի հայկական խորհրդանիշերից Հասմիկ Պապյանը՝ անիրականանալին իրականություն դարձնելու իր համառությամբ, համախոհների ամիսների անձնվիումի, անպատկերացնելի ջանքի ու տքնանքի արդյունքում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում՝ ավելի քան 250 տարի անց ավստրիական բեմելից, առաջին անգամ չորս օր շարունակ ներկայացրեց «Օրփեոս»-ի՝ բարոկկո օպերայի մարգարտահատիկի հայաստանյան մեկնությունը, զուգահեռ իրականությունների մեր ժամանակում կյանքի, ապրելու իրականությունը կարծես հաղթեց մահվան, հանձնվելու, անորոշությունների իրականությանը...»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԿԱՐԴԱԼ... 

 

«Ես կվերադառնամ. ասաց նա՝ ԿԻՆԸ…»

«... Ինչո՞ւ են պատմությունների կենտրոնում կանայք, որոնք տարբեր են այնքան, որքան նման են և նման են այնքան, որքան տարբեր են: Գուցե այն պատճառով, որ կանայք են մարդկային էության ամենահավանական ու անհավանական սահմանումների կրողները, որ կանայք են այն զգայուն նյարդը, որի վրա ձգվում է մարդու ժամանակի ողնաշարը: Եվ գուցե այն պատճառով, որ կանայք են ծնում տղամարդկանց, կանայք են ծնում կանանց, կանայք են ծնում կյանքը ու կանայք են ինչպես հաղթողը, այնպես էլ զոհը:   

Բայց արդյո՞ք զոհ չեն նաև տղամարդիկ: Տղամարդիկ, որոնք «…կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան…», ու… կվերադառնա կինը: Իսկ արդյո՞ք հասարակությունը, ավանդույթը, օրենքը՝ գրված ու չգրված, նախադեպը, հոգեկերտվածքը չեն այն գործոնները, որոնք նախասահմանում են կնոջ ու տղամարդու՝ ասել է, թե մարդկության կյանքի ժամանակը՝ անարդարորեն, կամ՝ ոչ...»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԿԱՐԴԱԼ... 

 

«Լոլիլկի և ոսկեբերան ասպետների մասին…». ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

««Գրականության կենացը

որ գիտությունից ոչ պակաս

իսկ գուցեավելի ճշգրիտ է, 

որ կյանքից ոչ պակաս 

հսկա իրակականություն է

իսկ գուցեոչ պակաս 

կյանք է… Դա է երջանկությունը»:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Այսպե՞ս սկսեմ. բնակարանը երկու սենյականոց փոքրիկ «խրուշչովկա» էր` Կոմիտասի 56, բն. 41: Ինքն իր աշխատասենյակը չուներ, հյուրասենյակում էր բնակվում և աշխատում ճաշասեղանին, հիմնականում գիշերը, երբ արդեն քնած էինք մենք, կամ գիշեր-ցերեկ, երբ ինձ մայրական տատիկ-պապիկի տուն էին լինում «աքսորած» մի քանի ամսով: Ենթադրում եմ, որ աքսորներիս երկարությունը ուղիղ համեմատական էր գրվող գործի-գործերի ծավալին:

Քույրս` Շողերը, չորս տարով մեծ էր ինձանից ու դպրոց էր գնում արդեն։ Եթե ես էլ մանկապարտեզում լինեի, տանն աշխատող Հրանտը վաղ առավոտից մինչև կեսօր իր սեղանի և իր ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ԱՌՋԵՎ մեկուսանալու մի քանի ժամ կունենար գոնե, մինչև ուսուցչուհի մայրս, դպրոցական քույրս և ես վերադառնայինք, ու ինքն իր հետ մնալու իր հնարավորությունը դարձյալ մնար ուշ գիշերվան կամ հաջորդ վաղորդայնին:

Բայց մանկապարտեզը վրաս չէր գալիս. բժիշկները լույս աշխարհ գալուս հենց առաջին ամիսներին հաջողել էին ինձ պատվաստումներով, ապա` թոքաբորբից անտիբիոտիկներով այնպես բժշկել, որ ամեն մանկապարտեզ գնալս ամենաշատը մեկ շաբաթ էր տևում: Հետո կա՛մ ինքս ու ինքնուրույն էի հիվանդանում, կա՛մ սանէպիդկայանի շրջիկ բժշկական բրիգադը մանկապարտեզ էր գալիս հերթական փնջային պատվաստումների և չնայած իմ ամոթխած պնդումներին՝ մերոնք ասել են` ասեմ, որ ես պատվաստումներից ալերգիա ունեմ՝ ենթամաշկային պրոբ էին դնում, համարում, որ ամեն բան լավ է ու…»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԿԱՐԴԱԼ... 

«Եթե ուժեղ ես, քեզ չեն կարող կոտրել…». ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ

«... Նա 60-ականների Երևանի այն տղաներից էր, այն սերնդից, որն ըմբոստացավ արվեստը կաղապարող գաղափարախոսական կապանքների դեմ։ Նրանք մերժեցին ժամանակի թելադրանքները, արվեստային պարտադրանքները, կոտրեցին մոտեցումներ, պատկերացումներ, ընդունված ձևեր ու կերպեր, ու ստեղծեցին իրենցը՝ բազում շերտերի համադրությամբ, ձևի, պատկերի, գծի ազատությամբ, ազատության շունչը վրձնելով գույների կռվի մեջ։ Նրանք ժամանակի նոն-կոմֆորմիստներն էին՝ ժամանակի ճոճքի հետ անհաշտ, նորը ստեղծելու մեջ նախանձախնդիր, տաղանդով, ժառանգությունն իրենց մեջ կրող, համաշխարհային ընթացքներին ու շարժերին տեղյակ։

Ես ուզում էի, որ մեր զրույցը սկսեինք հենց այդ ժամանակներից, 60-ականների Երևանից ու Վարպետն ասում է...»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԿԱՐԴԱԼ... 

 

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ  մատուցված զոհաբերություններ …»

«... Որովհետև կյանքը նույնն է՝ ինչպես ութ դոլարով վարձակալած բնակարանում, այնպես էլ հարստությամբ շլացած պալատական կամարների ներքո, ինչպես՝ եթե քո ունեցածն ընդամենը մեկ դոլար և ութ սենթ է, ինչպես՝ եթե քեզ ծառուղու անկյունում սպասում է կարմիր անիվներով ճեփ-ճերմակ մեքենան, կամ՝ չի սպասում, ինչպես՝ եթե մեկ դոլարը կարող է փրկել կամ կործանել… Եթե, իհարկե, այդ կյանքի ուժը սերն է:

Սերն է որոշիչը: Սերն է իշխողը: Սերն է առանցքում:

... Մոտ լինենք մարդկության բաբախող սրտին, այլապես տանուլ կտանք ոչ միայն սիրտը, այլև՝ մարդկությունը»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԿԱՐԴԱԼ... 

 

Թող Սերն ու Խաղաղությունն իշխեն 2022-ին:

Թող սերը շատ լինի, թող խաղաղություն լինի, որ սիրո մեջ մնանք, որ ներդաշնակ լինենք, որ ստեղծենք «... լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների...» մեր երկիրը ու ապրենք միմյանց սիրելով՝ հեռու ատելությունից, տմարդությունից, փոքրոգությունից...

Մենք արժանի ենք ...

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՍԻՐՈՎ՝

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ